Կարմիր կծիկի ծայրը բռնում եմ ու բացատրում՝ ոնց ենք ծանոթանալու.
-Ներկայացնեմ ինձ, հա՞: Ուրեմն՝ ես Անահիտն եմ, 16 տարեկան, սիրում եմ մի աշխարհ բան, մասնագիտության հարցով էնքան էլ չեմ կողմնորոշվել, երևի՝ իրանագետ: Մի շաբաթ է ՝ կամավոր եմ «Օրրան»-ում: Վա՜յ, մի րոպե. մեկ էլ սիրում եմ ֆուտբոլ. Ռեալ Մադրիդ:
Ծայրը մատիս եմ փաթաթում ու կծիկը շպրտում շիկակարմիր մազերով մի տղայի, ինձնից երևի 4-5 տարով փոքր: Ինձ թվում է՝ բոլորը իրենց կյանքում մի «ռիժիկ» պիտի ունենան: Ներկացավ, անունը, կարծեմ, Արեն էր:
Կծիկը գնում-գալիս էր, իսկ Բարսելոնայի երկրպագուները շատանում էին: Թարս-թարս նայում էին ինձ ու հատուկ առոգանությամբ շեշտում իրենց ֆուտբոլային նախասիրությունները: Ասում եմ ՝ լավ, երեխեք են, ես էլ եմ էդպիսին եղել:
…Խմբի հետ ծանոթանալիս հազվադեպ է եղել, որ միանգամից հավանել եմ: Միշտ ինձ մի բան վանում է խմբի մեջ. ես մարդկանց մենակ եմ ճանաչում ու սիրում: Մենակ եմ զգում մարդուն:
Ամենավերջում լիքը թուշիկներով մի տղա հայտարարեց.
-Երազանք էլ ունեմ: Ուզում եմ գնամ իմ սիրած թիմի ՝ Բարսելոնայի մարզադաշտ ՝ Կամպ Նոու , ու տեսնեմ ՝ ոնց ա Բարսան Ռեալին 10-0 հաղթում:
Ու էնպիսի հայացքով ինձ նայեց, ոնց որ արդեն գնացած ու հաղթած լիներ: Հայացքներ կան, որ ուղեղումդ գամվում են՝ չմոռացվելու պահանջով, մեկ-մեկ գալիս, հեգնում, քթի տակ ծուռ-մուռ ժպտում, հիշեցնում քեզ հաղթած լինելու մասին:
…Լոռվա գյուղերից էին: Տղաներից մի քանիսը պատմեցին, որ գյուղերից մեկում Smart կենտրոն էին բացել, ծրագրեր էին ուսումնասիրում: Հետո տխուր-տխուր ասացին, որ դպրոցում մի համակարգչային սենյակ կա, բայց համակարգիչների կեսը չեն աշխատում: Հետո էլ՝ Microsoft-ից էն կողմ բան չեն տեսնում, հոգնել են:
Պատմեցին, որ ազատ ժամանակ atc.am-ով մաթեմատիկայի ու ֆիզիկայի ավարտական կամ միասնական թեստեր են գրում: Բոլորը աշխարհագրություն էին սիրում ու ինտելեկտուալ խաղեր:
Ասացին, որ Վանաձորում գոնե գնալու մի տեղ կլինի, գոնե օրը հետաքրքիր դարձնելու հնար կա: Ասացին, ես էլ տխուր-տխուր լսեցի:
Դովլաթովն ասում էր ՝ դե, լավն են մարդիկ. ում մեջ էլ խորանաս, լավը կլինի: Դե Դովլաթովը գիտեր ՝ ինչ էր ասում: Մենակ մարդը ամենաշատն է մոտ ինքն իրեն ու ամենշատն է թույլատրում մոտենալ, հասկանալ, գիտակցել իրեն:
Արևից խանձված մաշկով, շոկոլադագույն աչքերով նայում են, պատմում ծրագրերի մասին, հավատում, որ լավ կլինի: Իսկ ես ուզում էի, ես աշխարհի չափ ուզում էի, որ էն տղան գնար Կամպ Նոու, անպայման գնար, տեսներ Բարսելոնայի խաղը… Ու թեկուզ հաղթանակը: Մենակ թե` երազանքը կատարվեր: Միայն թե, լավ լինի:
Իսկապես-իսկապես, լավ կլինի: