Մարդկային ռեսուրսներից՝ ռեսուրսները միայն

Անտառում էնքան մութ ա։ Էլեկտրականություն չկա։ Մի քանի հատ մոմ էի գնել քաղաքից, տարել հետս, բայց մոռացել էի լուցկիների քանակը ևս հաշվի առնել։

Բայց դե մութ անտառում պիտի քայլեմ, չէ՞, իհարկե։

Մթությունից չեմ վախենում վաղուց։ Կուտակված լույսը զգալ չէր տալիս արտաքին մութը ու դրա տակ եղած վատ, դժվար, անանցանելի թվացող, դաժան, գեղեցիկ, սովորեցնող, սպանող, ապրեցնող լույսերի բացակայությունը։ Հա, լույսերը կարող են կուրացնելու չափ դաժան ու պայծառացնելու չափ գեղեցիկ լինել։

Հիշո՞ւմ ես էն հստակ ճանապարհը, որով անցնում էի աշխարհ հետ գնալու համար․ դուրս եկա, բայց՝ անտառ։

Ճանապարհից առաջ է՞լ էի անտառում, թե՞ իրոք աշխարհ էր, ինքս էլ չգիտեմ․ բայց ճանապարհը անցնելուց հետո եկածը հստակ էր․ մութ անտառ։ Իրականում ետևում թողած ճանապարհն էլ չէր փայլում իր լուսավորությամբ ու պայծառությամբ, ու աշխարհից գնված մոմերը այնտեղ էլ էի օգտագործում։ Իհարկե, ճանապարհի վրա էլ կային խանութներ, բայց ոչ բոլորում էին մոմեր վաճառում, վաճառածներն էլ կարճ ու շուտ խամրող էին։

Ինչևիցե, մոռանանք ճանապարհը՝ չկորցնելով ճանապարհի խանութներից գնված ու աշխարհից բերված մոմերը։ Քիչ թե շատ մոմերի ու լուցկու պաշարներով անտառ մտնելը բավականին վստահ քայլերով էին։ Վստահ քայլերով, անխնա մոմերն ու լուցկիները օգտագործելով ու անտառի մութ անկյունները լուսավորելով՝ բացահայտեցի մի թավուտ՝ իր բուսականությամբ, տարբեր արարածներով ու կանոններով։

Թավուտը գտնելու համար մոմերը ծախսելը անիմաստ չէր, թավուտն էլ խորթ չթվաց, որովհետև գրեթե բոլորս այդ թավուտում մի բանի էինք ձգտում․ լուսավորել անտառի մեր հատվածը այնքան, ինչքան կարող ենք։

Թավուտը ինչ-որ չափով բացահայտելուց հետո, մնացած մոմերը օգտագործելով, առաջ գնացի՝ բացելով նոր արահետ։

Արահետի մշակույթը, բարքերը ու վարքերը այդքան էլ խորթ չէին ինձ, բայց անտառի արահետում հանդիպած արարածները նոր էին, հետաքրքիր, գրավիչ այն աստիճան, որ պատրաստ էի վատնել բոլոր լուցկիներն ու վառել բոլոր մոմերը այդ արարածների միջից արդեն ընտրածիս հետ մեր իսկ արահետը պայծառացնելու ու խավարի անորոշությունը ցրելու համար։

Մոմերը օգտագործելու պատրաստակամությունը միայն իմը չէր, միակողմանի չէր։ Նա էլ էր այրում իր մոմերը մեր իսկ ընդհանուր արահետի համար։ Արահետից թավուտ, թավուտից արահետ ճանապարհները կարճ էին ու աննկատ թվացող, թավուտում եղած ժամանակ մտքումս արահետն էր ու բոլոր այն հնարավոր միջոցները, որոնցով կկարողանայի այն ավելի պայծառ ու հարատև դարձնել։ Մտքումս արահետը պահելով՝ նույնիսկ չէի էլ նկատում թավուտում հայտնվող մոմերը։

Օրեցօր արահետը լուսավորվում էր ու խորանում անտառի մեջ. արահետից թավուտ գալու միակ շարժառիթս նորից արահետ վերադառնալն էր։ Արահետում գտած անիրական ու իրականությունից կտրող արարածի մոտ մի օր սպառվեցին մոմերը՝ նախատեսված համատեղ արահետի լուսավորման համար․․․

Կիսախավար արահետում մնացած արարածիս այլևս իմ մոմերն էլ պետք չէին ինձ ու մեզ տեսնելու, արահետը շարունակելու համար։ Շրջվեց ու, անցած արահետի մոմերը հանգցնելով, հետ գնաց։

Արահետի մասին մտքերը, որ իմ պատկերացումների ապագայի անտառում այն լինելու էր լուսավոր ու դառնար անտառ անտառի մեջ, ստիպեցին ինձ էլ ետ շրջվել, վառել ինձ մոտ մնացած մոմերը ու ետ գնալ արահետով՝ նրան գտնելու ու իր հանգցրածը կրկին վառելու համար։

Ծախսելով մնացյալ բոլոր մոմերը ու լուցկիները` ներկա ու ապագա համատեղ արահետների համար ու ետ վերադառնալով՝ գտա քեզ խավարում․․․

Кончилось вино в бокале
Свет погас во всём квартале
И мы с тобой остались в темноте

Земфира – Мелодрама 

Աչքերիդ փայլը կորել էր ու մթնած արահետի պես խավարել։ Ամենավերջին մոմս վառելուց հետո այն հանգցրիր՝ չթողնելով «փնտրել ու փրկել մի բան, որը էլ չկա»։ Եղած մոմերի փոխարեն միացրիր մոտդ թողած մի անգույն, անշուք ու արհեստական լապտեր։ Լապտերը չէր կարող լուսավորել արահետը, ինչպես մոմը, ոչ էլ կտաներ դեպի անտառ անտառի մեջ․ երկուսս էլ գիտեինք։

Мы останемся друзьями
И как в дурацкой мелодраме
Я, конечно, вызову такси

Земфира- Мелодрама

Թողնում եմ քեզ այնտեղ, որտեղ գտել էի․․․ Առանց մոմ ու լուցկի մութ արահետը անցնելու, նոր մոմեր գտնելու ու նոր արահետներ բացահայտելու հույսը չսպանած խարխափում եմ: