mane. minasyan

19-րդ գարունս

1,2,3… Իմ կյանքի 3-ը: Ինձ կյանք տվող 3-ը: Այն 3-ը, որ ընտանիքս էլ դարձրեց 3:

19 տարի առաջ՝ հայրիկիս ծննդյան օրը ծնվեցի ես: (Հայրիկիս 3-ն էլ է հատկանշական: 3-րդն է երեխաներից):

Ասում են` ծնունդս սպասված է եղել: Ասում են՝ ծնունդովս փոխել եմ ինչ-որ բան:

Փոքր տարիքից սիրել եմ այդ օրը: Բայց… Այս անգամ, երբ դառնում եմ 19, հասկանում եմ, որ էլ չկա առաջվա սպասումը, որ էլ չեմ ջնջում մարտն արագությամբ, որ գա ապրիլը՝ իմ ապրիլը:

Բայց եթե փորձեմ մի քանի բառով ամփոփել 18-րդ գարունս, կասեմ, որ ունեցել եմ կորուստներ, այն էլ անդառնալի: Միևնույն ժամանակ, վերելք եմ ապրել: Հա, իրոք զգում եմ, որ 18-ում սկսեցի ճանաչել մարդկանց. փորձեցի չնվիրվել, չհավատալ ու չվստահել բոլորին:

Վերելք եմ ապրել մասնագիտական առումով:

Հասկացա, որ լրագրությունը միայն սիրուն հարցազրույցներն ու ակնարկները չեն:

Գրեցի խնդրահարույց նյութեր, բարձրացրի ձայնս:

Շատերն են փորձում ինձ կոտրել, բայց հարգելիներս, պատրաստվում եմ ձեզ հիասթափեցնել:

Չեմ կոտրվելու, չեմ վախենալու ու էլ ավելի մեծ քայլերով եմ առաջ գնալու:

18-րդ գարնանս հեղափոխվեցի ու հեղափոխեցի: Ապրեցի հեղափոխություն:

Առաջին անգամ ընտրեցի ու ասեմ ավելին, շտկեցի ընտրական կեղծիքներ:

Այո, 18-ում ես մեծացա, ու մեծացավ աշխարհայացքս:

18-ում հասկացա, թե ի՞նչ է նշանակում նայել կյանքին սև ու սպիտակ ակնոցով:

18, շնորհակալ եմ քեզ տվածդ կյանքի դասերից: Խոստանում եմ 19-ում կիրառել ու կատարելագործվել:

Բարով ես եկել, 19:

Հ.գ Պապ ջան, շնորհակալ եմ, որ ծնվեցիր, ու քո ծնունդով ինձ էլ կյանք տվեցիր:

Բարով ենք ծնվել: