Սպասումով լի երկու տարի, որոնք այնքան երկար են ձգվում զինվորի և նրան սպասող քրոջ համար:
Բարև, հայ զինվոր` եղբայր Արթուրս, ինչպե՞ս ես, ինչպե՞ս է անցնում ծառայությունդ: Կարոտել եմ շատ, զինվորս, գիտեմ` հաշվված օրեր են մնացել ծառայությանդ, ընդամենը 18 օր:
Ես հպարտ եմ, որ ունեմ քեզ, անվախ իմ եղբայր, հանգիստ ապրում եմ, որ դու պաշտպանում ես մեզ:
Հիշո՞ւմ ես, եղբայր, Կարբիի Եկեղեցում ինչպիսի վստահությամբ էիր կարդում երդումդ և այդպիսի վստահությամբ էլ շարունակեցիր կռիվը թշնամու դեմ Ջրականից մինչև Շուշի:
Չեմ մոռանում խոսքերդ, եղբայր իմ. «Գերադասում եմ մեռնել, քան մեր Սուրբ հողը թշնամու ոտքերի տակ տեսնել»: Դու մինչև վերջին օրը պայքարեցիր: Իսկական զինվորի հայրենասիրությանը այդպես է դրսևորվում, եղբայրս:
Հիշում եմ 44-օրյա պատերազմը, տառապալից այդ օրերը, իսկ հիմա հուզմունքիս խառնվում է նաև հիացմունքը: Երկու տարի առաջ բոլորովին երեխա էիր, երբ զորակոչվեցիր բանակ, իսկ 18 օրից կվերադառնաս իբրև խելացի, խիզախ, հնարամիտ և ամրակազմ տղամարդ:
Եղբայրս, դու հերոս ես: Դու չես պարտվել, դու կռվել ես հերոսաբար, դու հաղթել ես: Միայն խնդրում եմ քեզ, մշտապես զգոն եղիր և հետևիր առողջությանդ: Մենք բոլորս քեզ անսահման սիրում ենք, հոգով ու սրտով ամեն պահ քեզ հետ ենք: Համբուրում և ամուր-ամուր գրկում եմ քեզ: