Հայրենական պատերազմի դժվարին տարիներին իմ համագյուղացիների` Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչների ջանքերի շնորհիվ ստեղծվեց Մշակույթի տունը: Առաջին տնօրենը Ռոզա Կարապետյանն էր: Նա նաև գրադարանավարուհին էր: Տիկին Ռոզայի տնօրինության տարիներին Մշակույթի տունը մեծ վերելք էր ապրում: Գրեթե ամեն օր բեմականացումներ էին բեմադրվում, մեծամասշտաբ միջոցառումներ էին կազմակերպվում` համախմբելով գյուղի բնակիչներին, և մեծ ոգևորություն էին առաջացնում երիտասարդների շրջանում:
Ներկայիս Մշակույթի տունը ոչ ավել, քան դատարկ շինություն է, որում գործում է միայն գրադարանը: Ներկայիս գրադարանավարուհին` ընկեր Արմինեն, աշխատում է ավելի քան քսան տարի: Գրադարանը միշտ բաց է լինում առավոտյան ժամը տասներկուսից մեկը: Երբեմն մենք գիրք ստանալու համար հերթ ենք կանգնում: Երբ նրան հարցրեցի, թե ինչն է պատճառը, որ գրադարանը ընդամենը մի ժամ է աշխատում, նա պատասխանեց.
-Անտանելի ցուրտ է ներսում: Ջեռուցում չկա:
Եվ իրոք, ջեռուցումը բացակայում է: Իսկ հատկապես ձմռանը անկարելի է դիմակայել ցրտին, ուստի գրադարանը տաք օրերին բաց է լինում մեկ ժամ, իսկ ձմռանը միշտ փակ է: Ես գիտեմ, որ ցրտին չեն դիմանում նաև գրքերը: Առանց այդ էլ հնամաշ գրքերը սրտի ու շոգի հերթագայությունից ժամանակից շուտ են շարքից դուրս գալիս: Ցրտի պատճառով տուժում է նաև միջոցառումների սենյակը: Միայն ցուրտը չէ, որ խանգարում է: Բացակայում են վարագույրները, ջահերը և սարքին գտնվող աթոռները:
2007-2008թթ. գործում էր պարի խմբակ: Ժամանակին այն մեծ համբավ ուներ, ես ինքս էլ ընդգրկված էի այդ խմբում:
2009թ-ից առ այսօր գործում է կարատեի խմբակը, որը մեծ հաջողությունների է հասել նաև Հայաստանի սահմաններից դուրս:
Ներկայումս կան նաև պարի և ըմբշամարտի խմբակներ: Դրանց պարապմունքները անցկացվում են գյուղապետարանի շենքում հատկացված սենյակներից մեկում: Ներկա դրությամբ Մշակույթի տան հսկայական շինությունում գործում է միայն գրադարանը, այն էլ` մեկ ժամով: Իսկ գյուղացիների առօրյան առավել հետաքրքիր և բովանդակալից անցկացնելու համար այլ շինություն չունենք: