milena khachikyan

17.am-ը մենք ենք

«Լրագրողական դիտարկումների համար»

Սոնան ասում է, որ քաղաքի գարունը սկսվում է այն ժամանակ, երբ նա նայում է իր տատի զմրուխտե, կանաչ աչքերին: Ինչքան մեծ կարոտ կա սրանում, չէ՞: Այ, նման մի կարոտ էլ մենք՝ տասնյոթցիներս, ունենք, որ հաճախ իրար հենց այստեղ էլ գտնում ենք՝ պարզ ու անկեղծ պատմությունների, ուրախ ու տխուր նյութերի էջերում:

Դժվար թե ես գրեի այս մասին, եթե չլիներ երեկվա մրցանակաբաշխությունը, որի մասին դեռ երկար պիտի հիշեմ, եւ եթե չլիներ հանդիպումը մարդկանց հետ, որոնց մի մասին մեկ էլ երկու տարի առաջ տեսել կամ չէի տեսել:

Դվժար թե մտածեի այս մասին, եթե չլիներ Անահիտը, որ, ինձ տեսնելով, ամեն անգամ վազում է ընդառաջ՝ մոռանալով փողոցը, մեքենաներն ու մարդկանց: Դժվար թե մտածեի այս մասին, եթե չլինեին Լիդուշի ու Լուսոյի ամուր գրկերը, Միլենի խաղաղությունն ու Դիանի ժպիտը: Դժվար թե մտածեի այս մասին, եթե չլինեին Սոֆին, Զարան, Աստղիկը, Սոնան, Մանեն ու Անին՝ ճամբարային մեր ուրախ հուշերով: Եվ դժվար թե մտածեի, եթե չկարդայի տիկին Ռուզանի գրածը այն մասին, որ ինքն օրվա լռության մեջ լսում է միշտ քչքչոցը հարյուրավոր աղբյուրների, որոնք հենց մենք ենք՝ մեր հոգսերով ու երազանքներով:

Եվ մենք երեկվա «Խաբարբզիկ»-ի համարն ենք՝ այդ նույն հոգսերով ու երազանքներով, որը կարդալուց հետո ես հանկարծ այնքա՜ն բան ուզեցի…

Նախ ուզում եմ, որ բոլորիս աղոթքները՝ խաղաղության համար, մի օր տեղ հասնեն վերջնականապես, ինչպես Կարենի քեռու դեպքում է եղել:

Ուզում եմ, որ  Հեղինեի եղբայրը, Արտյոմը, Մուշը, Դավիթն ու բոլոր մյուսները ծառայությունից անվնաս վերադառնան տուն:

Ուզում եմ, որ Սերյոժայի հայրն այլեւս չասի՝ հագուստով պառկեք՝ քնելու, որ եթե կրակեն, հագնվելու համար ժամանակ չկորցնեք:

Ուզում եմ, որ Անահիտը Մարտունիում ծառայող իր ընկերոջ համար անհանգստանալու առիթներ չունենա, եւ Լյուբեի «Комбат»-ից արտասվողներ էլ չլինեն:

Ուզում եմ, որ բոլորս Սերինեի պես հավատանք, որ տարիներով գիտակցության չեկող զինվորը մի օր իր հոր հետ ավարտին կհասցնի իրենց տան վերանորոգումը:

Ուզում եմ, որ բոլորս գտնենք ու մի անգամ էլ կարդանք Մարատի «Քա չթողին, քասկնա՞ք» պատմությունը Ապրիլյանի ու այն ծերունու մասին, ում անունն այդպես էլ չենք իմանա:

Եվ ուզում եմ, որ Լիան չմտածի տարիներ անց իր թոռներին միայն պատերազմից պատմելու մասին, ինչպես իր տատի դեպքում է, եւ որ իրեն տխուր չտեսնեմ երբեք:

Ուզում եմ, որ Լիլիթի գրած կարոտի թեւերը երկար չձգվեն, ու օրերից մի օր բոլոր գնացողները վերադառնան իրենց հայրենի գյուղ:

Ուզում եմ, որ Կարինեն ծնողների կարոտը առնի ոչ համակարգչի էկրանից, ու իր իրականությունը մի օր դառնա երազածի պես լուսավոր:

Ուզում եմ, որ Մարիամը հաճախ ժամանակ ունենա՝ իր Ամասիա վերադառնալու, եւ հետո ինձ պատմելու նույն Ամասիայի, գնացքներով մեկնելու ու սպասումների մասին:

Ուզում եմ, որ Գյումրին մի օր այնքան ծաղկի, որ ոչ Լեյլին փակված դռներ գտնի, ոչ էլ Աշոտը գրի, որ իրենց մոտ գրախանութներ մեծ հաշվով չկան:

Ուզում եմ, որ Վահեի պատմած հերոսը մի օր գլուխը կախ չքայլի, եւ մազերն անորոշ շոյելու փոխարեն իր պես երաժշտություն լսի կամ ժպտա:

Ուզում եմ, որ ոչ Սեդայի մայրը, ոչ պարոն Արան եւ ոչ էլ ուրիշ մեկը էլ երբեք չհիվանդանան:

Ուզում եմ, որ Ամալյայի նավակը կարողանա ամուր լինել պայքարելու եւ ափ հասնելու համար:

Ուզում եմ, որ բոլորս Նարեի պես տեսնենք այն մաքուրն ու բարին, որ կա ժեստերի լեզվի կամ այն մարդկանց մեջ, ովքեր կիրառում են դա:

Ուզում եմ, որ Անին գտնի ուժը՝ կամրջից այն կողմ անցնելու, եւ գրի իր փոքր գյուղի մեծ մարդկանց մասին:

Ուզում եմ, որ Սարգիսի գյուղում կոտրվածքների եւ դույլերով ջուր կրելու ձմեռ էլ երբեք չլինի:

Ուզում եմ, որ Սուրենը, Հարութը, Էրիկն ու մյուսները հաջողությամբ ընդունվեն համալսարան, ու իրենց երազանքների հետեւից Երեւան գալով՝ մի օր անպայման հասնեն դրանց:

Եվ ի վերջո, ուզում եմ, որ մեր «քչքչոցը» միշտ լսելի լինի 17.am-ում, ու մենք միշտ կարողանանք գրել փշաքաղեցնելու չափ ազնիվ՝ դիմանալով կարոտի ամեն դրսեւորմանը, հույսով՝ նոր հանդիպումների: