Վարդիկ Բարխուդարյանի բոլոր հրապարակումները

Պատերազմը խլեց…

Օհանյան Հայկ Նվերի, ծնված` 1999թ.-ին։ Խիզախ, ուժեղ, հպարտ, ազնիվ այս տղան զոհվեց անիծյալ 2020 թվականի չար պատերազմում։

Յուրաքանչյուր զոհի հետ մեռնում էինք մենք ու ասես մի կտոր էլ տալիս էինք մեզնից ու հիմա ամեն մեկս էլ ինչ-որ չափով կիսատ ենք։ Հայկը Սյունիքի մարզի Նորավան համայնքի բնակիչ էր։ Կենսուրախ այս տղայի մասին դժվար է խոսել առանց արցունքների, քանի որ նա իսկապես հերոս է, իսկական հայ տղայի կերպար, ում մասին ես չեմ կարողանում մոռանալ դեռ այն պահից, երբ իմացա, որ նրան չեն կարողանում գտնել, կորե՜լ է…

Հայկը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում էր ծառայում, այսինքն, 2 տարվա փոխարեն 3 տարին պիտի նվիրեր հայրենիքին։ Հայրենիքի հանդեպ սիրո և ծառայելու մեծ ցանկություն ունենալուց բացի, նա ուներ նպատակներ։ Տուն վերադառնալ, ծրագրի տրամադրած գումարով տուն գնել, սիրած աղջկա հետ ամուսնանալ, ընտանիք կազմել ու ապրել իր կառուցած տանը։ Աղջկան անչափ էր սիրում, բոլոր երազանքները, նպատակները, որ ուներ, կապված էին նրա հետ։ Վերջին անգամ նրա հետ խոսել է հենց աղջկա ծննդյան օրը, հետո պայթյունի ձայն է լսվել, ու Հայկոն էլ չի զանգել։

Սիրած տղայի կորստից բացի աղջիկը հերոսուհի հորաքրոջ մահն էր սգում նաև` Արզումանյան Հասմիկի, ով նույնպես զոհվեց այդ պատերազմում։

Ցավը խորն էր, ու կմնա, կմնա, քանի դեռ Հայկի պես տղերքի մահն ենք սգում: Կմնա, քանի դեռ մեր մայրերը վառ գույների փոխարեն սևի են փոխում իրենց հագուստը։

Աստված լուսավորի Հայկի ու նրա նման տղաների հոգիները, ովքեր կյանքը զոհեցին հայրենի հողի ու հայ ժողովրդի կյանքի համար։

Պատերազմը խլեց… Խլեց շատերին, ու հիմա կիսատ ենք ասես, որովհետև մարդը չի կարող լիարժեք համարվել, երբ չկա իր սրտի մի մասը։ Իսկ մարդիկ որդի են կորցրել… Որքա՜ն կիսատ են հիմա նրանք…

Դուք ձեր մայրերին կիսատ թողեցիք, տղերք, թողեցիք, որ նրանց արցունքները չցամաքեն, այնինչ դուք խոստացել էիք ամեն ինչ անել, որ երբեք արցունք չտեսնեք նրանց աչքերին։ Այո’, և չտեսաք, կամ գուցե տեսնում եք երկնքից, չգիտեմ, իսկապես չգիտեմ։ Միայն կուզեի մի բան. այլևս երբեք նույնը չտեսնել… Աղաչում եմ, Տե’ր…

Հաղթանակից հետո դեպի Գառնի

IMG_20190329_141247

2018 թվականի դեկտեմբերի 7-ին լրացավ Սպիտակի երկրաշարժի 30 տարին։

ՀՀ ԳԱԱ ԵԳՒ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը կազմակերպել էր «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» խորագրով մրցույթ-միջոցառում։
Մրցույթին, դպրոցի կազմակերպիչ և երեխաների շատ սիրելի ուսուցիչ Ռոզա Միրզոյանի գլխավորությամբ, իրենց ներդրումը ունեցան Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ «Հպարտ սյունեցիներ» անվանմամբ։

Մրցույթին մասնակցում էին 25 խմբեր` Երևանի և մարզերի դպրոցներից, քոլեջներից, կրթահամալիրներից, որոնցից առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեցին հենց Նորավանի միջնակարգ դպրոցի աշակերտները։IMG_20190328_092640

2019 թ․ մարտի 27-ին Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում կազմակերպված մրցանակաբաշխությանը երեխաներին շնորհվեցին նվերներ և հավաստագրեր։ Երեխաները նաև այցելեցին Գառնի տաճար՝ որպես սողանքային գոտի։
Դպրոցականները լավ տպավորություններով և էլ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերած՝ հետ վերադարձան տուն։

vardik barkhudaryan-2

Իմ երգչուհի քույրիկը

Ես գտել եմ ինձ համար իսկական ընկերուհի և դրա համար ուրախ եմ: Նա իմ հորեղբոր աղջիկն է: Քույրս հրաշալի ձայն ունի և ստեղծագործելու ունակություն: Ցավոք, երաժշտական կրթություն չի ստացել և չի կարողանում գրել այն, ինչ ստեղծագործում է:

Ես հաճախ եմ դուրս գալիս մեր այգի: Մենք դրկիցներ ենք, և հաճախ եմ լսում նրա ձայնը: Նա հիմնականում երգում է իր ուրախությունների և տխրությունների մասին: Երգում է հիշողությամբ: Իմ թանկագին քույրիկի անունը Հեղինե է, և ես ամբողջ օրը խաղում եմ նրա խուճուճ մազերի հետ: Նա ինձ կոչում է ընկերուհիս, և ես դրանից շատ եմ ուրախանում: Ամռանը Հեղինեն մի օր ինձ կանչեց.

-Ընկերուհի՛ս, դուրս արի՝ զբոսնենք:

Ես արագ դուրս եկա, և նա ինձ պատմեց, որ իր քույրը սովորեցրել է իրեն օգտվել համակարգչից: Այնքան էր ուրախացել: Ես ազատ ժամանակ նրան սովորեցնում եմ որոշ բաներ: Նա 27 տարեկան է: Երևի հիմա կզարմանաք, թե ինչպես կարող են 13 տարեկան և 27 տարեկան աղջիկները ընկերուհիներ լինել, բայց զարմանալու ոչինչ չկա, նա ուղղակի այնքան հաճելի մարդ է: Եվ որքան էլ շրջապատված լինեմ ընկերուհիներով ու ընկերներով, միևնույն է, ես նրան ավելի շատ եմ սիրում ու գնահատում:

vardik barkhudaryan-2

Իմ բուժքույր մայրիկը

Իմ մայրիկը` Մանուշակ Սիմոնյանը, բուժքույր է, և ես շատ ուրախ եմ դրա համար: Նա կարողանում է բուժել մարդկանց: Ես չգիտեմ` ինչու որոշեցի փորփրել մայրիկիս մանկությունն ու իր աշխատանքային կյանքը: 

 -Մամ մի քիչ կպատմե՞ս քո մանկությունից: 

-Դե ես փոքր ժամանակ շատ եմ ցանկացել դառնալ բուժքույր: Դա այն օրվանից, երբ մեր ուսուցչուհին մեզ տվել էր գրել շարադրություն «Ինչպիսին եմ պատկերացնում իմ ապագան» վերնագրով, և ես հենց այդպես պատկերացրեցի ինձ 20 տարի հետո` բուժքրոջ խալաթով:

-Իսկ ի՞նչ կարծիք ունեին ծնողներդ քո ընտրած մասնագիտության մասին: 

-Ծնողներս համակարծիք էին իմ որոշման հետ, մանավանդ հայրս: Նա միշտ ցանկացել էր, որ ես հենց այդ մասնագիտությունն էլ ընտրեմ:

-Իսկ ի՞նչ էր ասում մայրիկդ: 

-Նա ցանկանում էր, որ ես դառնամ ուսուցչուհի: Երևի նա կարծում էր, որ երբ մենք քույրերով խաղում էինք, և ես ուսուցչուհին էի, ուզում էի դառնալ ուսուցչուհի:

-Իսկ քանի՞ քույր ունես: 

-Ունեմ 4 հիասքանչ ու մեկմեկու նվիրված քույր և մեկ եղբայր: Մենք իրար շատ ենք սիրել, և հիմա էլ այդպես է: Հեռավորությունը ոչինչ չի փոխում, մենք նույն մանուկն ենք իրար համար:

-Իսկ որտե՞ղ ես սովորել: 

-Սովորել եմ Կապանի բժշկական ուսումնարանում: Այդ ժամանակ 15 տարեկան էի: Այնտեղ սովորեցի 3 տարի, և 18 տարեկանում, երբ վերջացրեցի ուսումս, սկսվեց պատերազմը: Մեր գյուղի տներից դեռ շատերն էլ ունեն կրակոցների հետքեր:

-Իսկ ի՞նչ արեցիք, ո՞ւր գնացիք:

-Եկանք այստեղ՝ Նորավանի հին գյուղը: Այդտեղ մնացինք որոշ ժամանակ, իսկ ես արդեն` ընդմիշտ: Ամուսնացա հայրիկիդ հետ և մնացի այստեղ:

-Իսկ ե՞րբ ես առաջին անգամ որևէ մեկին բուժել: 

-Առաջին անգամ բուժել եմ պապիկիդ, և քանի որ գյուղն այդ ժամանակ բուժքույր չուներ, ես դարձա գյուղի բուժքույրը:

-Քո կարծիքով ի՞նչ տարբերություն կա գյուղի և հիվանդանոցի բուժքրոջ մեջ: 

-Դե հիվանդանոցում կա համապատասխան տեխնիկա, և ոչ մի դժվարություն չկա, քո կողքին աշխատում են բժիշկներ, իսկ այ, գյուղի միակ բուժքույր լինելը դա մեծ պատասխանատվություն է, քանի որ այստեղ չկա տեխնիկա, այլ բուժաշխատող, որ խորհրդակցես, թե ինչ է պետք անել, և գյուղից Սիսիան գնալը և ստուգվելը դա մեծ դժվարություն է կապված տրանսպորտի հետ:

-Ո՞րն է եղել ամենածանր դեպքը: 

-Երեխաի ծնունդը տանը ընդունելը: Դա 9 տարի առաջ էր: Շատ դժվար էր լինել բուժքույր և միաժամանակ մանկաբարձ:

-Իսկ ինչո՞ւ տանը ծնվեց: Տրանսպո՞րտն էր խնդիրը: 

-Այո, այդ ժամանակ գյուղում ոչ մի մեքենա չկար: Փառք Աստծո, որ երեխան ողջ ու առաջ ծնվեց և հիմա էլ լավ է:

-Իսկ քանի՞ տարի է, որ աշխատում ես գյուղում: 

-Ուղիղ 27 տարի: Ես միշտ էլ կարոտով եմ հիշում այդ 27 տարվա ամեն մի օրը, ամեն մի իրադարձությունը:

-Ի՞նչ կցանկանաս բոլոր ապագա և արդեն կայացած բժիշկներին: 

-Կցանկանամ, որ իրենց գործի մեջ լինեն զգույշ և ուշադիր: Ունենան ոչ ծանր օրեր, սիրեն իրենց գործը, որը առաջնային է, և եթե իսկական բուժքույր են, պետք է նվիրված լինեն իրենց գործին մինչև կյանքի վերջը:

Ես այս ամենից հասկացա մի պարզ բան, որ պետք է լինել իսկական մարդ, որ հիվանդը վստահ և ուրախ գա բժշկի մոտ: Թող բոլոր բժիշկներն ունենան երկար կյանք, որ շարունակեն իրենց գործն ու փրկեն մարդկանց կյանքը:

vardik barkhudaryan-2

Ամենաաշխույժ և ամենաիմաստուն տատիկը

Հարցազրույց Ռոզա տատիկի հետ

Ես քայլում եմ դեպի մեր գյուղի` Սյունիքի մարզի Նորավան գյուղի ամենաաշխույժ և ամենաիմաստուն տատիկի մոտ: Ռոզա տատիկը մեր գյուղի սեղանների թամադան է: Մի պահ նայում եմ և տեսնում, որ նա իրենց բակում քարին նստած է:

-Բարև, Ռոզա տատիկ: Ինչպե՞ս ես: 

-Դու լավ լինես, ես լավ եմ, այ բալա:

-Մի քիչ կպատմե՞ս քո անցյալի մասին:

-Ի՞նչ ասեմ, այ բալա: Սովի ու ցավի, տառապանքի մեջ եմ ապրել: Կյանքում լավը չեմ տեսել, ու տհե՜նց…

-Իսկ ե՞րբ տեղափոխվեցիր Նորավան:

-20 տարեկան էի, որ ամուսնացա ու մնացի Տաթևում: Հետո սովի մեջ էինք ապրում, էրեխեքին առանք ու էկանք Նորավան. ստեղ գոնե հաց ու ջուր կար…

-Իսկ ինչ-որ տեղ աշխատե՞լ ես:

-Անապատում գործ էինք անում, առաջ էստեղ գյուղ չկար, ամայի տարածք էր. կով ու ոչխար էինք պահում: Վա՜յ, մեր տեղը կտրվի…
Տատը մի պահ նայում է հեռուն ու լռում… Հետո լցնում աչքերն ու ասում.
–Ա՛յ աղջի, էլի կարտոշկան ա ջրում:

Հարևանի հարսն էր, ով շեղեց տատին իր ցավից: Ես էլ լռեցի։Հետո շարունակեցի:

-Քանի՞ հոգի եք եղել ընտանիքում:

-Հերս, մերս, քուրս ու երկու ախպերքս…

-Իրար օգնո՞ւմ էիք:

-Իրար հետ ոչխար ու կով էինք կթում: Ի՜նչ օրեր էին…

Տատի հայացքում կարոտ կար: Անասանելի մեծ կարոտ: Հետո հասկացա՝ տատի վերքերին աղ էի լցնում: Մեղավոր զգացի: Հավաքեցի մտքերս ու որոշեցի հանգիստ թողնել տատի անցած-գնացած ցավերը…

-Ծոռդ ո՞ նց ա, տատ:

Փորձեցի շեղել տատին իր մտքերից: Մի քանի ամիս առաջ տատի տանը ուրախություն էր՝ մեծ թոռանը երեխա էր ծնվել: Տատի աչքերը միանգամից փայլեցին: Արցունքների միջից շողաց երջանկության կայծը:

-Ապրես, քեզ ղուրբան… Տունս լցել ա էդ էրեխան: Ապրե՜ս…

Տատին էլի նույն աշխույժ, նույն ուրախը դարձավ:

-Շնորհակալություն, տատ ջան: Իսկ ի՞նչ կավելացնես:

-Թող ոչ մի նոր սերունդ սով ու ցավ չտեսնի. մեր նման…

Վեր կացավ տեղից: Էլի նույն ցավն էր սրտում: Թեքեց հայացքը: Ձեռքերով արագ-արագ սկսեց մաքրել աչքերը…