Աննա Ղարաքեշիշյանի բոլոր հրապարակումները

anna gharakeshishyan

Գյուղը պահել է պետք

Հրաչիկ պապը մեր գյուղի ազատամարտիկներից է: Պատմում է, որ երբ սկսվեց ադրբեջանա-հայկական պատերազմը, 1992 թվականն էր, լուրը հասավ ժողովրդին, որ պետք է լքեն գյուղը` Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը: Կանանց և երեխաներին հանեցին, գյուղում մնացին տղամարդիկ: Սկսեցին գյուղը գնդակոծել «գրադ» կայանից:

Այդ ժամանակ գյուղը զենք չի ունեցել, մի քանի որսորդական հրացան էր, պաշտպանվում էին բահերով, եղաններով և անգամ քարերով: Ոմանք վիրավորվեցին, ունեցանք բազմաթիվ վիրավորներ, բազմաթիվ զոհեր: Գյուղը շրջապատված էր անգամ դեսանտներով:

-Օմոնը մտավ Հացուտի պոստը, որը նոր էր կառուցվել, անփորձ, անմեղ մարդիկ էին, Օմոնը ջարդեց նրանց, մեծ զոհեր տվինք, անգամ սահմանապահ շանը՝ Գռաֆին խփեցին,- պատմում է Հրաչիկ պապը:

-Հետո մտան մի ծեր մարդ ու կնոջ տուն, ամուսնուն տարան, կնոջ վիզն էլ կտրեցին և դաժանաբար սպանեցին:

Հրաչիկ պապը ցավով է պատմում և հիշում այն ժամանակվա դեպքերը:

Պատմում է, որ շատ անգամ հիշելիս նստում է և մանկան նման հեկեկում: Կորցրեց ընկերներին, հարազատներին, և անգամ հույսը չնչին էր, որ կփրկվի ինքը: Բազում գնդակներ է իր վրա վերցրել մեր գյուղը` Բարեկամավանը, և սահմանում ապրող ամեն մի ծեր, որ եղել է այդ տարիներին գյուղում, անգամ չի ուզում պատմել և վերհիշել ցավը: Անգամ վտանգված էին ճանապարհները, պատմում է, որ թաքնվում էին ճանապարհներին և հարձակվում մեքենաների վրա, գերի վերցնում կամ էլ տեղում վառում մեքենայի մեջի մարդկանց և հեռանում:

-է՜հ, որը պատմեմ և որը թողնեմ,- Հրաչիկ պապը պատմում է ցավը՝ արցունքն աչքերին: -Ես արդեն ծերացել եմ ու իմ սերունդներին եմ տալիս իմ զենքը, թող լինեն համարձակ, անկոտրում, երբեք թշնամու գնդակից չվախենան և չփախչեն, եղեք հպարտ, որ բարեկամավանցի եք, ամեն մեկս մեր ուժի չափով պահենք մեր հողը, իսկ մնացած հողերն էլ դեռ պիտի վերադարձնենք: Մեր գյուղը սահմանապահ է, կից ադրբեջանական սահմանին, եկողներն էլ կասեն, թե էս փոսի մեջ ո՞նց են ապրում:

Գիտե՞ք՝ կան բաներ, որոնք անկախ ամեն ինչից՝ պահել է պետք, ու կան նաև հաղթանակներ, որոնք մարդուն ուժեղ են դարձնում և հպարտ:

anna gharakeshishyan

Դեռ չմարած թորոնը

-Բարև, Բորո ձյաձա, ազատ ե՞ս` ինձ մեր գյուղ տանես:

-Հա, Աննա ջան, արի գնանք, համ էլ մերոնց կտեսնեմ:

Մեր գյուղ` Բարեկամավան չհասած, Բորո ձյաձան պատմեց մի պատմություն, որը շատ հուզեց ինձ և հիշողությանս մեջ մնաց առ այսօր:

-Է՜, էս էլ մեր գյուղը, կարծես հանգած թորոն լինի…

-Թորոն, ի՞նչ է թորոնը,- հարցրեցի ես:

-Է՜, Աննա, թորոնը չգիտե՞ս ինչ ա.:

-Չէ, Բորո ձյաձա, առաջին անգամ եմ լսում «թորոն»:
-Թոնորը գիտես, չէ՞:

-Հա:

-Թորոնը նույն թոնիրն ա: Ուղղակի հին ժամանակներում ասում էին թորոն: Խորնանց տախտը գիտե՞ս, չէ: Գալիս էինք գյուղի ջահելներով էդտեղից նայում վառվող թոնորին՝ մեր գյուղին: Էն ժամանակ գյուղի բնակչությունն էնքան շատ էր, որ գյուղը նման էր թորոնի:

Հասնում էինք գյուղ արդեն, գյուղի ոլորաններն էինք իջնում: Ես նայեցի գյուղին, մի քանի ծխացող տան և խորը շունչ քաշեցի:

Եվ այո, եղել է ժամանակ, որ այս հանգած թորոնում եղել է այնքան մարդ, որ գյուղը նմանեցրել են այրվող թորոնի, իսկ հիմա այդ նույն մարդիկ արտերկրում են, գնում են, բոլորը գնացին… Գնացին իրենց երեխաներին թշնամու գնդակից պաշտպանելու, որոշ մասն էլ գնաց աշխատանք չունենալու պատճառով: Գյուղում մնացին մեծամասնություն կազմող ծերերը:

Հանգավ մեր թորոնը, մնաց մի քանի փոքրիկ վառվող պեծ, որն էլ քիչ – քիչ կմարի: Եվ ինձ պես, մնացած գյուղացիներն էլ, ցավով են նայում մեր թորոնին, բայց ի՞նչ արած, «Հանգած թորոնում հաց չեն թխում»:

anna gharakeshishyan

Կյանքը կրակոցների տակ

6-րդ ժամն էր:  Բոլորս հոգնած էինք, անհամբեր սպասում էինք դասամիջոցի զանգին: Այդ ժամանակ մեր մտքում միայն  գնդակն էր ու դահլիճը:

-Վերջապես,- կամացուկ բացականչեցի ես:

Վերջապես ավարտվեց հանրահաշվի ժամը: Արագ հավաքվեցինք և իջանք դահլիճ՝ խաղալու: Դրանից առաջ տնօրենին խնդրել էինք թույլ տալ բոլորով խաղալ դահլիճում, և ինչպես միշտ, մեր սիրելի տնօրենը համաձայնվել էր: Քանի որ ստացել էինք նրա թույլտվությունը, հավաքվեցինք և իջանք ներքև:  Բոլորս այնտեղ էինք, բայց դահլիճը փակ էր: Մենք հուսահատ կանգնել էինք: Չկար ելք դահլիճ մտնելու:

-Մտածեցի՜,- բացականչեց Գագիկը,- մենք դահլիճ կմտնենք վերևի հարկով:

-Բայց ինչպե՞ս;

-Եկե՛ք, գնացինք:

Բոլորս հետևեցինք Գագիկին: Մտանք դահլիճի վերնամաս, որտեղից հնարավոր է աստիճաններով իջնել դահլիճ: Ճիշտ է, կարող էինք տնօրենին խնդրել, որպեսզի բացի դահլիճը, սակայն չցանկացանք անհանգստացնել նրան, քանի որ  գիտեինք, որ խիստ զբաղված է:

Շուտով տրամադրվեցինք խաղին և թիմերի բաժանվեցինք: Այնքան ոգևորվածությամբ էինք խաղում,  որ ոչինչ մեզ չէր հետաքրքրում: Նույնիսկ տուն գնալու մասին չէինք մտածում: Ժամանակը անցնում էր շատ արագ, սակայն մենք դա էլ չէինք նկատում: Հանկարծ մի բարձր ձայն լսվեց, և կոտրվեցին դահլիճի ապակիները: Մենք չհասկացանք, թե ինչ կատարվեց: Մի պահ էլ թվաց՝ մեր գնդակի «անփույթ» հարվածից  եղավ: Ընկեր Ազատյանը գոռում էր և բացականչում:

-Դու՛րս եկեք դահլիճից, արագ  դուրս եկեք:

Մենք չէինք հասկանում՝ ի՞նչ էր տեղի ունեցել, զարմացած կանգնել էինք և նայում էինք ընկեր Ազատյանի վախեցած դեմքին, որի աչքերը վախ էին արտահայտում:

Մենք արագ դուրս եկանք  դահլիճից և հարցրինք, թե ինչ է եղել:

-Արագ վազեք թաքստոց:

Արդեն ամեն ինչ պարզ էր: Մի պահ մոռացել էինք, որ մենք ապրում ենք սահմանամերձ Բարեկամավան գյուղում…

-Էհ, երեխե՛ք ջան, էլի կրկնվում է,- ասում էր ընկեր Ազատյանը շատ տխուր հայացքով,- բայց մի վախեցեք, դուք շատ ուժեղ եք, և ես վստահ եմ, որ դուք ավելի ուժեղ կգտնվեք, և ձեր հույսով ու հավատով կկասեցնեք թշնամուն:

-Ընկե՛ր Ազատյան, ճիշտն ասած մենք մտածեցինք, որ գնդակի հարվածից էին կոտրվել լուսամուտները: Եվ նույնիսկ վախեցանք ձեզնից, որ կբարկանաք մեզ վրա:

-Երանի, երանի ձեր անմեղ  գնդակից կոտրվեին լուսամուտները:  Երանի ամեն մի տան լուսամուտ երեխաների խաղի շնորհիվ կոտրվեր, այլ ոչ թե թշնամու  գնդակից:

Չէին դադարում կրակոցները: Անբացատրելի է,  թե ինչ էինք զգում այդ պահին: Ամեն ինչ տարօրինակ էր:  Շատ ցավալի էր, որ թշնամին կրակում էր քո սիրելի դպրոցի վրա: Մենք չէինք հուսահատվում և անընդհատ կրկնում էինք՝ ամեն ինչ լավ կլինի…

Ես ցանկանում  եմ , որ ոչ  մեկը չունենա այսպիսի օրեր: Բոլորի դպրոցական տարիները անցնեն խաղաղ ու անհոգ:  Ես ուզում եմ, որ սրանից հետո միայն երջանիկ պահեր հիշեմ իմ դպրոցական տարիներից, ինչպես սովորաբար բոլոր երեխաները…

Ու այսօր այդ ցանկությունս շատ ավելի հրատապ է դարձել:

Ես Բարեկամավանից եմ

 

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ես Աննա Ղարաքեշիշյանն եմ: Ապրում եմ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում: 16 տարեկան եմ: Սովորում եմ Բարեկամավանի միջնակարգ դպրոցի10-րդ դասարանում:

Սահմանամերձ այս փոքրիկ գյուղում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռևս չեն գտել իրենց լուծումը, և ինձ շատ են հուզում, ուստի ես անընդհատ փորձում եմ գտնել լուծումներ, պատասխաններ:

Կարևորագույն և առաջնային խնդիրը, որը հուզում է շատ-շատերին, ինչպես նաև ինձ, գյուղի դատարկվելն է, երբ կրակոցներից, սոցիալական ծանր վիճակից մարդիկ ստիպված լքում են իրենց տները, և այսպես շարունակվելու դեպքում շատ շուտով գյուղը կարող է դասվել «մեռած» գյուղերի շարքին: Ըստ իս, ճիշտ քաղաքականության, և պետական աջակցության և ուշադրության դեպքում, խնդիրը որոշ չափով կարելի է լուծել:

Հաջորդ կարևոր խնդիրը սոցիալական ծանր վիճակն է: Չկան աշխատատեղեր, նպաստավոր պայմաններ` այգեգործության, անասնապահության համար: Գյուղը չունի ոռոգման, ինչպես նաև խմելու ջուր, տները գազաֆիկացված չեն և այլն, և այլն: Մյուս հարցը, որը ինձ ավելի շատ է հուզում, գյուղում փոքր թիվ կազմող երիտասարդության վիճակն է: Երիտասարդները չունեն իրենց ժամանցը ավելի հետաքրքիր և ճիշտ կազմակերպելու հնարավորություն, չկան ժամանցի կենտրոններ: Ես, ինչպես նաև գյուղում գտնվող իմ հասակակիցները, սիրով կմիանանք նրանց, ովքեր կփորձեն ինչ-որ չափով, ինչ-որ ձևով օգնել սահմանամերձ այս փոքրիկ գյուղերին, որոնք թեպետ փոքրիկ են, սակայն կարևոր նշանակություն ունեն երկրի սահմանների ապահովության, ամրության համար: