Հռիփսիմե Բալոյանի բոլոր հրապարակումները

Սահադաշտը ծիծաղ է և ուրախություն

Անցյալ ձմեռ Գյումրիում քրտնաջան աշխատանքի շնորհիվ սահադաշտ պատրաստվեց: Ես այդ փաստից անչափ ուրախացել էի և այն փոքրիկ հաղթանակ համարեցի իմ քաղաքի համար, որովհետև քաղաքս հետ չմնաց մյուսներից և իր սեփական սահադաշտը ունեցավ: Հիշում եմ, հաճելի եւ գեղեցիկ տեսարան էր: Այնտեղ գտնվող բոլորի դեմքին ժպիտ կար: Իսկ Գյումրիում ամենաշատը ժպիտն է պակասում:

Ահա և եկավ 2016 թվականը: Կրկին մեծ ջանքեր ու աշխատանքեր էին կատարվում, որպեսզի այս տարի ևս սահադաշտ ունենար Գյումրին: Ես շատ էի վախենում, որ այս անգամ չի հաջողվի կամ չենք հասցնի, բայց դրա հետ մեկտեղ վստահ էի, որ ամեն բան կստացվի, և օրեր անց մենք էլ կունենաք մեր սահադաշտը:

Եղանակն էլ մեր դրության մեջ մտնում էր և աջակցում էր, որովհետև նրա դերը այդ գործում մեծ է: Ես անպայման կկիսվեմ ձեզ հետ մեր սահադաշտի գալիք ճակատագրով, կունենա՞նք արդյոք այս տարի սահադաշտ, թե ոչ: Ձմռան վերջին ամիսն է:

Անցան օրեր, և ահա լուրեր տարածվեցին, որ աշխատանքները ավարտված են, ամեն բան հաջողված է, սահադաշտերը պատրաստ են: Այո, այո, սահադաշտերը: Գյումրին այս տարի մեկի փոխարեն երկու սահադաշտ ունեցավ երկու տարբեր թաղամասերում: Երջանիկ էր քաղաքը, երջանիկ էին երիտասարդները, երեխաները, երջանիկ ու հպարտ եմ ես, որ հենց այս քաղաքից եմ, թեկուզ փոքր, բայց կարևորը, ջերմ ու հարազատ քաղաքից: Թեև այդքան դժվարություններին, որի միջով անցել և շարունակում է անցնել Գյումրին: Սահադաշտը ուրախություն է, ժպիտ, ոգևորություն, ծիծաղ, ինչը այնքան շատ է պակասում մեր քաղաքին: Ձմեռը շարունակվում է, սահադաշտ այցելողները չեն պակասում:

Ժամանակից շուտ

Մի քանի ամսից հրաժեշտ եմ տալու դպրոցիս: Երբեք չէի մտածի, որ այդ փաստը կարող է ինձ տխրեցնել: Եղել են պահեր, երբ դժգոհել ու բողոքել եմ դպրոցից, դասերից: Չեմ ուզեցել հաճախել, սովորել, բայց հիմա եմ հասկանում, որ սխալ եմ եղել: Կարոտով եմ հիշում դպրոցական տարիներս, որոնք էլ չեն կրկնվելու: Անկեղծ կլինեմ և կխոստովանեմ, որ սկսել եմ փոքրիկներին բարի նախանձով նախանձել, որովետև նրանց համար նոր են սկսվելու դպրոցական հաճելի ու գեղեցիկ տարիները, իսկ ինձ համար արդեն ավարտվում են: Կապվել եմ դպրոցիս հետ, ամեն մի անկյան, ամեն մի դասասենյակի հետ, ուսուցիչներիս մասին էլ չեմ խոսում, ովքեր ինձ համար միայն ուսուցիչ չեն եղել, այլ նաև ծնող, ընկեր, հոգեբան: Չեմ ուզում բաժանվել նրանցից, արդեն պատկերացնում եմ, թե վերջին դասին ինչքան եմ տխրելու ու արտասվելու, բայց միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ ինձ բախտ վիճակվեց սովորել հենց այս դպրոցում, հենց այս ուսուցիչների հետ և հենց այն երեխաների հետ, որոնք հիմա իմ դասարանի մասն են կազմում: Նրանց շնորհիվ ես հիշելու շատ բան կունենամ, նրանց շնորհիվ լավ հիշողություններով կավարտեմ այս տարիները և, ի վերջո, նրանց շնորհիվ ես շատ բան հասկացա և սովորեցի: Շնորհակալ եմ:

, 015

Պրոֆեսիոնալ ֆոտոխցիկը

Առաջին անգամ էր, որ իմ և ընկերուհուս ձեռքը պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ էր ընկել: Այն մեր դիզայնի ուսուցչուհունն էր:  

Ես և ընկերուհիս որոշեցինք խնդրել, որ ամանորյա հավաքույթի ժամանակ ուսուցչուհին իր հետ բերի ֆոտոխցիկը: Ամբողջ օրը մտածում էինք ինչպես ասել:

-Ի՞նչխ սենք, օր ամոթ չեղնի:
-Ես էլ էդ կմտածեմ:
-Ո՞վ բդի առաջինը սկսե:
-Դու, ես կամչնամ:
-Չէէ, ես էլ կամչնամ:
-Ըբը, ի՞նչ էնենք:
-Արի, երկուսով սենք:
-Չի էղնի ըտպես:
-Իսկ, եթե սայթով «գրուպա» բացենք ու երկուսով գրե՞նք:
-Հա, բայց առաջինը դու:
-Դե, ես կգրեմ` բարև ձեզ, մի բան կարելի՞ է խնդրել, ինքը կսե` ասեք, դու էլ կսես:
-Չէ հակառակը, բայց ամոթ է, ախր, հմի ինչ ըսես` կմտածե:
-Ոչինչ, զատո կնկարվինք:
-Դե վսյո, պայմանավորվանք, հենց գնացինք տուն, մեկից սայթ կմտնինք ու կսպասենք դասատուին:
-Հա, ըդպես էլ կենենք:

Այդպես պայմանավորվեցինք և պայմանավորվածի պես էլ արեցինք:

Սպասեցինք մինչև ուսուցչուհին օնլայն լինի, ապա գրեցինք: Մենք վստահ էինք, որ չէինք մերժվի, հարցը ամաչելն էր: Ի վերջո գրեցինք, և ուսուցչուհին խոստացավ բերել:

Ահա և ֆոտոխցիկը մեր ձեռքում է: Բոլորից առանձնացել էինք, որպեսզի մեր ուզածի պես ու չափ նկարվեինք:

-Հլը տուր`մյամ ես բռնեմ:
-Հա. քիչըմ` դու, քիչըմ` ես:
-Ըհնց:


-Հետո էլ շորերներս կփոխենք, յանի`տարբեր օրեր ենք նկարվել:
-Ճիշտ ես, դե սպասե, միամ էլ մենակս նկարվիմ ու փոխվինք:


-Հմի ես եմ բռնողը:
-Սկսինք:
-Ջան՜, սայթ քցելու նոր նկարներ ունեցանք:
-Հա՜, էդ ըսա:


-Հլը միամ էլ էս դիրքով:

Եվ այսպես հարյուրավոր նկարներով ավարտեցինք օրը:

Ավելացնեմ, որ այս վերջին լուսանկարի շնորհիվ թանկ նվեր ձեռք բերեցի` «դիմանկարի» տեսքով:

Ահագին բան սովորեց պապիկս

Անցյալ անգամ ես ասել էի, որ Նոր տարին անցկացնելու եմ գյուղում` տատիկիս ու պապիկիս հետ: Արդեն վերադարձել եմ: Քանի որ ընկերներիս հետ հանդիպել չէի կարող, որոշեցի պարապել և օգնել տատիկին:

Բոլոր դասերս, գործերս վերջացրել էի, անցա համակարգչին: Չգիտեմ ինչու, այս անգամ պապիկիս հետաքրքրեց համակարգիչը: Եկավ ու գլխիս վերևում կանգնեց.
-Հըմի սիկ ի՞նչ կենես, բալա:
-Հեչ, պապ, երեխեքի հետ կխոսամ:
-Ի՞նչ երեխա:
-Դասարանիս:
-Ըբը, ի՞նչխ կխոսաս, օր ձեն չկա:
-Պապ, սիկ առանց ձենի է, գրելով է:
-Ի՞նչ կգրես հեչ:
-Դե, խառը էլի:
-Բալա, մյամ մարդու սեմ, նայե` կրնա՞ս ընգնիս իրա մոտ:
-Իրա մոտ ընգնիմ, ի՞նչ էնեմ:
-Դու ընգի, ես խոսամ:
-Հա~, գտնիմ:
-Հա:
-Հա, սա` գտնիմ:
-Ի՞նչ սեմ:
-Էդ մարդու տվյալները,- մի կերպ ծիծաղս զսպելով ասացի ես:
-Ի՞նչ էր անունը, ը, բանը:
-Պապ, մենակ անունով չի եղնի, ազգանուն է պետք, տարիք, ապրելու տեղը:
-Է, ձագ ջան, օր ըտքանը իմանամ, էլ ընչի՞ քեզի կսեմ, ըշտը ես կգտնիմ:
-Էտ է, պապ ջան, ի՞նչ սեմ:
-Ըբը, սիկ հմի ի՞նչ կենես:
-Նկար կքցեմ սայթս:
-Էս ո՞վ է սիկ:
-Իիի, պապ, ես եմ:
-Դո՞ւ ես, բը ընչի՞ է սպես խավար, դեմքիդ կեսը ո՞ւր ա:
-Ա ՜, դու վերջն ես, պապ, խավար չէ, retrica-յով եմ նկարվել: Ուրիշ գույնով է եղել: Դեմքիս կեսն եմ նկարել, որդև մոդա է հմի:
-Րետրայո՞վ:
-Րետրիքա: Պապ, էս ի՞նչ բան է, սպսես հետաքրքրված ես սորով. Կարո՞ղ ա` գուզես սայթ բացեմ քեզի:
-Ի՞նչ բացես:
-Հեչ, հեչ:
-Չէ, բան էլ մի բաց, ազիզ ջան: Հլը կրնա՞ս գրես`«Կբառնամ խոտ»:
-Աաաաաաա… Չէէէ, պապ, ըտպես բաներ չի բացե: Կոնկրետ բան սա` բացեմ: «Կբառնամ խոտ»-ը ո՞րն է:
-Էէէ, թե ըսա սիկ ի՞նչ էր` բերին-քցին մեջ: Սաղ երեխեքի ուղեղները տարավ:
-Ի, պապ, համ նորմալ չես ըսե` ինչ գուզես, համ էլ կնեղենաս:
-Չեմ նեղենա, ձագ ջան, չեմ նեղենա :Քանի՞սն է, օր ժամը:
-Հմի սեմ` 7 ին 10 է պակաս:
-Էդ ի՞նչխ իմացար:
-Սորով նայեցի:
-Ըտեղ ժամ էլ կա՞:
-Հա, ժամ էլ կա, եղանակ էլ կա:
-Էդ սա` լավ բան է:
-Օր կսեմ` չես հավատա, պապ ջան:
-Լավ, դե գործդ էրա, ես եշտամ:
Ու ես հասկացա, որ ահագին բան սովորեց պապիկս ինձանից:

Ինձ հասկացողներ կլինեն

Առաջին Ամանորն է, որ մեր տանը չեմ դիմավորելու: Չգիտեմ` ուրախանամ, թե տխրեմ: Պապիկիս խնդրանքով այս տարի գյուղ պետք է գնամ եւ նրանց հետ Նոր տարին դիմավորեմ, առանց ծնողներիս: Մի խոսքով, տատիկապապիկային շրջապատում: Ես գյուղեր չեմ սիրում: Քանի որ քաղաքում եմ ծնվել ու ապրել, արդեն սովորել եմ քաղաքի ամեն ինչին: Այստեղ են ընկերներս, որոնց հետ անցկացնում եմ ժամանակիս մեծ մասը: Երբ առիթ է ստեղծվում գյուղ գնալու, այդ օրերին որոշում եմ հիվանդանալ և ծնողներիս համոզել, որ չգնանք: Սակայն նրանք ինձ լավ գիտեն, և իմ խորամանկությունը չի անցնում, հետևաբար մի կերպ ինձ տանում են գյող:
Ամբողջ ճանապարհին դժգոհ դեմքով եմ լինում, նրանց հարցերին չեմ պատասխանում, բայց հենց հասնում ենք գյուղ, տատիկիս ու պապիկիս տեսնելուն պես ամեն բան փոխվում է իմ մեջ, որովհետեւ շատ եմ սիրում նրանց: Նրանք մեղավոր չեն, որ ես չեմ սիրում գյուղը: Իսկ այ, երբ գնում ենք գյուղ մնալու, այլ ոչ թե հետ գալու նպատակով, վե~րջ, իմ և ծնողներիս մեջ սկսվում է երրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ հաղթող է դառնում մեծամասնություն կազմող կողմը, այսինքն, ծնողներս: Դե, էլ ինչ շարունակեմ, երևի ինձ հասկացողներ քչից-շատից կլինեն:
Ամանորից հետո կգրեմ, գուցե այս անգամ ամեն ինչ այլ կերպ լինի:

Երկու պատմություն միևնույն թեմայով

Լուսանկարը՝ Նինա Բաղոյանի

Լուսանկարը՝ Նինա Բաղոյանի

Հերթով ծնվում են օրերը, հերթով էլ հանգչում: Մարդկանց համար օրվա տևողությունը տարբեր է լինում, բնույթը նույնպես: Ոմանց համար այն երկար է, ոմանց համար կարճ, ոմանց համար հաճելի, իսկ ոմանց էլ` տհաճ: Ամեն մի օր նոր սկիզբ է, նոր հույզերի ու զգացմունքների ծնունդ, բայց իմ դեպքում մի փոքր ուրիշ է: Երբ օրը մռայլ է, ես էլ եմ նրանով վարակվում: Անկախ ինձանից իմ ունեցած տխուր պահերն եմ հիշում, արարքներն եմ հիշում, որոնք գործել եմ ու զղջացել: Զղջացել, ինքս ինձ մեղադրել,տանջել, նույնիսկ ժամանակը հետ տալու և կրկին սկսելու մասին մտորել, բայց ապարդյուն: Մռայլ է օրը, մռայլ եմ և ես, մռայլ է երկինքը, մռայլ են և իմ մտքերը:
Անկախ իմ կամքից այդ օրերին չեմ կարողանում ժպտալ, չեմ կարողանում սիրել, դժվարանում եմ շրջապատիս ուրախացնել և իրենց ուրախությամբ էլ ինքս ուրախանլ: Մռայլ օրերին ուզում եմ մեկուսանալ բոլորից, նույնիսկ ընտանիքիս անդամներից, մենակ մնալ, երաժշտություն լսել, թեյ խմել ու մտածել: Մտածել անցյալի, ներկայի ու սպասվող ապագայի մասին, կամ էլ այս ամենի փոխարեն ժամերով քնել:

Հռիփսիմե Բալոյան

***

Երբևիցե ինչ-որ մեկի մտքով անցե՞լ է, թե ի՞նչ է կյանքը… Ինչի՞ համար են մարդիկ լույս աշխարհ գալիս… Ինչի՞ համար է Աստված նման փորձությունների առաջ կանգնեցնում մարդկանց… Ի՞նչ անհրաժեշտություն կա տարբերակելու՝առանձնացնելու… Ինչո՞ւ է անձրև գալիս, երկինքը մռայլվում…
Ես միշտ փորձել եմ համեմատել եղանակը՝ մարդկանց, իրադարձությունները` բնավորությունների հետ: Անցկացրեցի կրկին անգամ համեմատական երեխայի ու եղանակի միջև: Արտահայտեցի իմ պատկերացումները ավելի պարզ, մատչելի ու իմ ներաշխարհը բնութագրող հասկանալի ձևով:
Նա ընդամենը փոքրիկ երեխա է, որը ուշադրություն է ուզում: Ձգտում է ավելիին, բայց չի կարողանում ընդունել ու հասկանալ, որ դա անհնար է: Նա նեղացել է մարդկանցից ու թափում է իր ներսում կուտակված դառնությունն ու զայրույթը: Բայց միևնույն ժամանակ նա այնքան դաժան չի վարվում «թույլ» էակների հետ: Ընդամենը կաթիլներ՝ թեթև ու առանց ցավի կաթիլներ:
Սիրում եմ անձրևը: Սիրում եմ նրա կաթիլների ապակիներին դիպչելուց առաջացող ձայները, ասես ինչ-որ երաժշտական գործիք նվագելուց լինի: Արթնանում ես նրա «գեղեցիկ ու հանգստացնող» ձայների տակ ու հասկանում, որ միջավայրդ մաքրվեց: Քո հերթն է արդեն հասել: Մաքրվիր մեղքերից: Մեղքեր, որոնք չես ընդունում ու հնարավոր է, որ նրանց գոյության մասին չգիտես էլ: Կյանքը անձրևի նման կգա սկզբից հանգիստ, հետո կամաց- կամաց կվարարի ու կհասնի իր գագաթնակետին: Երբ կհասնի իր ցանկացածին, «կմարի» ու կդադարի: Անձրև ու կյանք… Հասկանո՞ւմ եք նմանությունը… Խորհեք, ու ես վստահ եմ կգտնեք…

Մանե Սարգսյան