Վանդալիզմի անխոս զոհերը

1985 թվականին Իջևանում բացվեց ամենամյա քանդակի սիմպոզիում և շարունակվեց մինչև 1991 թվականը: Այդ տարիների ընթացքում քաղաք եկած քսան երկրների շուրջ իննսունհինգ քանդակագործների գործերը տեղադրվեցին Իջևանի գլխավոր զբոսայգում: Արդյունքում զբոսայգին դարձավ թանգարան բաց երկնքի տակ, որը յուրաքանչյուր իջևանցու հպարտությունն էր:

Երբ սիմպոզիումը փակվեց, մի քանի տարվա ընթացքում հուշարձանները սկսեցին կորցնել իրենց հետաքրքրությունը, և նրանց վրա նստեց հնության փոշին: Անխիղճ քաղաքացիները սկսեցին ավիրել հուշարձանները: «Ընկերական» հիմար գրազներ, թվացյալ հաճույք, անբանների զբաղմունք և այլն: Եվ քանդակներ ջարդելու դեպքերը սկսեցին շատանալ՝ վերածվելով վանդալիզմի: Հասկանալի էր, որ սա կտաներ քանդակների վերացման:

Եվ հանկարծ հուշարձանները փրկելու հույս ծագեց:

2010 թվականի սեպտեմբերի երեսունին Իջևանում կայացած կառավարության արտագնա նիստում որոշվեց, որ քանդակի Իջևանի սիմպոզիումը կվերականգնվի: 2011 թվականն ավարտվեց, սակայն քանդակի սիմպոզիումն այդպես էլ չկայացավ՝ հուսախաբ անելով բոլորին:

2011-ը մոտենում էր ավարտին: Դեկտեմբերի իննին ջարդած գտան Իջևանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը: Մայիս ամսին նույն զբոսայգում տեղադրված պատմամշակութային արժեք ներկայացնող «Եվա» հուշարձանի ձախ ձեռքն ու քանդակված օձը, իսկ օգոստոսի տասնյոթին և նոյեմբերի տասներեքին պոկված էին գտել Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու մուտքի դռների զարդաքանդակ թուրն ու կշեռքը:

2012 թվականի առաջին գարնանային օրը նույնպես սկսվեց վանդալիզմով: Վնասել էին երկու քանդակ և մեկ նստարան: Քանդակների ու նստարանի վրա փրփուր են փչել, քանդակված կնոջ արձանի վրա ջարդած աթոռ էին դրել, իսկ բերանին՝ քարի կտոր: Զբոսայգու պահակ Հրաչիկ Ավետիսյանի խոսքերով, դեպքերը տեղի են ունեցել գիշերը:

Ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի: Հիմա պարզ է, թե ինչու չեն հուշարձաններին ուշադրություն դարձնում: Ո՞ւմ պետք է հետաքրքրեն արձանները՝ առանց ձեռք ու գլխի, մասնատված վիճակում: Առավել ևս, գետնին տապալված և մամուռով պատված քանդակները:

Եթե այս խնդրին շուտափույթ լուծում չտրվի, ապա շուտով քանդակները կվերածվեն քարի կտորների, որոնք արագ կհեռացվեն զբոսայգուց՝ իրենց տեղը զիջելով կրպակներին ու սրճարաններին: Ահա այսպիսին կլինի զբոսայգու անշունչ բնակիչների ճակատագիրը:

Մեր քաղաքի սեփականությանը մենք պիտի տեր կանգնենք: Որպես ապագա քաղաքացիներ մենք պիտի պայքարենք, որ մեր միակ զբոսայգին չվերածվի կրպակների ու սրճարանների երկար շարքի, այլ գեղեցկանա և նորից սկսի ուշադրություն գրավել՝ հպարտություն հանդիսանալով քաղաքացիների համար:

 

Շունը

-Ախ, Աստված իմ, տեսնես գոնե մի րոպե այս ձայնը կդադարի՞, թե՞  ոչ… Ուֆ,- ասացի ես  դժգոհ դեմքով ու գլուխս մտցրի վերմակի տակ: 

Անցավ մոտավորապես կես ժամ, բայց այդ անտանելի հաչոցը չէր դադարում: Արդեն մի երկու շաբաթ էր, ինչ ես անընդհատ, ամեն գիշեր լսում էի այդ ձայնն  ու չէի կարողանում գոնե մի րոպե աչք կպցնել: Հանկարծ  հասկացա, որ վերմակը ինձ չի «փրկի»,  ու ապավինեցի բարձի  օգնությանը՝  փորձելով սողալով մտնել նրա տակ, բայց  ոչ… Դա էլ չօգնեց: Վերջապես ընդունեցի այն միտքը, որ ես այս գիշեր ևս չեմ քնելու, ինչպես նախորդ և վերջին մի քանի օրերը ու քնատ շարժումներով վեր կացա անկողնուց: Իմ ստեղծած աղմուկից արթնացավ տատս, որ պառկած էր կողքի մահճակալին, ու անհանգստացած տոնով ասաց.

-Հը՞, բալես, ի՞նչ ա էղել, ինչի՞ չես քնում:

-Ուֆ՜, տատի, մի ասա, հա՞, խնդրում եմ: Արդեն մի երկու շաբաթ ա, ինչ ձեր տանն եմ, ու մի գիշեր անգամ չեմ քնել այդ ընթացքում,- ասացի ես` վերմակը բարկությամբ մի կողմ հրելով:

-Ընչի՞, բալես,- անհանգստացավ տատս,- կարո՞ղ ա տեղդ փափուկ չի:

-Չէ, տատի, ի՞նչ տեղ, է՜,- պատասխանեցի ես` քունս կիսատ մնացած երեխայի դժգոհությամբ,- էդ անտեր շունն ա մեղավոր, որ ամեն գիշեր պարտաճանաչ կերպով քունս խանգարում ա:

-Է՜, բալես, անտեր ա, բա ինչ ա,- ցավագին գլուխը թափ տվեց տատս,- դրա տերերն էլ թողին գնացին:

-Ո՞ւր, տատ, ո՞ւր,- անփույթ հարցրի ես, քանի որ այդ գիշերվա կեսին ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում այդ:

-Խոպան,- մի կերպ լսելի եղավ նրա բերանից:

Մի քանի րոպե լռություն էր: Հետո տատս, չգիտեմ ինչու, սկսեց հուզված տոնով պատմել այդ ընտանիքի պատմությունը: Ասում էր, մի տարի առաջ էր, որ գնացին Հայաստանից, որ ամեն ինչ ունեին, բայց գնացին, որ թողեցին իրենց տունը առանց ափսոսալու, իրենց շանը՝ առանց խղճի խայթի, ու հիմա մի տարի է՝ այս շունը ամեն գիշեր հաչում ու տերերին է կանչում, որ չի լքում տունը, որ հավատարիմ է: Ասում էր, որ ասում են, թե նրանք հայերեն էլ չեն խոսում, որ մոռացել են, որ հայ են, որ ինքը մեղադրում է, որ ինքը չի մեղադրում, որ այսպես, որ այնպես, որ…, որ…, որ…

-Տատ, տեսնես դրանք չե՞ն լսում էդ խեղճ կենդանու ձայնը,- հարցրի ես զգացված տոնով:

-Է՜ բալես, դրանք մի շան չափ հավատարմություն էլ չունեցան իրենց տանը, իրենց հայրենիքին, իրենց հող ու ջրին: Գնա, գնա, բալես, արդեն լուսանում ա,- վերջացրեց տատս դառը հեգնանքով ու դուրս եկավ սենյակից:

Այդ օրվանից անցել է երկո՞ւ… Չէ, չէ, համարյա երեք տարի: Հիմա ես էլի տատիկենց տանն եմ, ու հիմա էլի գիշեր է դրսում, ու լսվում է այդ նույն շան հավատարիմ ու անդավաճան հաչոցը: Ու ամեն անգամ, երբ լսում եմ, թե այսինչը կամ այնինչը թողին, գնացին երկրից, բերանիս մի անկյունում սառում է այն նույն հեգնանքը, ինչ տարիներ առաջ տատիս մոտ, և ուղեղիս մեջ արձագանքում են տատիս խոսքերը. «Է՜, բալես, մի շան հավատարմություն էլ չունեցան…»:

Որտեղ ես ծնվել եմ

Իմ ծննդավայր, իմ բնակավայր, իմ հարազատ օրրան, իմ Ճամբարակ: Մի ամբողջ կյանք է կապված քեզ հետ, մի ամբողջ մանկություն, կյանքի 17 գարուն, որի ընթացքում դու ինձ հարազատ ու թանկ ես դարձել: Քո ամեն մի քարը, ամեն մի ծառը ծանոթ է ինձ: Ամեն մի անցած ճանապարհի հետ՝ գեղեցիկ հիշողություններ են այցի գալիս:
Գուցե առաջին հայացքից այստեղ արտասովոր ոչինչ չկա. ո՛չ բարձրահարկ շենքեր, ո՛չ կանաչապատ պուրակներ, բայց այստեղ անձեռակերտ բնությունն ինքնին կերտում է իր շքեղությունը:

Ճամբարակը թառած է լեռների գրկում: Ամուր պարիսպների նման այդ լեռները հավերժորեն ստանձնել են մեր փոքրիկ տարածքի պաշտպանությունը: Գողտրիկ դիրքում լինելով անգամ՝ նա էլ զգացել է թշնամու արկերի հարվածները, լսել ռումբերի պայթյունի ձայները, նրա սրտում էլ պահպանվել են թշնամու պատճառած վնասների սպիները: Միջին և դրանից բարձր տարիքի ճամբարակցիների հիշողության մեջ պահպանվել են դեպքեր, որոնք հիշելիս նրանք ցավ են ապրում, արցունքոտվում են ոմանց աչքերը, պատմում են ակնթարթներ այդ օրերից և ավելացնում. «Աստված տա, որ դուք էլ չզգաք այն, ինչ մենք ենք զգացել: Միայն թե դուք էլ պատերազմ չտեսնեք»:

Այո՛, հալածվել է նաև Ճամբարակը, սակայն ոչինչ չխախտեց նրա բնության ներդաշնակությունը, ոչինչ չկարողացավ ջնջել Ճամբարակ անունը այս լեռների գրկից: Այս լուռ կանգնած ժայռերը ականատեսն են մեր գյուղի պատմության, և նրանք էլ լրացնում են ճամբարակյան բնության «ստեղծագործության» յուրօրիանակությունը:

Այսօր էլ ճամբարակցին շարունակում է իր բնականոն կյանքը. աշխատում է, արարում, հնձում, ցանում, մշակում: Այսօր էլ նա հյուրընկալ է և սրտաբաց, պատրաստ օգնելու և հիշեցնելու, որ դեռ գոյատևում է այս փոքրիկ անկյունը: