marat sirunyan

Տարագրությունը մանկավարժին վարձ

Մանկավարժի աշխատանքը բարդ է, պատասխանատու, կարևոր: Մեկ ուսուցչից է կախված՝ վաղվա հասարակությունն ինչպիսին կլինի, ուսուցչից է կախված, թե իր դիմաց նստած 20 երեխայից գոնե տասը կդառնա՞ն լավ ու պիտանի մարդ, թե՞ հակառակը: 

Այսօրվա հարցազրույցն անցկացնում եմ իմ շատ սիրելի ուսուցիչներից մեկի՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Աբովյանի հետ: Ցավով պետք է նշեմ, որ այս հարցազրույցն անցկացրել եմ համացանցի միջոցով, քանզի այսօր նա էլ իր ընտանիքի հետ, մեր շատ-շատ հայրենակիցների պես, ստիպված բռնեց տարագրության ճամփան: Որքա՜ն ցավալի է, որ մեր մտավորականներն էլ այսօր տարագիր են դառնում: Առաջ թշնամին, օտարներն էին հայի մեջքը կոտրելու համար քշում, հեռացնում մտավորականներին, այսօր դրա համար ամեն ինչ անում են մեր իսկ երկրի «տերերը»:

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին:
-Ծնվել եմ Կիրովականում, մեծացել՝ Վանաձորում, սիրել, երազել, նպատակներ դրել, հասել դրանց, հիասթափվել, հասել օտար ափեր… Որ շարունակեմ գոյատևել:

-Ո՞ր թվականին եք ծնվել, հետաքրքրական ի՞նչ կհիշեք Ձեր մանկության տարիներից:
-Ծնվել եմ 1979 թվականին: Մանկությունս լի էր ծնողներիս անսահման սիրով, մանկապարտեզում ՝ ուսուցիչներիս սիրով ու հոգատարությամբ: Ամեն հանգստյան օրերի ծնողներս ինձ ու եղբորս տանում էին զբոսանքի՝ քաղաքային այգի, Երկաթուղայինների այգի. շաբաթ-կիրակին կարուսելների օրեր էին: Քաղաքային այգում տարբեր մուլտհերոսների նկարներ էին վահանակների վրա տեղադրած: Ամեն անգամ դրանց մոտով անցնելիս հիանում էի գայլի, նապաստակի պատկերներով, ու զարմանում էի, թե ինչքա՜ն մեծ են դրանք: Տարեցտարի նկատում էի, որ իմ սիրելի հերոսների պատկերները փոքրանում են, մինչև հակացա, որ ես արդեն 6 տարեկան եմ, ու ես եմ մեծանում, ոչ թե նրանք են փոքրանում:

-Իսկ ավելի մեծ՝ դպրոցական տարիներից ի՞նչ կպատմեք:
-Սեպտեմբերի մեկ, ծաղիկներ, այդքան սպասված դպրոցական առաջին օր Կիրովականի թիվ 20 դպրոցում, երկու տարի անց թիվ 20-ի կողքին վեր խոյացավ թիվ 25 դպրոցը, և ես, իմ դասընկերների հետ, երրորդ դասարան գնացի 25-ում: Դպրոցը մեծ ու գեղեցիկ շինություն էր, ու ես հպարտանում էի, որ դրա շինարարությանը մասնակցել է հայրս՝ որպես շինարար: Այդպես ուրախ էինք երեք ամիս՝ մինչև դեկտեմբերի 7-ը. այդ օրը մեր կյանքը բաժանեց երկրաշարժից առաջի ու հետոյի:

-Մի փոքր կմանրամասնե՞ք այդ «առաջն ու հետոն»:
-«Առաջը» ջերմ էր, լուսավոր, «հետոն»՝ փլուզումներ, սարսափ… Ես դպրոցում էի ու չգիտեի՝ երկրաշարժն ինչ է, տեսա՝ գիրքս ու տետրս սեղանից թռչում են: Միահամուռ ճիչ էի լսում՝ «ա՜»: Բոլորս փախանք դեպի դասարանի դուռը, հետո՝ միջանցք. ոչինչ չէի լսում, բացի «ա՜»-ից: Մեր կորպուսը հեռու էր մուտքի դռնից: Չէի հասկանում՝ ինչու չեմ կարողանում ուղիղ քայլել, պատերին էի դիպչում, ընկնում, վեր կենում: Դուրս եկա դպրոցից: Փողոցներում ասեղ գցելու տեղ չկար, բոլորը լացում էին, ու օդում էդ մի բառն էր պտտվում՝ երկրաշարժ: Արյունոտված ձեռքերով ու ոտքերով աղջիկների գրկած տանում էին վազքով, մեքենաները բարձր ազդանշաններ էին արձակում: Մեկն ասաց՝ 20-րդ դպրոցը քանդվել է: Ուղեղս մթագնեց՝ եղբայրս էնտեղ է. նա առաջին դասարանում էր: Վազեցի դեպի 20-րդ դպրոցը, դրսում գտա ուսուցչուհուն, շորերը քաշքշեցի.

-Ո՞ւր է Աշոտը:
-Չգիտե՜մ…

Փոքր եղբայրս մորս հետ տանն էր, վազեցի տուն՝ մարդկային ճչացող, լացող ամբոխի միջով: Եղբայրս հարևանների մոտ էր, մայրս գնացել էր ինձ ու եղբորս գտնելու: Հարևաններս չէին թողնում գնամ: Հայրս եկավ՝ բերելով մորս ու եղբորս: Ողջ գիշեր մնացինք հորս ընկերոջ սեփական տան բակում: Ռադիոն միացրած էր, ատում էի էդ ռադիոն: Հենց ռադիոյով ասում էին՝ էլի է երկրաշարժ լինելու, հողը նորից փախչում էր ոտքերիս տակից: Չեմ հիշում՝ քանի ընտանիք էինք հավաքված էդ տան կրակի շուրջը, բայց հիշում եմ, որ բոլորը փոքր երեխաներ ունեին, ու բոլորս միաձայն լացում էինք:
Քեռիս խնջույքի մասնակցելիս է եղել, լսել է՝ Կիրովականը փլուզվել է, ամեն ինչ մոռացած նստել է մեքենան, եկել գտել մեզ՝ մանկապարտեզի շենքի առաջ (քիչ, թե շատ՝ ազատ տարածքը այդտեղ էր): Տեղափոխվեցինք Նոյեմբերյանի Կողբ գյուղ, որտեղ էլ ավարտեցի երրորդ դասարանը: Երեք երեխա էինք աղետի գոտուց մեր դասարանում՝ ես ու երկու տղա: Մեզ յուրահատուկ խնամքով էին վերաբերվում թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները: Այդ տարին յուրահատուկ էր նրանով, որ մայիսի 9-ի մեծ միջոցառման ժամանակ երրորդ դասարանցիներիս հանդիսավորությամբ պիոներների շարքերն ընդունեցին: Ներկա էին մեր գյուղի պատերազմի վետերանները, ես նրանց նայում էի հիացած աչքերով. նրանք ինձ համար մարմնավորված Սասունցի Դավիթներ էին: Հիասքանչ օր էր: Իմ տարեկիցները վերջին պիոներները եղան:

Մի անգամ էլ էնտեղ էինք դասի նստած, ոտքերս թուլացան, ականջներս խշշացին ու հասկացա, որ պետք է դուրս փախչել. էլի երկրաշարժ էր:

Հետո ամեն ինչ սկսեց շատ արագ փլուզվել, մենք մոռացանք՝ ինչ են գազը, լույսը, մեզ մնաց միայն հույսը…

Ես մինչ երկրաշարժը չգիտեի՝ ինչ է լամպը, վառարանը, դրանից հետո այդ ատրիբուտները դարձան մեր կյանքի ամենօրյա անբաժանելի մասերը, քանզի դասերը լամպի լույսի տակ էինք սովորում:

էդքանը քիչ էր, օդում պայթեց պատերազմը: Սումգայիթ, Կիրովաբադ, Ղարաբաղ: Թվում էր, թե մենք Վանաձորում պատերազմից հեռու էինք, բայց սարսափով ու խորին հարգանքով դիմավորում էինք հերոս զինվորների աճյունները: Այդ տղաները մեր ընկերների եղբայրներն էին, քեռիները, հորեղբայրները, ու պատերազմը, նրանց կորստի ցավով, մտավ նաև մեր տները:
Երկրաշարժից ևս մի բան հիշեցի: Հայրս, երբ դեկտեմբերի 7-ին գնացել էր իմ հետևից դպրոց, տեսել էր ուսուցչուհուս՝ ձեռքերը պատռված ու արյունաթաթախ: Նա իրեն չէր կորցրել. ջարդել էր ապակին ու հանդիպած երեխաներին պատուհանից դուրս հանել, ես ու մի քանիսն էլ դռնով էինք փախել: Նա իմ շատ սիրելի դասվար Լեյլի Սարգսյանն էր, որն, ինչքան գիտեմ, նույնպես այսօր Հայաստանում չէ:
Փաստորեն այսօր էլ է Հայաստանում երկրաշարժ, ու անգամ այն ժամանակվա «փրկարարներն» այսօր ոչ միայն չեն կարողանում փրկել, այլ իրենք էլ են «զոհ» գնում, ցավոք:

-Իսկ ինչպե՞ս կարողացաք այդ դժվարին պայմանները հաղթահարելով՝ սովորել պայքարել և ինքներդ դառնալ մանուկներին կրթող, լույս տվող: Ինչպե՞ս կամ ինչո՞ւ ընտրեցիք հենց հայոց լեզվի և գրականության մասնագետ լինելու ուղին:
-Հայտնի բան է՝ աշակերտը, սիրելով ուսուցչին, սիրում է նաև նրա դասավանդած առարկան: Մենք չորրորդ դասարանում գժի նման սիրում էինք մեր դասղեկ և հայոց լեզվի ուսուցչուհի Աիդա Մարտիրոսյանին: Նա էլ դարձավ իմ ուղենիշ փարոսը՝ մասնագիտության ընտրության հարցում: Իմիջիայլոց, տարրական դասարաններում գերազանց սովորող յուրաքանչյուր աղջիկ ասում էր՝ ուսուցիչ է դառնալու: Ես էլ: Չորրորդ դասարանում արդեն ես հատատ գիտեի, որ միայն ուսուցիչ եմ ուզում դառնալ: Դա դարձավ ինձ համար նպատակ: Ես գիտակցաբար և ենթագիտակցորեն ֆիքսում էի ուղեղիս մեջ իմ ու դասընկերներիս հարաբերությունները ուսուցիչների հետ, մեր զգացողությունները ուսուցիչների հետ հարաբերություններում, մտածում էի՝ ինչից զգույշ լինեմ, որ հետո ես թույլ չտամ նույն սխալները իմ աշակերտների հետ: Ասում են՝ մեծերը մոռանում են իրենց մանկությունը: Դա ինձ վախեցրեց, ու որ ես էլ չմոռանամ իմ ու ընկերներիս ապրումները, սկսեցի օրագիր պահել, որտեղ մանրամասնորեն ֆիքսում էի իմ ու ընկերներիս ձեռքբերումները, ապրումները: Օր օրի ավելի էի համոզվում, որ ուսուցիչ եմ դառնալու, որ միշտ օգնեմ երեխաներին պատանեկան անցումային շրջանը հեշտ հաղթահարել:

-Ե՞րբ և որտեղի՞ց սկսեցիք Ձեր՝ ուսուցչի մասնագիտական գործունեությունը: Քանի՞ տարվա ուսուցչի աշխատանքային փորձ ունեք:
-Սովորում էի ՎՊՄ-ի երրորդ կուրսում, երբ անցա աշխատանքի: Սուղ պայմաններ էին, և ծնողներս դժվարանում էին վճարել ուսմանս վարձը: Աշխատանքի անցա Ձորագյուղի 9-ամյա դպրոցում, որտեղ մեկ տարի որպես դասվար աշխատելուց հետո, 2002թ.-ին տեղափոխվեցի Լեռնավանի միջնակարգ դպրոց՝ արդեն իմ մասնագիտությամբ: Այդտեղ էլ աշխատեցի մինչև 2016թ.-ը: Աշխատելուն զուգահեռ՝ ավարտեցի ուսումս: Ընդհանուր՝ 15 տարվա աշխատանքային փորձ:

-Իսկ հեշտորե՞ն հմտացաք Ձեր գործում, ամեն ինչ այնպե՞ս էր, ինչպես պատկերացնում էիք:
-Ինձ զգում էի ինչպես ձուկը ջրում: Բայց հմտանալը տարիների աշխատանքի հետ է գալիս: Ես աշխատելու ընթացքում նաև հասկացա, որ ուսուցիչ, իսկապես, ծնվում են, չեն դառնում: Երեխային հասկանալը հեշտ բան չէ, դա սովորեցնելով չէ, իսկ եթե երեխային (չեմ ուզում ասել՝ աշակերտին) չհասկանաս, ոչինչ էլ չես կարող սովորեցնել:

-Ձեր օրագիրն օգնե՞ց Ձեզ, երբևէ եղե՞լ է, որ գաք տուն, բացեք այն ու փնտրեք այս կամ այն բանը, թե՞ հիշում էիք ամենը:
-Աշխատանքային առաջին տարիներիս բացել եմ, բայց շատ բան չէի մոռացել, ամեն ինչ մնացել էր սրտիս և ուղեղիս մեջ: Ուղղակի նայում էի 6-րդ, 7-րդ դասարանի աշակերտներիս և ուզում էի տեսնել ինձ այդ տարիքում:

-Իսկ ի՞նչ զուգահեռներ կտանեք Ձեր աշակերտական տարիների ու ներկայիս աշակերտների միջև:
-Մարդու կրթվելու հնարավորություններն ինչքան հեշտանում են, այնքան մարդը կրթությունից հեռանում է, թեև փայլուն աշակերտներ շատ եմ ունեցել: Իսկ մարդը տարբեր ժամանակատարածական հարթություններում միշտ էլ նույնն է՝ չնայած անգամ դարերի բերած փոփոխություններին:

-Ո՞րն էր Ձեր՝ աշակերտների հետ շփվելու, նրանց վստահությանն ու սիրուն արժանանալու գաղտնիքը: Արդյո՞ք միայն աշխատանքի հանդեպ սերն ու մանկության վերլուծությունները:
-Կյանքում ամեն ինչ փոխադարձ է՝ սերն ու հարգանքը, վստահությունը՝ նույնպես: Ես միշտ սիրում եմ ասել՝ ինչ գործ ուզում ես անել, արա լավ, կարո՞ղ ես՝ շատ լավ: Իսկ գործը լավ անելու համար պետք է շարունակել զարգանալ, և ոչ միայն մասնագիտական ոլորտում: Ուզում եմ հիշել Վանաձորի թիվ 25 դպրոցի աշխարհագրության ուսուցիչ և 10-րդ դասարանում իմ դասղեկ լուսահոգի ընկեր Էլիբեկյանին: Նա հիվանդ էր արյան քաղցկեղով, որն էլ դարձավ նրա մահվան պատճառը: Մենք նրան «քայլող հանրագիտարան» էինք ասում. լինելով պատմության, աշխարհագրության մասնագետ՝ հեշտությամբ պատասխանում էր մեր հարցերին քիմիայից, ֆիզիկայից, մաթեմատիկայից, տնայիններն էր օգնում գրել, եթե դիմում էինք:

-Չեմ կարող չնշել նաև, որ Դուք մեծ ներուժ եք ունեցել իմ՝ ստեղծագործական ոլորտում զարգացման մեջ, և եթե չլինեիք Դուք ու Ձեր օգնությունը, գուցե չհասնեի այն փոքր, թե մեծ հաջողություններին, որոնց հասել եմ, կամ գուցեև այսօր ընդհանրապես չգրեի: Ոչ բոլորը շարքային աշակերտի մասին այդքան կհոգային, ինչպես Դուք, ոչ բոլորը իրենց դասից կշեղվեին, դասաժամը կզոհաբերեին հանուն աշակերտներից մեկի, ոչ բոլորի համար է կարևոր դիմացինի խնդիրը: Այդ ամենի համար շատ շնորհակալ լինելով ՝ ուզում եմ, այնուամենայնիվ, հարցնել՝ ինչո՞ւ, ի՞նչն էր Ձեզ ստիպում օգնել, գոտեպնդել, առաջ մղել, ինչո՞ւ Դուք ևս շատերի պես անտարբեր չէիք ինչպես իմ, այնպես էլ մյուս աշակերտների խնդիրների կամ հաջողությունների նկատմամբ:
-Յուրաքանչյուր աշակերտ, մարդ յուրահատուկ է և պահանջում է յուրահատուկ մոտեցում: Յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժ է և հոգեբան: Ուսուցիչը նրա համար է ուսուցիչ, որ ոչ թե սովորեցնի միայն օրվա նյութը, այլ օգնի երեխային սովորել՝ սովորել, ապրել, կյանքի դժվարությունները հեշտ հաղթահարել, ինքն իրեն ճանաչել: Ինձ թվում է՝ ես քեզ օգնեցի ինքդ քեզ ճանաչել: Ի՞նչը ստիպեց. ուսուցչական հոտառությունը և մայրական բնազդը: Թող պաթետիկ չհնչի, բայց ինձ համար միշտ կարևոր են եղել իմ բոլոր աշակերտները՝ իրենց ուրախություններով ու տխրություններով:

-Կրկին շնորհակալ եմ: Իսկ ի՞նչն էր Ձեզ ամենաշատը գոհացնում Ձեր աշխատանքում, երեխաների հետ շփման մեջ, ինչպես նաև՝ կրթական ոլորտում և ի՞նչը հակառակը՝ դժգոհություն պատճառում: 15 տարիների ընթացքում արդյո՞ք հոգնել կամ հիասթափվել եք Ձեր աշխատանքից:
-Ես հասել էի իմ նպատակին, աշխատում էի՝ կատարելով իմ սիրած աշխատանքը: Աշխատանքը աճող, ձևավորվող մարդու հետ հրաշալի է, երբ դու կարող ես մեր իմաստուն գրողների ստեղծագործությունների աղդեցությամբ ճիշտ ուղղորդել այդ աճը:

Դժգոհություն և հիասթափություն… Հենց սրանք էին պատճառը, որ ես դուրս եկա աշխատանքից և հայտնվեցի օտար ափերում:

-Մի փոքր կմանրամասնե՞ք, թե որո՞նք էին այդ դժգոհություններն ու հիասթափությունները:
-Ուսուցչի աշխատանքը շատ դժվար է և շատ պատասխանատու, բժշկի աշխատանքի նման: Սխալվելու իրավունք չունես, այլապես կվտանգես կազմավորվող մարդու ապագան և ճակատագիրը: Դա մեծ լարվածություն է պահանջում և տքնաջան աշխատանք: Հաճախ այնքան հոգնած ես տուն հասնում, որ սեփական երեխաներիդ համար ո՛չ ուժ ես ունենում, ո՛չ ժամանակ, ու դեռ պիտի պատրաստվես հաջորդ օրվա դասերին, օրվա պլան գրես, հետաքրքիր նյութեր պատրաստես, դասի կառուցվածքն ուրվագծես, դեռ երազում էլ՝ էդ ամեն ինչը շարունակես: Ու երբ դրա դիմաց ստանում ես աշակերտի աշխատանքը, հարցերն ու հետաքրքրությունը, թևեր ես առնում: Գնահատողդ լինում է միայն աշակերտը: Իսկ վերադասներից միայն կարող ես լսել, թե ուսուցիչները չեն աշխատում, քիչ են աշխատում, լավ չեն աշխատում և այս տիպի բաներ: Իսկ ի՞նչ է ստանում ուսուցիչը չարքաշ աշխատանքի դիմաց. օրեցօր նվազող աշխատավարձ, որով երեխայիդ հոգսերն էլ չես կարողանում հոգալ, օրեցօր ավելացող պարտականություններ և սպառնալիք՝ դուրդ չի գալիս՝ դուրս արի, էնքա՜ն խնդրող կա: Եվ սա այն ժամանակվա նախարարի մակարդակով, որը բերանի ծամոն սարքեցին նրան ստորադասված բոլոր պաշտոնյաները: Գյուղական համայնքներում դպրոցները դատարկվում են: Պետական քաղաքականության արդյունքում Հայաստանն ու դպրոցը դատարկում են արտագաղթի միջոցով, իսկ ուսուցչին ասում են՝ աշխատավա՞րձ ես ուզում, դպրոցը ապահովիր աշակերտով:
Այսինքն ուսուցիչը և՛ իր չարքաշ աշխատանքը պիտի անի, և՛ պետության գործը: Դու քո տանը՝ ստրուկ: Ստացվում է, որ ավելի լավ է՝ ուրիշի տանը բանվոր լինես՝ որոշակի իրավունքներով, քան քո տանը՝ իրավազուրկ ստրուկ:

-Հեշտորե՞ն կայացրիք գնալու որոշումը: Հիմա կուզեի՞ք վերադառնալ, հե՞շտ է հայրենիքի մտավորականին օտար ափերում գոյատևելը:
-Ինչպե՞ս կարելի է հեշտորեն կայացնել տանից-տեղից, հարազատից, արմատներից հեռանալու որոշումը, դրա ծանրությունը միայն հեռացածները կիմանան: Սա փախուստ է: Երկարատև, ապարդյուն պայքարից հետո, որ չկորչի հավատը, գոնե երեխաներիս հավատը՝ ապագայի, պետության, իշխանավորի խոսքի ու օրինականության նկատմամբ: Տղաս, երբ իմացավ, որ հեռանալու ենք, ասաց՝ մա՜մ, բա ես առանց սարերի ի՞նչ եմ անելու: Առանց արցունքի չեմ կարողանում հիշել դա. ես էլ շա՜տ եմ սիրում մեր սարերը: Էստեղ սարեր չկան:

Արմատից պոկված ծառի համար ինչքա՞ն հեշտ կլինի օտար հողում: Դեռ հոգիս կատուներն են ճանկռում, չգիտեմ՝ երբ կանցնի: Բայց մի տեսակ կապանքներից ազատվածության զգացողություն էլ կա, որը թույլ չի տա հետ վերադառնալ, քանի դեռ հայ հողը հայի համար տուն չէ, ու հայը իր պետության համար բարձրագույն արժեք չէ, այլ հարստահարման միջոց:

-Այսինքն ձեր նահանջը երգո՞վ է: Մի օր Դուք կամ գոնե Ձեր երեխաները կվերադառնա՞ն: Դուք ի՞նչպես եք տեսնում այս համահայկական խնդրի լուծումը:
-Տղաս ասում է՝ մեծանամ, գնալու եմ հայրենիքիս պարտքը տամ: Իսկ ես դեռ շարունակում եմ ամեն օր մեռնել ապրիլյան հերոս տղաներին հիշելով, պատկերացնում եմ՝ ի՜նչ են ապրում նրանց մայրերը: Խելագարվում եմ դրա մասին մտածելիս: Երբ գնալու մասին իմացավ, տղայիս դպրոցի տնօրենն ասաց՝ ցավում եմ, որ Տիգրանի նման երեխային տանում եք: Ասացի՝ կգանք, երբ այսօրվա տիրող, մեղմ ասած, անօրինական մթնոլորտն ու իշխող չինովնիկական հասարակարգը վերանան, կամ, երբ լինի միահամուռ, կազմակերպված պայքար այդ անարդարության դեմ, որը տիրում է մեր տանը, որտեղ մենք չունենք իրավունքներ, այլ միայն պարտականություններ, անպաշտպան ենք ու խոցելի, որտեղ ոչ թե տեր ենք, այլ ստրուկ…

-Ձեր աշխատանքին՝ մանկավարժությանը, կարոտե՞լ եք: Նպատակներ չկա՞ն այդտեղ էլ՝ օտարության մեջ մեծացող հայ մանուկներին հայոց լեզու ու հայություն սովորեցնելու:
-Նպատակներ կան, բայց անմշակ ցանկություններ են, այդ պատճառով դեռ չեմ ուզում խոսել դրանց մասին: Ինձ թվում էր՝ մի հինգ տարի դպրոցի երես չեմ ուզի տեսնել, բայց հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի տոնին, էնքան շնորհավորանքներ ուղարկեցիք՝ քիչ էր մնում ոտքով հետ գայի: Արդեն օդս չի հերիքում առանց գործի, առանց երեխեքի, թեև իմ երեխեքը շնչելու ժամանակ չեն տալիս. վերջապես մամայի երես են տեսել:

Երանի բոլոր հայերս միասնական լինենք, ու մեր դարավոր երազանքը մի օր ի կատար ածվի: