hranush suchyan 1317-2

Ծաղկավանքի կռիվը

Կարմիրգյուղի և Սարուխանի սահմանի վրա կա մի մատուռ, որը կոչվում է Ծաղկավանք: Ամեն տարի` Զատկի առավոտյան, այստեղ էին այցելում գյուղերի ուխտավորները: Զատկի առավոտյան, լույսը բացվելուն պես, հարսներն ու աղջիկները խումբ-խումբ իրենց օրվա պաշարով հասնում էին ուխտատեղի: Ուխտավայր էին գնում նաև գյուղի երիտասարդ տղաներն ու դպրոցականները:

Ուխտավորների երթը նման էր մի ուրախ թափորի: Ուխտավայրում էին հավաքվում նաև Սարուխան գյուղի հավատացյալները: Այստեղ մեծ խնջույք էին կազմակերպում, ուտում-խմում, երգում-պարում էին: Եղել են տարիներ, երբ այստեղ մեծ վեճեր են ծավալվել, նույնիսկ բանը հասել է տուրուդմփոցի:

Կարմիրգյուղցիները պնդում էին, թե սուրբը իրենցն է, սարուխանցիները՝ հակառակը: Եվ այսպես շատ երկար տարիներ մեծ վեճեր են եղել երկու գյուղերի երիտասարդների միջև:

Կարմիրգյուղցիներից մեկը պատմում է. «Սարուխանցիքի խեդ կռվում ինք Ծաղկավանքի ղմար. մենք ասում ինք` մերն ա, ընդոնք ասում ին իրանցն ա: Սարուխանցիքը մեզի լարում ին մինչև մեր գեղի գլոխը, մենք՝ հիրանցը: Այ տենց կռվում ինք… Սապնաքար ինք սարքում՝ լժիկ քար էր, թել ինք փաթթում, ուժեղ ֆռռցնում ինք ու շպրտում հիրար վրա:

Մեր գեղից մեկը զիս էր քշում, ըտու կաբինգի գլխին սիրուն տեղ ինք սարքե, քար ինք լցում, մեկը քշում էր, մե քանիսս էլ` քարերն ինք շպրտում: Սարուխանցիքը մեզի ասում ին` ժաժիկ (մանրացրած, կանաչիով պանիր) ուտող, իսկ մենք հիրանցը՝ իշի քիվթա ուտող: Որովհետև մեր գեղից մեկը էշ էր մորթե, տարեր էր Սարուխան, ծախեր էր: Այ տենց կռվում ինք էն ամն ինչով, ինչը հնգնում էր ձեռներիս տակը: Բայց հիրար խեդ ոխ չինք պախում: Մինակ էտ օրն ինք կռվում, իսկ հաջորդ օրը էթում ինք կերուխում ինք անում ու բարիշում ինք… Բայց հիմի արդեն ժամանակները փոխվեր են, մարդիկ էլ են փոխվե, էլ սրբերի խամար կռիվ չեն անում…»: