eva khechoyan

Երազանքիս աստղաթափը

2016 թ-ի օգոստոսի 12-ի գիշերը դիտվելու էր ամենաուժեղ աստղաթափը: 1 ժամում 80 աստղի փոխարեն ընկնելու էին 200-ը: Աստղաթափը հնարավոր էր լինելու տեսնել երկրի բոլոր կետերից:

Երկնքին հետևելու հանդեպ սերը ստիպում է ինձ ուշադրություն դարձնել աստղագիտության հետ կապված բոլոր նորություններին ու բաց չթողնել հերթական երկնային հրաշքը տեսնելու հնարավորությունը: Ամեն տարի, կարդալով սպասվող աստղաթափի կամ խավարման մասին, վերցնում եմ թեյը, նստում պատուհանի մոտ ու լարում տեսողությունս՝ առանց մի ակնթարթ շեղվելու: Բայց ինչպես միշտ, լուսինն ամբողջ գիշեր պահպանում է իր լույսը, իսկ աստղերը՝ իրենց տեղերը: Մի ամբողջ անքուն գիշեր անցկացնելուց հետո նորից հուսահատված դիմավորում եմ լուսաբացը:

-Ա, էս հավաբնից ի՞նչ պիտի երևա,- կատակում է ընկերուհիս՝ Անահիտը, ով ինձ հետ կիսեց օգոստոսի 12-ի անքուն գիշերը:

Համենայնդեպս, բազմաթիվ հուսահատ ջանքերից հետո, ես որոշում եմ փորձել ևս մեկ անգամ: Ինչպես ասում են՝ «Հույսը վերջինն է մեռնում»: Լցնում եմ թեյն ու նստում պատուհանի մոտ: 1 ժամ… 2ժամ… «Օֆ, իրոք որ անիմաստ ա»,- մտածում եմ ես ու արդեն պատրաստվում եմ հեռանալ պատուհանից: Վերջին անգամ հայացքս գցում եմ երկնքին ու… Ընկա՜վ… Աչքերիս չեմ հավատում: Տրորում եմ աչքերս ու նորից նայում վերև: Երկրորդ աստղն է ընկնում… Ուրախությունից չգիտեմ՝ ծիծաղե՞մ, թե՞ լացեմ: Սա ոչ միայն կյանքիս առաջին աստղաթափն է, այլև առաջին անիրական թվացող երազանքի իրականացումը… Ընկնող աստղերի թիվը գնալող ավելանում է, ու ես պահը չկորցնելով հետևում եմ նրանցից յուրաքանչյուրին: Ամբողջ քաղաքը քնած է, իսկ նրա գլխավերևում երկինքը լուռ հրաշքներ է գործում…

Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը նպաստում է, որ քո երազանքը ի կատար ածվի: