Հրանուշ Սուչյանի բոլոր հրապարակումները

Իմ հայրենակիցը

Հարցազրույց Հայաստանի Հանրապետության ԵրկրապահԿամավորականների Միության (ԵԿՄ) Գավառի տարածքային բաժանմունքի նախագահ, գեներալ-մայոր Աշոտ Գասպարյանի հետ, ով պարբերաբար մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված ազատագրական-ինքնապաշտպանական մարտական գործողություններին:

-Հարգելի՛ պարոն Գասպարյան, ծնվել և մեծացել եք մի ընտանիքում, որտեղ բարի գործ կատարելը ապրելակերպ է եղել: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ստալինյան վարչակարգի անհիմն մեղադրանքներով սկսվում են ձերբակալությունները: Իմ նախապապին՝ Միսակ Գասպարյանին, ով Կարմիրգյուղի գյուղապետն էր, փակում են նույն խցում, ուր փակված էր նաև Եղիշե Չարենցը: Իսկ դրա պատճառն այն էր, որ նա ընդամենը մտերիմ է եղել Աղասի Խանջյանի հետ: Մի գիշեր էլ նրանց ձիակառքով անվերադարձ տանում են անհայտ ուղղությամբ, իսկ պապիս որբացած երեք աղջիկները Չարենցի աղջիկների հետ մեծացել են նույն որբանոցում: 12 տարեկան հայրս՝ Տաճատը, կորցրեց հորը, որպես հակահեղափոխականի որդի՝ շատ ճնշումների ենթարկվեց, բայց կարողացավ ամուր կառչել այս հողին ու երկրին: Այն հայրենասիրությունը, որը կա իմ մեջ, եկել է իմ նախնիներից:

- Կասե՞ք մի քանի նվաճումներ, որոնցով ամենաշատն եք հպարտանում:

-Առաջին ուրախությունս ու հպարտությունս անկախություն ձեռք բերելն է, երկրորդը՝ Լաչինի հետ վերցնելը, երրորդը՝ Շուշիի ազատագրումը: Իմ ուրախությունն ու հպարտությունը անկախության հասնելն ու մեր հաղթանակներն են:

-Ի՞նչն եք կարևորում կյանքում տարիների հեռվից նայելով Ձեր անցած ուղուն:

-Ես առաջին հերթին կարևորում եմ հայրենիքը, ուր ծնվել ենք: Կյանքում միշտ պիտի միասնական լինենք, որ կարողանանք հաղթել մեր թշնամուն և հզոր պահենք մեր հայրենիքը:

-Ինչպե՞ս դարձաք ԵԿՄ նախագահ:

-Ես երկրապահի կողքին եմ եղել դեռ 1991թ.-ից: Երբևէ չեմ ցանկացել դառնալ ԵԿՄ նախագահ: Իմ աշխատանքները տեսնելով, առաջարկեցին, և, ես, որոշ ժամանակ մտածելուց հետո ընդունեցի:-Պարո՛ն Գասպարյան, ապրիլի 2-ը ճակատագրական դարձավ հայ ժողովրդի համար: Կհիշե՞ք այդ օրը

-Ապրիլի երկուսին՝ երեկոյան ժամը յոթին, ԵԿՄ նախագահությունից հրաման ստացանք, որ կազմակերպենք հավաք և առավոտ շուտ գնանք պատերազմի դաշտ: Ամբողջ Գավառի տարածաշրջանից հավաքվեցին 300 կամավորներ: Ի դեպ ասեմ, որ ամենաշատը մեր գյուղացիներն էին հավաքվել: Հավաքվեցինք և վաղ առավոտյան մեկնեցինք Արցախ: Ես նշանակվեցի Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի և Բյուրեղավանի ջոկատների հրամանատար: Եվ քանի որ ես Թալիշի ու Մատաղիսի դիրքերին էի ծանոթ, որոշեցինք, որ կմնանք այնտեղ (այդ դիրքերը մենք ենք պաշտպանել դեռ1994թ.-ից):

Ես վիրավորվեցի անօդաչու սարքի արձակած կրակից, բայց բարեբախտաբար զոհ չտվեցինք: 300 հոգի մարդ եմ տարել ու ոչ մի զոհ չեմ ունեցել:

-Պարո՛ն Գասպարյան, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ սերնդին:

-Երիտասարդ սերնդին ես առաջին հերթին խորհուրդ կտամ լավ սովորել, պիտանի մարդ դառնալ: Այսօր մեր երիտասարդները այնքան ուժեղ են, մեզանից էլ են հմուտ: Ես մեր այսօրվա երիտասարդությանը խորհուրդ կտամ, որ միշտ մնան հայրենասեր, չլքեն Հայաստանը, արարեն, աշխատեն: Հիմա դարը երիտասարդներին է, իրենք պիտի մտածեն, թե ինչպիսի ապագա պիտի ստեղծեն Հայաստանի համար:

hranush suchyan 1317-2

Բարեկենդանը՝ Գավառի բարբառով

ժամանակին մե մարդ ու մե կնիկ են հլնում: Էս մարդ ու կնիկը միշտ կռվելիս են հլնում: Մարդը կնգան ա ասում` հիմար, կնիկը՝ մարդուն:
Մե օր էլ մարդը մե քանի փութ եղ ու բրինձ ա առնում, տանում տուն:

Կնիկը ասում ա.
Ա՛յ, ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ խմար ես առե բերե. խերդ քելե՞խն ես տալում, թե՞ տղիդ հարսանիքն ես անում: -Ի՞նչ քելեխ,ի՞նչ հարսանիք, այ՛ կնիկ, ի՞նչ ես խոսում, տար պախա՝ բարեկենդանի խմար ա:
Կնիկը հանգստանում, տանում պախում ա:
Հնցնում են օրեր, էս կնիկը հիշկում, հիշկում, բարեկենդանը չըգալում: Մե օր էլ շեմին նստուկ ա հլնում, տենում մե մարդ վռազ-վռազ ճամփով հնցնում: Ձեռը դնում ճակատին ու ձեն ա տալում.

-Ախպե՛ր, ախպե՛ր, հլը կայնի:
Էս մարդը կայնում ա:

-Ախպե՛ր, բարեկենդանը խո դու չե՞ս:
Էս մարդը տենում, որ էս կնկա ծալը պակաս ա, մտածում ասա խա՝ տենա ինչ ա դուս գալում.
-Խա, ես եմ բարեկենդանը, քուր ջան, ի՞նչ ես ասում:

-Էն եմ ասում, որ մենք քո ծառան խո չե՞նք, որ չես գալում քո եղն ու բրինձը պաղենք: Հնչի՞ չես գալում քո ապռանքը տանես:
-Դը էլ ի՞նչ ես նեղանում, քուր ջան, ես էլ ըտու խմար եմ էկե, ձեր տունն ի ման գալում, չի գթնում:

-Դը հարի տար:

Էս մարդը ներս ա մտնում, ըստոնց եղն ու բրինձը տանում:

Մարդը գալում տուն, կնիկը պատմում, որ բարեկենդանը էկե, հիր եղն ու բրինձը տարե:

-Վա՛յ քո անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես, հիմար ես էլի…

Ո՞ր յանը գնաց:

-Ա՛յ, էն յանը:

Էս մարդը ձի ա նստում, ընկնում բարեկենդանի հետևից: Ճամփին բարեկենդանը ետ ա հիշկում, տենում մե ձիավոր ա գալում: Գլխի ա ընկնում, որ էսի էն կնգա մարդն ա: Գալում, խասնում ըտուն.

-Բարի օր, ախպերացու:

-Աստծու բարին:

-Խո էս ճանփով մարդ չըհնցա՞վ:

-Հնցավ:

-Ի՞նչ ուներ շլակին:

-Եղ ու բրինձ:

-Որ ձին քշեմ կխասնե՞մ:

-Որդեից կխասնես, դու՝ ձիով, ինքը՝ ոտով: Մինչև քո ձին չորս ոտ էթա՝ մի՛ն, էրկու՛, իրե՛ք, չո՛րս. էնի էրկու ոտով՝ մե՛կ-էրկու, մե՛կ-էրկու… Շուշուտ կեթա:

-Բը իմա՞լ անեմ:

-Հուզում ես՝ ձիդ թող իմ կուշտը, դու էլ ընդու նման ոտով վազի, կարող ա խասնես:

-Խա՛, էտ լավ ես ասում:

Էս մարդն էլ հլնում, ձին թողում ըստու կուշտը ու ոտով էթում: Էսի էթում թե չէ՝ բարեկենդանը ձիուն բարձում, ճանփեն ծռում, էթում:

Էս մարդը ոտով էթում, էթում, տենում ա չխասավ, ետ ա դառնում: Դառնում, տենում ձին Էլ չկա: Իվար-շիվար դառնում տուն:

Մարդ ու կնիկ թազուց սկսում են կռվալ. մարդը՝ եղ ու բրնձի խմար, կնիկը՝ձիու:

Մինչև հիմի էլ էս մարդ ու կնիկը կռվում են հլը: Էսի ընդուն ա ասում հիմար, էնի՝ ըստուն, իսկ բարեկենդանը լսում ու ծղզում ա:

 

hranush suchyan 1317-2

Ամենախելացի Աննան՝ «Ամենախելացի» խաղից

-Սիրելի Աննա մի փոքր կպատմե՞ս քո մասին

-Ես Աննա Գասպարյանն եմ, սովորում եմ Գեղարքունիքի մարզի գ. Կարմիրգյուղի թիվ 1 միջն. Դպրոցի 8-րդ դասարանում: Գերազանցիկ եմ: Հանրակրթական դպրոցից բացի հաճախում եմ նաև Կարմիրգյուղի արվեստի դպրոցի դաշնամուրային բաժին: Երգում եմ նաև երգչախմբում: Սոպրանո եմ: Ավարտել եմ պարային բաժինը: Նվագում եմ դաշնամուր և կիթառ: Ունեմ շատ հետաքրքրություններ: Իմ ամենասիրելի առարկան մաթեմատիկան է, հատկապես, երկրաչափությունը: Սիրում եմ լուծել մաթեմատիկական, տրամաբանական խնդիրներ:

Շատ եմ սիրում երաժշտությունը: Սիրում եմ նվագել կիթառի, դաշնամուրի վրա: Լսում եմ բազմատեսակ երաժշտություն, հատկապես, ժամանակակից: Գերադասում եմ համաշխարհային փոփը:

Ունեմ բազմանդամ ընտանիք՝ հայրիկս, մայրիկս, քույրիկներս, եղբայրս, տատիկս, պապիկս… Անկասկած շատ եմ սիրում իմ բոլոր հարազատներին: Հայրիկս և պապիկս բժիշկներ են, իսկ մայրիկս և տատիկս՝ ուսուցչուհիներ:       anna gasparyan -Ընտրե՞լ ես մասնագիտություն:

-Չնայած ծնողներս ունեն բժշկի և ուսուցչի մասնագիտություն, ես դառնալու եմ ծրագրավորող: Այնքան վստահ եմ դրա մեջ, որ նույնիսկ պլանավորել եմ, թե որտեղ եմ գնալու և աշխատելու: Բայց ամենակարևորը, թե որտեղ եմ սովորելու դպրոցն ավարտելուց հետո, չեմ որոշել: Կարևոր է նաև այն, որ ծնողներս կողմ են իմ ընտրությանը:

-Ի՞նչ նախասիրություններ ունես:

-Սիրում եմ լուծել բազմաթիվ գլուխկոտրուկներ, հատկապես, «կուբիկ-ռուբիկ» հավաքել: Կարելի է ասել, որ «կուբիկ-ռուբիկ» հավաքելու վարպետ եմ: Սիրում եմ հավաքել նաև փազլներ: Ռեկորդս 360 կտորից փազլ հավաքելն էր: Նմանատիպ գլուխկոտրուկներ լուծելը ինձ համար շատ հետաքրքիր է:

Շատ եմ սիրում սպորտ, հատկապես, ֆուտբոլ: Երկրպագում եմ կատալոնական «Բարսելոնա»-ին, հատկապես, Լիոնել Մեսսիին:

Սիրում եմ այն ամենը, ինչ կապված է համակարգչի հետ: Եթե ունենում եմ ազատ ժամանակ, ապա այն անցկացնում եմ համակարգչի առաջ: Այդ իսկ պատճառով ընթերցանության համար շատ քիչ ժամանակ եմ ունենում, չնայած որ շատ եմ սիրում կարդալ:

-Խոսի՛ր, խնդրում եմ երազանքներիդ, նպատակներիդ մասին:

-Ցանկանում եմ կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն և ցանոթանալ աշխարհի մի շարք երկրների մշակույթին և պատմությանը: Շատ կցանկանամ կատարել որևէ գիտական բացահայտում, օրինակ՝ ստեղծել ժամանակի մեքենա: Անցյալում շատ բաներ կուզենայի փոխել, որոնց համար մինչև հիմա ափսոսում եմ: Իմ երազանքները շատ են, և ես չեմ կարող բոլորը թվարկել: Բայց, իրոք, աշխարհում շատ բաներ կան փոխելու:

-Օրինա՞կ 

-Օրինակ, սոցիալական անհավասարությունը, էնէրգիայի անխնա սպառումը, մուրացկանների թվի ավելացումը, և այլն…

-Ես գիտեմ, որ դու շատ մրցույթների ես մասնակցել և ունեցել ես բազմաթիվ հաջողություններ: Խոսիր այդ մասին:              

-Շատ հետաքրքրասեր եմ և սիրում եմ մասնակցել տարբեր մրցույթների և օլիմպիադաների: Մինչ այսօր մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների և գրավել պատվավոր տեղեր: Ստացել եմ երեք ոսկե մեդալ ՀՀ նախագահի կողմից: 2013 թ. ընթերցանության հանրապետական երկրորդ մրցույթին զբաղեցրել եմ երրորդ պատվավոր տեղը և ստացել բազմաթիվ մրցանակներ: Մասնակցել եմ մեծ թվով օնլայն մրցույթների: Բազմիցս մասնակցել եմ «Կենգուրու» և «Մեղու» ամենամյա մրցույթներին և հաղթել եմ: Մասնակցել եմ նաև տարբեր օլիմպիադաների և անցել հանրապետական փուլ: Հետագայում վստահ եմ, որ ավելի շատ մրցույթների կմասնակցեմ և կունենամ ավելի շատ հաջողություններ: Ի ուրախություն ինձ, ՀՀ-ում կազմակերպվում է «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթը, և արդեն երկու տարի է, ինչ այդ մրցույթը անցկացվում է: Երկու տարի մասնակցել եմ, առաջին անգամ զբաղեցրել եմ երկրորդ տեղը, իսկ երկրորդ անգամ՝ առաջին տեղը: Մասնակցելու եմ նաև այս տարի կայանալիք «Մեղու 2016» մրցույթին: Մասնակցելով «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի հեռուստատեսային փուլին, այստեղ նույնպես ունեցա հաջողություն և անցա կիսաեզրափակիչ փուլ…

-Ի՞նչ էիր զգում դու, և ինչպե՞ս էին արձագանքում հասակակիցներդ, երբ չանցար 3-րդ փուլ:

-Հասակակիցներս գովում և ողջունում էին ինձ, չնայելով նրան, որ չեմ անցել 3-րդ փուլ: Նրանք միևնույն է, հպարտանում են, որ կարողացա հաղթահարել խաղը: Ինձ ամենաշատը ոգեշնչում է նրանց այն խոսքը, որ անկախ ամեն ինչից, ես եմ նրանց համար ամենախելացին: Իսկ այն, թե ինչ էի ես զգում, դժվար է բացատրել, բայց կփորձեմ: Ամենաառաջինը ես զգում էի ափսոսանք, որ ընդամենը մեկ միավորով չանցա 3-րդ փուլ, որ այդքան երկար պատրաստվել էի հատուկ թեմայի համար, որ շատ հարցերի պատասխաններ գիտեի, բայց չկարողացա պատասխանել լարվածության պատճառով:

-Իսկ ի՞նչ տվեց քեզ «Ամենախելացի»-ն

-Ամենախելացին ինձ համար շատ կարևոր մրցույթ է:Ես ունեցա բացառիկ հնարավորություն հայտնվել հեռուստատեսությունում և դառնալ հանրաճանաչ:Դա իմ երազանքներից մեկն էր, և այն իրականացավ:Այս մրցույթում ծանոթացա շատ բարձր մակարդակ ունեցող աշակերտների հետ:Եվ ինչու չէ, նաև ստուգեցի գիտելիքներս և նոր գիտելիքներ ձեռք բերեցի:

hranush suchyan 1317-2

Ծաղկավանքի կռիվը

Կարմիրգյուղի և Սարուխանի սահմանի վրա կա մի մատուռ, որը կոչվում է Ծաղկավանք: Ամեն տարի` Զատկի առավոտյան, այստեղ էին այցելում գյուղերի ուխտավորները: Զատկի առավոտյան, լույսը բացվելուն պես, հարսներն ու աղջիկները խումբ-խումբ իրենց օրվա պաշարով հասնում էին ուխտատեղի: Ուխտավայր էին գնում նաև գյուղի երիտասարդ տղաներն ու դպրոցականները:

Ուխտավորների երթը նման էր մի ուրախ թափորի: Ուխտավայրում էին հավաքվում նաև Սարուխան գյուղի հավատացյալները: Այստեղ մեծ խնջույք էին կազմակերպում, ուտում-խմում, երգում-պարում էին: Եղել են տարիներ, երբ այստեղ մեծ վեճեր են ծավալվել, նույնիսկ բանը հասել է տուրուդմփոցի:

Կարմիրգյուղցիները պնդում էին, թե սուրբը իրենցն է, սարուխանցիները՝ հակառակը: Եվ այսպես շատ երկար տարիներ մեծ վեճեր են եղել երկու գյուղերի երիտասարդների միջև:

Կարմիրգյուղցիներից մեկը պատմում է. «Սարուխանցիքի խեդ կռվում ինք Ծաղկավանքի ղմար. մենք ասում ինք` մերն ա, ընդոնք ասում ին իրանցն ա: Սարուխանցիքը մեզի լարում ին մինչև մեր գեղի գլոխը, մենք՝ հիրանցը: Այ տենց կռվում ինք… Սապնաքար ինք սարքում՝ լժիկ քար էր, թել ինք փաթթում, ուժեղ ֆռռցնում ինք ու շպրտում հիրար վրա:

Մեր գեղից մեկը զիս էր քշում, ըտու կաբինգի գլխին սիրուն տեղ ինք սարքե, քար ինք լցում, մեկը քշում էր, մե քանիսս էլ` քարերն ինք շպրտում: Սարուխանցիքը մեզի ասում ին` ժաժիկ (մանրացրած, կանաչիով պանիր) ուտող, իսկ մենք հիրանցը՝ իշի քիվթա ուտող: Որովհետև մեր գեղից մեկը էշ էր մորթե, տարեր էր Սարուխան, ծախեր էր: Այ տենց կռվում ինք էն ամն ինչով, ինչը հնգնում էր ձեռներիս տակը: Բայց հիրար խեդ ոխ չինք պախում: Մինակ էտ օրն ինք կռվում, իսկ հաջորդ օրը էթում ինք կերուխում ինք անում ու բարիշում ինք… Բայց հիմի արդեն ժամանակները փոխվեր են, մարդիկ էլ են փոխվե, էլ սրբերի խամար կռիվ չեն անում…»: