Ահարոն Սահակյանի բոլոր հրապարակումները

aharon sahakyan

Ինքնուրույնության ձգտում

-Մա՛մ, էս անգամ ես մենակ եմ գնալու, պլաններս չխառնես, հա՞: Հենց մեկնումեկդ որոշի հետս գալ, միանգամից ասեմ՝ ես չեմ գնալու:

-Վերջացրու, մենակ ոչ մի դեպքում, կա՛մ ես եմ գալու հետդ, կա՛մ չես գնալու:

Այս խոսակցությունն ամեն անգամ ծագում է մեր միջև ինչ-որ տեղ գնալուց առաջ, ինչն ինձ աննկարագրելի զայրացնում է: Կարծում եմ՝ բոլորի մոտ էլ ինչ-որ տարիքում ինքնուրույն լինելու ցանկություն է առաջանում: Վերջին տարիներին ես շատ եմ ցանկանում ինչ-որ չափով ինքնուրույն լինել, շրջապատում ինքնուրույն կողմնորոշվել, ունենալ անձնական կարծիք, գործել որոշ չափով ծնողներիցս անկախ: Սակայն բոլորս էլ գիտենք, որ մեր ծնողները, հատկապես՝ մայրիկները, դժվար են համակերպվում այդ փաստի հետ՝ մոռանալով, որ այդ տարիքում իրենք էլ են ձգտել ինքնուրույնության: Նրանք կարծում են, որ դա ուղղակի մեր կողմից ավելորդ ինքնավստահություն է: Սակայն դա այդքան էլ այդպես չէ: Իմ կարծիքով՝ կյանքի այդ հատվածում ինքնուրույնությունը շատ մեծ ու որոշիչ դեր է խաղում, քանի որ հաշված տարիներ հետո դուրս ենք գալու մեծ կյանք, որն էլ պահանջելու է ինքնուրույնություն ու ինքնավստահություն:

Իսկ ինքնուրույնությունից զուրկ մարդը երբեք չի կարողանա հեշտությամբ հարմարվել օտար կյանքին, գտնել իր տեղը անծանոթ շրջապատում: Նա կսկսի թերագնահատել սեփական ուժերը, ինչն էլ պատճառ կդառնա որոշակի տարիքում ծնողներից կախվածություն ունենալուն:

Սակայն ծնողներին էլ է պետք հասկանալ: Նրանց համար մենք միշտ երեխա ենք, նրանք երբեք չեն դադարում հետևողական լինել, նրանց մոտ մեր հանդեպ հոգատարությունը, վստահ եմ, երբեք չի մարի: Համենայնդեպս, չեմ կարող ճշգրիտ բնութագրել ծնողական զգացողությունը զավակների հանդեպ, մինչև ինքս էլ ծնող չդառնամ: Այնուհանդերձ, ես ըմբռնումով եմ մոտենում ծնողներիս անհանգստությանը և ինքնուրույնության ձգտելու հետ մեկտեղ՝ աշխատում եմ զերծ մնալ ավելորդ քայլերից, փորձում եմ յուրաքանչյուր արարք կատարել մտածված և իմ պահվածքով անհանգստություն չպատճառել նրանց, խուսափել նրանց հետ ավելորդ բախումներից:

aharon sahakyan

Գիրք, որն ստիպեց ինձ փոխվել

Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ 
կարդացած գիրքը ` նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը…

Սրանք նշանավոր փիլիսոփա, արձակագիր, բանաստեղծ Վոլտերի մտքերն են, և ես նրա հետ լիովին համակարծիք եմ:

Յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են պահեր, երբ մենք մեզ միայնակ ենք զգում, տխուր ենք, ձանձրանում ենք: Եվ հենց այդ ժամանակ էլ ակամայից հայացքներս հառում ենք արդեն մեզ հարազատ դարձած գրապահարանին և որոնում որևէ գիրք, որը կընկերակցի մեզ և կցրի մեր միայնությունը: Գիրքը մեր լուռ ու անխոս բարեկամն է, որն ի զորու է փոխարինել թե´ հարազատի, թե´ ընկերոջ, թե´ խորհրդատուի: Շատ հաճախ մենք մեր կարդացած գրքերում հանդիպում ենք այնպիսի հերոսների, որոնց մեջ ինքներս մեզ ենք տեսնում, փորձում ենք նմանություններ գտնել նրանց և մեր բնավորության գծերի, արտաքին տեսքի և կատարած գործողությունների միջև: Հենց այդպիսի մի գրական հերոսի մասին էլ կուզեի խոսել:

Վերջերս` հերթական փնտրտուքի ժամանակ, ընտրությունս կանգ առավ Րաֆֆու «Սամվել» վեպի վրա: Իմիջիայլոց այդ նույն գիրքը արդեն երկրորդ անգամ պետք է կարդայի:

Ու կարդացի: Կարդացի նույնքան հետաքրքրությամբ ու անհագ, ինչպես առաջին անգամ: Չնայած, որ անգիր գիտեի վեպի յուրաքանչյուր հատված, գիտեի իրար հաջորդող գործողությունների ընթացքը, գիտեի անգամ վերջաբանը: Եվ ինչպես յուրաքանչյուր գրքում, այստեղ էլ ունեի սիրելի հերոս` իդեալ, ում կցանկանայի նմանվել, կցանկանայի թեկուզ մտովի հանդիպել նրան և որոշ խորհուրդներ ստանալ նրանից: Եվ այդ հերոսը, որքան էլ տարօրինակ թվա, ոչ թե Սամվելն էր ` վեպի գլխավոր հերոսը, այլ Վասակ Մամիկոնյանի որդին` Մուշեղը: Նա իսկական հայրենասեր էր, խիզախ առաքինի, բայց այս ամենի հետ մեկտեղ` հարկ եղած դեպքում կարող էր դառնալ շատ դաժան և վրիժառու:

Այդ գիրքը կարդալուց ի վեր վստահաբար կարող եմ ասել, որ մեջս շատ բան փոխվեց: Փոխվեցին իմ պատկերացումները մարդկության և ինձ շրջապատող աշխարհի մասին: Ես դարձա ավելի համարձակ, ինքնավստահ, մեծահոգի ու վրեժխնդրության պատրաստ անձնավորություն:

Մուշեղն իր բարոյականության բարձր սկզբունքներն ի ցույց էր դնում անգամ պատերազմի դաշտում: Վեպում առանձնակի ուշադրության է արժանի հատկապես Մուշեղի` կանանց հանդեպ վերաբերմունքի հատվածը, այն էլ` պարսիկ կանանց: Եվ երբ նա գերված կանանց անարատ և առանց անարգելու վերադարձնում է Շապուհին, վերջինս շատ է զարմանում: Զարմանում է նրա քաջության, մեծահոգության և ազնվության վրա: Եվ Մուշեղի պատկերը` սպիտակ ձիու վրա նստած, քանդակել է տալիս իր գինու գավաթի վրա: Իսկ Մուշեղի վերոնշյալ արարքը հետագայում ստիպում է Պապին և նրա զորապետերից ոմանց կասկածի տակ դնել նրա հավատարմությունը:

Ինչևէ, ես այս հերոսի մասին կարող եմ անվերջ խոսել , սակայն նախընտրելի է, որ յուրաքանչյուր հայ տաղտկալի և էժանագին սերիալներ դիտելու փոխարեն, գոնե մեկ անգամ կարդա «Սամվել» վեպը, փորձի բացահայտել վեպի հերոսներին և կատարել եզրահանգումներ:

aharon sahakyan

Անկոչ հյուրը

Լուսանկարը՝ Ահարոն Սահակյանի

Լուսանկարը՝ Ահարոն Սահակյանի

-Իյա՜, էս դու որտեղի՞ց ծլեցիր:

Շատ զարմացա, երբ օրեր առաջ մեր բակում նկատեցի տարօրինակ մի թռչուն: Տարօրինակ, որովհետև թռչուն լինելով հանդերձ՝ չէր թռչում: Չգիտեմ էլ, թե ինչպես էր ինձ համար անհայտ ծագում ունեցող այդ սևուկ թռչունը (տեսքն այնքան էլ հրապուրիչ չէր) հայտնվել մեր բակում: Դատելով ոչ այնքան գեղեցիկ արտաքինից՝ մտածեցի, որ կաչաղակ է: Մի քիչ մոտեցա ու տեսա, որ ձագ էր, և դա էր թռչել չկարողանալու պատճառը: Որոշեցի լուսանկարել, քանի որ այդպիսի «գեղեցկուհի» եսիմ՝ էլ ինձ հանդիպի, թե չէ: Եվ մինչ ես հեռախոսը ձեռքիս փորձում էի անմահացնել նրան, այնպես էր աչքերը չռել վրաս, որ վախից ձեռքս սկսեց դողալ, չնայած, որ ինքն էլ ինձնից էր վախենում, ես անմիջապես զգացի: Ու հանկարծ պապիկս նկատեց մեզ և մոտեցավ, որպեսզի տեսնի՝ ինչով եմ զբաղված:

-Ինչո՞ւ ես նրան դուրս բերել իր բնից,- հարցրեց պապիկս:

-Ի՞նչ բույն,- զարմացա ես:

Պապիկս անմիջապես հասկացավ, որ ես ոչնչից տեղյակ չեմ, առանց որևէ խոսք ասելու՝ վերցրեց թռչնին ու տարավ գոմ: Ես էլ գնացի նրա հետևից: Վերջապես պետք է հասկանայի, թե ինչ էր կատարվում: Միգուցե մեր գոմը նոր բնակի՞չ ուներ, իսկ ես, քանի որ շատ անտարբեր եմ գոմի հանդեպ, այդ մասին հիմա՞ եմ իմանում: Պապիկիս չհաջողվեց խուսափել իմ հարցերից և ստիպված պատմեց այդ թռչնի պատմությունը: Պարզվեց, որ նրա ծնողները դեռ ամիսներ առաջ են հաստատվել մեր գոմում, այնտեղ բույն են հյուսել, ձագ են հանել: Ձագերը երեքն են եղել, բայց կատուները ոչնչացրել են երկուսին, էս մեկի բախտն է բերել, ինչպես հետո էլ բերեց, որ հանդիպի ինձ: Դե, դա էլ է բախտի բան: Հիմա էլ պիտի սպասենք մինչև թռչել սովորի, հեռանա: Բայց սա որ թռչել էլ սովորի, վախենում եմ՝ չհեռանա, իրեն շատ «տնավարի» է զգում: Ինձ թվում է, որ հետը մի քիչ սիրալիր լինեմ, երևի տուն էլ կմտնի: Հիմա կմտածեք, որ կոպիտ եմ արտահայտվում այս խեղճ, անօգնական թռչնի մասին, բայց հավատացե՛ք, շատ անդուրն էր: Դրա համար էլ այս պահին միակ ցանկությունս այն է, որ ինչքան հնարավոր է շուտ թռչել սովորի ու հեռանա մեր բակից:

aharon sahakyan

Անավարտ էքսկուրսիան

Ավարտին էր մոտենում ուսումնական տարին: Ամիսներ շարունակ որոշել և պլանավորել էինք մեր տարեվերջյան էքսկուրսիան` նույնիսկ ծնողների հոգսը թեթևացնելու համար, դեռևս սեպտեմբերից գումար էինք տնտեսել: Եվ ահա մոտեցել էր սպասված պահը: Հաջորդ օրն առավոտյան պետք է մեկնեինք: Ամեն ինչ պատրաստ էր: Եվ հանկարծ…

«Ո´չ մի շրջագայություն, դուք ձեզ լավ չեք պահել, այդ պատճառով էլ զրկված եք ուղևորությունից»:

Տնօրենն էր` ընկեր Մարգարյանը: Չեմ ստի, մենք իսկապես վերջերս մի փոքր ակտիվացել ենք, բայց դե դա մեզ մեր ուղևորությունից զրկելու պատճառ չէր: Եվ քանի որ մենք 21-րդ դարի սերունդ ենք, հետևաբար գերազանց գիտենք մեր և´ իրավունքները, և´ պարտականությունները: Ճիշտ է պարտականությունների հարցում երբեմն փորձում ենք անտեղյակ ձևանալ, բայց դե իրավունքները…

Գիտենք նաև, որ «Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանացի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք»:

Համ էլ եթե անկեղծ լինեմ մյուս դասարանների հետ համեմատած մենք «հրեշտակ» ենք: Եվ հետո էլ, ի՞նչ էինք արել որ: Ուղղակի մեր տնօրինությունը սովոր է, որ մենք միշտ աչքի ընկնենք դրական կողմերով և երբ մի փոքրիկ չարաճճիություն ենք անում, վերջ, չեն կարողանում անտարբեր անցնել:

Ինչևէ, անսպասելի հայտարարությունը դասարանում իսկական քաոս էր առաջացրել, բոլորն իրար էին մեղադրում, բուռն քննարկում էր սկսվել, ամեն մեկն իր հերթին փորձում էր լուծում առաջարկել: Մենք նեղված, հիասթափված, ինչու չէ, մի քիչ էլ զայրացած էինք: Հիմա կասեք՝ մի էքսկուրսիայի եղածն ի՞նչ է, որ այսպես իրար եք խառնվել, բայց ո´չ , ախր մենք տրամադրվել էինք:

Այնուամենայնիվ, որոշեցինք գնալ տնօրենի մոտ, մեր սխալի համար ներողություն խնդրել և հույս ունեինք, որ նա մեզ կընդառաջեր: Ինչպես որոշել էինք , այնպես էլ եղավ: Ընկեր Մարգարյանը հասկացավ մեզ, հարգեց մեր իրավունքները և կրկին հնարավորություն տվեց:

Առավոտյան մեկնեցինք Նորավանք: Ամեն ինչ հիանալի էր, մեզանից շատերն առաջին անգամ էին տեսնում այդ չքնաղ վանական համալիրը: Քանի որ քանակով բավականին շատ էինք, այդ պատճառով վերցրել էինք երկու տրանսպորտային միջոց: Պետք է նշեմ, որ մեր խմբի վարորդի հարցում բախտներս իսկապես բերել էր, շատ համբերատար, ընկերական և երեխաներին հասկացող անձնավորություն էր: Բայց նույնը մյուս խմբի վարորդի մասին ասել չեմ կարող: Ավելի ճիշտ, կարծիքս փոխվեց այն պահին, երբ օրվա երկրորդ կեսին եկավ, թե հերիք է, հավաքվե´ք, պետք է վերադառնանք, ես գործեր ունեմ:

Ա´յ քեզ բա~ն, գործեր ունեիր՝ չգայիր: Եվ հետո էլ` սա էլ է քո գործը, բարի եղիր մի գործդ ավարտիր, նոր անցիր մյուսին: Համ էլ, մենք քեզ ամբողջ օրվա համար ենք վճարել: Բայց ոչ, նրա հետ լեզու գտնել չէր լինում, նա իրենն էր պնդում: Երեխաներին էլ այլ բան չէր մնում անելու, քան հետևել նրան և շրջագայությունը կիսատ թողած վերադառնալ տուն:

Հետո իմացա, որ էս մեր վարորդը , ինչպես Գագիկ Շամշյանը կասեր, ճանապարհին իրեն Շումախերի տեղն է դրել այսինքն` գերազանցել է արագությունը, իսկ մեր ճանապարհային ոստիկաններին էլ ի՞նչ է պետք, իհարկե նման առիթ: Խեղճին տուգանել էին, նրա տրամադրությունն էլ ընկել էր, էլ մեզ հետ հավե՞ս ուներ:

 

aharon sahakyan

Վերջին զանգը Զոլաքարի դպրոցում

2017 թվական, մայիսի 26, Զոլաքարի թիվ1 միջնակարգ դպրոց, և երկար սպասված «Վերջին զանգ»:

Ու վերջ, այս ուսումնական տարին էլ պատմության գիրկը ճանապարհեցինք: Մեր այսօրվա շրջանավարտները երևի շատ երկար էին սպասել այս օրվան: Մենք էլ` հաճախ ենք դասընկերներիս հետ երանի ենք տալիս այդ օրվան, երազում, թե երբ ենք վերջապես դպրոցն ավարտելու: Թվում է, թե դպրոցական տարիները ի՞նչ են որ, նամանավանդ` 12 տարի, էլ բան ու գործ չունե՞նք: Որ 12 տարի դպրոցում սովորենք, բա ամբողջ կյանքի դպրոցն ավարտելու համար քանի՞ տարի կպահանջվի մեզանից:

