Ամենաարագ վազորդը

Ու՞ր ես մանկություն: Ու՞ր եք իմ խենթ ու խելառ օրեր:
Մանկությունն ու հասուն կյանքը իրարից  բաժանվում են մի կամրջով, որով քայլելու դեպքում հետ դառնալն անհնար է: Ուզում եմ կրկին քայլել այդ կամրջով: Գիտեմ, հնարավոր չէ, բայց միևնույնն է, ուզում եմ: Ուզում եմ կրկին մոռանալ ցավի, տառապանքի, անարդարության մասին: Ուզում եմ առաջվա պես լաց լինել միայն դրսում խաղալու համար:

Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի

Մանկությունն  ուղղակի հրաշք է: Անբացատրելի մի հրաշք: Եթե նույնիսկ աշխարհի բոլոր լեզուների բառապաշարն օգտագործեմ, միևնույնն է, չեմ կարող բացատրել այն, ինչ «մանկություն» է կոչվում: Հիշում եմ` ինչքան էինք խաղում «պախկվոցի, զապաս, հալամոլա, անուն գոռոցի, էշ միլիցա»:

Փոքր ժամանակ բոլորն ուզում են մեծ լինել, տարեդարձի օրը մտածում ենք` ըհըն, մի տարի էլ մեծացանք: Իսկ հիմա ափսոսում եմ, որ մեծ եմ, նույնիսկ չեմ էլ ուզում, որ ծննդյանս օրը նորից վերադառնա, քանի որ ուզում եմ փոքր մնալ: Կյանքի լավագույն շրջանը, երբ առավելագույնն ես զգում սիրո բերկրանք, հոգատարություն, երջանկություն, երբ անհոգ ես ցանկացած բնագավառում, երբ քեզ համար միևնույնն է, թե ինչ վիճակում են ծնողներդ, դու միայն ուզում ես ու պահանջում…

Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի

Երբ հիշում եմ մանկությունս, ծիծաղս չեմ կարողանում զսպել. ի՜նչ օրեր էին…  Հիշում եմ՝ մի աղջիկ կար Սոնա անունով մեր Ձիան ուրթ սարում, որին ատելով ատում էի, և ինքս էլ չգիտեմ` թե ինչու: Եվ այդ ատելը փոխադարձ էր, այսինքն՝ ինքն էլ ինձ չէր սիրում և ատում էր, ամեն օր մեկս մյուսի դեմ ինչ-որ դավեր էինք նյութում: Որ ասեմ, թե ինչից էր մեր հակամարտությունը սկսվել, ձեր ծիծաղն էլ կգա:

Մեր սարում մի աղջիկ կար, առաջին տարին էր եկել  Ձիան ուրթ: Եվ ես էլ փորձում էի, քանի որ նոր էր եկել սար, հետը խաղայի:  Կարճ ժամանակ անց մենք մտերմացանք, ու պարզվեց, որ հեռու բարեկամներ ենք: Եվ այն աղջիկը, ում չէի սիրում, սկսել էր  իմ մանկության ընկերներին ասել, որ իբր ես նոր եկած աղջկան սիրում եմ: Իրականում նման բան չկար, որովհետև Սոնան չգիտեր, որ ես այդ նոր եկած աղջկա հետ բարեկամական կապ ունեմ: Այս զվարճալի ասեկոսեները, երբ ես իմացա, գնացի և պատասխան պահանջեցի, թե ինչի՞ համար է նման սուտ լուրեր տարածել: Եվ դրանից հետո մենք սկսեցինք ատել իրար և դրանից հետո ես Սոնային այլևս սարում չտեսա: Այդ օրից անցավ մոտ 16 տարի: Վերջերս Facebook  սոցիալական ցանցի միջոցով պատահաբար գտա իմ մանկության ընկերուհուն և սկսեցինք զրուցել: Մոտ մի շաբաթ կլիներ, որ սոցիալական ցանցով շփվում էինք, երբ Երևանում Կարապի լճի մոտ պատահաբար հանդիպեցինք: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, ականջակալները ականջներիս երաժշտություն լսելով, գլուխս կախ քայլում էի, և այդ պահին Սոնան  նկատել և ճանաչել էր ինձ: Կողքով անցել, բայց այդպես էլ չէի նկատել մանկության ընկերուհուս: Եվ երբ ասաց` Վահա՞ն, ես անմիջապես հետ շրջվեցի և տեսա Սոնային` արդեն մեծացել, սիրունացել, հասուն աղջիկ էր դարձել: Գրկախառնվեցինք, և աչքերս փակած վիճակում կարծես ամբողջ մանկությունս աչքիս առաջով եկավ ու անցավ: Այնքան շատ էի հուզվել այդ ժամանակ, որ չեմ կարող պատմել, թե ինչ էի զգում, և մենք սկսեցինք հիշել մեր մանկության հաճելի օրերը: Պատմում ու ծիծաղում էինք մեր արածների վրա, որ մեկս մյուսի տատիկին գնում բողոքում էինք, որ իրա թոռանը ասի` խելոք մնա: Շատ էի ուրախացել այդ չսպասված հանդիպումից, որ վերջապես մանկությանս ընկերուհուն գտա:

Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի

Ես ինքս շատ ուրախ մարդ եմ և իմ մանկության ընթացքում շատ ու շատ զվարճալի դեպքեր են հանդիպել, որոնց մասին հետագա նյութերիս մեջ կգրեմ: Դա այն տարիներն էին, երբ քո խնդիրն էր` «երեխեքը չեն թողնում ես էլ խաղամ, որովհետև փոքր եմ» արտահայտությունը:

Մի զվարճալի դեպք էլ պատմեմ կրկին Ձիան ուրթ սարում անցկացրած օրերից: Սարի երեխաներով հավաքվել էինք և վերջապես որոշել էինք հոգի կանչել, արդեն տեղը և ժամը որոշել էինք, ու մեկ էլ  ընկերներս ասացին.
-Վահան, դու մեզ հետ հոգի չես կանչելու, որովհետև փոքր ես և կվախենաս:

Ես էլ պատասխանեցի.
-Հա, ճիշտ ա, ձեզանից 2 տարով եմ փոքր, բայց չեմ վախենա, հանգիստ եղեք:

Բայց ամենատարիքով ընկերներիցս մեկն ասաց.
-Վահան, սա իմ վերջնական խոսքն է. դու հաստատ մեզ հետ հոգի չես կանչելու:

Ես էլ գլուխս կախ, տրամադրությունս գցել էի, որ հերթական անգամ փոքրի տեղ են դնում ինձ ու չեն թողնում միանամ իրենց: Բայց, երբ տեսա, որ արդեն բոլորը գնացին հոգի կանչելու տեղը, անմիջապես ցանկացա, որ մուռս հանեմ իրենցից:

Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի

Գնացի այդ խրճիթի մոտ: Թաքուն կանգնել էի և մի փոքր անցքից հետևում էի ներսում կատարվող իրադարձություններին: Երբ տղաներից մեկն ասաց.
-Հոգի ջան, հոգի, թե այստեղ ես` մի նշան տուր,-  ես անմիջապես բարձր կոշտ ձայնով պատասխանեցի.
-Ե՜ս այստեղ եմ:

Ընկերներս իմ պատասխանը լսելով, վախեցած ուժեղ ճչալով դուրս եկան այդ խրճիթից, որ փախնեն, ամեն մեկը  իրենց օդեն (խրճիթը) գնա:  Հանկարծ կատարվեց չպլանավորված մի բան: Ընկերներիցս մեկը խրճիթի մոտով անցնելիս տեսել էր, որ ես «հոգի կանչելու» ժամանակ խրճիթի մոտ եմ եղել, և բոլորին ասաց այդ մասին: Արդեն էլ վազելով իրենց օդեն չէին գնում, այլ իմ հետևից էին վազում, որ բռնեն և դատաստան տեսնեն: Բայց այդպես էլ չկարողացան ինձ հասնել, ես վազելով գնացել էի մինչև Պապի ուրթ:

Ափսոսում եմ, որ մեծացա: Մանկությունն ինձանից արագ է վազում, և  հետևից հասնել չի լինի: