marianush eghiazaryan

68 համարի ավտոբուսում

Սովորական մի օր 68 համարի ավտոբուսում կողքիս նստած պապիկը, բարի ձայնով ինձ պատմում էր լուսանկարչական ապարատի բոլոր գաղտնիքները և լավ լուսանկարներ անելու բոլոր նրբությունները (դե, դա պատահական չէր, ես և ընկերուհիս խոսում էինք այդ օրվա մեր լուսանկարներից և նայում դրանք)։

Ի պատասխան հարցիս, թե լուսանկարի՞չ է պապիկը, հնչեց պատասխանը.

-Ես ամեն ինչից գլուխ հանում եմ,- հետո ավելացրեց,- Ամեն ինչից մի քիչ֊մի քիչ, իսկ արդյունքում` կլոր ոչինչ։

Պապիկը հիանալի զրուցակից էր: Հստակ խոսքից հասկանալի էր, որ երկար տարիների կյանքը չի անցկացրել հեռուստացույցի դիմաց, քաղաքականությունից էլ չի խոսում, ինչպես շատ ու շատ այդ տարիքի մարդիկ։

Դե, ես առանձնապես չհասցրի շատ բան իմանալ պապիկի մասին: Միայն կարող եմ ասել, որ այդ օրը ողջ ավտոբուսի ուղևորները ժպիտով շարունակեցին իրենց օրը։

Պապիկը սկսեց հանելուկներ պատմել (հիմա չեմ կարողանում բոլորը հիշել), բայց այս մեկը առաջինն էր.

-Այն ի՞նչն է. փոքր պարկ է, մեջը` այլուր ու գրտնակ։

Չկարողացանք պատասխանել: Դիմացս նստած կինը հնչեցրեց պատասխանը։

Պապիկը սկսեց էլի ու էլի հանելուկներ ասել, արդեն ոչ միայն իմ և ընկերուհուս համար, այլ բոլորի համար։

Տարբեր կողմերից հնչում էին պատասխանները, և բոլորը սպասում էին մյուս հանելուկին։

Դիմացը նստած մի մարդ ձայն տվեց և խնդրեց բարձր պատմել, որ ինքն էլ լսի։

Հանելուկներից հետո հերթը կատակներինն էր։

Առաջվա սառը անտարբեր դեմքերը փոխվել էին: Բոլորը ժպտում էին, կարծես ինչ֊որ  լուրջ բան էր փոխվել։

Ուրախ ավտոբուսը …

Մի կին ասաց, որ արդեն քանի ամիս է ուրախ մարդկանց չէր տեսել։

Պապն էլ իր խնդիրները ուներ: Երևի պատերազմը պապի մեջ էլ էր մի բան փոխել, բայց մի հստակ բան հասկացա կյանքում, որ մարդիկ մարդկության կարիք ունեն: Մեծերը իրենց կարծիքը հայտնելու կարիք ունեն, մեկի հետ իրենց փորձը կիսելու, ապրած տարիների ընթացքում սովորածը մեկին պատմելու, իսկ հասարակությունը  բարության ու դրականի կարիք ունի, մարդկային հասարակ վերաբերմունքի, բարի խոսքի ու կատակի։

68 համարի ավտոբուսի ուղևորները ուրախ էին, ժպտում էին, բոլորը մոռացել էին իրենց խնդիրները, խնդիրը մեկն էր` գտնել հանելուկի պատասխանը։

Ինչքան լավ է, երբ մարդիկ անտարբեր չեն դառնում, երբ ամեն բան չի թաղվել անտարբերության տակ։

Երբ կարող ես ժպտալ ու դրանով փոխել մնացածի օրվա ընթացքը, երբ կարող ես մտահոգ մեկին օգնությունդ առաջարկել, թեկուզ և դրան պատասխանեն արհամարհանքով։

Իրականում լավ վերաբերմունքը ցանկացած մարդու տանում է դեպի լավը։

Պապիկի փոխարեն մի աղջիկ վճարեց։ Պապիկի փոխարեն բոլորն էին ուզում վճարել։

Պապիկին բոլորը շնորհակալ էին։

Մարդիկ շնորհակալ լինելն էլ չէին մոռացել։