Այսօր ես հասկացա, որ դա այդքան էլ այդպես չէ, մենք սխալ ենք մտածել այսքան ժամանակ: Հասկացա, քանի որ այս տարի անկախ իմ կամքից, այնպես ստացվեց, որ ես էլ մասնակիցը դարձա այդ միջոցառման: Ես շրջանավարտ չեմ, ասեմ ավելին` դեռ չորս տարի ունեմ սովորելու: Բանն այն է, որ այս տարի մեր սիրելի տասներկուերորդցիներին ողջունելու և նրանց մուտքը դեպի բեմ ազդարարելու հաճելի պարտականությունը դրված էր ինձ վրա: Եվ մի պահ կուլիսներում ես էլ ինձ շրջանավարտ զգացի, և գուցե դա էր պատճառը, որ ես մի պահ սթափվեցի, հետ նայեցի, առաջ նայեցի ու մտածեցի: Կանցնեն տարիներ` մեկ, երկու, երեք… Ու արդեն այսօրվա շրջանավարտների փոխարեն բեմում կանգնած կլինի մեր սերունդը, կգա մեր հրաժեշտի ժամանակը, շատ բաներ կփոխվեն, բայց ես գրեթե վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կյանքում ինչ ուղի էլ ընտրի, միևնույն է, ամենագեղեցիկ հիշողությունները միշտ կապված են լինելու դպրոցի հետ: Եվ ուրեմն` քանի դեռ ուշ չէ, գնահատենք դպրոցում անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը:

Այսօր առաջին անգամ ես մեր սիրելի շրջանավարտների աչքերում տեսա ուրախություն, տխրություն, թախիծ, սեր, ափսոսանք: Կարծես ինչ-որ մեկը բռնել ու այդ բոլոր զգացմունքներն իրար էր խառնել: Ես համոզված եմ, եթե նրանք հնարավորություն ունենային, կկանգնեցնեին ժամանակը…

Շնորհավորելով մեր բոլոր շրջանավարտներին, նրանց մաղթում միմիայն հաջողություն, իսկ դիմորդներին էլ` այս ամենի հետ մեկտեղ, նաև բարձր գնահատականներ:

aharon sahakyan

Ինչպես դարձա տասնյոթցի…

Ես էլ, ինչպես բոլոր պատանի թղթակիցները, անցել եմ նույն ճանապարհը, որն իմ կյանքի կարևորագույն փուլերից մեկն եմ համարում: Ոնց որ երեկ լիներ, բայց արդեն մոտ ութ ամիս է անցել այն օրից, երբ տնօրենը զանգահարեց մայրիկիս և ասաց, որ Մարտունու 2-րդ դպրոցում լրագրողական դասընթացներ են կազմակերպվում, և ինքը որոշել է, որ պետք է մասնակցենք ես ու 9-րդ դասարանցի Աստղիկը: Ես սկզբում դժգոհեցի, ասելով` ինչո՞ւ հենց ես, բայց քանի որ մայրս արդեն խոստացել էր, ստիպված համաձայնեցի: Անկեղծ ասած, մտքովս էլ չէր անցնում, որ այդ օրերը կլինեն կյանքիս ամենաիմաստալից օրերը: Այն ժամանակ չէի ուզում մասնակցել, իսկ վերջում ափսոսում էի, թե ինչու այդքան կարճ տևեց:

Երեք անմոռանալի հետաքրքիր ու բովանդակալից օրեր… Սեմինարներ, գործնական աշխատանքներ, նկարահանումներ: Մի խոսքով` օգտակարը և հաճելին համատեղ:

Մենք կարծես այդ երեք օրը մտել էինք մեզ համար բոլորովին անծանոթ և միաժամանակ շատ հետաքրքիր մի աշխարհ: Եվ շատ ուրախ եմ, որ ես էլ իմ տեղն ունեցա այդ աշխարհում: Այդ օրերի ընթացքում ես ոչ միայն ձեռք բերեցի լավ ընկերներ, ստացա կարևոր գիտելիքներ, այլև սկսեցի հավատալ ուժերիս, դարձա ավելի ինքնավստահ, սովորեցի լսել և սեփական տեսակետս արտահայտել: Դա մի ժամանակահատված էր, որն անհնար էր մոռանալ, և որի համար շնորհակալ եմ «Մանանայի» յուրաքանչյուր անդամի: Նրանց շնորհիվ և նրանց օրինակով ես հասկացա՝ ինչ է նշանակում համախմբված և թիմային աշխատանք, ստացա բազում արժեքավոր խորհուրդներ, սովորեցի ինքնաարտահայտվել: Իսկ ահա մրցանակաբաշխության օրը` տեսնելով «Մանանայի» անկողմնակալ և արդարացի վերաբերմունքը պատանի թղթակիցների հանդեպ, ես էլ ավելի ոգևորվեցի ու հասկացա, որ եթե ավելի ակտիվ լինեմ, շատ ավելի առաջ կգնամ:

Իսկ ինձ համար արդեն հարազատ դարձած «Մանանայի» թիմին ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես մարզերի երեխաներին ուշադրության կենտրոնում պահելու համար, և հուսով եմ, որ մենք միասին դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:

aharon sahakyan

Իմ հանճարեղ միտքը…

Մարտ ամիսն էր: Քամիաանձրևաձյունախառը մի զզվելի եղանակ: Սովորականի նման  արթնացա: Անհանգիստ էի, ինչպես սովորաբար մեծերն են ասում՝ աչքս վնասի էր: Պետք է որևէ «սխրանք» գործեի: Եվ քանի որ իմ կյանքում երբևէ արկածների պակաս չեմ ունեցել, այդ օրն էլ բացառություն չեղավ:

Չնայած անբարեհաճ եղանակին`դուրս եկա բակ: Առաջին բանը, որ նկատեցի` հարևանի հողամասից դուրս եկող ծուխն էր, իսկ երբ ավելի մոտիկից ուսումնասիրեցի, տեսա, որ խոտի մնացորդներն էին վառում: Եվ հենց այդ պահին էլ գլխումս ծագեց հանճարեղ միտքը. «Իսկ ինչո՞ւ ես էլ մեր հողամասում կրակ չվառեմ»: Առանց ժամանակ կորցնելու, գործի անցա: Հավաքեցի խոտի մնացորդները, լցրեցի առաջին իսկ պատահած ամանի մեջ։ Թաքուն մտա տուն, վերցրեցի կրակայրիչն ու դուրս թռա: Փորձեցի վառել, բայց քամին խանգարում էր: Երկար փորձելուց հետո համոզվեցի, որ հնարավոր չէ։ Որոշեցի ամանը մոտեցնել խոտի դեզին։ Դեզը բավականին բարձր էր, հետևաբար, կպաշտպաներ քամուց, ու կհասնեի նպատակիս: Այո´, ես չէի սխալվում: Կրակը վառվեց և վայրկյանների ընթացքում բարձրացավ դեզն ի վեր: Հասկացա, որ վերջ: Հրդեհ բռնկվեց: Անմիջապես տուն վազեցի: Մայրս խոհանոցում ինչ-որ գործով էր զբաղված, կրակայրիչը ինչպես, որ թաքուն վերցրել էի, նույն կերպ՝ թաքուն էլ, տեղը դրեցի և բղավեցի.

-Ի՞նչ եք կանգնե՜լ, խոտի դեզն այրվում է՜:

Մայրս դուրս թռավ, բայց ի՞նչ, այլևս ոչինչ հնարավոր չէր անել: Հարևաններն էլ միացան, փորձեցին ջրով հանգցնել, բայց ապարդյուն: Կրակի բոցերը կատաղած վեր էին բարձրանում: Շատ չանցած՝ արդեն բակում էր նաև հրշեջ մեքենան: Բարեբախտաբար նրանց հաջողվեց մարել կրակը: Բայց վնասը քիչ չէր` 500 հակ խոտ: Իսկ արդեն հաջորդ օրը մեր տուն այցելեցին ոստիկանները: Հարցաքննեցին ինձ, ես նրանց ասացի, որ ճիշտ է՝ ես եմ այրել խոտը, բայց ինձ ոգեշնչել է մեր հարևանը: Եվ ուրեմն` նա է մեղավոր, թո՛ղ պատասխան տա․․․

aharon sahakyan

Դու կլինես միշտ մեր կողքին

Լուսանկարում Դավիթն է` մեր օրերի հերոսը, ով ապրիլյան պատերազմում քաջաբար զոհվեց: Նա մեր համագյուղացին էր, ապրում էր Զոլաքար գյուղում, մեր դպրոցի սանը, մեր ավագ ընկերը, ումից մենք դեռ շատ բան ունեինք սովորելու: 

Դավիթը կենսուրախ, կյանքով լեցուն երիտասարդ էր: Ընտանիքի կրտսեր զավակն էր, բոլորի կողմից սիրված: Դպրոցական տարիներին աչքի էր ընկել իր խելացիությամբ:

Ուներ բազմաթիվ երազանքներ ու նպատակներ, որոնք ծրագրել էր իրականացնել զորացրվելուց հետո: Սակայն չհասցրեց, բազում երազանքներ մնացին անկատար: Չհասցրեց բոլորել նաև իր կյանքի 19-րդ գարունը:

Ծառայության էր մեկնել Լեռնային Ղարաբաղ: Դավիթը տանկիստ էր: 2016թ-ի մարտի 30-ն է: Դավիթը զանգել էր մորը` տիկին Մարինեին: Երկար զրուցել էին, շատ ուրախ էր: Ասել էր, որ իրենց տասը օրով զորավարժությունների են տանում, և եթե հանկարծ չկարողանա զանգել, թող չանհանգստանան:

Ինչ իմանար մայրը, որ վերջին անգամ էր լսում որդու ձայնը:

Երբ պատերազմական գործողություններն սկսեցին, ծնողներն անհանգիստ էին, լուր չունեին որդուց: Սակայն առավել անհանգիստ էր մայրը: Նա կարծես զգում էր, որ տեղի էր ունենալու անդառնալին:

Եվ ցավոք, այդ գույժը չուշացավ: Այդ չարաբաստիկ օրը չարաղետ ականը չշրջանցեց նաև Դավիթենց տանկը: Զոհվեց ողջ անձնակազմը:

Բայց մեզ համար Դավիթը շարունակում է ապրել: Եվ իրավ է ասված, որ մարդն ապրում է, քանի դեռ նրան հիշում են: Իսկ մենք նրան կհիշենք միշտ:

Այսօր Զոլաքար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը, որտեղ սովորում են 10-րդ դասարանցիները, կրում է Դավիթ Հայրապետյանի անունը:

aharon sahakyan

Վատ ձեռագրիս պատճառով

«Ա´յ տղա, մի քիչ սիրուն գրի, էլի, մարդ չի ուզում տետրիդ նայի»:

Սրանք այն խոսքերն են, որ ամեն օր լսում եմ մայրիկիցս: Չնայած ես արդեն 8-րդ դասարանում եմ սովորում, բայց մայրս սովորություն ունի ամեն երեկո տնային աշխատանքներս ստուգել: Անկեղծ ասած, դա ինձ այնքան էլ դուր չի գալիս, նույնիսկ վիրավորական է, մի տեսակ անվստահություն եմ զգում, բայց դե, ինչ արած, սովորություն է:

Սակայն պետք է խոստովանեմ, որ ձեռագիրս իսկապես ահավոր է: Ուսուցիչներս արդեն հարմարվել են, էլ դիտողություն չեն անում, բայց միշտ ասում են, որ ձեռագիրս ու ես իրար հեչ չենք սազում:

Այսօրվա նման հիշում եմ: Տարրական դասարաններում էինք սովորում: Ինձ հետ նույն դասարանում էր սովորում նաև հորեղբորս աղջիկը` Անին, ով ուներ արտակարգ գեղեցիկ ձեռագիր: Եվ ամեն անգամ` տնային աշխատանքներն ստուգելիս, ընկեր Մարգարյանը հիանում էր նրա ձեռագրով` ասելով, որ ես օրինակ վերցնեմ նրանից: Ես նախանձ չեմ, բայց այդ պահը դուրս չէր գալիս, ես չարանում էի քրոջս հանդեպ: Եվ ամեն անգամ դասերի ավարտից հետո վիճում էի Անիի հետ, հանդիմանում նրան` գեղեցիկ գրելու համար և համոզում, որ ինքն էլ ինձ նման գրի: Սակայն նա չէր համաձայնում, ասում էր, որ չի կարող այդպես գրել: Բայց հավատացե´ք, ես պատրաստ էի նույնիսկ ինքս գրել նրա տետրում, միայն թե նրան չգովեին: Եվ երբ վիճում էինք, տարբեր ճանապարհներով էինք տուն գնում: Ընտանիքիս անդամները տեսնելով մեր առանձին – առանձին տուն հասնելը, անմիջապես գլխի էին ընկնում, որ քրոջս գովել են: Եվ սկսվում էր հերթական դաստիարակչական քարոզչությունը, որ Անին իմ քույրիկն է, որ ես պետք է ուրախանամ, որ իրեն գովում են, և այլն: Բայց ես մնում էի անդրդվելի: Հաջորդ օրը` էլի նույնը:

Այսօր քույրիկս արտասահմանում է, էլ ինձ հետ նույն դասարանում չի սովորում, բայց ամեն ինչ կտայի, որպեսզի նա նորից իմ կողքին նստեր, գեղեցիկ գրեր, և թող նրան ամեն օր գովեին:

aharon sahakyan

Ես ձանձրանում եմ

Ես երբեմն շատ եմ տխրում: Եվ կարծում եմ որ ունեմ դրա համար շատ լուրջ պատճառ: Եվ պատճառն այն է, որ ես մեր ընտանիքում միակ երեխան եմ: Շատերը կարդալով գրածս երևի կզարմանան, մտածելով` դրանից էլ լավ բա՞ն: Չէ որ ամեն ինչ միայն իմն է, ամեն ինչ արվում է ինձ համար և ամենակարևորը` բոլորի ուշադրության կենտրոնում միայն ես եմ: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Ճիշտ է, չեմ թաքցնի, սրանից մի քանի տարի առաջ ես էլ այդպես էի մտածում, և նույնիսկ երբ ինձ հարցնում էին, թե ցանկանում եմ եղբայր կամ քույր ունենալ, ես վստահաբար պատասխանում էի` ոչ, քանի որ տեսնում էի, որ ընտանիքս ինձ համար ոչինչ չի խնայում, անում է ամեն ինչ, որպեսզի ես ոչնչի կարիք չունենամ, և բոլորը նախանձում են ինձ: Բայց տարեցտարի մեծանալով ես զգացի, որ ինձ քույր ու եղբայր ուղղակի անհրաժեշտ են:

Կար ժամանակ, երբ հորեղբորս ընտանիքն ապրում էր մեզ հետ, և նրա երեխաներն ինձ համար հարազատ քույր ու եղբորից չէին տարբերվում: Եվ այդ ժամանակ ես բոլորովին չէի մտածում այդ ուղղությամբ, քանի որ կարծում էի` նրանք միշտ ինձ հետ կլինեն: Սակայն ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ նրանք տեղափոխվեցին Իսպանիա` մշտական բնակության: Սկզբում ինձ համար շատ դժվար էր, ոչ մի կերպ չէի հարմարվում նրանց բացակայությանը, սակայն մխիթարում էր այն փաստը, որ հորաքրոջս երեխաները կլրացնեն այդ բացը: Բայց դա էլ կարճ տևեց: Նրանք էլ մեկնեցին ԱՄՆ: Այնուհետև մեկնեց մորաքրոջս ընտանիքը, և հենց այդ ժամանակ ես հասկացա, որ միայնակ եմ, ու շատ տխուր է ինձ համար: Ճիշտ է, ես թե բակում, թե դպրոցում ունեմ շատ լավ ընկերներ, ովքեր ոչնչով չեն զիջում հարազատ քույր ու եղբորը, բայց միևնույն է, ես զգում եմ նրանց կարիքը:

Գրելով այս մասին ես իմ հոգու խորքում չեմ դադարում մտածել, որ կգա այդ բաղձալի պահը, և գոնե զարմիկներս կվերադառնան, ու մենք միասին կլինենք: