Մարիամ Պողոսյանի բոլոր հրապարակումները

Անտառում

Լուսաբացներն ու մայրամուտները անտառում առավել քան հրաշալի են։ Կարծես ֆիլմից հատված լինի, երբ հայացքդ սևեռում ես երկինք ու փորձում գտնել ճյուղերի հետևում թաքնված արևը, որից օրեր առաջ ինքդ էիր թաքնվում։ Եթե լավ փնտրես, քեզ մոտ հաստատ կստացվի որսալ որոշ ճառագայթների ու թույլ տալ, որ դեմքիդ ընկնեն։ Դու կզգաս ամբողջ ջերմությունն ու վերջապես կորոշես բացել աչքերդ, որոնք փակել էիր հենց այդ նույն ճառագայթների պատճառով։

Կարծում եմ ամեն բան մեզնից է կախված։ Մեր որոշումներից ու այն մարդկանցից, ովքեր նույնպես մեր որոշումն են։ Երևի ամեն բան ավելի հաճելի ու հեքիաթային է, երբ կողքիդ իրենք են։ Երբ ունես մեկին, ում հետ դիմավորում ես լուսաբացներդ։ Ով նայում է քեզ նույնքան զարմանքով ու հիացմունքով, որքան դու մայրամուտի ժամանակ մայր մտնող արևին։ Ում հետ արևը առավել ջերմ է, իսկ գիշերվա քամին` մեղմ ու հպանցիկ։

Երազանքս էր լինել անտառում, գիշերել գոնե մեկ օր ու հավատալ հրաշքների գոյությանը։ Ծննդյանս օրվա նախօրեին ընկերներս իրականացրին այն։ Վրան, լույսեր, խարույկ և անտառային տրամադրություն, թերևս ամենագեղեցիկ պահերն իմ կյանքում։ Հենց այդ օրը հանդիպեցի նրան, այն մեկին, ով դարձավ իմ որոշումը։ Նա վախեցած էր, շփոթված, ու վայրկյան առ վայրկյան հոր զգուշացումներից ավելի էր շփոթվում, որովհետև որսորդ լինելը նույնպես արվեստ է, որին պիտի կարողանալ ճիշտ տիրապետել։ Ես հիշում եմ նրա աչքերը, որոնք լուսավորված էին արևից, երևի հենց դա էլ պատճառ դարձավ, խոսելու արևի մասին այնպես, ինչպես խոսել եմ րոպեներ առաջ, ու ինչպես խոսելու եմ միշտ։ Չէր կարողանում դիպուկ հարվածել նշանակետին, միգուցե հենց այդ նույն արևն էր պատճառը: Կամ գուցե լարվում էր իմ ու ընկերներիս ներկայությունից։ Բայց բավական էր հոր մեկ հայացքը, որ ամեն բան միանգամից տեղն ընկներ։ Սիմոն պապի թոռն էր Արամը, սակայն տարիները ստիպել էին երկուսին էլ բազում դժվարություններ հաղթահարել, զգալ միայնության դառը համը ու սովորել մեկը մյուսի ներկայությանը։ Արամին պապն էր մեծացրել, հոր ու մոր կարոտը պապից էր առնում, չնայած նրան, որ ողջ կյանքը կարոտ մնաց և’ հորը, և’ մորը։ Պապին հայր էր կոչում ու շարունակ կրկնում, որ իր Հայրը հենց Սիմոն պապն է։ Բնակվում էին անտառի մոտ գտնվող փոքրիկ գյուղում, իսկ անտառում հաճախ էին լինում, որպեսզի Արամը պապից որսորդություն սովորեր։ Արամը փոխեց ամեն բան։ Սովորեցրեց ինձ լսել, որից միշտ թերացել եմ։ Սովորեցրեց գնահատել իմ մարդկանց, որոնք իմ որոշումների արդյունքում են հայտնվել կողքիս ու սովորեցրեց տեսնել արևը, որն առաջին անգամ հենց իր աչքերում էի նկատել։ Անտառում եղավ այն, ինչի մասին անգամ գրքերում չէի կարդացել, և այո, գուցե ես այնքան էլ կինոման չեմ, սակայն ֆիլմերում էլ չեմ տեսել ինձ հետ կատարվածը։ Անտառում գտա լույսը, որը սովորաբար պակասում էր օրերիս մեջ։ Գտա այն, ինչի մասին գրեթե միշտ երազել էի։ Երազանքս իր հետ նոր երազանք նվիրեց ինձ, բայց արդեն իսկ իրականացած։ Անտառում լինելը ինձ թույլ տվեց տեսնել շուրջս կատարվող ամեն բան, չթաքնվել արևից, այլ հակառակը` ամեն բացվող օրվա հետ գրկել ճառագայթները, փակել աչքերս ու խորը շունչ քաշել, մտքում գրքի կամ ֆիլմի սցենար գրել, ու խելքը կորցնելու աստիճան սպասել աչքերիս բացվելուն, որովհետև այն արևը, որին որսում եմ, գտնվում է Արամի աչքերում, իմ Արամի, ում հանդիպեցի իմ երազանքի անտառում…

mariam poghosyan

Ժամանակը կանցնի

Ժամանակը կանցնի, ու նա կգա… Կգա ու առանց հարցնելու կխրվի մութ ներկայիդ մեջ: Մթությունը քեզ չի խանգարի, բայց նրա ներկայությունը քո գլխում քեզ խորթ կթվա: Գլխացավ կունենաս, դեղեր կխմես, երկար կքնես, բայց չի օգնի, երազիդ էլ կգա…

Հետո կարթնանաս, դատարկ դեղատուփում գլխացավի դեղ կփնտրես, ուշքդ կորել է, մի փոքր ուշ միայն կնկատես, որ դատարկ է, ոչինչ չկա:

Մի պահ կլռես, կանէանաս, հետո խորը շունչ կքաշես, ու դա քեզ կօգնի վերադառնալ իրականություն: Հետո կհիշես, մի քանի բան կմոռանաս, հետո նորից կհիշես, վերջում էլ կհասկանաս, որ գլուխդ ամենևին էլ չի ցավում, գլուխդ կորցնելու աստիճան հոգիդ է ճչում, որովհետև միտքդ ու սիրտդ ընկել են հոգուդ հետևից, ինքն էլ վազել է, ընկել ու հիմա էլ ցավից ճչում է

Հոգուդ է դեղ պետք, այլ ոչ գլխիդ, հոգու դեղ պետք է փնտրես, ոչ թե գլխացավի, ու ոչ թե դատարկ դեղատուփում, այլ… Չգիտեմ, երդվում եմ, չգիտեմ, թե որտեղ կարող ես այդ դեղից գտնել, խոստանում եմ, իմանալուն պես անպայման կասեմ:

Հոգիդ կբուժվի, հետո հերթը կհասնի մտքիդ, մտքերդ խճճվել են, ով ասես ու ինչ ասես կա գլխումդ: Ախր, զգուշացրել էի, ամեն պատահածի ու պատահած իր ներս չթողնես, սենյակիդ պես թափթված է դարձել ու պահարանիդ պես փոշոտ: Հավաքել ու մաքրել է պետք, կուտակված մտքերն էլ զգեստապահարանի ներսում եղածի պես դասավորել է պետք:

Բա տեսքդ ի՞նչ է, տեսքդ ավելի թափթփված է, մազերդ մոռանում ես սանրել, կոշիկներիդ վրայի փոշին էլ կարծես գրադարանում պահված գիրք լինի. մաքրող չկա:

Հագուստդ կարծես ժամկետն անց ապրանք լինի, կներես, բայց շատ հին է:

Աչքերդ սառած են, ձեռքերդ` կնճռոտված, եղունգներդ դադարել ես խնամել: Քեզ ոտքից գլուխ պետք է նորոգես: Չէ, կներես, վերանորոգես…

Դեմքիդ գույն կգա, կվերսկսես շպարվել, կարմիր շրթներկով կպատես շուրթերդ, կշարունակես ժպտալ, աչքերդ շրթներկով չես ծածկի, բայց աչքերով էլ կժպտաս, ձեռքերդ կսկսեն փափկել, եղունգներդ էլ կխնամես, հագուստդ կփոխես, նորը կգնես, հինն էլ դեն կնետես, մազերդ կսանրես, կոշիկներիդ վրայի փոշին էլ մի լավ կմաքրես…

Մտքերդ էլ կդասավորես, ինչպես րոպեներ առաջ դասավորել էիր զգեստապահարանում խառնված շորերդ, ու սենյակդ էլ իսկույն կսկսես մաքրել:

Կկանգնես հայելու առաջ, կնայես քեզ, կհիանաս, հետո միանգամից կհիշես, որ մոռացել ես ամենակարևորի` դատարկ դեղատուփի մասին: Կվազես դեղատուն, կգնես գլխացավի դեղը ու միայն տուն մտնելուն պես կհիշես, որ գլուխդ չէր ցավում, ու որ քեզ հոգու դեղ էր պետք, այլ ոչ գլխացավի…

mariam poghosyan

Կատարե’լ հրամանը…

Հավաքել եմ մազերս, որը միշտ մատներիդ հպումով հետ էիր տանում։
Էլ դեմքիս չեն ընկնում։
Երևի մինչև քո գալը մազերս այսպես հավաքած էլ մնա։
Թե չէ` ո՞վ պիտի ուղղի մազերս. դու հեռու ես։

Հեռու ես ու իմ օրը դատարկ է։ Դատարկ է
ճիշտ այնքան, ինչքան մինչ քեզ ճանաչելն էի դատարկ։
Ու ավելի դատարկ է,  քան մեր փողոցը` գիշերային ժամերին, դե այնտեղ մարդիկ քիչ են լինում։

Իսկ գնալուցդ հետո չգիտեմ էլ, մարդիկ լինո՞ւմ են, թե՞ չեն լինում։
Գիտե՞ս, մարդկանց լինել-չլինելու հարցում անտարբեր եմ։
Տպավորություն է, որ ամեն բան տարել ես քեզ հետ։

Սպասում եմ, որ գաս։
Գաս ու հավաքես ինձ։
Ճիշտ այնպես, ինչպես մազերս եմ հավաքել…
Գաս, որ խելքս չկորցնեմ։
Գուցե կորցրե՞լ եմ արդեն:
Ինչևէ, առանց քեզ կորած եմ, դուրդ գալի՞ս է:
Դե իհարկե, դուրդ գալիս է…
Վստահ եմ, կարդալիս էլ ժպտում ես, քո ուզածն էր, չէ՞։

Իմ ուզածն էլ է, իրոք։
Մենակ թե` քեզ հետ։

Գիտե՞ս, աչքերս փակում եմ ու դիմագծերդ եմ պատկերում մտքումս։
Հետո չգիտեմ էլ ոնց, աչքիս մեջ ինչ-որ բան է մտնում, ես էլ հենց փորձում եմ հանել, արցունք է հոսում։
Թե չէ` չմտածես լացկան եմ դարձել,  ճիշտ եմ ասում…

Դու հիմա ծառայիր, որ հետո ես քեզ ծառայեմ։
Որ  հետո միասին ծառայենք ու բոլոր հարցերում հաջողենք։
Պատվով կատարենք մեզ բաժին հասած հրամանները:

-Դե, իսկ հիմա ժպտա, կատարել հրամանը…

-Լսու‘մ եմ…

mariam poghosyan

Ունեցեք Արամներ, լա՞վ…

Գիշերվա երկուսն անց 8 րոպե կլիներ, Անիի հոգնած կոպերը չէին փակվում. սպասում էր։ Օրագրի էջերն էր թերթում, կարդում բազմիցս կարդացված տողերը, ու ամեն անգամ արցունքի մի կաթիլ թրջում էր թուղթը…
Հիշում էր` սիրելիին բանակ ճանապարհելիս ասել էր, որ ամեն օր գրի է առնելու իրենց զրույցից մի դրվագ, ու այդպես այնքան, մինչև վերադառնա, ու միասին կարդան օրագրում զետեղված զրույցները…

Գիշերվա երկուսն անց 10 րոպե կլիներ, Անիի հոգնած կոպերը դեռ չէին փակվում…
Թերթում էր էջերը, բայց ամեն անգամ կանգ էր առնում այն էջի վրա, որից հետո էջերն այլևս ոչ մի տառի երես չտեսան. դադարեցին զանգերն ու զրույցները:
Բայց Անիի հոգնած կոպերը նրան երբեք չէին դավաճանում, մնում էին արթուն այնքան ժամանակ, մինչև աղջիկն ինքը որոշում էր քնել, քնել այն հույսով, որ արթնանալուն պես առիթ կունենա օրագրի ևս մեկ էջ լրացնել:

Արամը կարոտում էր Անիին, բայց կար հրաման, որն անկարելի էր անտեսել. Արամի կոպերն ավելի հոգնած էին, կռիվ էին տեսել, բայց շարունակում էին բաց մնալ։ Փակվել չէին կարող. չէ’, հրաման չէր, ուղղակի Անիի փակ կոպերի համար Արամինը միշտ բաց էին…
Արամն արթուն էր, որ Անին քներ։

28 օր չլրացվեց և ոչ մի էջ, հետո ավելացավ ևս 10 օր…
Գիշերվա երկուսն անց տասնմեկ րոպե կլիներ, Անիին զանգ եկավ, բավական էր մեկ վայրկյան, որ Անին լսեր Արամի ձայնը, բայց…
Ձայն չկար, ոչ ոք չէր խոսում, լսվում էր միայն շնչառություն։ Հեռախոսը լռում էր, բայց շնչառությունը հարազատ էր աղջկան:
Այս անգամ արցունքի կաթիլները մեկը մյուսին հերթ չտալով թրջեցին բարձը, ու մթության մեջ սիրելիի շնչառությունը մատնեց երկուսի ապրեցնող լռությունը:
Արամն էր, Անիի Արամը:
Լռությունը երկար չտևեց, բայց այնքան ասելիք կար, որ անկարելի էր ասել:
Գիշերվա երկուսն անց տասնհինգ րոպե կլիներ, Անիի թաց կոպերը շարունակում էին բաց մնալ, ճիշտ այնպես, ինչպես օրագրի էջերը:
Երկար սպասված էջը նույնպես թերթել էր, բայց ի տարբերություն  մյուս էջերի, ոչինչ գրված չէր այդ մեկի վրա, չնայած նրան, որ ամենաշատ ասելիքը հենց դատարկ էջում էր: Նրանց լռության մեջ այնքան կարոտ կար, որ երկուսի շնչառությունը լրացնում էր բոլոր անցած օրերի դատարկությունը:

Ունեցեք Արամներ ու գրեք նրանց մասին, կարոտեք նրանց ու լռեք ձեր կարոտի մասին, զանգեք նրանց, բայց մի խոսեք, փոխարենը թող ձեր շնչառությունը մատնի երկուսիդ ասելիքը…