Լիլիթ Վարդանյանի բոլոր հրապարակումները

lilit vardanyan

Գաղտնի բաղադրատոմսը

Ես և ընկերուհիս որոշել էինք, որ պետք է թխվածք թխենք: Եղբայրս և մայրիկը գնացել էին ստուգումների, տատիկը և հայրիկը աշխատանքի էին, տանը միայն ես էի ու պապիկը, դրա համար էլ ընկերուհուս կանչեցի մեր տուն՝ թխվածք սարքելու: Ժամը 10:45 նա արդեն մեր տանն էր: Մտանք խոհանոց և սկսեցինք որոնել անհրաժեշտ իրերը: Դարակից վերցրեցի գոգնոցը, բաղադրատոմսերի գիրքը: Հետո ես և ընկերուհիս սկսեցինք որոնել հարիչը:

-Պիտի որ էս դարակում լինի,- ասացի ես,- օգնի` իրերը հանեմ, որ տուփը իջեցնենք:

Մենք փորփրեցինք դարակը, բայց այնտեղ չէր:

-Էս չի՞,-հարցրեց Վալերիան:

-Չէ:

-Հես ա:

-Չէ, էդ չի,- ասացի ես,- ե՞ս գիտեմ, թե՞ դու:

-Ես քեզնից ավելի լավ գիտեմ: Մամային մեկ-մեկ նայում եմ սարքելուց:

-Հետո ինչ, իսկ ես մենակս խմոր եմ սարքել:

Հետո զանգահարեցի մայրիկին:

-Մա՛մ, միքսերը որտե՞ղ ա:

-Պահարանի վերևում,-ասաց նա:

-Նայել ենք, չկա:

-Չգիտեմ:

-Լավ,- ասացի ես,- ուրեմն գդալով կաշխատենք:

-Լավ, էլի,- ասաց Վալերիան:

-Ես որ տատիկի հետ սարքել եմ՝ գդալով եմ սարքել, էնպես որ:

Ես գտա ամենամեծ գդալը և դրեցի թասի մեջ:

Արդեն քանիերորդ անգամ հնչեց հեռախոսիս զանգը (մինչ այդ էլ էին ինձ զանգում): Եղբայրս էր:

-Լիլո՛, ես ուշ եմ գալու, գրքերս կհանձնե՞ս (ի դեպ, եղբայրս վերցրել էր գրքերը քննություններին պարապելու համար):

-Հա, իսկ ե՞րբ կգաս,- հարցրեցի ես:

-Ժամը 12-ի կողմերը:

-Լավ:

Պապիկը իջավ բակ, մնացինք տանը մենակ:

Արդեն ժամը 11-ն էր:

Գտա «զեբրի» բաղադրատոմսը և սկսեցի կարդալ.

-Վերցնել 5 ձու…

Մենք սկսեցինք կոտրել ձվերը, որոնցից միայն մեկի դեղնուցը «ողջ» մնաց:

Այս անգամ զանգեց տատիկը:

-Լիլի՛թ, Արամի գրքերը հանձնելո՞ւ ես:

-Հա:

-Բա կհասցնե՞ս խմորը սարքել:

-Կհասցնեմ:

-Քացախը արդեն լցրել եք:

-Չէ, հլը շաքարավազն ենք լցնում,-ասացի ես:

-Քացախը էն կողքի դարակում ա:

-Լավ:

-2 բաժակ շաքարավազով… 2 բաժակ շաքարավազ ա պետք,-ասացի ես բարձրաձայն դարակից հազիվ հանելով շաքարավազի տուփը:

Վերցրի մեծ բաժակը և լցրեցի առաջին բաժակը:

-Լսի, էս ի՞նչ շատ լցրեցիր,- ասաց Վալերիան:

-Բա հենց էդքան ա պետք, հլը մի բաժակ էլ պիտի լցնեմ:

-Բա որ շաքարավազը շատ էղա՞վ:

-Ե՞ս գիտեմ, թե՞ դու,-ասացի ես,- կարդա՛, 2 բաժակ շաքարավազով գոգլի անել:

-Հա, բայց կարող ա էն ձևի բաժակով պիտի լցնենք,- ասաց նա՝ ցույց տալով սուրճի բաժակը:

-Գժվե՞լ ես: Էդ բաժակով գոգլի անել չի լինի:

Վերջապես հաշտվեցինք, և ես լցրեցի 2-րդ բաժակը: Հերթով խառնեցինք, իսկ այդ ընթացքում ես բացատրում էի, թե ինչ է գոգլին:

-100գ կարագ… Ի դեպ, քանի որ միքսերով չենք աշխատում, կարագի կտորները մինչև եփելը կմնան խմորի մեջ,-ասացի ես,-երկու բաժակ թթվասեր… Ես գիտեմ` երկու բաժակը ինչքան ա ,-ասացի ես սառնարանից հանելով թթվասերը,-մի անգամ մամայի հետ 400 գ թթվասեր էինք լցրել 200գ-ի տեղը, հիմա հաստատ գիտեմ, որ մի թթվասերի տուփն էլ կհերիքի:

Մենք հերթով դատարկեցինք թթվասերի տուփը և խառնեցինք:

-Դե իմ մաման «պիրոգներ» ավելի շատ ա սարքում,-բացատրեցի ես:

-Իսկ հիմա իմ սիրած հատվածը,-ասացի ես և դարակից վերցրեցի քացախը և սոդան,- միշտ երազել էի, որ մի օր մենակով կանեմ էս պահը:

-3 բաժակ ալյուր… վերջացնում ենք,- ասացի ես և դարակից վերցրի ալյուրը: Մենք խառնեցինք և ստացանք շատ լավ խմոր:

Զանգեց տատիկը:

-Լիլի՛թ, չմոռանաք վառարանը դնելուց առաջ միջի բոլոր իրերը հանել:

-Լավ:

-Հիմա իմ մյուս ամենասիրած պահը,- ասացի ես,- հիմա պետք ա խմորը կիսենք:

-Հաաա,- ես հիշեցի որն ա զեբրը, որ կեսը սպիտակ ա, կեսը՝ սև:

-Ըհը… Հիմա մյուս կեսի վրա կլցնենք կակաո, գրած ա մեկ ճաշի գդալ:

Մենք հազիվ բացեցինք կակաոյի տուփը:

-Օ՛յ, կողքից մի քիչ թափվեց, բայց ոչինչ:

Ես խառնեցի շոկոլադե խմորը, իսկ ընկերուհիս՝ սովորական:

-Մի փոքր հատիկները մնացել են,- ասացի ես,- տենց բան երբեք չէր լինում… Էս խմորի լավը էն ա, որ պետք չի թողնել «հանգստանա»…  Ժամը 12:30 ա, հասցնում ենք:

-Ուռաա, հասցնում ենք:

Ես վառարանից հանեցի բոլոր իրերը, վերցրեցի թավաներից մեկը և մի փոքր կարագ լցրեցի վրան:

-Հիմա պետք ա անձեռոցիկով կարագ քսել,- ասացի ես:

Բայց անձեռոցիկի հետքերը մնում էին թավայի վրա:
Մենք մի կերպ լվացինք այդ կաթսան և վերցրինք մյուսը:

-Կարագ պետք չի,- ասաց ընկերուհիս:

-Պետք ա,- ասացի ես երկրորդի վրա էլ քսելով կարագը:

Վալերիան զանգեց իր մայրիկին, իսկ նա ասաց, որ պետք է կարագ քսել և վրան ալյուր լցնել, բայց ես վրան ալյուր  չլցրեցի. հազիվ էի կարագը քսել խոհարարական անձեռոցիկով:

Վերջապես մենք լցրեցինք խմորները, դրեցինք վառարանի մեջ առանց միացնելու, գնացինք եղբորս գրքերը հանձնեցինք, հետ եկանք, միացրեցինք վառարանը, 5 րոպեից եկան մայրիկն ու Արամը:
Մենք երկար ժամանակ նստած նայում էինք, թե ինչպես էր խմորը ստացվում:
Մենք հայտնաբերեցինք, թե որտեղ էր միքսերը, այն հենց խոհանոցի պահարանների վերևում էր:

Երբ թխվածքը պատրաստ էր, մայրիկին խնդրեցինք, որ պատրաստի թխվածքի «գլազուրը»: Մայրիկը բացեց դարակը և վերցրեց մի թթվասերի տուփ, որի մեջ կար կակաո:

-Մի վայրկյան,- ասացի ես` ցույց տալով մայրիկին «կակաոյի տուփը»,- էս չի՞ կակաոն:

-Չէ, դա սուրճն է:

-Իիիիիինչ,- ասացինք ես և ընկերուհիս միաժամանակ,- ուրեմն մենք թխվածքը սուրճո՞վ ենք պատրաստել:

-Մա՛մ, բայց համով կլինի՞:

-Եթե դառը չլինի՝ հա:

Երբ ամեն ինչ պատրաստ էր, մենք փորձեցինք մեր պատրաստած նոր գաղտնի բաղադրատոմսով զեբրը, և այն շատ համեղ էր:

Այստեղ ես ավարտում եմ գրելը: Ես դեռ շատ բան բաց թողեցի, որոնց մասին պետք է գրեի, բայց մարդիկ հազիվ կարդան այս երկար գրած նյութը: Որպես եզրափակում ասեմ, որ այդ օրը երևի արձակուրդների ամենախառնաշփոթ օրը կլինի:

CRUMBS, այսինքն` փշրանքներ…

«Մենք այնքան համով պիտի թխենք, որ անգամ փշրանքները վերջում ուզենան ուտել»: 

Հարցազրույց «Քրամբս» հացթուխարանի տնօրեն` Անի Հարությունյանի հետ

-Կպատմե՞ք Ձեր մանկության մասին: Որտե՞ղ եք սովորել և ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

-Դժվար հարց էր: Դե, դպրոցում եմ սովորել, ինչպես բոլորը, բայց շատ դպրոցներ եմ փոխել: Երևի մոտ 8 դպրոց եմ փոխել 10 տարվա ընթացքում, որովհետև ինձ անընդհատ դուր էր գալիս նոր ընկերներ ձեռք բերելը, և երևի դրա հեշտագույն միջոցը մի դպրոցից մյուս դպրոց գնալն էր ու նոր ընկերներ ձեռք բերելն էր, և մյուս դասարանիս ընկերների հետ էլ էի միշտ իմ կապը պահպանում:

Հետաքրքրություններս անընդհատ փոփոխվում էին, ու մինչև հիմա այդպես է: Ժամանակ առ ժամանակ ինձ մի նոր բան էր հետաքրքրում, և ես սկսում էի դրանով զբաղվել: Հաճախել եմ «Մանանա» որոշ ժամանակ, գնացել եմ կարատեի, գնացել եմ պարի, գնացել եմ գոբելենի, գնացել եմ ուրիշ տեսակի գոբելենի, գնացել եմ խոհարարության խմբակների ու այդպես մի շարք բաների, որովհետև պարբերաբար իմ հետաքրքրությունները փոխվում էին, ու ես այդպես իմ ժամանակը տրամադրում էի դրանք ուսումնասիրելուն: Օրինակ, հիմա էլ: Հիմա նոր սկսել եմ «սքվոշ» խաղալ սովորել ու փորձում եմ պարապլանով թռչել: Չգիտեմ` ինչ կլինի վերջում, բայց փորձում եմ: 10 տարի այստեղ եմ սովորել, դպրոցից հետո գնացել եմ ուրիշ դպրոց, բայց այստեղ չէ՝ Անգլիայում: Այնտեղ 12 տարի է դպրոցը, այսինքն, ևս երկու տարի այնտեղ եմ սովորել ու արդեն դրանից հետո ընդունվել եմ այնտեղ համալսարան: Իսկ ավարտելուց հետո վերադարձել եմ  Հայաստան:

-Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեք:

-Ես սովորել եմ կառավարում այնտեղ, բայց ընդհանուր էր, ավելի շատ` բիզնես կառավարում: Այտեղ սովորել եմ, թե բիզնեսը ինչից է կազմված, ինչպես կարելի է կառավարել, ավելի շատ ինֆորմացիա եմ ստացել: Ավելի կոնկրետացված ինչ-որ մասնագիտություն չունեմ:
-Ինչո՞ւ որոշեցիք Հայաստան վերադառնալ:
-Ճիշտն ասած, 5 տարի, որ ես այտեղ էի, ամեն տարի ծրագրում էի, որ շուտ վերջանա, որպեսզի վերադառնամ: Ես հենց առաջին օրվանից շատ ուզեցել եմ վերադառնալ, այսինքն` իմ նպատակն էր` գնալ, ստանալ կրթություն և վերադառնալ: Ես երբեք ծրագիր չեմ ունեցել այնտեղ մնալու: Այսինքն, ի սկզբանե ես գնացել եմ միայն ուսում ստանալու նպատակով և վերադարձի ակնկալիքով, այդպես էլ եղավ:

-Իսկ երբ վերադարձաք, ի՞նչ աշխատանքների մեջ Ձեզ փորձեցիք:

-Երբ վերադարձա, սկզբից որոշեցի, որ մի քանի տեղ պետք է անցնեմ պրակտիկա: Մի քանի կազմակերպություններում կարճատև պրակտիկա անցա, հետո հասկացա, որ դա իմը չէ, որովհետև ես նորից արագ ձանձրանում եմ և որոշեցի, որ միգուցե պետք է ձեռնարկել ինչ-որ գործ, որով կզբաղվեմ: Եվ ավելի շատ հետաքրքրություններ կլինեն, որովհետև բազմաբնույթ կլինի այդ գործը, և ես տարբեր բաներ պիտի ուսումնասիրեմ: Եվ այդպես դրեցի իմ առաջին գործը. տարբեր տեսակի բաներ էի ներմուծում Գերմանիայից: Դա մի կազմակերպություն էր, որ արտադրում էր այդ ամբողջը` անձեռոցիկներ, մոմեր, տարբեր տեսակի մեկանգամյա օգտագործման պարագաներ, ափսեներ, բաժակներ, ու դրանք վաճառում էի արդեն մեծ սուպերմարկետների ցանցին:

-Իսկ չե՞ք ուզել աշխատել որևէ բարձր վարձատրվող կազմակերպությունում:

-Որ պատկերացնում եմ, պետք է ժամը 6-ին կամ 7-ին արթնանամ ու ամեն օր հագնեմ իմ կոստյումը, չէ: Անկեղծ, չէ: Շատ հաճախ եմ այդ հարցը ինձ տալիս, բայց ես սիրում եմ հագնել իմ բոթասները, ես սիրում եմ հագնվել հարմար ու գալ հարմար գործի: Որ պատկերացնում եմ` պետք է այդպես ստիպված ամեն օր վերնաշապիկս արդուկած հագնեմ, հավեսս փախնում է: Պատրաստ եմ ուրիշ գործ անել, շատ, միայն այդպես չհագնվեմ:

-Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել Crumbs-ը:

-Crumbs-ի գաղափարին բավականին երկար եմ եկել, որովհետև այդ ապրանքներից, որ ներմուծում էի, ինչ-որ ժամանակ հետո նորից ձանձրացա և որոշեցի, որ պետք է մի նոր բան էլ ձեռնարկել:  Ունեի բազմաթիվ մտքեր: Հիմա մեկ-մեկ, որ հետ եմ գնում,  տետրակներս նայում եմ, թե ինչ նշումներ եմ արել՝ սկսած, որ ես բժշկական լաբորատորիա էի բացում, հետո արտադրում էի կարտոֆիլի սառեցված ֆրի… Տարբեր մտքեր կային: Հետո մի անգամ այնպես եղավ, որ մենք տանը զրուցում էինք, քանի որ ես շատ սիրում եմ խոհանոցում գործ անել` դա կլինի խմորեղեն սարքել կամ ուղղակի ճաշ եփել: Այդ ժամանակ մտածեցի, որ պետք է այնպիսի մի բան անել, որ կապված է իմ հետաքրքրության հետ, որովհետև լաբորատորիայից գլուխ չէի հանում, բժշկությունից շատ հեռու եմ, չնայած որ փորձեցի բոլոր այդ բժշկական տերմինների հետ ծանոթանալ, բայց անհույս: Մեր ընտանիքում շատ են սիրում խմորեղեն: Ու մերոնք հարցրեցին, թե  ինչո՞ւ  չեմ փորձում լավ խմորեղեն արտադրել: Սկսեցի ուսումնասիրել: Ուսումնասիրեցի, ուսումնասիրեցի, հետո ասացի, թե` ի՞նչ կլիներ, եթե ես արտադրեի լավ հաց: Ու հետո ասացի, որ եթե ես ուզում եմ հաց թխել, դրա համար պետք է գնամ սովորեմ հաց թխել ու շատ հանկարծակի, հիշեցի, որ հայրս ունի զարմուհի, որը Փարիզում է ապրում: Ասացի` մի հատ գրեմ: Գրեցի, թե կարո՞ղ է իրենց մոտ կա ինչ-որ շատ լավ հացթուխարան, որ իրեն դուր է գալիս: Ու կարո՞ղ է նա իրենց դիմել, ու իրենք պատրաստակամ լինեն ինձ սովորեցնել: Անցավ մի շաբաթ, ինքը գրեց, որ այո, ինքը խոսել է, և նրանք ասել են` թող գա: Դե, ես էլ գնացի: Ու այդպես սկսվեց ամեն ինչ, որովհետև մինչև այդ ոչ մի ծրագիր լուրջ չկար: Հետո գնացի մի ամիս Փարիզում աշխատեցի այդ հացթուխարանում: Գիշերները աշխատում էի այդ հացթուխի հետ, առավոտյան շուտ գալիս էի նորից: Մեկ այլ խոհարար կար, որ սարքում էր խմորեղենը: Խմորեղենն էլ նրա հետ էի սովորում թխել: Ոտքով, ձեռքով իրար հասկանում էինք, որովհետև իրենք անգլերեն չգիտեին, ես ֆրանսերենին շատ լավ չէի տիրապետում: Մի ամիս հետո արդեն սկսեցին իրենք անգլերեն խոսել, ես էլ սկսեցի ֆրանսերեն խոսել: Հետո այնպես ստացվեց, որ էլի ընկերներ ունեինք Շվեյցարիայում, որ ասացին, թե կարո՞ղ է` ուզում եմ գնալ, տեսնել Շվեյցարիայում հացը ինչպես են պատրաստում, որովհետև այնտեղ ուղղվածությունը մի քիչ այլ է: Դե, Շվեյցարիայում շատ համեղ հացեր կան: Ասացի, որ եթե այնտեղ դեմ չեն լինի ինձ վերցնել, ես կգամ: Այնտեղ էլ դեմ չեղան մարդիկ: Ես վերցրեցի, հավաքեցի իմ իրերը և Փարիզից գնացի Լյուցերն քաղաք: Այնտեղ էլ խոսում էին գերմաներեն, ես գերմաներեն չեմ խոսում, ու չէին խոսում անգլերեն: Մի ամիս էլի ոտքով, ձեռքով իրար բացատրեցինք, իրար հասկացանք, բայց այնտեղ գիշերն էին աշխատում, այսինքն` գիշերը ժամը 3-ին սկսում էին, ու մինչև ցերեկը 12-ն էր: Ես էլ մնում էի հյուրանոցում, ու միակ տարբերակը` հասնելու գործի, դա հեծանիվն էր: Հյուրանոցի աշխատող տղան չեր հասկանում, թե ինչ է կատարվում: Իջնում էի ներքև գիշերը 3-ին: Դռնապան տղան, որ դուռը փակում էր, դե հյուրանոցում գիշերը ժամը 3-ին ոչ մեկը ներս ու դուրս չի անում, բարևում էի, ինքն էլ՝ ինձ, հարցնում էի, թե` կարո՞ղ եմ հեծանիվս վերցնել պահեստից: Առաջին օրերին տղան չէր հասկանում, թե ինչ է կատարվում, հարցնում էր, թե ո՞ւշ եմ գալու, որպեսզի դուռը փակի: Ասում էի՝ փակեք, ես առավոտյան եմ գալու: Մեկ, երկու, երեք, մի օր ասաց.
-Կներեք, էլի, մի հարց տամ: Ո՞ւր եք գնում գիշերը:
Ասացի, որ գնում եմ գործի, հաց եմ թխում:
Ու ինձ մի օր անգամ գիշերը կանգնեցրեց ոստիկանը: Մարդ չկա փողոցում, մենակ ես եմ ու ես: Գիշերվա 3-ին մարդ չկա, պարզ է: Այնտեղ փողոցներում առանձնացված մաս կա հեծանվորդների համար, այստեղ չունենք: Լուրջ դեմքով կանգնած էր ոստիկանը, ինձ էր սպասում երևի, չգիտեմ: Մենակ ես էի, էլ մարդ չկար: Ասաց, որ իմ հեծանիվը չունի հետևի լույսեր, ու եթե չեմ ուզում տուգանվել, խնդրում է, որ իջնեմ հեծանիվից և կողքով քայլելով գնամ: Տխուր դեմքով էլի հետ գնացի:

Դրանից հետո եկա Հայաստան ու սկսեցի աշխատել այս ծրագրի վրա, այսինքն` հացը դարձավ հաց և խմորեղեն, հացն ու խմորեղենը դարձավ սրճարան, ու այդպես ամբողջական դարձավ Crumbs-ի ստեղծման միտքը:

-Դժվար չէ՞ր հարմարվել այդ պայմաններին, չէ՞ որ մենակ էիք ու տեղափոխվում էիք մի վայրից մյուսը:

-Չէ՝ հաշվի առնելով իմ հինգ տարվա փորձը, որ ես ապրել եմ Անգլիայում և եղել եմ մենակ: Ես շատ հանգիստ ճանապարհորդում եմ մենակ, և ինձ դա շատ դուր է գալիս: Ես չեմ ձանձրանում: Հետո ես ձեզ ասեմ՝ այնքան շատ էր գործն ու ծանրաբեռնվածությունը, և ինձ համար անսովոր էր: Ես վերադառնում էի լուսադեմին հյուրանոց, ինձ ստիպում էի  չքնել: Նորից դուրս էի գալիս, մի քիչ պտտվում էի, որովհետև պետք է այնպես անեի, որ ինչ որ ժամի քնեի, որպեսզի ժամը 3-ին վեր կենայի: Այդպես ամեն օր չէի կարողանում իմ շորերը տանել լվացքատուն, ստիպված ամեն օր լվացք էի անում հյուրանոցի սենյակում, և հյուրանոցի սպասուհին չէր հասկանում, թե ինչ է կատարվում, որովհետև ամեն օր հագուստներ էին կախած չորանալու: Միշտ ցերեկը գալիս էր, ես ասում էի` քնած եմ, եթե հնարավոր է, թող ավելի ուշ գա: Ու այդպես մի ամիս: Չէ, դժվար էր, իհարկե, բայց հավես էր: Լիքը նոր բան եմ սովորել, ընկերներ եմ ձեռք բերել այնտեղ, որ մինչև հիմա մեկ-մեկ գալիս են Հայաստան տարբեր գործերով ու միշտ գալիս են ինձ հյուր: Հաճելի է:

-Իսկ ինչու՞ անվանեցիք Crumbs:

-Մի ցուցակ անուններ էի գրել, մտածում էի, թե որ մեկն է ինձ դուր գալիս: Հետո որոշեցի crumbs, այսինքն` փշրանքներ, այսինքն` մենք այնքան համով պիտի թխենք, որ անգամ փշրանքները վերջում ուզենան ուտել:

-Աշխատանքի ընթացքում ի՞նչ դժվարություններ առաջացան

-Բազմաթիվ: Եվ այդ դժվարությունները միշտ կան: Սկզբնական շրջանում ամենադժվարը գտնել մեզ համար հացթուխ, որովհետև խմորեղենը շատ ավելի հեշտ է սարքել, այն պատճառով, որ խմորեղենի դեպքում, ենթադրենք, գրված է` օգտագործել այսքան կարագ, այսքան շաքարավազ, հարել այս հերթականությամբ, և եթե ճիշտ ես անում քայլերը, վերջում ստանում ես ճիշտ արդյունք: Հացը շատ ավելի բարդ է: Երբ աշխատում ես թթխմորի հետ, ցանկացած բան ազդում է նրա վրա: Եթե մի քիչ այսօր ջերմաստիճանը ավելի բարձր է, խմորը իրեն մեկ այլ ձև է պահում, մի քիչ ավելի ցածր է՝ մեկ այլ ձև, ջրի ջերմաստիճանը ուրիշ է, լրիվ այլ ձև: Այսինքն՝ անընդհատ տատանվում է, և դու պետք է լուրջ հմտություն ունենաս, որ կարողանաս աշխատել: Եվ ես չէի կարողանում գտնել համապատասխան մասնագետներ: Ստիպված գիշերները հիմնականում ես էի աշխատում, մեկ այլ աղջկա՝ Ռոզայի հետ, մինչև կամաց-կամաց մենք գտանք և հավաքեցինք մեր աշխատակիցների թիմը: Իսկ դժվարություններ անընդհատ լինում են, տարբեր բաների հետ կապված: Ուղղակի արդեն սովորել ենք: Դրանք արագ հաղթահարում ենք և անցնում առաջ:

-Իսկ բաղադրատոմսերը միայն այնտեղից բերվածնե՞րն են, թե՞ ուրիշ տեղերից էլ էիք օգտվում:

-Չէ, ընդհանրապես: Իրականում այնտեղի իմ գիտելիքները ավելի շատ տեխնիկական մասն էին ապահովում, այսինքն, որպեսզի ես պատկերացնեի պրոցեսը, իսկ բաղադրատոմսերը, քանի որ, ինչպես ասացի, մեր ֆրանսերենի, անգլերենի և գերմաներենի իմացությունները չէին համընկնում, շատ դժվար էր ինչ որ բաղադրատոմս կամ բան իրենցից վերցնել: Ես շատ մեծ գրադարան ունեմ և ամեն ամիս ինձ նվեր եմ առնում խոհարարական նոր գիրք:

-Այսինքն, գրքերի՞ց եք վերցնում բաղադրատոմսերը:

-Շատ օգտվում եմ գրքերից, շատ օգտվում եմ բլոգներից, օնլայն տարբեր տեսակի բլոգներից, բայց միշտ աշխատում եմ այդ բաղադրատոմսերի վրա: Այսինքն, իրենք վերջնական մշակում են անցնում: Շատ բաներ եմ փոփոխում մեջը: Թե հարմարեցնում եմ մեր ունեցածի հետ, այսինքն՝ բաղադրիչներ կան, որ այստեղ դժվար է գտնել: Դա ես հարմարեցնում եմ Հայաստանում մեր ունեցածին:  Կամ մի բան փոխում եմ: Ենթադրենք`  շաքարավազի քանակը դուր չի գալիս, որովհետև կարող է շատ է: Ես չեմ սիրում, երբ շատ քաղցր է լինում,այդ եմ փոփոխում: Կարող է երկու տարբեր տորթերի միջուկ վերցնենք, միացնենք,  ուրիշ բան ստանանք:  Այսինքն՝ այսպես անընդհատ տարբեր բաներ փորձելով ենք անում:

-Որպես այս բնագավառում արդեն փորձառու մարդ, ի՞նչ դժվարություններ կարող են առաջանալ Հայաստանում առհասարակ բիզնես ստեղծելիս:

-Ինձ համար ամենադժվարը եղել է ճիշտ թիմ հավաքելը, դժվարությունները հաղթահարելով ես հիմա ունեմ շատ լավ թիմ: Մենք մոտավորապես քառասուն աշխատող ունենք Crumbs-ում: Ես շատ սիրում եմ մեր թիմը, բայց դա երկար և դժվար աշխատանքի արդյունք է:  Բացի այդ, սննդի բնագավառի համար, դժվարություն է` գտնել այստեղ տարբեր բաղադրիչներ:  Սակայն ասացի,էլի կարելի է ինչ որ մեկ այլ բանով փոխարինել: Ամեն բնագավառի համար դժվարությունը սպեցիֆիկ է լինում: Ես ամենաշատը կարևորում եմ թիմը, և դա ամենադժվարն է: Բայց հենց հաջողում ես, արդեն շատ հեշտանում է գործդ:

-Իսկ Դուք պատրա՞ստ էիք այդ դժվարություններին, թե եթե իմանայիք, կսկսեի՞ք:

-Միանշանակ կսկսեի: Ես միշտ, երբ դժվար պահ է լինում,  մտածում եմ այսպես. «Ուրեմն տարբերակ չկա, Անի, դու պետք է սա լուծես: Հիմա կա տարբերակ 1` տզզալ և ասել, որ սա չի լուծվում, կամ տարբերակ 2` ուղղակի լուծել և առաջ անցնել»: Առաջին տարբերակը` տզզալը, շատ չի օգնում, որովհետև մեկ է, այդ խնդիրը չի անհետանում: Դրա համար ես միշտ ընտրում եմ 2-րդ տարբերակը: Պետք է խնդրին լուծում տալ և անցնել առաջ: Կապ չունի, ինքը ինչպիսին է, որովհետև, եթե խնդիր կա, ուրեմն լուծում էլ կա: Պետք է լուծումը գտնել: Իսկ երբ առհասարակ  դժվարություն չի լինում, շատ անհետաքրքիր է դառնում:

-Կարո՞ղ է մի օր էլ ձանձրանաք Crumbs-ից:

-Ոչ թե Crumbs-ից կձանձրանամ, այլ կձանձրանամ, եթե նոր նախագծեր չունենամ: Այսինքն, եթե չունենա մեծանալու , ավելի լավանալու , նոր բան ավելացնելու հնարավորություն: Ես ձանձրանում եմ նրանից, որ հետաքրքիր նորություն չկա ինձ համար: Ենթադրենք, նախորդ իմ գործից ես ձանձրացա, որովհետև ես հասկացա, որ շուկան շատ փոքր է, և ես նոր գործընկերներ շատ չէի կարողանում ձեռք բերել: Այն գործընկերները, որ արդեն ունեի, իրենք են և վերջ: Ու ոնց որ մենք մնացել էինք մի տեղում: Մեծանալու շատ հնարավորություններ չկար Հայաստանում, դրա համար էր նաև, որ ես դրանից ձանձրացա: Իսկ օրինակ Crumbs-ում միշտ մի նոր բան կարելի է մոգոնել: Կարելի է մենյուն փոխել, այդ նշանակում է մեծ աշխատանք նորից` գտնել բաղադրատոմսեր, մշակել բաղադրատոմսերը, փորձարկել, արդեն մի 2-3 ամիս կարող է տևել: Կամ ամեն տարի մենք մի նոր սրճարան ենք բացել: Միայն այս տարի չենք բացել, դրա համար հիմա պետք է տեղը լրացնել  նոր նախագծով: Ուզում եմ ասել, դեռ այնպես չի եղել, որ ձանձրանամ, որովհետև միշտ մի բան կա անելու: Վերջացրեցինք այս մեկը, կարգավորեցինք, որոշեցինք, որ բացում ենք 2-րդ սրճարանը, մի տարի գնաց դրան: Մինչև կազմակերպում ես, մինչև դիզայնը անում ես, մինչև գտնում ես ամեն մի մանրուք, մինչև վերանորոգում ես, մինչև գնում-գալիս ես, մի տարի անցնում է: Մի տարի անցավ, մի քանի ամիս էլ աշխատում ես, որ այդ մի սրճարանը մտնի հունի մեջ: Մեկ էլ մի քիչ անցնում է, ասում ես, որ կարելի է երրորդն էլ բացել, որովհետև երրորդի կարիքը կա, ու էլի նույն այդ պրոցեսը: Այսինքն, այդ ընթացքում ամեն մի սրճարան իր հետ բերել է իր դժվարությունները: Սկսած նրանից, որ այս մասում ջուր չունենք, բայց պետք է ջուր քաշենք, որովհետև այդտեղ մեզ պետք է լվացարան, ու այսպիսի լիքը-լիքը տարբեր հարցեր կան, որ հենց այդ լուծելն էլ հետաքրքրություն է մտցնում:

-Իսկ Ձեր տարիքը Ձեզ թո՞ւյլ էր տալիս զարգացնել Crumbs-ը:

-Եթե ես այդպես կենտրոնանայի իմ տարիքի վրա ու լսեի աջ ու ձախ, ապա ոչ մի բան չէր ստացվի: Ինձ բոլորը ասում էին, թե ես շատ երիտասարդ եմ, արդյոք, գիտե՞մ` ինչ է նշանակում հացթուխարան դնելը. դա գիշերները չքնելն է, ընդմիշտ չքնելը: Ես այդպես չեմ կարծում: Եվ չեմ կարծել: Ես մտածել եմ, որ ոչ, այդպես կլինի սկզբում, իսկ որոշ ժամանակ հետո գիշերը հանգիստ կքնեմ և կկարողանամ այնպես անել, որ մեր հացթուխները առանց իմ ներկայության հացը թխեն: Եվ այդպես էլ եղավ: Ու ինձ թվում է, որ իմ տարիքը երբեք ինձ չի խանգարել, ընդհակառակը` ինչ-որ տեղ առավելություն է:

-Իսկ մարդ ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա, որ սկսի իր սեփական գործը:

-Ամենակարևոր հատկանիշը, ես կարծում եմ, իր ուժերին հավատալն է, և սիրով սկսել այն գործը, ինչը ուզում է անել: Մնացածը հաղթահարելի է միանշանակ: Եթե դու հավատաս քո գործին և քո ուժերին, ապա գործը կարող ես սկսել և հաջողել: Ու նաև ինձ համար, օրինակ, շատ կարևոր է, երբ ինչ անում ես, անես որակյալ: Օրինակ՝ մենք անում ենք մեր ուտելիքի լուսանկարները: Ես շատ պահանջկոտ եմ այդ հարցում, ինձ համար շատ կարևոր է, որ մենք ունենանք լավ, սիրուն լուսանկար: Ես ուզում եմ նայել այդ լուսանկարին ու իմ ախորժակը բացվի: Եթե պիտի վատը լինի, ես ավելի լավ է` չդնեմ: Մենք նկարել ենք վերջերս փոքրիկ, 30 վայրկյանանոց վիդեո: Մենք չենք նկարել, մենք այլ կազմակերպության հետ ենք աշխատում, բայց նորից իմ պահանջները եղել են շատ բարձր, այդ վիդեոն պետք է լինի լավագույններից: Ամեն տեղ չի դա այդպես: Գործի մեջ տեղեր կան, որ մենք միանշանակ թերանում ենք և անընդհատ փորձում ենք շտկել: Բայց երբ ձգտում ես ամենալավը անել, գոնե ինչ որ չափով  հասնում ես  նպատակիդ: Ինչքան ավելի շատ ես ձգտում, այնքան ավելի մոտ ես լինում ամենալավը անելուն:

-Ձեր տեսականուց ամենաշատը ի՞նչն եք սիրում:

-Այս վերջին շրջանի ամենասիրածս բանը դա կարկանդակն է, անկեղծ կասեմ: Վերջերս ամեն օր կարկանդակ եմ ուտում: Բայց հետո կարող է ինչ որ ժամանակ անցնի, ուրիշ բանի անցնեմ: Հացերից մի երկու հաց կա, որ շատ-շատ եմ սիրում:  Գերմանական հաց ունենք ծլեցրած սերմերով, շատ-շատ եմ սիրում:  Տորթերից` «Կանաչ մատչա» թեյով խմորեղեն ունենք, որ շատ սիրում եմ: Սիրում եմ չիզքեյք: Իրականում ամեն ինչն էլ համարյա սիրում եմ, որովհետև, եթե մի բան չեմ սիրում, չեմ հանում վաճառքի: Մի սենդվիչ ունենք, որ մարդիկ սիրում են, ես չեմ սիրում, բայց հիմնականում ամեն ինչ ես սիրելով եմ մտցնում մենյուի մեջ: Մի սենդվիչ ունեինք, հանեցինք ճաշացանկից, որովհետև այդպես շատ չսիրեցին մարդիկ, թեև ես շատ եմ սիրում:  Ինձ թվում է մի օր ես հետ կբերեմ, ու մարդիկ կսիրեն:

-Երբ թխվածքները թխում եք, ու չի վաճառվում, ի՞նչ եք անում:

-Հիմնականում հաշվարկն այնպես է արվում, որ այդպիսի դեպքեր չլինեն, բայց դե իհարկե, լինում են: Բայց այնքան քիչ է մնում, օրինակ՝ կարող է մի կտոր մնալ կամ երկու կտոր, ուտում ենք մեր սուրճի հետ: Ենթադրենք՝ մենք ունենում ենք ձվի սպիտակուց, որ շատ է մնում մեզ մոտ: Դրանից մենք սարքում ենք տարբեր գունավոր, սիրուն բեզեներ և ամեն շաբաթ ուղարկում ենք երեխաների համար հատուկ դպրոց: Նույնը անում ենք հացերի հետ: Եթե հացերը մնում են, մի մասը ուղարկում ենք այդ դպրոց, մի մասը սարքում ենք պաքսիմատ, մի մասը, եթե այսօր մնաց, հաջորդ օրը կարող է լանչին հյուրասիրություն լինի մեր հաճախորդներին: Ասեմ որ մեր հացերի պահպան ժամկետը շատ երկար է: Ես փորձել եմ հաշվարկը այնպես անել, որ ավելի լավ է ասենք, իրենց ուզածը վերջացել է, քան ավելորդ արտադրենք: Ես շատ դեմ եմ, երբ լինում է ուտելիքի կորուստ:

-Իսկ եղե՞լ է, որ Դուք խոհարարների հետ թխեք:

-Իհարկե: Ամենասկզբից միայն այդպես է եղել: Սկզբից ոչ մեկը չի եկել, ես եմ փորձարկել, հետո եկել են մարդիկ: Ես հիմնականում միշտ առաջին անգամ ինքնուրույն եմ փորձարկում, հետո եթե հաջողվում է, արդեն մյուսների հետ եմ անում, միասին ենք անում կամ ես իրենց ցույց եմ տալիս:

-Մենյու կազմելիս ի՞նչն եք հաշվի առնում: Օրինակ` պիցայի խմորը իրականում շատ բարակ է, բայց Հայաստանում շատ տեղեր պիցան շատ հաստ են անում, որովհետև հայերը հաց շատ են ուտում:

-Ճիշտ է: Ինձ համար շատ կարևոր է, որ ճաշակը մեզ մոտ ավելի զարգանա: Այնպիսի բաներ կան, որոնց մենք ծանոթ չենք: Եթե ես նման մի բան մտցնում եմ մենյուի մեջ, ապա ես փորձում եմ միշտ թողնել իրեն իր օրիգինալ ձևով: Ենթադրենք, մենք թխում ենք բագետ: Հաճախ բողոքում են, ասում են, թե ինչու է բագետը չոր, ինչի՞ է բագետի վրայի մակերեսը խրթխրթան, բայց բագետը այդպիսին պիտի լինի: Ասում են, որ ուրիշ խանութում փափուկ է: Բայց բագետը չի կարող երբեք փափուկ լինել, այն կարող է ունենալ փափուկ միջուկ, բայց ինքը վրայից պիտի լինի խրթխրթան: Պիտի այսպես բռնես ու կոտրես, ու այդ խրթոցը լսես: Ինձ համար դա շատ կարևոր է, ես չեմ պատրաստվում փոխել: Իմ բագետը փափուկ չեմ պատրաստվում սարքել, պետք  է լինի խրթխրթան, մեջը` փափուկ:  Քանի որ մենք սովոր չենք, սկզբի շրջանում, երբ ուտում ես սենդվիչ, մի քիչ բարդ է, բայց մի երկու անգամ ուտում ես, արդեն սովորում ես: Բայց մի շարք բաներ հաշվի եմ առնում: Հաշվի եմ առնում, որ վերջերս մեր քաղաքում շատերը սկսել են դառնալ բուսակեր, և հիմա մեր մենյուի մեջ կան մի քանի սենդվիչներ բուսակերների համար նախատեսված: Մսակերներն էլ են ուտում, որովհետև շատ համով են այդ սենդվիչները: Ես, օրինակ՝ շատ փորձում եմ կրճատել կոլայի, ֆանտայի և մնացած նմանատիպ խմիչքների օգտագործումը, դրա համար ալտերնատիվ լուծումներ եմ փնտրել: Ենթադրենք՝ մենք տալիս ենք կոմպոտ, տալիս ենք տնական լիմոնադներ, կոլա էլ ենք տալիս ստիպված, որովհետև շատ են պահանջում մեր հաճախորդները, բայց փորձում ենք նաև մի քիչ նոր բաներ էլ մտցնել և առաջարկել:

-Ովքե՞ր են Ձեր հիմնական հաճախորդները:

-Տարբեր մարդիկ են: Շատ: Ունենք շատ փոքր, այսինքն, մի տարեկան հաճախորդներ, որոնք շատ սիրում են Crumbs-ը: Ունենք երիտասարդներ, ունենք ձեր տարիքի երիտասարդներ, հաճախորդներ: Ունենք արտասահմանից շատ հաճախորդներ, որ Հայաստանում ապրում են, աշխատում են կամ սիրել են Հայաստանը տեղափոխվել են: Դժվարանում եմ ասել, շատ տարբեր են մեր հաճախորդները: Շատ նվիրված են Crumbs-ին, որը շատ ուրախացնում է ու հաճելի է:

-Իսկ երբ Ձեր ընկերներն են գալիս, Դուք հյուրասիրո՞ւմ եք, թե գալիս են որպես հաճախորդ:

-Հիմնականում հյուրասիրում եմ այն ժամանակ, երբ ես այդ ցանկությունը ունենում եմ, այսինքն, միշտ չեմ հյուրասիրում, որովհետև դա ճիշտ բիզնես-մոդել չէ: Ես հյուրասիրում եմ, իհարկե, երբ ես եմ իրենց հրավիրում, երբ այդպիսի տրամադրություն եմ ունենում, բայց  պարտադրված ինձ չեմ զգում: Իրենք էլ հաճախ, որ հյուրասիրում եմ, կատակով ասում են, թե այսպես որ գնա, իմ բիզնեսը երբեք բիզնես չի դառնա:  Մենք շատ հաճախ լինում է, որ ուղղակի մեր հաճախորդներին ենք հյուրասիրում որևիցե մի բան:

-Իսկ որո՞նք են Ձեր հետագա պլանները: 

-Այս պահի դրությամբ մենք ունենք մի փոքրիկ մեքենայի կցորդ, որը ժամանակին ծառայել է որպես լաբորատորիա, Սովետի ժամանակ: Հիմա ես վերանորոգել եմ այդ փոքր կցորդը, մաքրել ենք, փոքր խոհանոց ենք սարքել և ծրագրում ենք, մոտ ժամանակներս մի տեղ մեր քաղաքում կանգնեցնել, և կլինի մի հատ էլ փոքրիկ Crumbs-ի կետ: Այս պահի դրությամբ դրա վրա ենք աշխատում:

 -Շարժակա՞ն կցորդ:

-Այո, շարժական կցորդներից, բայց չի շարժվելու, մի տեղ կանգնած կլինի, բայց նախատեսված էր շարժական լինելու համար: Տեսնենք, եթե այդ նախագիծը հետաքրքիր լինի, հետագայում կզարգացնենք, նոր կետեր կավելացնենք:

-Իսկ Crumbs-ի դիզայնը, էլի՞ Ձերն է:

-Ամենասկզբում ընկերուհիս շատ է ինձ օգնել: Փայտի գույնը միասին ենք երկար որոշել, լամպերի պահը միասին ենք էլի որոշել, իր օգնությունը շատ է եղել, բայց այո, ոչ մի առանձնահատուկ այդպիսի այլ կազմակերպություն չի աշխատել դիզայնի վրա: Իմաստը եղել է, որ լինի շատ պարզ, լուսավոր, մաքուր, ոչ մի ավելորդ բան չլինի, բայց նաև, փոքր աքսեսուարներ կան, որ լրացնում են: Ենթադրենք, վարագույրների վրայի ասեղնագործությունը, որ մենք հատուկ խնդրել ենք, որ անեն: Կամ մի երկու հատ կախիչ: Օրինակ՝ կոմոդը իմ պապիկի մայրիկինն է եղել: Շատ երկար ժամանակ մեր ամառանոցի տանն էր, ձմռանը խոնավությունից փչանում էր:  Ես ասում էի, որ մի օր կբերեմ Երևան, ու կոմոդը կդնեմ ամենասիրուն տեղում, ու այդպես էլ եղավ:

-Ձեր մասնագիտությունը Ձեզ ինչքանո՞վ օգնեց:

-Իմ մասնագիտությունը ինձ ընդհանուր գաղափար, բնականաբար, տվել էր բիզնեսի կառավարման մասին, բայց իրականում պրակտիկայում ամեն ինչ շատ տարբերվում է, նամանավանդ, ես իմ կրթությունը ստացել եմ Անգլիայում, և այնտեղ մի քիչ տարբերվում է այստեղից: Օգնել է իհարկե, բայց երբ արդեն սկսում ես աշխատել, տեսնում ես, որ ամեն ինչ չէ, որ այնպես է լինում, ինչպես դասագրքերում էր: Իդեալական պայմաններ և իդեալական խնդիրներ չեն լինում: Բայց, իհարկե, օգնել է: Կրթությունը նաև ինձ օգնել է կարողանալ մարդկանց հետ կապեր ստեղծել, շփում ստեղծել: Ես կարող եմ ասել, որ ինձ ամենաշատը օգնել է իմ կրթությունը այլ հարցերում: Մենք շատ հաճախ դպրոցում տարբեր նախագծերի վրա էինք աշխատում, անում էինք թիմային աշխատանք, այսինքն, մենք միասին պիտի աշխատեինք որևիցե մի նախագծի վրա, և այդ աշխատանքի բաժանումը, թե ով է հետևելու, որպեսզի ժամանակին հանձնենք, ճիշտ հանձնենք, ով որ մասը պիտի իր վրա վերցնի, դա երևի ամենաշատն է ինձ օգնել, որպեսզի հետագայում կարողանամ ստեղծել իմ գործը:

-Աշխատանքի ընթացքում կատարված ի՞նչ զվարճալի դեպք կպատմեք:

-Կրտսեր եղբորս`Արամին, տարել էի Բայրոնի մասնաճյուղ, որտեղ խոհանոցը շատ փոքր է, ու այդ փոքր խոհանոցում լույսերն անջատվել էին, բայց պետք է արտադրենք: Մի փոքր վառարան կա, փոքր-փոքր, բայց պիտի անենք այդ հացերը, ճար չկա, մարդիկ առավոտյան սպասում են: Հիմա այդ փոքր վառարանի մեջ տանջվելով, չգիտեմ ինչ ֆոկուս-մոկուսներ անելով թխում ենք այդ հացերը: Արդեն առավոտվա ժամը 8-ն է, նոր վերջացրել ենք: Արամը քնել էր վառարանի մոտ, ես հոգնած եկա սրճարանում ասացի, թե 5 րոպե քնեմ: Պառկեցի ու քնել եմ, արդեն եկել են մատուցողները, արդեն բացել են սրճարանը, ու ես քնած եմ, չեն արթնացնում: Մեկ էլ արթնացա նրանից, որ հաճախորդներս մտան, բարևեցին, տեսան, որ ես քնած եմ, մեկ էլ մատուցողներից մեկը ասաց.
-Խնդրում եմ, էլի, կամաց, մեր տնօրենն է, քնած է:
Այդ մարդն էլ լուրջ պատասխանեց, որ  ոչինչ, լուրջ-լուրջ նստեց իր սուրճը խմելու, մեկ էլ ես  քնաթաթախ՝ մի աչքս մի տեղ, մի աչքս մյուս, վեր կացա, նստեցի, բարևեցի, ասաց, որ  քնեմ, հանգիստ քնեմ: Այնքան էինք ծիծաղել…

-Հիմա քանի՞ մասնաճյուղ ունեք:

-Երեք. Գլենդել Հիլզ թաղամասում՝ Արգիշտի փողոցի վրա, Մաշտոցի պողոտայի վրա ու Բայրոնի:

Զրույցը վարեցին` Լիլիթ Վարդանյանը, Արթուր Համբարձումյանը, Արամ Հարությունյանը, Մարիամ Նալբանդյանը

Հարցազրույցը գրի առավ Անի Ջիլավյանը, 17 տարեկան

lilit vardanyan

Անկեղծ զրույց Արթուրի հետ

-Արթուր, դպրոցում ընկերներ ունե՞ս:

-Այո, բայց քիչ են:

-Նրանք ավելի շատ մտերի՞մ են քեզ, թե՞ ուղղակի իրենց հետ շփվում ես:

-Կան ոմանք ինձ համարում են իրենց ընկերը, կան ոմանք էլ չեն համարում:

-Ինչպե՞ս ես շփվում քո ընկերների հետ:

-Միայն դպրոցում, ուղղակի զրուցում ենք:

-Իսկ ի՞նչն է քեզ խանգարում, որ դու մտերիմ ընկեր ունենաս:

-Հենց դասարանցիներս, նրանց բնավորությունն ու նրանց անհավատարմությունը:

-Քո մեջ ինչ-որ բան չի՞ խանգարում, որ շփվես նրանց հետ:

-Իմ մե՞ջ… Ես ինքս էլ չգիտեմ:

-Փորձե՞լ ես որևէ մեկի հետ մտերմանալ:

-Այո, շատ եմ փորձել, բայց չի ստացվել:

-Եղե՞լ է որևէ դեպք, որ ինչ-որ մեկին քո մտերիմ ընկերն ես համարել, բայց հետո սխալվել ես:

-Այո, այդպիսի դեպք եղել է մի անգամ: Մեր դասարանից մի տղայի հետ մենք լավ ընկերություն էինք անում, միասին գնում էինք տուն, միասին գնում էինք դպրոց, բայց մի օր նա որոշեց, որ ինձ հետ չպետք է ընկերություն անի, այլ ուրիշների: Այդ օրը մենք վիճեցինք: Նա ինձ հետ չէր խաղում, չէր խոսում, ինձ արհամարհում էր: Ես ասացի, թե` ինչո՞ւ ես ինձ արհամարհում, իսկ նա պատասխանեց, որ ինքն էլ իմ ընկերը չի և ուրիշների հետ է ընկերություն անելու:

-Չե՞ս հիասթափվում, որ քեզ հետ ոչ ոք չի շփվում:

-Հիասթափվում եմ: Չգիտեմ ինչու` չեն ուզում: Մեկ-մեկ թվում է, թե իրենք են մեղավոր, մեկ-մեկ` ես:

-Եղե՞լ են դեպքեր, որ իրար չեք հասկացել:

-Եղել է, որ ինձ ստիպել են անել ինչ-որ բաներ, որոնք ինձ դուր չեն գալիս՝ աղջիկներին նեղացնել: Բայց ես չեմ արել, իրենք ինձնից նեղացել են:

-Հիմա է՞լ ես ուզում որևէ մեկի հետ շփվել:

-Հիմա, այո, կան մի երկու հոգի, ում հետ կուզենայի ընկերություն անել: Ավելի լավ է` երկար փնտրեմ, բայց գտնեմ իսկական ընկեր: Երևի մի օր կգտնեմ:

Աշխարհում իմ ամենասիրած անկյունը

-Լիլի՛թ, աթոռդ մի կողմ քաշի՛,- ասաց պապիկը:

Ես աթոռս կողք քաշեցի, իսկ պապիկը բացեց պահարանը և գրիչ վերցրեց:

-Մի քիչ կողք նստի՛, էլի, ամեն անգամ պետք ա աթոռդ քաշես, որ ինչ-որ բան վերցնենք դարակից:

Ես աթոռս նորից կողք տարա, և ինչպես միշտ, նստեցի պահարանից 10 սմ հեռավորության վրա:

Ես երկու փայտե աթոռ ունեմ՝ մեկը թիկնակ ունի, մյուսը՝ ոչ, երկուսն էլ ցածր աթոռներ են: Այդ աթոռների վրա ես նստում եմ մանկուց: Մոտ տասնչորս տարվա աթոռներ են: Իհարկե, այդ աթոռների վրա միայն ես չեմ նստում: Իսկ այդ պահարանի կողքին միայն ես եմ նստում:

Այն ժամանակ ես նստում էի փոքր ինչ կողք: Իսկ հիմա հենց այնտեղ եմ նստում և հեռուստացույց դիտում: Մեր տունը վերանորոգելուց հետո հյուրասենյակի պահարանները փոխեցինք և ավելի մեծ պահարաններ գնեցինք: Մի անգամ, չեմ էլ հիշում երբ, ես նստեցի պահարանի ուղիղ դիմացը և զգացի, որ այնտեղից հեռուստացույցը ավելի լավ է երևում: Այդ օրվանից ես մեխանիկորեն նստում էի այդտեղ և մինչև հիմա էլ ես նստում եմ այնտեղ և մինչև հիմա էլ բոլորը խնդրում են ինձ տեղս փոխել, բայց արդեն գիտեն, որ այդտեղ նստելը երկար է տևելու:

Լիլիթ Վարդանյան
13 տարեկան

Ի՞նչ կլինի նրա հետ

Հինգշաբթի օրը չինարենի խմբակից դուրս էի գալիս, տեսա Ալբերտին և ասացի.

-7-երը` երեք անց կես, գնա:

Նա, ինչպես միշտ, որոշեց լինել մյուսների նման և ինչ-որ բան ասել, բայց շտապում էր: Ես էլ այդ արտահայտությունը հենց այդ օրն էի սովորել: Ամեն անգամ, երբ 7-րդ դասարանի աշակերտ էր մտնում դասարան, ասում էինք՝ «7-երը երեք անց կես», չինարենի պարապմունքի առաջին օրն էր: Մի անգամ էլ մի ուսուցչուհի մտավ, և մենք մեխանիկորեն կրկնեցինք` «7-երը երեք անց կես»:

Հաջորդ օրը ուրախ տրամադրությամբ եկա դպրոց: Առավոտից ինչ-որ բան էի լսում, որն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում ու չէի ուզում լսել դրա շարունակությունը, «Գիտես չէ՞, 7բ-ի…»:

Կենսաբանության դաս էր, և ընկեր Հովսեփյանը շատ անտրամադիր էր: Նա ասաց, որ այդ տղան շատ լավ էր սովորում: Տղաներն էլ ասացին, թե 7բ-ի Ալբերտի մասի՞ն է խոսքը, իսկ ընկեր Հովսեփյանը ասաց՝ այո: Այդ պահին ես այդ անվան վրա ուշադրություն չդարձրի:

-7բ-ի Ալբերտի պապան ա զոհվել,- ասաց Վազգենը:

Մի պահ ժամանակով հետ գնացի և հասկացա, թե ում մասին էր խոսքը:

Ալբերտը մեր պարսկերենի խմբակից է: Նա սովորում է 7-րդ դասարանում: Շատ լավ տղա է: Լավ է սովորում, բարի է, մի փոքր էլ միամիտ: Երբեմն ինքն իրեն խոսում է, ուզում է լինել ինչպես բոլորը, բայց չի ստացվում, երբեմն ուզում է զայրացնել, բայց այնքան թեթև է դա անում, որ ոչ ոք նրանից չի նեղանում:

Ընկեր Հովսեփյանը ասաց, որ նրա հայրը երեք օր առաջ էր զոհվել Ղարաբաղում:

Տղաները սկսեցին պատմել, թե նա ինչպես է զոհվել, իսկ ես այդ ժամանակ շվարած  էի:

-Շատ ափսոս,- ասաց ընկեր Հովսեփյանը,- շատ լավ տղա էր:

-Ասում են` լացում ա,- ասաց Վազգենը, որից հետո բոլորը ասացին, որ նա հաստատ դասի չէր գա իր հոր զոհվելու հաջորդ օրը, իսկ Վազգենը ասաց, որ նա չի եկել դասի, դպրոցի վերևի դաշտում է լաց լինում:

Ինչո՞ւ հենց նա, ինչո՞ւ ոչ մեկ ուրիշը, կամ ընդհանրապես` ինչո՞ւ:

Դասամիջոցին գնացի ընկերուհուս մոտ:

-Գիտե՞ս` ում պապան ա զոհվել,- ասացի ես:

-Չէ:

-Պարսկերենի Ալբերտին հիշու՞մ ես:

Ես սկսեցի նրան հիշեցնել այն դեպքերը, որ պատահել էին իմ Ալբերտի ու ընկերուհուս հետ պարսկերենի պարապմունքներից առաջ, որ նա հիշի:

-Հաաա~, ցավում եմ:

-Դու իրան երբեք չես հասկանա, մենակ ցավալով չի:

-Ճիշտ ես ասում:

-Պատկերացրու ինչ-որ մեկը 12 տարի քո կողքին լինի ու հանկարծ անհետանա: Ինքը իրա պապայի հետ մի ամբողջ 12 տարի ա անցկացրել: Պատկերացնու՞մ ես, այսինքն, ի՞նչ եմ ասում, ախր, ես էլ չեմ հասկանում:

Զանգը հնչեց: Նոր դարերի պատմության ուսուցչուհին նույնպես անտրամադիր էր:

-Ես երբ ինչ-որ տխուր բան եմ լսում, ամբողջ օրը մտածում եմ դրա մասին: Հիմա ամեն օր վատ բան ա պատահում, ու ես տրամադրություն չեմ ունենում: Բայց երբ ինչ-որ մեկը հաջողություն ա ունենում, ես էլ եմ իրա համար ուրախ լինում:

-7-ի բ-ի Ալբերտի մասի՞ն եք ասում:

-Հենց նրա մասին էր խոսքը: Ասում են, որ ցածր դասարանցիներից մեկի հայրն էլ է զոհվել… Չգիտեմ, ճի՞շտ է, թե չէ:

Երեխաները նորից սկսեցին պատմել նրա հոր զոհվելու պատճառը, ու կրկին չլսեցի և մինչև հիմա էլ չգիտեմ:

Ի՞նչ կլինի Ալբերտի հետ: Կկարողանա՞ վիշտը հաղթահարել, կմնա՞ նույն լավ սովորող, բարի, միամիտ, տարօրինակություններով լի Ալբերտը:

Այդ օրը մի բան փոխվեց իմ մեջ:

Առանց աշխատանքի չեմ պատկերացնում իմ կյանքը

Հարցազրույց տատիկիս` Գայանե Ղուկասյանի հետ

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

 

-Տատ, երբ փոքր էիր, ի՞նչ էիր ուզում դառնալ:

-Երբ փոքր էի, ուզում էի դառնալ բժիշկ, ուզում էի դառնալ ուսուցչուհի: Քո տարիքում արդեն ուզում էի դառնալ բուժքույր:

-Իսկ ինչո՞ւ որոշեցիր բուժքույր դառնալ:

- Սիրում էի մարդկանց օգնել:

-Փոքր ժամանակ ինչպե՞ս և որտե՞ղ էիր սովորում:

-Սովորում էի Դանիել Վարուժանի անվան համար 89 դպրոցում: Լավ էի սովորում:

-Ո՞ ր առարկաներն էիր սիրում:

-Պատմություն, աշխարհագրություն, հայոց լեզու:

-Որտե՞ղ շարունակեցիր քո կրթությունը:

-Շարունակեցի Բժշկական ուսումնարանում, բուժքույրական բաժնում:

-Ես գիտեմ, որ քո երկու քույրերն էլ են բուժքույր, իսկ դու ինչո՞ւ որոշեցիր բուժքույր դառնալ:

-Սիրում էի այդ մասնագիտությունը:

-Որտե՞ղ ես աշխատել:

-Սկզբում աշխատել եմ Մալաթիայի հիվանդանոցում՝ դիմածնոտային բաժնում, հետո 8-րդ բուժմիավորումում՝ տեղամասում, հետո աչքի կլինիկայում, դրանից հետո աշխատել եմ Աշոցքում, դրանից հետո աշխատել եմ Համալսարանական կլինիկայի աչքի բաժնում:

-Քեզ ավելի շատ ո՞ր աշխատանքը դուր եկավ` դիմածնոտայի՞ն բուժքույրի, թե՞ ակնաբուժական, և ինչո՞ւ:

-Ակնաբուժական: Երեխաների հետ եմ աշխատում, դրա համար էլ սիրեցի:

-Հիշո՞ւմ ես քո աշխատանքային առաջին օրը: Այդ ժամանակ քեզ ինչպե՞ս էիր զգում և քանի՞ տարեկան էիր:

-1968թ. հունիսն էր: Այդ ժամանակ 19 տարեկան էի: Ինձ ոչ շատ վստահ էի զգում: Հերթապահում էի, իմ առաջին հերթապահությունն էր, բայց ինձ օգնեց իմ ավագ բուժքույրը, որի հետ հերթապահ էի:

-Երկա՞ր ես աշխատել:

-48 տարի է` աշխատում եմ:

-Իսկ ինչպե՞ս ես սովորել օգտվել բժշկական սարքերից:

-Սարքերից օգտվել սովորեցրել են բժիշկը, մասնագետները:

-Ինչ-որ բան սովորե՞լ ես քեզնից ավելի փորձառու աշխատողներից:

-Նրանք ինձ սովորեցրին խնամքով վերաբերվել հիվանդին: Միշտ հիվանդը ճիշտ է, եթե սխալ էլ լինի, պետք է չհակաճառել:

-Մի հետաքրքիր դեպք պատմիր, որ պատահել է քո աշխատանքի տարիներին:

-Տնտեսական ճգնաժամի տարիներն էին: Մի երեխայի տեսողությունը ստուգում էի, ասացի` նկարները ասա: Ինքը չէր ասում, վատ էր ասում, հետո ինձ ասաց. «Մի բարկացի: Որ գնամ գյուղ, քեզ համար հաց կբերեմ»: Հաց չկար այդ տարիներին…

-Դու թոշակի ես անցել, բայց դեռ աշխատում ես: Պատկերացնո՞ւմ ես քո կյանքը առանց աշխատանքի, սիրո՞ւմ ես քո աշխատանքը:

-Առանց աշխատանքի չեմ պատկերացնում իմ կյանքը, բայց ստիպված եմ լինելու պատկերացնել:

 

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Այն ժամանակ մանկապարտեզում

Ամեն անգամ ամուր գրկում էի տիկնիկս և տատիկի հետ գնում մանկապարտեզ: Երբ տեղ էի հասնում, ներս էի մտնում ու տիկնիկս դնում պահարանի մեջ: Ինքս էլ մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու էի այդպես անում, երևի այն պատճառով էր, որ ամեն անգամ տիկնիկս ձեռքիցս վերցնում էին ու խաղում առանց իմ թույլտվության: Երբ տատիկը գալիս էր ինձ մանկապարտեզից  վերցնելու, ես պահարանից հանում էի իմ տիկնիկը և ուրախ-ուրախ պատմում, թե ինչ ենք արել այդ օրը:

Այն օրը ես սովորականի պես վերցրի իմ տիկնիկը և տատիկի հետ գնացի մանկապարտեզ: Երբ հասել էինք դռան շեմին, տատիկը հարցրեց:

-Քեզ մանկապարտեզում ո՞վ ա դուր գալիս:

Ես առանձնապես մտերիմ ընկերներ չունեի: Առավել շատ էի շփվում՝ Սամվելի, Ինեսայի (կներես, եթե քո անունը սխալ գրեմ, որովհետև կա Ինեսա և Ինեսսա)  և Սյուզիի հետ, բայց իմ պատասխանը այդ պահին շատ որոշիչ էր:

-Առնոն,-ասացի ես անտարբեր:

-Դե գնա ասա` ես քեզ սիրում եմ, արի` ամուսնանանք:

Ես հենց այդպես էլ ասացի և պատասխանը իհարկե բացասական եղավ:

Այդպես ես մինչև դպրոց գնալը չշփվեցի նրա հետ, որովհետև, իրոք, ես նրան չէի հավանում:

Սկսվեց իմ ուսումնական առաջին տարին: Այնքան ուրախ էի, որ վերջապես դպրոց էի գնում և մի գաղտնիք էլ ասեմ, ես դպրոց գնացել եմ մեկ տարի շուտ, երբ դեռ հինգ տարեկան էի, և նոյեմբերին պետք է լրանար իմ վեց տարեկանը:

Առաջին օրը ինձ շատ հետաքրքիր թվաց, ես այնքան էի տարվել գրքերով, ներկայացումներով և ցուցադրություններով, որ նույնիսկ չէի նկատել, որ մեր դասարանում են սովորելու մեր մանկապարտեզից համարյա բոլորը:

Մեր դասարանում այնքան շատ աշակերտ էր սովորում (36 հոգի), որ ես չնկատեցի, որ մեր դասարանում է սովորելու նաև Առնոն:

Սակայն երբ նկատեցի, ապա ինքս էլ չեմ հիշում, թե ինչպես սկսեցի ընկերություն անել նրա հետ: Մենք իրար հետ կիսվում էինք նախաճաշով, կատակում և այլն:

Անցավ չորս տարի: Մեր դասարանում արդեն սովորում էին 39 հոգի, և շատ խոսակցություններ էին գալիս այն մասին, որ մեր դասարանը կիսվելու է: Ես իհարկե մտահոգված չէի, որովհետև գիտեի, որ մեր դասարանից են լինելու իմ լավագույն ընկերն ու ընկերուհին:

Օգոստոսի երեսունմեկին ես և մայրիկս գնացինք իմանալու, թե ով է լինելու իմ նոր դասղեկը, և իմացանք, որ մեր դասարանը կիսվել է: Բարձրացանք երկրորդ հարկ և տեսանք, որ մեր դասարանցիներից մի քանիսը նստած են այնտեղ:  Փաստորեն  որոշ աշակերտներ մտածում էին, որ ավելի լավ է սովորեն «ա» դասարանում, ոչ թե «դ»: Եվ նրանց մեջ էր գտնվում նաև Առնոն: Այն ժամանակ ես չգիտեի այդ մասին և բարձրացա երկրորդ հարկ, որտեղ և հանդիպեցի մեր նոր դասղեկի հետ: Սեպտեմբերին ես նկատեցի, որ իմ լավագույն ընկերուհին մեր դասարունում է սովորում, սակայն լավագույն ընկերոջս չգտա: Փաստորեն նա գերադասել էր իր զարմուհու դասարանում սովորել: Ծնողներս էլ էին ինձ առաջարկում գնալ «ա» դասարան, սակայն ես չհամաձայնվեցի:

Հիմա, ես էլ չեմ շփվում Առնոյի հետ: Երբ տեսնում եմ նրան, չնկատելու եմ տալիս, և նույնիսկ չգիտեմ, նա հիմա մեր դպրոցո՞ւմ է սովորում, թե ոչ, որովհետև այն ժամանակ նա ասում էր, որ ութերորդ դասարանից հետո պետք է ընդունվի ճեմարան:

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Ձմեռային արձակուրդները

-Մինչև ե՞րբ ես գնալու դասի,-հաճախ հարցնում էի դասարանցիներիս:

Արդեն որոշել էի, որ գնալու էի մինչև չորեքշաբթի և ուզում էի իմանալ, թե էլ ով է չորեքշաբթի օրը գնալու դասի:

Ես, իհարկե, մինչև երեքշաբթի գնացի, բայց դա կարևոր չէ, որովհետև մինչև հիմա  տանը նստած եմ:

Արդեն մի ամսից ավելի է, ինչ  արձակուրդ է: Դպրոցները և մանկապարտեզները փակվել են:

Ես շատ եմ սիրում արձակուրդները և լավ վայելում եմ իմ օրերը, բայց իմ կարծիքով, ևս մեկ շաբաթ, և ես չեմ իմանա` էլ ինչով զբաղվել:

Եվ այսպես, ամեն օր արթնանում եմ, նախաճաշում,  հեռուստացույց դիտում, գիրք կարդում, և իմ օրվա ընթացքի շարունակությունը ամեն անգամ տարբեր է լինում: Հիմա հարց է առաջանում՝ իսկ դասե՞րը: Ասեմ, որ ես իմ գրավորները ավարտել եմ, իսկ բանավորներից անգիրս սովորել եմ: Ամեն օր փորձում եմ պարապել կամ ինչ-որ դասով զբաղվել, բայց կարծես թե այնքան էլ լավ չի ստացվում: Ծնողներն անընդհատ ասում են երեխաներին դաս անել, սակայն չեն էլ պատկերացնում, թե ինչ դժվար է Նոր տարուց հետո դաս անել: Եթե Նոր տարուց հետո երկու շաբաթ չերկարացնեին արձակուրդները, ապա ասեմ, որ ես արդեն տրամադրված էի դասերին և պատրաստվում էի անել, իսկ երբ մի շաբաթ երկարացրին, ես որոշեցի շաբաթվա վերջին օրերը դաս անել, սակայն երկրորդ շաբաթը արդեն չափազանց է: Ասեմ, որ ես այդքան էլ ծույլ չեմ, երբեմն անգլերեն եմ պարապում, երբեմն էլ հայերեն կամ հանրահաշիվ ու երկրաչափություն:

Բայց միևնույն է, իմ կարծիքով ես «ժանգոտած» ուղեղով կվերադառնամ  դպրոց: Պատկերացրեք (ոչ դպրոցականներ), որ մի ամիս է` չեք գնում համալսարան կամ աշխատանքի: Մենք արդեն տանն ենք ամառային աձակուրդներից քիչ տարբերվող ժամանակահատվածում:

Եթե ամառ լիներ, ապա  ամեն ինչ պարզ կլիներ, որովհետև մենք դասագրքերի ամբողջ թեման անցած կլինեինք և ինչ-որ ուրիշ բան կգտնեինք անելու:

Այսքան խոսելուց հետո վերջապես ինչպե՞ս ենք լրացնելու այս շաբաթները: Ես ունեմ մի քանի տարբերակ.

Ա.Երկուշաբթի-ուրբաթ կգնանք դասի 8 կամ 9 ժամ անելով և դրան գումարած նաև շաբաթ օրերը: (Սա իմ կարծիքով ամենահավանական տարբերակն է):

Բ.Դասի կգնանք շաբաթվա բոլոր օրերը:

Գ.Դասի կգնանք շաբաթ օրերը և գարնանային արձակուրդ չենք ունենա:

Դ. Երկուշաբթի-ուրբաթ կգնանք դասի 8 կամ 9 ժամ անելով և գարնանային արձակուրդ չենք ունենա:

Գուցե և այս տարբերակներից ոչ մեկը չի համապատասխանում անկանխատեսելի ապագային, բայց և այնպես, ճշտին մոտ է:

Այնուամենայնիվ, հուսով եմ, որ գարնանային արձակուրդներն էլ չեն երկարացնի և մեզ  չեն ուղարկի ամառային դպրոց: 

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Ուշացած նամակ

Սիրելի՛ Ձմեռ Պապ,

Նորից գալիս է Նոր տարին, այսինքն, դրա մասին դու հաստատ տեղյակ ես: Իմ կարծիքով, դու ինձ չես հիշում, որովհետև արդեն քանի տարի է, ինչ քեզ նամակներ չեմ գրել: Ես Լիլիթն եմ, այն Լիլիթը Հայաստանից, Երևանից, իսկ իմ հասցեն է`Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական փողոց, 26/1 շենք, 32-րդ բնակարան: Այն Լիլիթը, որ ամեն անգամ 10-15 կետից կազմված նամակներ էր ուղարկում: Հուսով եմ, հիշեցիր ինձ կամ իմ հասցեով ուղարկված նամակները գտար:

Իմ ուզած նվերները ես միշտ ստացել եմ: Բայց բանն այն է, որ ամեն տարի գիշերվա 12-ը զարկելուն պես ես վերցնում էի իմ երազանքների ցուցակը և սկսում արագ-արագ մտքում կարդալ: Բայց ինչո՞ւ երբեք իմ երազանքները չէին կատարվում…

Հիմա ես ամեն ինչ հասկանում եմ: Ձմեռ պապը, այսինքն դու, մեր երազանքների ոչ թե ի կատար ածողն ես, այլ մեր երազանքների պատճառը:

Ես, քեզ հավատալով իմացել եմ, թե ինչ է պետք ուզել Նոր տարվա համար: Հիմա իմ նվերների ցուցակը կրճատվել է: Այժմ ես քեզ չեմ հավատում: Բայց դու ինձ տվել ես ճիշտ ուղին:

Այս տարի ես շատ նվերներ չեմ ուզի, բայց այս տարվանից ես կսկսեմ իմ առջև նպատակներ դնել, ոչ թե անդադար կերազեմ ու հանկարծ կզգամ, որ էլ չեմ ուզում այդպիսի բան լինի կամ հասկանում եմ, որ այդ երազանքը չափից մանկական կամ անիմաստ էր:

Սիրով քո հին ընկեր՝ Լիլիթ Վարդանյան

Հ.Գ.- Չնայած ես էլ քեզ չեմ հավատում, բայց շնորհակալություն իմ մանկությունը ավելի հեքիաթային դարձնելու համար: