World Vision Armenia տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում դեռևս  օգոստոսից  Ապարանի Եղիպատրուշ համայնքում գործում է  IMPACT երիտասարդական  զարգացման ծրագիրը:  Ըստ IMPACT կանոնադրության, յուրաքանչյուր 8-րդ դաս-հանդիպումների ավարտին 9-րդ դաս-հանդիպումը    պետք է լինի  համայնքին օգուտ բերող ծրագրի իրականացում, որը կծառայի թե ՛ համայնքի խոցելի խմբերին և  թե  համայնքի մյուս անդամների  շահերին:
Ծրագրի մասնակիցները դեկտեմբերի 30-ին հնգամսյա աշխատանքներից հետո իրականացրին  իրենց համայնքային զարգացման  առաջին ծրագիրը:
Ծրագիրը  IMPACT-ցիները անվանել էին  «Գաղտնի Ձմեռ պապ»:
«Գաղտնի Ձմեռ պապ»  ծրագրի նպատակն էր` կարողանալ ժպիտ և ուրախություն պարգևել գյուղի խոցելի  ընտանիքներին: Ծրագրի իրականացման համար նախատեսված 300 դոլարը IMPACT-ցիները բաշխել էին այնպես, որ շուրջ 23 անապահով ընտանիքների երեխաներ ստացան գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ, տաք հագուստ և այլ իրեր: Ողջ աշխատանքները՝  սկսած նվերները դասավորելուց, մինչև հասցեատերերին հասցնելը IMPACT-ի սաները վերցրել էին իրենց վրա: Երեխաներին ուրախացնելու համար նրանք հագել էին մուլտհերոսների զգեստներ՝ փորձելով սովորական օրը դարձնել տոն:
IMPACT ակումբի առաջնորդ Սևակ Մաթևոսյանը նշում է, որ ակումբի նպատակը միայն համայնքային զարգացման ծրագրերը չեն:
-Երեխաների մոտ կամավորական աշխատանքը բնավորություն է ձևավորում ՝ միայն սպառողի դերում չմեծանալ, այլ լինել նաև օգնող, սովորել հավասարություն և ի վերջո, մեր կարգախոսի կրողը լինել. «Սեր հանուն սիրո»: