ՀԱՅԵԼԻՆ
«Հայելիները շատ անկեղծ են, նրանք տեսնում են քո կեղծ ժպիտը, ճոխ դիմահարդարման մեջ քողարկած կնճիռանման հետքերը, աչքերիդ խորքում զնդանած արցունքները և հայացքիդ կիսատողերը։
Դու հայելիներ չես սիրում, ոչ էլ իրենք են քեզ սիրում, բայց հայելիները ամենուրեք են և բազմատեսակ։ Քո սենյակի հայելուն ամենաշատն ես ատում. նա քո մասին շատ բաներ գիտի, շատ անգամներ է իր մարմնում տեսել քո արտացոլանքը, երբ հոգիդ մարմնիդ տապալում էր գետնին ու ստիպում քեզ զգալ և տեսնել, թե ինչպես է բանականությունդ տեղի տալիս….
Իսկ կատվին հիշու՞մ ես, նա սև էր և կանաչ աչքերով, նա էլ քո մասին շատ բաներ գիտեր, նա ամեն ինչ հասկանում էր. կատուները լուրջ էմպատներ են։
Օբամա անունով կատուն ճանկռում էր սենյակի դուռը, որովհետև գիտեր, որ այնտեղ ես, նրա մլավոցները կարեկցանք էին պարունակում. կենդանիներն էլ հույզեր ունեն, Օբաման վստահում էր քեզ….»
Օբամայի մասին երբեք ոչ մի տեղ չէի գրել, ի՞նչ է այս ամենը, ո՞վ է իմ գրքում գրել կատվիս մասին։
Հիմա Օբաման չկա, չեմ ուզում հավատալ, որ նա անկել է, ուզում եմ հավատալ, որ նրա հետ ամեն ինչ լավ է, նա ողջ է, պարզապես այլ տեղ է ապրում։ Եթե կատուները 9 կյանք ունեն, թող Օբաման իր կյանքի մնացած շրջափուլերում դառնա բրիտանական կախականջ ցեղատեսակի կատու, որովհետև մաքրացեղ կենդանիներին հիմա ավելի լավ են խնամում, ես անկեղծ ուզում եմ, որ Օբաման լավ պայմաններում ապրի։
Շարունակում եմ կարդալ։
ԳՈՒՅՆԵՐ
«Վրձնահարվածը դիպուկ էր, հստակ և ինքնավստահ։ Ամեն անգամ վրձինը ներկի որևէ գույնի մեջ խրելիս վստահ էր, որ ճիշտ երանգ էր ընտրել։
Նրա գործը կյանքեր երանգավորելն էր, և այս անգամ հերթն ինձ հասավ։
Սկզբում ընտրեց կապույտը, խառնեց սպիտակի հետ և տարածեց ողջ երկայնքով, ծաղիկներ պատկերեց՝ առանց արմատի։
Դեղինով արև նկարեց՝ շողերը ներսից, երկինքը պարզ էր, ամպերը՝ մաքուր։
Կանաչով արահետ նկարեց, մեջտեղը՝ առու։
Մի աղջիկ մարգագետնով քայլում էր, երբ քամին հանեց նրա գլխարկը, փորձեց կռվել քամու դեմ, բայց ուժերն անհավասար էին, քամու սառը ապտակից հետո աղջիկն ընկավ խոտերի մեջ, քամին վերցրեց մի բուռ հող և շպրտեց ուղիղ աղջկա աչքերի մեջ, նա դիմացը չէր տեսնում, աչքերը ցավից արցունքոտվել էին, չէր կարողանում բացել. խավար էր տեսնում միայն։ Այդ պահին կապույտը դարձավ սև, ամպերը գորշացան, առանց արմատի ծաղիկները դարձան քար, արևը անցավ սպառնացող ամպերի տակ և մնացին միայն քամին, աղջիկը և քարերը։
Աղջիկը դեռ չէր կարողանում աչքերը բացել, բայց զգում էր օտար մեկի շնչառությունը, որը վստահաբար մարդ չէր։ Նա փորձեց ոտքի կանգնել, աչքերի ցավը թուլացել էր և տեսադաշտը փոքր ինչ տեսանելի դարձավ։
Ի՞նչ պատահեց, ինչպե՞ս մի քանի րոպեում անհետացավ ամեն ինչ, ծաղիկները չկան, առուն ու մարգագետինը չկան… Աղջիկը ոչինչ չէր հասկանում։ Հանկարծ քարերի հետևից երկու ճանկեր արագընթաց սլացան դեպի նա, բռնեցին կոկորդից և սկսեցին խեղդել… Աղջիկը տապալվեց գետնին, իսկ օգնության կանչել չէր կարող, փորձում էր գոռալ, բայց ձայնը դուրս չէր գալիս, հիմա միայն հետաքրքրում էր, թե ով է իրեն խեղդում. նա դեմք չուներ, մարմին չուներ, միայն ճանկեր էին…. »
Վերջ, հաստատ չեմ կարդալու, այս ամենը աչքիս է երևում, ես գերհոգնած եմ։
Որոշեցի դուրս գալ տանից, մաքուր օդը պիտի օգներ։ Չնայած ներսս հոսանքազրկված էր, բայց շարունակում էի քայլել. անգամ մտածում էի, չնայած բանականությունս հոգեվարքի մեջ էր։ Արևոտ օր էր, մեղմ էր եղանակը և հաճելի։
Այդ այգում հաճախ էի զբոսնում և մենակ մնում։ Մի կողմից յասամանների, մյուս կողմից թարմ խոտերի բույրը մեղմ շոյում էին հոտառություն զգող բոլոր ընկալիչներդ և մեդիտացիոն ապրումներ տալիս։ Թռչուններն իրենց յուրահատուկ նվագարանով մեղեդի էին ստեղծում, օդի մեջ դարչինի հոտ էր հայտնվել, որը գրգռում էր ախորժակդ՝ բայց ոչ թե քաղցի, այլ՝ երևակայության, ինչ-որ բան ստեղծելու, հորինելու ցանկության, իսկ արևն իր վերահսկողության տակ էր վերցրել տեսարանը և լուռ հպարտանում էր. բնությունը սիրում է մարդուն, իսկ մարդը՝ բնությանը։
Աչքերս փակ՝ մտածում էի, ամբողջ մտքերս գրքի բովանդակության շուրջ էին պտտվում. ինչպե՞ս կարելի է գրել մի բան, կարդալ այլ բան, ու՞ր գնացին իմ գրածները։ Եթե ես սրա մասին մեկին պատմեմ, կմտածեն՝ ես խելագար եմ։ Երևի իմ մտքերը միայն խելագարների համար են….
Օդի բույրը ինձ դուր էր գալիս, հետաքրքիր բուժիչ բան կար։
Ականջի ծայրով լսեցի ամպերի նախազգուշացնող թեթև գոռոցը՝ սպասվելիք անձրևի մասին։ Ուշադրություն չդարձրի։ Զգացի օդի սառնությունն ու հասկացա, որ քամի է սկսվել։ Վեր կացա տեղիցս, որպեսզի տուն գնամ, բայց հենց այդ պահին քամին գլխարկս քշեց, վեր բարձրացրեց և օդի մեջ սահեցնելով և պտտեցնելով տարավ անհայտ ուղղությամբ։ Իմ սիրելի սև գլխարկն էր, գնացի գլխարկիս ուղղությամբ, որ վերցնեմ, բայց չկարողացա հասնել. քամին սաստկացել էր, սառը օդ կուլ տվեցի, և հանկարծ քամին գետնի հողը վեր բարձրացրեց և այն թափվեց ուղիղ աչքերիս մեջ, ծնկի իջա, փորձեցի ափերով մաքրել աչքերս, բայց գրեթե ոչինչ չէի տեսնում. աչքերիս ցավը մի կողմից, խավարը՝ մյուս։ Գիտակցությունս տեղն էր, տեսարանը ծանոթ. վախենում էի, որովհետև կարծես թե գիտեի՝ հաջորդիվ ինչ է լինելու. գրքում նկարագրածը… Բայց ախր ինչպե՞ս, այս ամենը ինչպե՞ս կարող է իրական լինել։
Ինչ-որ մեկի ներկայությունը զգացի. նա ծանր շնչում էր ու հաստատ մարդ չէր։ Քարերի հետևից դուրս եկան երկու հսկայական ճանկեր և բռնեցին կոկորդիցս, սկսեցին ուժգին սեղմել։ Ես հասկանում էի, որ սա գուցեր վերջն է, որովհետև չգիտեի, թե ինչ է ինձ սպասվելու հետո, որովհետև հենց այդ պահին դադարեցի կարդալ, ես չգիտեի՝ գրքի աղջկա հետ ինչ եղավ, նա փրկվեց, թե ոչ, ես չգիտեի՝ ինչ է լինելու ինձ հետ։ Ամեն ինչ կտայի, այդ հատվածը մինչև վերջ կարդացած լինեի… Ես զգում էի, որ ցավն ուժեղանում է, իսկ գիտակցությունս նվազում։ Հանկարծ մի ձայն լսեցի. «Հաշվիր մինչև երեքը»։
Ուշադրություն չդարձրի։ Ձայնը նորից հնչեց՝ այս անգամ ավելի բարձր. «Փրկվե՞լ ես ուզում` հաշվիր մինչև երեքը»։
Չնայած չէի հավատում, բայց կորցնելու ոչինչ չունեի, ուժերս հավաքեցի և… Մեկ, երկու, երեք….
Աչքերս բացեցի, արթնացա, տանն էի, պառկած։ Սարսափելի գլխացավ ունեի, բայց դա ինձ չէր հետաքրքրում. այն ամենը, ինչ տեսա և զգացի` երա՞զ էր։ Մի՞թե երազներն այդքան իրական կարող են լինել. դե երևի կարող են, գեշտալտ փիլիսոփայությունը դրա բացատրությունն ունի։ Բայց շատ անսովոր զգացողություն էր, կարծես մեկը ինձ այգուց գտել և տուն էր բերել, ո՞վ ինձ ստիպեց մինչև երեքը հաշվել, ո՞վ էր նա….
Վեր կացա անկողնուց, պետք է ստուգեի, պետք է իմանայի՝ աղջկա հետ ինչ եղավ, նրան, ով օգնեց։
Վերցրի այն։ Խորը շունչ քաշեցի և բացեցի առաջին էջը։ Դատարկ էր, ոչինչ չկար գրված, մաքուր էջ էր միայն։ Բացեցի 2-րդ էջը, էլի նույնը, 3-րդը, 4-րդը….. Ամբողջ գիրքը դատարկ էր. տառ անգամ չկար։ Գիրքը շրջեցի։ Շրջելու պահին գիրքն ընկավ սեղանին և բացվեց վերջին՝ ամենավերջին էջը, որտեղ վերևի հատվածում գրված էր.
«ՄԻԱՅՆ ԽԵԼԱԳԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»։