Ինձ թվում է, ովքեր որ կարդացել են նախորդ նյութս մանկությանս մասին Տավուշի մարզի սահմանապահ Կոթի գյուղի Ձիան ուրթ սարում, կուզեմ, որ կարդան այլ հաճելի դրվագների մասին ևս:
2008 թիվն էր, երբ եղբայրս և մեր երկու ընկերները որոշել էին գնալ մեր սար: Այդ ժամանակ մենք Վանաձորում էինք ապրում, և իրենք Վանաձորի ավտոկայանից պետք է նստեին ավտոբուս` Աթան սար գնալու: Աթանը մեր սարից մոտ 15 կմ հեռավորության վրա է գտնվում: Աթանից դեպի մեր Ձիան ուրթ սարը կրին մեքենայով էին գնացել և սարում մնացել էին մոտ երեք օր: Երբ սարից վերադարձան Կոթի, սկսեցին ինձ ոգևորված պատմել իրենց հիանալի ճամփորդության, անանցանելի ճանապարհի մասին:
-Դուք ընդամենը մեքենայով գնացել և մեքենայով հետ եք եկել, չեմ հասկանում այդ ի՞նչ տպավորություն եք ստացել մեքենայով գնալուց,- ասացի ես:
-Վահա՞ն բա դա հարց էր, որ մեզ տվեցիր, բա բացի մեքենայով գնալուց ինչո՞վ պետք է գնայինք սար,- պատասխանեց ընկերս:
-Հա՛յկ ջան, բացի մեքենայից կարաս ոտքով գնաս:
-Արա՛, գժվե՞լ ես դու,- ծիծաղեց ընկերս,- ի՞նչ ոտքով գնալ, այդքան ճանապարհը ո՞նց ոտքով գնանք: Վանաձորից միչև հասնենք ձեր սար, մի քանի օր կտևի:
-Ապեր, հա ճիշտ ես երկար ժամանակ կտևի,-չհամբերեցի ես,-բայց Վանաձորից դեպի մեր սար և Կոթիից, հավասար հեռավորության վրա են: Ճանապարհորդության հաճույքը հենց ոտքով քայլելու մեջ է: Այ օրինակ, վաղը առավոտ շուտ ես ու հորաքրոջս տղան ոտքով պետք է սար գնանք:
Ընկերս զարմացավ.
-Արա՛, հո դուք շա՞շ չեք, էդքան ճանապարհը ո՞նց տեք գնա:
-Ապեր, կգնանք ու մեծ բավականություն ստացած կգանք, բայց ոչ թե ձեր նման` մեքենայով:
Առավոտյան ժամը 7:30 արդեն մենք պատրաստ էինք կտրել մոտ 60 կմ ճանապարհ և հասնել Ձիան ուրթ:
«Մշուշով պատված անտառի գրկում, սարի լանջին ձգվում է դրախտային մի բացատ, մասրենու թփերով պատված կանաչ մի աշխարհ, որի ձորերի վրա կախված փեշերին վայրի տանձ է հասնում ու զկեռ, իսկ վերևում միայն հաստաբուն կաղնիներն ու հաճարենիներն են խշշում լուռ: Սար գնացող ճանապարհին մի քանի աղբյուրներ կան դարավոր ծառերի տակ, որ գարնանը վարարում, անտառը լցնում են անուշ կարկաչով, իսկ ամռանը այնպես սառն է լինում, որ ծարավ ճամփորդը երկու կում հազիվ է կարողանում խմել:
Սարի ճամփի հաճույքն իմացող դաշտավորը, երբեք չէր բարձրանա իրենց ուրթերն առանց այդ սառը աղբյուրներից ջուր խմելու, և եթե ոչ մի քանի օր մնալու այդ դրախտային վայրում, իսկ քոչերը միասին սար տանող բարեկամ, ընկեր ու համախոհ մարդիկ շաբաթով հանգիստ կառնեին այդ կախարդական վայրում»:
Ամբողջ ճանապարհին հորաքրոջս տղայի հետ ասում-խոսում էինք, զվարճալի պատմություններ պատմելով գնում էինք: Ամեն սար հասնելուն պես այդ սարի բնակիչները մեզ կանչում էին իրենց մոտ, որպեսզի մի քիչ հանգստանանք և հաց ուտենք, բայց մենք իրենց շնորհակալություն էինք հայտնում ու ասում, որ առանց ժամանակ կորցնելու պետք է հասնենք Ձիան ուրթ: Սարվորները բարի ճանապարհ էին մաղթում և պատվիրում, որ չշեղվենք և գնանք միայն մեքենայի ճանապարհով, այլ ոչ թե կարճ ճանապարհներ անտառի մեջով փորձենք գտնել: Մենք այդպես էլ անում էինք, չէինք շեղվում ճանապարհից, միայն այն դեպքում էինք շեղվում, երբ անտառի ծառերից վայրի հատապտուղներ էինք ուզում քաղել ուտել:
Արդեն մոտավորապես ժամը 11-ը կլիներ, երբ սկսեցինք քաղց զգալ: Որոշեցինք մի քիչ կանգ առնենք և հաց ուտենք: Մեզ հետ վերցրել էինք մի կտոր հաց, երկու պոմիդոր, վարունգ և մի կտոր պանիր: Դե, ճանապարհ գնալուց ամենալավ ուտելիքը հաց, պանիր, վարունգ, պոմիդորն է: Մեզ հետ վերցրածը ուտելուց հետո շարունակեցինք ճանապարհը: Քայլելը դժվարացել էր: Մոտավորապես ժամը մեկը կլիներ, երբ հասանք Կարմիր գեղ կոչվող սարը: Ի դեպ ասեմ, որ Կարմիր գեղ սարը նոյեմբերյանցիների սարն է: Մեզ մնում էր անցնել մոտավորապես 15 կմ ճանապարհ, բայց արդեն ուժասպառ էինք եղել: Քանի որ արդեն հասել էինք Կարմիր գեղ, որոշեցինք գետում լողալ, մի քիչ թարմանալ: Լողալուց հետո երբ թարմացել և ուժերներս վերականգնել էինք, շարունակեցինք ճանապարհը: Հասնելով Մրմաձոր սարը, տեսանք, որ անվտանգությանս պետը՝ Փոլին այնտեղ մեզ է սպասում: Նշեմ, որ Մրմաձորը ժամանակին եղել էր Կոթի գյուղացիների սարը, սակայն հետագայում անցել էր Բաղանիս գյուղի գյուղացիներին:
Մենք զարմացանք Փոլիին տեսնելով, քանի որ տատիկ-պապիկիս չէինք ասել, որ իրենց հյուր ենք գնալու, և չհասկացանք, թե Փոլին որտեղի՞ց էր հասկացել մեր գնալու մասին: Երևի շատերիդ հետաքրքրեց, թե ո՞վ է իմ անվտանգության պետ Փոլին: Ուրեմն ասեմ, Փոլին իմ գամփռ շունն էր և միաժամանակ ամենամոտ ընկերս, քանի որ միշտ հետս էր լինում: Փոլիին սիրելուց հետո ճանապարհը շարունակեցինք և մոտավորապես երեք անց կես հասանք Ձիան ուրթ: Շատ էինք ուրախացել, որովհետև բացի տատ ու պապիս տեսնելուց, նաև կատարեցինք մեր առջև դրված խնդիրը. ոտքով գյուղից եկանք մեր սար:
Սարում մեկ շաբաթ մնալու ընթացքում հասցրել էինք բազմաթիվ վայրերում լինել: Ամբողջ օրը անտառներում կամ դաշտերում էինք, անտառից և չոր փայտ էինք բերում, որ դոռոնջ (խարույկ) անենք:
Մեկ շաբաթ մնալուց հետո պետք է վերադառնայինք: րոշել էինք դարձյալ ոտքով հասնել գյուղ: Մինչ մենք քնած էինք, պապս ճշտել էր մեր ուրթից, թե ով պետք է գյուղ գնա:
-Րեխեք ջեն, վի կացեք, պատրաստվեք, որ երկու ժամից գեղը գնացող մաշնա կա, հետը գեղը գնաք:
Ես դժգոհեցի.
-Ա դե, պապի, լավ էլի: Մենք մեքենայով չենք ուզում գնալ, մենք ոտքով ենք ուզում գնալ:
Բայց պապս բարկացած պատասխանեց.
-Բա, որ ոտով գնալուց մի բան ըլի ձեզ, ես ի՞նչ տիմ անի: Վաքվեք ու գնացեք գեղը:
Մեզ արդեն մնում էր համակերպվել այդ մտքի հետ: Ամբողջ ճանապարհին հորաքրոջս տղայի հետ խոսում էինք, թե ինչ հրաշք ճանապարհորդություն էր ոտքով սար հասնելը: