Սվետլանա Դավթյանի բոլոր հրապարակումները

svetlana davtyan

Չեմ սիրում քո շանը

Արևոտ օր էր: Դպրոցում դասերը շուտ վերջացնելուց հետո չէինք ուզում գնալ տուն, և քույրիկիս հետ որոշեցինք այցելել ընկերուհուս: Ճանապարհին զանգեցի ընկերուհուս, ասաց, որ տանը մենակ է:

-Ուխ, ինչ լավ ա. տանը մենակ կմնանք վերջապես:

Բայց երբ մտանք ներս, ինչ-որ մեկի հետ էր խոսում ընկերուհիս:

-Վարդ, բա ասացիր՝ մենակ ես տանը:

Խոսելով առաջացա ու տեսա, որ ընկերուհիս խոսում է իր շան հետ: Նրա շունը շատ է ուտում ու ոչինչ չի անում, անգամ չի հաչում: Շունը ոչ ոքի մոտ չի սիրում գնալ, բայց չգիտեմ ինչու, ինձ տեսնելիս վազում է մոտ, ասես գիտի, որ իրեն չեմ սիրում՝ դրա համար է մոտ գալիս:

-Վարդ, հեռու տար քո Մուռկային: Գիտես, որ չեմ սիրում:

Իսկ ընկերուհիս ամեն անգամ ինձ ստիպում էր, որ սիրեմ շանը:

Այդ հանդիպումից մի քանի օր անց դուրս եկա տնից, որպեսզի գնամ խանութ, և ճանապարհին եղավ այն, ինչ չէի ուզում: Վարդի շունը դուրս եկավ իմ առաջ: Ես շատ բարկացա և մի լավ խփեցի շանը, և խեղճը մի կերպ քայլելով հեռացավ: Շարունակեցի ճանապարհս: Վերադառնալու ժամանակ ճանապարհին դիմացս դուրս եկան երկու հսկա շներ: Շատ վախեցա, իրականում արդեն պատրաստվում էին կծել, երբ հայտնվեց իմ փրկիչը: Այն շունը ում ես չէի սիրում ժամանակին, փրկեց ինձ պարզապես: Այդ պահից շնիկին տարա մեր տուն, խնամեցի, և երբ ընկերուհիս եկավ և տեսավ, աչքերին չէր հավատում: Այդ պահից ի վեր ես սկսեցի սիրել Մուռկային, իսկ ընկերուհիս կատակելով ասաց.

-Դա քեզ հետ պետք ա շուտ պատահեր:

svetlana davtyan

Ես քո կատվիկն եմ, իսկ դու` իմ տերը

Ամպրոպին հաջորդած տեղատարափ անձրևի  անխնա հարվածներից կծկված փոքրիկ, անօգնական կատվիկը, քարշ տալով վիրավոր ոտքը, մի կերպ կարողացավ պատսպարվել մոտակա տան անկյունում…

Չէր հասցրել  վայելել չոր ու տաքուկ անկյունում գտնվելու երանությունը, երբ ոտնաձայներ լսեց: Անկյունում  հայտնված աղջիկը նկատեց փոքրիկ կատվիկին, մոտեցավ և կարկամեց: Կատվիկի աչքերը սարսափ էին արտահայտում: Հավանաբար նախկին տիրոջ կողմից  ծեծված ու հալածված լինելն էր ստիպում նրան մարդկանց դիտել իբրև դաժան ու անխիղճ արարածների: Կատվիկը նույնիսկ հրաժարվեց աղջկա առաջարկած կոնֆետից՝ ավելի խորանալով իր թաքստոցի մեջ: Աղջկան դժվարությամբ հաջողվեց ցրտից դողացող փոքրիկին գիրկն առնել: Գուրգուրելով կենդանուն՝ աստիճաններով վեր բարձրացավ և տան շեմին, ծնողների հարցական հայացքներին ի պատասխան խնդրեց՝ հավատացնելով, որ ամենօրյա խնամքն ու հոգատարությունն իր պարտականություններից մեկն է լինելու: Ընտանիքի անդամները, ծանոթ լինելով իրենց դստեր հաստատակամությանը, չհակառակվեցին: Ուշադիր զննեցին կենդանու վնասված ոտքը, մշակեցին վերքը, վիրակապեցին և մի փոքրիկ, հարմարավետ անկյուն տրամադրեցին: Բելլան (ինչպես անվանեցին կատվին) երևի կյանքում առաջին անգամ քնեց հանգիստ, ապահով ու տաքուկ պայմաններում: Կատվի մուտքն ընտանիք ավելի հետաքրքիր դարձրեց աղջկա կյանքը: Հիմա նա պատասխանատու է Բելլայի համար, ուրեմն մեծ է արդեն:

Թող մեր կողքին, մեր քաղաքում ապրող այս աղջիկը օրինակ լինի բոլորի համար, ովքեր դաժանաբար են վարվում կենդանիների հետ, քարկոծում կամ փողոց են շպրտում՝ առանց հաշվի առնելու, որ նրանք ևս շնչավոր էակներ են, կարոտ` խնամքի և ջերմության:

svetlana davtyan

Ինտերնետը լա՞վ, թե՞ վատ միջոց է

Հաճախ, երբ մայրիկս կամ հայրիկս ինձ տեսնում են համակարգչի առաջ, կամ բջջայինն է ձեռքիս, անմիջապես ասում են՝ մի նստիր համակագչի առաջ, աչքերդ վնասում ես: Միշտ ասում են` ավելի լավ է դրա փոխարեն գիրք կարդա: Իսկ երբ ասում եմ, որ համակարգչով եմ գիրք կարդում, ասում են` դա կարդալ չի: Չեմ հասկացել և չեմ էլ ուզում հասկանալ, թե ինչո՞ւ են նման կերպ մտածում:

Մի անգամ մայրիկիս հետ գնացել էինք այգի, զրուցում էինք, մեր դիմաց նստած էին երկու աղջիկներ: Նրանցից մեկի ձեռքին կար գիրք, իսկ մյուսի ձեռքին բջջային: Մայրիկս դա նկատեց և ինձ ասաց.

-Տես, ինչ լավ աղջիկ է, գիրք է կարդում, ոչ թե մյուսի նման` մտել ա հեռախոսի մեջ, դուրս չի գալիս:

-Մամ ջան, ախր դու հաստատ չգիտես, թե ով ա գրիք կարդում:

Ասացի ես մայրիկիս և գնացի աղջիկների մոտ: Ծանոթացա նրանց հետ, սկսեցինք զրուցել, և ես տեսա մի պարզ բան՝ իրականում բջջայինով աղջիկը online տարբերակով գիրք էր կարդում (Նար-Դոս «Քնքուշ լարեր»), իսկ այն աղջիկը, ում ձեռքին գիրք կար, իրականում գրքի հետևում թաքցրել էր բջջայինը:

Այս ամենը տուն վերադառնալիս պատմեցի մայրիկիս, և նա ինձ ասաց.

-Իրականում երևի ինտերնետը այդքան էլ վատ միջոց չէ:

Հուսամ, որ իմ մայրիկի նման շատերն էլ կփոխեն իրենց կարծիքը, և կհասկանան, որ ինտերնետը  վատ միջոց չէ, եթե այն ճիշտ ես օգտագործում:

Քիք-բոքսինգը Հայաստանում

 

Հարցազրույց  քիք-բոքսինգի «Lions» ակումբի մարզիչ Սայադ Ասատրյանի հետ

-Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել այս սպորտաձևով, չէ՞ որ այն իր բնույթով ծանր է:
-Երբ ես հաճախեցի կարատեի դպրոց, դեռ 5 տարեկան էի. այդ ժամանակ մտածում էի բոլորի նման ուժեղ լինել, քանի որ «կարատե» ասվածը բոլորի մոտ ուժ է ներշնչում:

-Ի՞նչ մրցումների եք մասնակցել և ի՞նչ հաջողություններ եք գրանցել:

-Ես մասնակցել եմ շատ մրցաշարերի և ունեմ բազում հաղթանակներ: Կարող եմ նշել, որ դարձել եմ Հայաստանի չեմպիոն 18 անգամ, Իրանում մասնակցել եմ մրցաշարի, գրավել եմ առաջին հորիզոնականը: Վրաստանում նույնպես ունեցել եմ հաջողություններ, Լիտվայում միջազգային առաջնության եմ մասնակցել և գրավել եմ երկրորդ տեղը, 2007 թվականին դարձել եմ Եվրոպայի չեմպիոն:

-Կա՞ այնպիսի մարզիկ, ով եղել է Ձեզ համար իդեալ և ձգտել եք նմանվել նրան:

-Ինձ համար հենց մանուկ հասակից որպես իդեալ եղել է Վանդամը, և ցանկացել եմ նմանվել նրան:

-Ներկայումս քանի՞ աշակերտ է մարզվում Ձեզ մոտ և ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:

-Այս պահին մարզվում է 70 աշակերտ, իսկ ծրագրերի մեջ մտնում են ԱՄՆ-ում մասնակցել «Ուայ Կա Ի» աշխարհի առաջնությանը և Լոնդոնի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա օգոստոսին:

-Ինչո՞ւ եք խմբի համար ընտրել Lions անունը:

-Առյուծների ակումբ անվանումը ընտրվել է 2008 թվականին ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքում, որպես անուն նշանակում է քաջ, ուժեղ և պատրաստ տղաներ:

-Հայաստանում այս սպորտաձևը պահանջարկ ունի՞:

-Որպես պատերազմող երկիր կնշեմ, որ պահանջը այնքանով է, որ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ են լինում:

-Երբևէ մտածե՞լ եք մասնագիտությունը փոխելու մասին:

-Մասնագիտությունս փոխելու մասին երբեք չեմ մտածել, քանի որ մանկուց սա եմ երազել: