Մեր ԴԻՄԱՑ թաղը

 

Լուսանկարը՝ Գարիկ Գանջալյանի

Լուսանկարը՝ Գարիկ Գանջալյանի

Մեր թաղն անվանում են Դիմաց թաղ, քանի որ մենք թշնամուն մոտ ենք, կարելի է ասել, դեմ-դիմաց: Մեր թաղը այնքան էլ մեծ չէ: Մենք երեխաներով երկու տարի առաջ հավաքվում էինք մեր թաղում,ինչպես թաղեցիներն են ասում՝«Վերդոյի քուչում»: Խաղում էինք՝ «պահմտոցի», «անուն գոռոցի» և այլ խաղեր: Մենք մոտ 20 երեխա էինք, երեկոյան ժամը 5-ից մինչև իրիկվա 11-ը խաղում էինք, իսկ դրանից հետո չէինք ուզում գնալ տուն, սակայն արդեն ուշ էր:

Մի օր ես, քույրս և եղբայրս որոշեցինք մեր տան դիմաց կազմակերպել ճամբար, մեր թաղի բոլոր երեխաները, ինչպես նաև մեծերը, հավաքվում էին, մենք տարբեր խաղեր էինք կազմակերպում, պարում էինք և ուրախանում: Այնքան լավ էր անցնում, որ մենք կորցնում էինք մեր ժամանակի զգացողությունը:

Լուսանկարը՝ Գարիկ Գանջալյանի

Լուսանկարը՝ Գարիկ Գանջալյանի

Մի անգամ, երբ մենք խաղում էինք պահմտոցի, նկատեցի մի մեծ օձ և շատ վախեցա, միանգամից գոռացի: Բոլոր տղաները հավաքվեցին: Դավոն և իմ եղբայրը սպանեցին այդ օձը: Մենք նորից խաղում էինք առանց վախի: Այն ժամանակ կրակոցները շատ քիչ էին: Մենք շատ հանգիստ միացնում էինք բարձր երաժշտություն և պարում:

Օգոստոսի 16-ին գյուղից գնաց իմ ամենամոտ ընկերուհին՝ Մերին, որը նույնպես մեր թաղից էր: Դրանից հետո չհավաքվեցինք, որովհետև մեր անսիրտ թշնամիները ամեն գիշեր կրակում էին գյուղի ուղղությամբ: Այդ օրվանից էլ դադարեց մեր գեղեցիկ և անհոգ մանկությունը: Մենք վախենում էինք հավաքվել և խաղալ ընկերներով:

Լուսանկարը՝ Գարիկ Գանջալյանի

Լուսանկարը՝ Գարիկ Գանջալյանի

Մեր թաղը գտնվում է թշնամու նշանառության կենտրոնում: Մեր բակից երևում են թշնամու դիրքերը: Ճիշտ է, մենք երբևիցե խուճապի չենք մատնվում, բայց ամեն դեպքում մեր սրտերում կա վախ: Այդ վախը հենց կրակոցն է: Մեր թաղի բոլոր տղամարդիկ կանգնում են ամեն մեկը մի տեղ, մտածելով, որ կարող է դիվերսիա լինել, հսկում են, որ թշնամին գյուղ չմտնի: Երևի իրենք էլ են վախենում, բայց ինչ արած, կանգնում են թե իրենց ընտանիքների, թե մյուս համագյուղացիների համար:

Մեր թաղի բոլոր մարդկանց երազանքը նույնն է՝ խաղաղություն, երևի ոչ միայն մեր թաղի, այլ բոլոր մարդկանց երազանքը նույնն է՝ խաղաղություն