Պատերազմը խլեց…

Օհանյան Հայկ Նվերի, ծնված` 1999թ.-ին։ Խիզախ, ուժեղ, հպարտ, ազնիվ այս տղան զոհվեց անիծյալ 2020 թվականի չար պատերազմում։

Յուրաքանչյուր զոհի հետ մեռնում էինք մենք ու ասես մի կտոր էլ տալիս էինք մեզնից ու հիմա ամեն մեկս էլ ինչ-որ չափով կիսատ ենք։ Հայկը Սյունիքի մարզի Նորավան համայնքի բնակիչ էր։ Կենսուրախ այս տղայի մասին դժվար է խոսել առանց արցունքների, քանի որ նա իսկապես հերոս է, իսկական հայ տղայի կերպար, ում մասին ես չեմ կարողանում մոռանալ դեռ այն պահից, երբ իմացա, որ նրան չեն կարողանում գտնել, կորե՜լ է…

Հայկը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում էր ծառայում, այսինքն, 2 տարվա փոխարեն 3 տարին պիտի նվիրեր հայրենիքին։ Հայրենիքի հանդեպ սիրո և ծառայելու մեծ ցանկություն ունենալուց բացի, նա ուներ նպատակներ։ Տուն վերադառնալ, ծրագրի տրամադրած գումարով տուն գնել, սիրած աղջկա հետ ամուսնանալ, ընտանիք կազմել ու ապրել իր կառուցած տանը։ Աղջկան անչափ էր սիրում, բոլոր երազանքները, նպատակները, որ ուներ, կապված էին նրա հետ։ Վերջին անգամ նրա հետ խոսել է հենց աղջկա ծննդյան օրը, հետո պայթյունի ձայն է լսվել, ու Հայկոն էլ չի զանգել։

Սիրած տղայի կորստից բացի աղջիկը հերոսուհի հորաքրոջ մահն էր սգում նաև` Արզումանյան Հասմիկի, ով նույնպես զոհվեց այդ պատերազմում։

Ցավը խորն էր, ու կմնա, կմնա, քանի դեռ Հայկի պես տղերքի մահն ենք սգում: Կմնա, քանի դեռ մեր մայրերը վառ գույների փոխարեն սևի են փոխում իրենց հագուստը։

Աստված լուսավորի Հայկի ու նրա նման տղաների հոգիները, ովքեր կյանքը զոհեցին հայրենի հողի ու հայ ժողովրդի կյանքի համար։

Պատերազմը խլեց… Խլեց շատերին, ու հիմա կիսատ ենք ասես, որովհետև մարդը չի կարող լիարժեք համարվել, երբ չկա իր սրտի մի մասը։ Իսկ մարդիկ որդի են կորցրել… Որքա՜ն կիսատ են հիմա նրանք…

Դուք ձեր մայրերին կիսատ թողեցիք, տղերք, թողեցիք, որ նրանց արցունքները չցամաքեն, այնինչ դուք խոստացել էիք ամեն ինչ անել, որ երբեք արցունք չտեսնեք նրանց աչքերին։ Այո’, և չտեսաք, կամ գուցե տեսնում եք երկնքից, չգիտեմ, իսկապես չգիտեմ։ Միայն կուզեի մի բան. այլևս երբեք նույնը չտեսնել… Աղաչում եմ, Տե’ր…