1988թ. դեկտեմբերի 7

Մորս` Ժենյա Բարսեղյանի անունից

«Դեկտեմբերի 7, սովորականից տաք օր…
Սովորականի պես քնած էի, տատս ամեն կերպ փորձում էր ինձ արթնացնել.

-Վեր կաց, Նանո:

-Չէ՜, տատ, թող մի քիչ էլ քնեմ:

-Չէ, Նան, վեր կաց, դասից կուշանաս: Դու ուրիշներին մի նայի, դու պարտաճանաչ գնա դասի, որ դուրս չմնաս:

Մի կերպ վեր կացա, հագնվեցի, խոհանոցի սեղանին ինչպես միշտ նոր եփված սուրճ և շոկոլադ էր դրված: Տատս գիտեր` ինչպես ինձ գոհացնել: Բայց ես նեղացած էի, որ չթողեց քնեմ, ու դրա պատճառով ո’չ սուրճը խմեցի, ո’չ էլ կոնֆետը կերա: Քեռուս հետ տանից դուրս եկանք և ամենքս գնացինք մեր գործին: Հասա ուսումնարան, մտա լսարան և պայուսակս սեղանին դնելու պես գետինը սկսեց ոտքերիս տակ շարժվել, երկրաշարժ էր…

Բոլորս վախեցած էինք, խուճապահար այս ու այն կողմ էինք վազում, դռները փակվել էին, չէինք կարողանում դուրս գալ: Հետո, երբ կարողացանք դուրս գալ, տեսանք, թե ինչպես է դիմացի շենքը փլվում: Քիչ էր մնում գլխներիս ընկներ: Վախից նորից վերադարձանք մեր շենք: Գյումրու մանկավարժական ուսումնարանի պատերը կանգուն մնացին և մինչ օրս էլ կանգուն են:

Վազելով քաղաքի մի ծայրից հասա մյուս ծայրը, այն շենքի մոտ, որտեղ առավոտյան քնած էի: Շենքը չկար, կարծես հողի տակ անցած լիներ: Շուրջ բոլորս լաց, աղմուկ, գետնին նստած վիրավոր մարդիկ: Արցունքները կամաց հոսում էին այտերիս վրայով, ես դեռ չէի գիտակցում` ինչ է կատարվում, կարծում էի քնած եմ: Այդ պահին տեսա մորաքրոջս, միակ հարազատ մարդուն այս խառնաշփոթի մեջ, հետո եկավ քեռիս:

-Աշոտը ու՞ր է,- հարցրեցի ես մորաքրոջս ամուսնու մասին:

-Երևի մի տեղ մեկին օգնում է,- պատասխանեց մորաքույրս:

Անցան տարիներ: Այսօր ամեն անգամ հիշելով այդ օրը, աչքերս արցունքով են լցվում: Այդ օրը շենքի ավերակների տակ մահացավ տատիկս` ով անգիտակցաբար փրկեց իմ և քեռուս կյանքը, մորաքրոջս ամուսինը` Աշոտը, իմ 11 համակուրսեցիները, ովքեր այդ օրը դասի չեկան, և բազում այլ մարդիկ, ովքեր թանկ էին մեզ համար»:

1988թ. դեկտեմբերի 7` օր, որը բացի մորիցս, ճակատագրական դարձավ նաև ինձ համար, շնորհակալ եմ Մարուս տատիկին, որ այդ օրը փրկեց մորս, շնորհակալ եմ…