im tarva mardy

Իմ «Տարվա մարդը». Հայելու առաջ ես եմ

69998762_540234903382905_965182161906827264_n

Գիտե՞ք՝ շատ մտածեցի, թե տարվա մարդն ինձ համար ով է, մտքումս տարվա մարդ տիտղոս էի տալիս այս կամ այն ընտրյալին, ով ինչ-որ ժամանակ եղել է կամ հիմա էլ կողքիս է, որին իսկապես կարելի է կոչել ոչ միայն տարվա, այլ կյանքի հղկող-համակարգող, լավ օրերի ընկեր, մարդ, բայց… բայց երբ կյանքումդ տեղի են ունենում ինչ-որ իրադարձություններ՝ լավ կամ վատ, դու ես քեզ հայելու առաջ կանգնած նայում կա՛մ հպարտությամբ, կա՛մ օգնելով ինքդ քեզ՝ հաղթահարելու հոգու կամ անձի ճգնաժամը:

Այս տարվա մարդու մասին խոսելիս ես մի պահ էլ կանգնեցի հայելու առաջ հասկանալու համար՝ արժե՞ գրել հիշյալ մարդու՝ իմ մասին, քանի որ ամենից դժվարը անձիդ մասին խոսելն է, համենայնդեպս, իմ պարագայում այդպես է:

Տարին սկսելիս շատ նպատակներ ու երազանքներ ունեի: Բայց միշտ չէ, որ ամեն ինչ գնում է այն հունով, որը դու ես կանխատեսում: Ոչ, իհարկե, ոչ, այն կարող է գլխապտույտ առաջացնող փոփոխության ենթարկվել, գնալ իրեն հարմար հունով, այդ ժամանակ պետք է ուժ և հաստատակամություն, որ հաղթահարես այդ ամենը: Տարվա առաջին շաբաթն ինձ համար սարսափելի լարված էր ու շատ ծանր: Չէ, չմտածեք՝ այնքան էի խմել, որ մեկ շաբաթ անգիտակից եմ անցկացրել: Նորաթուխ համալսարանավարտս տոչորվում էր աշխատանք գտնելու մտքով, և այն սթրեսը, որ ես մեկ կիսամյակ պարապուրդի մեջ էի, ինչը արդեն ինձ տանջամահ էր անում, հյուծել էր ուղեղս:

Բայց դե, չկա չարիք առանց բարիքի: Եթե համառ ես նպատակներումդ և կայուն ես, վաղ թե ուշ կլինի այնպես, ինչպես դու ես ուզում: Երբեք չպետք է կոտրվել, եթե ուզածդ չի լինում միանգամից, դա սովորեցնում է քեզ լինել ավելի համառ, ավելի անկոտրում, ձեռք բերել փորձ չանելու կամ անելու: Հունվար ամսից սկսվեց իմ աշխատանքը քոլեջում: Արդեն ոչ թե ինձ էին գնահատում, այլ ես էի գնահատում, ոչ թե ես էի ասում դասախոս, այլ ինձ էին ասում, ոչ թե ես էի սպասում իմ հերթին պատասխանելու դասս կամ ստուգարք հանձնելու, այլ ինձ էին սպասում, որ պատասխանեն: Եվ ես սկսեցի իմ ընթացքը, իհարկե, ոչինչ այդքան հարթ չի անցնում, ինչպես հենց նոր պատկերացրիք: Ոչ, ամենամեծ պատասխանատվությունն է, երբ մտնում ես լսարան ու ասում․ «Բարև, ես ձեր նոր մասնագետն եմ, ինձ պետք է լսեք»,- այն դեպքում, երբ իրենց հետաքրքրում ես այդ պահին դու, այլ ոչ թե առարկան: Ինչևէ, մենք հասցրինք սիրել միմյանց։

Մտածում եք՝ դե էլ ի՞նչ ես ուզում, բա դու չէի՞ր հոգեթրթիռ սպասում աշխատանքի, դա էլ եղավ: Հա, ես էի, բայց մի բանի էլ էի սպասում, թե երբ կավարտվի այս տարին էլ, հա, իհարկե, տարին չսկսված դա կարող է մտածել միայն զինվոր ունեցող քույրը, որի եղբայրը դեռ մի քանի ամիս է, որ պաշտպանում է հայրենիքի սահմանը, և ով հպարտությանը զուգահեռ ունի սրտի անհուն կսկիծ, սպասող տագնապ: Բայց այս ամենին զուգահեռ՝ տարին եզրափակում եմ այն հույսով և ուրախությամբ, որ բարեհաջող ավարտեցի աշխատանքային կիսամյակը, ձեռք բերեցի տարվա իմ լավագույն ընկերներին, կյանքի ևս մեկ փորձ՝ ամուր ու հզոր լինելու այն դեպքում, երբ ոտքերիդ տակ 12 բալանոց երկրաշարժ է պայթում, երբ ջրհեղեղվում է ուղեղդ և հրաբուխը ժայթքում է ոչ ճիշտ ժամանակին: Բայց ինչպես Նոյի աղավնին, միշտ էլ ջրհեղեղից հետո կյանքումդ լինում են կանաչ ճյուղի պես ավետաբերներ, որոնք հույս են լցնում սիրտդ ու քեզ դարձնում ավելի քաջ, անկոտրում:

Տարվա մարդը հայելու առաջ է, նա ունի անկոտրում հոգի, առաջ գնալու հաստատակամություն, և ասում է, որ դու էլ կարող ես, իսկ ինչ է, սխալը մարդու համար չէ՞, դա միջոց է ավելի շատ մտածելու, կշռադատելու արածդ և չկրկնելու սխալդ կրկին: Ինչպես ես եմ սիրում ասել՝ վատից էլ կարող ես սովորել, սովորել չանել այդ վատը: