mariam poghosyan

Ունեցեք Արամներ, լա՞վ…

Գիշերվա երկուսն անց 8 րոպե կլիներ, Անիի հոգնած կոպերը չէին փակվում. սպասում էր։ Օրագրի էջերն էր թերթում, կարդում բազմիցս կարդացված տողերը, ու ամեն անգամ արցունքի մի կաթիլ թրջում էր թուղթը…
Հիշում էր` սիրելիին բանակ ճանապարհելիս ասել էր, որ ամեն օր գրի է առնելու իրենց զրույցից մի դրվագ, ու այդպես այնքան, մինչև վերադառնա, ու միասին կարդան օրագրում զետեղված զրույցները…

Գիշերվա երկուսն անց 10 րոպե կլիներ, Անիի հոգնած կոպերը դեռ չէին փակվում…
Թերթում էր էջերը, բայց ամեն անգամ կանգ էր առնում այն էջի վրա, որից հետո էջերն այլևս ոչ մի տառի երես չտեսան. դադարեցին զանգերն ու զրույցները:
Բայց Անիի հոգնած կոպերը նրան երբեք չէին դավաճանում, մնում էին արթուն այնքան ժամանակ, մինչև աղջիկն ինքը որոշում էր քնել, քնել այն հույսով, որ արթնանալուն պես առիթ կունենա օրագրի ևս մեկ էջ լրացնել:

Արամը կարոտում էր Անիին, բայց կար հրաման, որն անկարելի էր անտեսել. Արամի կոպերն ավելի հոգնած էին, կռիվ էին տեսել, բայց շարունակում էին բաց մնալ։ Փակվել չէին կարող. չէ’, հրաման չէր, ուղղակի Անիի փակ կոպերի համար Արամինը միշտ բաց էին…
Արամն արթուն էր, որ Անին քներ։

28 օր չլրացվեց և ոչ մի էջ, հետո ավելացավ ևս 10 օր…
Գիշերվա երկուսն անց տասնմեկ րոպե կլիներ, Անիին զանգ եկավ, բավական էր մեկ վայրկյան, որ Անին լսեր Արամի ձայնը, բայց…
Ձայն չկար, ոչ ոք չէր խոսում, լսվում էր միայն շնչառություն։ Հեռախոսը լռում էր, բայց շնչառությունը հարազատ էր աղջկան:
Այս անգամ արցունքի կաթիլները մեկը մյուսին հերթ չտալով թրջեցին բարձը, ու մթության մեջ սիրելիի շնչառությունը մատնեց երկուսի ապրեցնող լռությունը:
Արամն էր, Անիի Արամը:
Լռությունը երկար չտևեց, բայց այնքան ասելիք կար, որ անկարելի էր ասել:
Գիշերվա երկուսն անց տասնհինգ րոպե կլիներ, Անիի թաց կոպերը շարունակում էին բաց մնալ, ճիշտ այնպես, ինչպես օրագրի էջերը:
Երկար սպասված էջը նույնպես թերթել էր, բայց ի տարբերություն  մյուս էջերի, ոչինչ գրված չէր այդ մեկի վրա, չնայած նրան, որ ամենաշատ ասելիքը հենց դատարկ էջում էր: Նրանց լռության մեջ այնքան կարոտ կար, որ երկուսի շնչառությունը լրացնում էր բոլոր անցած օրերի դատարկությունը:

Ունեցեք Արամներ ու գրեք նրանց մասին, կարոտեք նրանց ու լռեք ձեր կարոտի մասին, զանգեք նրանց, բայց մի խոսեք, փոխարենը թող ձեր շնչառությունը մատնի երկուսիդ ասելիքը…