Դեռ փոքր տարիքից ինձ հուզում էր հաջողության հասնելու ճանապարհը։ Շատ ժամանակ ես ինձ անհաջողակ էի համարում, որովհետև բակը, որտեղ իմ ամենաթանկ մարդիկ էին, և մեր ժամանակի մեծ մասն էր անցնում, նման չէր մեր հարևանությամբ գտնվող մանկապարտեզի բակին։ Մանկապարտեզի բակում կար ճոճանակ, սահուղի, լողավազան։ Իսկ մեր բակում դրանց փոխարեն կային միայն քարեր, տարբեր տեսակի մոլախոտեր և մի քանի մետր բաց տարածք։ Իմ ու ընկերներիս մեջ մեծ էր ցանկությունը մանկապարտեզի բակում խաղալու, բայց ամեն անգամ, երբ ցանկապատի վրայով անցնում էինք, տեղի էր ունենում մեր պատկերացրած պատերազմը՝ բախում մեր և մանկապարտեզի պահակի միջև։ Այո՛, չզարմանաք, հենց պատերազմ, որովհետև մենք միշտ կանխազգում էինք բախումի մասին՝ «զինվում» էինք պարսատիկներով, քարերով, և ամեն անգամ, երբ պահակը փորձում էր մեզ հեռացնել, սկսում էինք պատերազմը։ Բայց պահակը համառ էր ու չէր նահանջում. նա նույնպես քարերով հարվածում էր: Երբ որոշեցինք փախչել, տղաների մեծամասնությանը հաջողվեց փախչել` ցանկապատն իրարից առանձնացնելով, պոկելով, իրար վրայով անցնելով։ Ընկերներիցս մեկը մի փոքր հետ մնաց մեզանից, և պահակի նետած քարը կպավ նրա ոտքին։ Ոտքը վնասվեց, չկարողացավ դուրս գալ մանկապարտեզից, և տեղի ունեցավ այն, ինչը այնքան էլ մեր ուզածով չէր…
Ստիպված բոլորս հետ վերադարձանք։ Պահակը սրտի ուզածի չափ նախատեց ու կանչեց մեր ծնողներին։ Ծնողները նույնպես նախատեցին, և այդ օրվանից մանկապարտեզի խաղադաշտը դարձավ «արգելված գոտի»… Հիասթափված էինք բոլորս, նեղված այս դեպքերից։ Սկսեցինք մտածել տարբերակներ՝ մեր բակը մեր ուզածի պես դարձնելու համար։ Մեկն առաջարկեց լոտո խաղալ և շահած գումարով բարեկարգել բակը, մեկը թե՝ դիմենք դատարան, և այդպես մի շարք տարօրինակ մտքեր։ Սրանք այդպես էլ իրականություն չդարձան։ Գտանք երկաթյա ձողեր. որոնք իրար կապելով, ամրացնելով՝ մի կերպ սարքեցինք դարպասներ՝ ֆուտբոլ խաղալու համար…
Խաղում էինք առավոտից մինչև գիշեր։ Այնքան էինք խաղացել, որ մոլախոտերը վերացել էին, մնացել էր միայն հողը։ Անցավ այդ երջանիկ ամառը, և սկսվեցին դասերը. բոլորս տարված էինք դասերով։ Մի քանի տարի հետո, երբ մեծացանք, մեր համար բացվեց կյանքի նոր ուղի, ընտրեցինք մեր ապագայի ուղին։ Դաշտը մնաց լքված, և ժամանակի ընթացքում նորից պատվեց մոլախոտերով, թփերով, և հիմա դաշտում խաղացող երեխաներ չկան։ Նրանք գերադասում են ֆուտբոլ խաղալ համակարգչով: Դաշտը հուսահատված սպասում է հաջորդ սերնդին: Ով գիտի, միգուցե հաջորդ սերունդը վերադառնա իրական դաշտ ու նորից կարգի բերի լքված խաղահրապարակը…
Լույսը նոր էր բացվել, երբ մայրիկս կանչեց.
Ողջույն: Ես Աստղիկն եմ: Ինչպես պապիկիս մոր, այնպես էլ Ամայիս մոր անունը Աստղիկ է եղել: Պապիկս ասում է, որ իր մոր անունն է, իսկ տատիկս` իր մոր: Երկու Աստղիկն էլ և ֆիզիկապես, և հոգեպես շատ ուժեղ են եղել: Երևի ես նրանց եմ քաշել, բայց մի տարբերությամբ. ես հոգեպես այդքան էլ ուժեղ չեմ: 1937 թվականին մեր ընտանիքը երկակի գլխատվեց. Աբրահամ և Գրիգոր պապիկներս աքսորվեցին, և առ այսօր նրանցից ոչ մի տեղեկություն չունենք: Աբրահամը Ամայիս հայրն է: Նա աքսորվել է ղաչաղներին օգնելու, ուտելիք տրամադրելու համար: Եղել է գերբնական ուժի տեր մարդ: Գրիգորը` պապիկիս հայրը, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Պատերազմի ժամանակ մի թուրք փորձել է սպանել նրա հրամանատարին: Այդ տեսնելով Գրիգորը սպանել է թուրքին և փրկել հրամանատարի կյանքը: Պարզվել է, որ մահափորձ կատարողը կին է եղել: Որպես խրախուսանք պապիկս ստացել է իր հրամանատարի թուրը, որը հիմա կախված է Երեմ պապիկի սենյակի պատից:
