Անասունները տարել էինք հանդ արածեցնելու: Ես, եղբայրս՝ Էրիկը: Դե որ պարապ չմնանք, մեզ հետ նաև վերցրել էինք «Սասունցի Դավիթ» էպոսը: Դե, առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան ժամը 5-ը այնտեղ էինք լինելու: Մառախլապատ օր էր, ոչինչ չէր երևում: Որոշեցինք կրակ վառել և տաքանալ: Պառկած կրակի մոտ գիրք էի կարդում, մեկ էլ Էրիկն ասաց.
-Դավ, Դավ…
-Արա, դե ի՞նչ ա, է՜…
-Արա, գիդե՞ս էս հայերի քիթը խի ա էսքան մեծ:
-Չէ, չգիտեմ, խի՞:
-Որովհետև օդը ձրի ա:
-Դու էլ կգնաս –կգաս` ապուշ-ապուշ կխոսաս:
Շարունակում եմ էպոսը կարդալ, մեկ էլ.
-Դավ, Դավ…
-Արա, դե սպանեցիր, ի՞նչ ա:
-Արա, լա տես` էն նապաստակ չի՞:
-Ո՞ւր ա:
-Նա հա՜.յ..
-Հա, էլի: Արի` կամանց մոդանանք:
Մոտեցանք, սակայն ի՞նչ. նա մեզ նկատել և փախել էր: Վերադարձանք կրակի մոտ, ու ես նորից սկսեցի գիրք կարդալ: Կլիներ 10-15 րոպե` եղբորս ձայնը չէր լսվում: Մտքիս մեջ կարդում եմ «Սանասար ասավ Բաղդասարը», ու էդ պահին Էրիկը գոռաց.
-Դավ, Դավ, արա, էն իմ շունը չի՞: Եդներն էլ Վահեի շներն են ընգած:
-Արա, արխեին, բան չի ըլէլ: Քու շունը լավ ա փախչըմ, եդները կարալ չեն հասնեն:
-Հա, նայ` Վահեի շները եդ էկան:
Ճիշտ է, եղբայրս հայի նման մեծ քիթ չունի, սակայն իր այդ փոքր քիթը խոթում է ամեն տեղ: Ու այդ ամբողջ օրը նա ինձ չթողեց գիրք կարդալ:
Մառախուղը ետ քաշվեց: Ինչպես մենք ենք սիրում ասել` «Արևի պոզը ըրեվաց», օրը սկսեց տաքանալ: Հանգցրինք խարույկը և վերադարձանք տուն: