մարինե իսրայելյան

17.am-ն ինձ համար

Մինչև 17.am-ը ևս գրում էի, բայց գրվածքները մնում էին իմ փոքրիկ աշխարհի սահմաններում պարփակված, ինչպես գրքի արանքում դրված յասամանի փնջիկը, որը բացվում է տարվա մեջ մի քանի անգամ, բուրում, երջանկացնում բույրը զգացողին ու փակվում: Այդպես ես էի տարվա մեջ մի քանի անգամ գիրքս բացում ոչ թե գրելու, այլ կարդալու համար, ու էլի փակում: Զգացմունքներս, խոհերս ու հայացքներս այդպես էլ մնում էին իմը, այդ թվում նաև սխալներս, որոնք զրկված էին այլակարծությամբ ու բազմակողմանի դիտողականությամբ ուղղվելուց: Հետո կյանքի մի գեղեցիկ դիպվածով հայտնվեց 17.am-ը: Գրքի էջերի արանքում պահված յասամանի բույրը հասավ բավական լայն շրջանակների, հիացրեց ու զարմացրեց, հուզեց ու բացահայտեց ինձ նորովի, մարդիկ սկսեցին կարծիքներ հայտնել, որի արդյունքում միտքս սկսեց հղկվել, ինչպես ոսկերչի ձեռքում ալմաստն է հղկվում ադամանդ դառնալու ճանապարհին: Ադամանդը դեռ հեռու է, կարևորը՝ ճանապարհն է իրողություն, մնացածը ժամանակի խնդիր է:

Շնորհակալանքի խոսքս 17.am-ին, որը մեծապես օգնեց այդ ճանապարհի հարթման գործում և դեռ օգնում է, և դեռ օգնելու է 17.am անվան թիկունքում կանգնած հզոր ու արժանավայել անձնակազմով՝ «Մանանայով», ուսուցողական ու գործնական ճամբարներով, քննարկումներով, կարծիքներով, մի գավաթ տաք թեյով, որի մեջ շաքարի փոխարեն զրույցներ էինք ավելացնում, որոնք նույնքան քաղցրացնում էին այդ մի գավաթ ջերմությունը: «Մանանան»,  որպես անհատականություն իմ ձևավորման փուլում, շատ մեծ աշխատանք է կատարել: