Իմ մայրիկը` Մանուշակ Սիմոնյանը, բուժքույր է, և ես շատ ուրախ եմ դրա համար: Նա կարողանում է բուժել մարդկանց: Ես չգիտեմ` ինչու որոշեցի փորփրել մայրիկիս մանկությունն ու իր աշխատանքային կյանքը:
-Մամ մի քիչ կպատմե՞ս քո մանկությունից:
-Դե ես փոքր ժամանակ շատ եմ ցանկացել դառնալ բուժքույր: Դա այն օրվանից, երբ մեր ուսուցչուհին մեզ տվել էր գրել շարադրություն «Ինչպիսին եմ պատկերացնում իմ ապագան» վերնագրով, և ես հենց այդպես պատկերացրեցի ինձ 20 տարի հետո` բուժքրոջ խալաթով:
-Իսկ ի՞նչ կարծիք ունեին ծնողներդ քո ընտրած մասնագիտության մասին:
-Ծնողներս համակարծիք էին իմ որոշման հետ, մանավանդ հայրս: Նա միշտ ցանկացել էր, որ ես հենց այդ մասնագիտությունն էլ ընտրեմ:
-Իսկ ի՞նչ էր ասում մայրիկդ:
-Նա ցանկանում էր, որ ես դառնամ ուսուցչուհի: Երևի նա կարծում էր, որ երբ մենք քույրերով խաղում էինք, և ես ուսուցչուհին էի, ուզում էի դառնալ ուսուցչուհի:
-Իսկ քանի՞ քույր ունես:
-Ունեմ 4 հիասքանչ ու մեկմեկու նվիրված քույր և մեկ եղբայր: Մենք իրար շատ ենք սիրել, և հիմա էլ այդպես է: Հեռավորությունը ոչինչ չի փոխում, մենք նույն մանուկն ենք իրար համար:
-Իսկ որտե՞ղ ես սովորել:
-Սովորել եմ Կապանի բժշկական ուսումնարանում: Այդ ժամանակ 15 տարեկան էի: Այնտեղ սովորեցի 3 տարի, և 18 տարեկանում, երբ վերջացրեցի ուսումս, սկսվեց պատերազմը: Մեր գյուղի տներից դեռ շատերն էլ ունեն կրակոցների հետքեր:
-Իսկ ի՞նչ արեցիք, ո՞ւր գնացիք:
-Եկանք այստեղ՝ Նորավանի հին գյուղը: Այդտեղ մնացինք որոշ ժամանակ, իսկ ես արդեն` ընդմիշտ: Ամուսնացա հայրիկիդ հետ և մնացի այստեղ:
-Իսկ ե՞րբ ես առաջին անգամ որևէ մեկին բուժել:
-Առաջին անգամ բուժել եմ պապիկիդ, և քանի որ գյուղն այդ ժամանակ բուժքույր չուներ, ես դարձա գյուղի բուժքույրը:
-Քո կարծիքով ի՞նչ տարբերություն կա գյուղի և հիվանդանոցի բուժքրոջ մեջ:
-Դե հիվանդանոցում կա համապատասխան տեխնիկա, և ոչ մի դժվարություն չկա, քո կողքին աշխատում են բժիշկներ, իսկ այ, գյուղի միակ բուժքույր լինելը դա մեծ պատասխանատվություն է, քանի որ այստեղ չկա տեխնիկա, այլ բուժաշխատող, որ խորհրդակցես, թե ինչ է պետք անել, և գյուղից Սիսիան գնալը և ստուգվելը դա մեծ դժվարություն է կապված տրանսպորտի հետ:
-Ո՞րն է եղել ամենածանր դեպքը:
-Երեխաի ծնունդը տանը ընդունելը: Դա 9 տարի առաջ էր: Շատ դժվար էր լինել բուժքույր և միաժամանակ մանկաբարձ:
-Իսկ ինչո՞ւ տանը ծնվեց: Տրանսպո՞րտն էր խնդիրը:
-Այո, այդ ժամանակ գյուղում ոչ մի մեքենա չկար: Փառք Աստծո, որ երեխան ողջ ու առաջ ծնվեց և հիմա էլ լավ է:
-Իսկ քանի՞ տարի է, որ աշխատում ես գյուղում:
-Ուղիղ 27 տարի: Ես միշտ էլ կարոտով եմ հիշում այդ 27 տարվա ամեն մի օրը, ամեն մի իրադարձությունը:
-Ի՞նչ կցանկանաս բոլոր ապագա և արդեն կայացած բժիշկներին:
-Կցանկանամ, որ իրենց գործի մեջ լինեն զգույշ և ուշադիր: Ունենան ոչ ծանր օրեր, սիրեն իրենց գործը, որը առաջնային է, և եթե իսկական բուժքույր են, պետք է նվիրված լինեն իրենց գործին մինչև կյանքի վերջը:
Ես այս ամենից հասկացա մի պարզ բան, որ պետք է լինել իսկական մարդ, որ հիվանդը վստահ և ուրախ գա բժշկի մոտ: Թող բոլոր բժիշկներն ունենան երկար կյանք, որ շարունակեն իրենց գործն ու փրկեն մարդկանց կյանքը: