lia avagyan portret

Թարմ հիշողություններ

-…Ռադիոն պատիցը կախ արած էր, ես էլ պապի հետ սվաղի անըմ, տառ էն վախտին տները նոր ինք սարքըմ: Մեկ էլ ռադիոն` վըռ, հա վըռ, վըռ հա վըռ… Ասեցի` քնամ տենամ էս ի՞նչ ա լել: Դե էն վախտին Խորհրդային Միության վախտերն էր: Մինչևանը Ռուսաստանը հիլ չաներ, ստի մինն էլ ա, չէր կարա ռադիոյով մի դուզ պան ասեր: Էտա` մացա թե երկրաշարժիցը Լենինականը քանդվել ա, քանդվել ու հողին հավասարվել, սաղ ասֆալտնիքը ճաքել, լիքը մարդ ա մահացել…

-Ա տատ, բա մեր կեղմը երկրաշարժը չի՞ զգացվել,- մեր գյուղը Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրն է:

-Խի՞ չի զգացվել: Մեր կեղըմն էլ տներ քանդվեց, բայց Լենինականի նման հիմքից չէր քանդվել, սարքիլ կլեր: Իրանց կողքին 8-9 բալ էր, մեր կողքին մեղմ էր` 4-5, թե 5-6 բալ:

Ամեն տարի այս օրերին տատիկս պատմում է իր թարմ մնացած դառը հիշողությունների մասին: Պատմում է, թե ինչպես հիմքից քանդվեց Գյումրին, թե ինչպես էր ռադիոյով լսում մարդկանց ցավն ու տառապանքը: Ու մինչև հիմա ցավով է հիշում այդ տարիները:

Այդ ողբերգությունից 28 տարի անց, ճիշտ է, ես չեմ ապրում Գյումրիում, սակայն մի քանի անգամ ինձ բախտ վիճակվել է լինել այնտեղ: Այնքան ուժեղ քաղաք է, հզոր ու կատակասեր մարդկանցով, ովքեր միշտ հյուրընկալ են ու ժպիտով օտարների նկատմամբ: Այո, այդ հիշողությունները երբեք չեն ջնջվի մարդկանց մտքից, բայց իմ կարծիքով երկրաշարժը ուժեղ է դարձրել այնտեղ ապրող մարդկանց: Ու դրա վառ ապացույցը մեր օլիմպիական չեմպիոն գյումրեցի Արթուր Ալեքսանյանն է, ով Ռիոյում ոսկե մեդալակիր դարձավ: Դա մեծ հպարտություն է հայ ազգի համար ու էլ ավելի կրկնապատկված հպարտություն` գյումրեցիների համար: Ու սա էլ վկայում է, որ Հայաստանի երկրորդ քաղաքը չի կոտրվել, առաջ է նայել ու դեռ շարունակելու է հայ ազգին տալ հզոր օլիմպիականներ: Եվ ոչ միայն սպորտի, այլ նաև արվեստի ու արհեստի քաղաք է Լենինականը: Սիրում եմ Լենինականի համնուհոտը, մարդկանց ու այն ամենը, ինչը նրանց այդքան համով է դարձնում: