Մենք մտանք դպրոց՝ մեր մազերին նուրբ ու ճերմակ ժապավեններով, նոր ու մեր մեջքից մի փոքր մեծ պայուսակներով, ծաղկեփնջերով ու դիմակների հետևում փայլող ժպիտներով։
Մեր փոքրիկ մարմինները չծալվեցին ու չտրորվեցին մարդաշատ ամբոխով լիքը դպրոցի բակում, մենք դասարան մտանք իրար հերթ տալով՝ իրարից հեռու մի փոքր, համբերատար ու հանդարտ։ Մեր ապագա ամենամտերիմ ընկերուհին ամենաանկեղծ պատահականությամբ չնստեց մեր կողքին ու չասաց մեզ իր անունը՝ մի քիչ երկար, բայց հետագայում կրճատելի հաստատ։ Լիքն ու ազատ թվացին մեզ դպրոցի նստարանները՝ իրարից հեռու, բայց դե ոչինչ․․․
Դասամիջոցին մենք դուրս չեկանք՝ մեր առաջին կարկանդակը մեր կողքին նստող այն երկար անունով աղջկա հետ կիսելու։ Ու չիմացանք մի ահագին ժամանակ՝ ինչ է բուֆետի աշխատողի անունը մեր կորպուսում։ Մենք ուզեցինք ամրացնել մեր մազերի թուլացած ժապավեններն ու մեր փոքրիկ դեմքը ծածկող այն մեծ կտորն ընկավ հատակին։ Մենք զգույշ վերցրեցինք ու նետեցինք այն աղբամանը, հետո հոտավետ անձեռոցիկով սրբեցինք մեր փխրուն ու մանր ձեռքերը՝ մեզ նման մաքուր, պայուսակից խնամքով հանեցինք մեծ ու ականջ հարող էլի մի կտոր ու ամրացրինք մեր դեմքին՝ անվիշտ և ուրախ։
Մենք լսեցինք ուսուցիչների մաղթանքները՝ սեպտեմբերի մեկի, ու ծիծաղեցինք հաճախ, որովհետև արդեն 14-ն էր սեպտեմբերի։ Դասարանով մեկ հնչող ծիծաղի ձայների միջից մենք պատկերացրինք իրար ժպիտները՝ փոքր ատամներով ու նուրբ վարդագույն շուրթերով։ Ու պատկերացրեցինք՝ ինչքան համով պիտի լինեին մեր կիսելիք կարկանդակները ու ինչքան մեծ՝ մեր փոքրիկ մռութների համար։
Մենք դուրս չեկանք դասարանից ու չհանդիպեցինք զուգահեռցիներին։ Չնայեցինք նրանց մանուկ հակառակորդի ոգով ու չասացինք նրանց, որ ամենալավը մե՛ր դասարանն է։ Մենք նկարվեցինք մեկ-մեկ ու հատ-հատ, իսկ խմբովի նկարում ես ինձ դժվարացա գտնել տարիներ անց։
Բայց մենք սկսեցինք սովորել դպրոց մտնելու հենց առաջին պահից։ Սովորեցինք, որ պիտի զիջել իրար ու կարգապահ լինելով հերթ կանգնել դասարան մտնելիս։ Շատ տարիներ անց մենք այդ նույն ոգով զիջեցինք ծերին, փոքրին ու շտապողին, ու հարգանք տարածվեց մեր շուրջբոլորը։ Սովորեցինք դիմացինի տարածքը հարգել ու մտերմություն անել հեռվից մի քիչ։ Այդ նույն հեռավորության սահմանի եզրը կամաց-կամաց հատել հաջողվեց, ու մենք նվաճեցինք այն հեռուները, որոնք ամենամտերիմներն են գեթ կտրում, անցնում։ Սովորեցինք դասագրքերը, տետրերն ու գրիչները պայուսակում դնելու հետ մեկտեղ ամեն օր կոկիկ տեղավորել մեր սիրած գույնի դիմակն ու, ինչքան էլ որ ցավոտ էր մի քիչ, այն կրելիս չլինել դժգոհ, այլ՝ համբերատար։ Ու զերծ պահեցինք մեր դեմքը բոլոր-բոլոր դիմակներից, պոկվեցինք ցավից ու միշտ ապրեցինք ճակատով հպարտ, պարզ ու բարձր։
Մենք չկիսեցինք գուցե կարկանդակ կամ էլ բլիթներ, բայց սովորեցինք օգնել կողքինին մեր պայուսակում մնացած վերջին դիմակով։ Հետո դիմակը դարձավ լավ խորհուրդ, ու կողքինները, որոնց օգնեցինք, սկսեցին կոչվել ազնիվ ընկերներ։ Սովորեցինք մտերմանալ առանց իրար մոտ կանգնել-նստելու, ու տարիներ անց մտերիմ մեկի կողքին նստելիս կարողացանք գնահատել երջանկությունը՝ բացակա հեռավորության։
Մենք սովորեցինք իրար ճանաչել միայն լսելով, ու գրքեր կարդալը դեռ չսովորած՝ իրար հայացքներ կարդալ յուրացրինք։ Կարողացանք խոսել պարզ ու լսելի ու սովորեցինք կրկնել ասածը, եթե դիմակը հանկարծ խանգարի։ Ու հետո կյանքում մեզ խանգարելիք բոլոր դիմակները սովորեցին մեր՝ լսելու համար տրվող պայքարին։
Շա՜տ տարիներ անց՝ մեր վերջին զանգի օրը տոնելիս մենք ետ նայեցինք մեր այն առաջին, սիրուն նկարին․ այդ ժամանակ էր, որ մենք հասկացանք՝ մենք սովորել ենք իրար այնպես լավ, որ հարյուր հազար դիմակներն անգամ մեր հայացքները շփոթել չեն տա։