-Սվետա:
-Ա, դե լավ էլի, թողեք` քնեմ:
-Դուրս արի արագ, կարևոր բան եմ ասում:
-Լավ, գալիս եմ:
Այս խոսքերով սկսվեց օրս: Դժգոհ դեմքով արթնացա քնիցս և գնացի տեսնելու, թե ով էր անուշ քունս խանգարում: Դուռը բացեցի և տեսա, որ ընկերուհիներս են: Ժպիտով կանգնել են դռան մոտ և ասում են.
-Հաղթել ենք, գնում ենք Ամերիկա:
-Լավ էլի, կատակի ժամանա՞կ եք գտել:-Չէ՛, չէ՛, ճիշտ ենք ասում, ընկեր Հովհաննիսյանն ա ասել, հաղթել ենք:
Դեմքիս մռայլ արտահայտությունը փոխվեց, բարձր բղավեցի, շնորհավորեցինք իրար: Այս լուրից լավ ոչինչ այսքան չէր երջանկացնի: Հպարտ եմ և շատ ուրախ հաղորդելու, որ «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» մրցույթում «Կրթություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել մեր One Step Ahead թիմը՝ Armenian Sign Language հավելվածով: Այդ ծրագրի մասին արդեն գրել եմ նախորդ նյութերից մեկում: Ամիսներ շարունակ աշխատելով ծրագրի վրա, շատ դժվարին և հանրօգուտ աշխատանք կատարեցինք: Այսօր այլևս սովորական օր չէ ինձ համար, որովհետև ամեն տարի օրացույցի վրա կարմիր գույնով կնշեմ և կհիշեմ, որ սա իմ և իմ թիմի համար առաջին խոշոր հաղթանակի օրն է: Այս ամիսների ընթացքում մենք մեծ աշխատանք կատարեցինք, ուրախ ենք, որ մեր աշխատանքը գնահատեցին շատերը: Ուրախ ենք, որ մեր երկիրը ներկայացնելու ենք համաշխարհային մրցույթում, ինչը շատ պատասխանատու է:
Այսքանը, սիրելի ընթերցող: Ուրախ եմ, որ մեր ձեռքբերումները կիսում եմ ձեզ հետ: