Ինեսա Սարգսյանի բոլոր հրապարակումները

inesa sargsyan

Խոզնավարի երեխաները

Էս տարի որոշվեց, որ ամառային հանգիստս պիտի գյուղում անցկացնեմ: Սյունիքի մարզ, Գորիսի գյուղերից մեկը՝ Խոզնավար: Դժվար լսած լինեք էդ գյուղի մասին՝ լրիվ աշխարհից կտրված տեղ է: Ես սկզբից, ինչպես գրեթե բոլոր դեռահասները, ասում էի. «Ինչի՞ս ա պետք: Քաղաքում ինձ համար հանգիստ ապրում եմ, էնտեղ ոչ մի հետաքրքրություն չկա»: Դե, առաջին շաբաթն էլ անհետաքրքիր անցավ…

Մի օր վերջապես դուրս եկա` գոնե խաղալու: Դուրսն էլ երեխեք կային: Մոտ մի ժամ խաղացինք, հետո հոգնած նստեցինք տներց մեկի քարերի դիմաց: Ու եկան… Ովքե՞ր: Կովերը… Չէ, իրենցից չեմ վախենում, իսկ այ ցուլը… Սա ուրիշ թեմա է… Ու, չգիտես` ինչու, ցուլը հենց դեպի ինձ եկավ: Չմտածեցի մի կողմ քաշվելու մասին, որովհետև այդ ամենը շատ արագ ստացվեց: Մինչև պաշտպանվելս մի փոքրիկ հովիվ կանգնեց իմ ու ցլի մեջտեղում: Դե, ցուլն էլ միանգամից մի կողմ շրջվեց:

Հովիվը՝ Ալենը, ընդամենը 8 տարեկան երեխա է: Հասկացա, որ գյուղի երեխաները մի տեսակ ուրիշ են, իրենք վախ չունեն ոչ մի բանից… Դե ես էլ Ալենին ասացի, որ գոնե մեզ հետ մի քիչ մնա, հետո կգնա:

Հովիվը պատասխանեց.

-Է՜, քինում եմ, հազար հատ գործ օնիմ:

Հազար հատ գո՞րծ: Քաղաքում 16 տարեկանների մեծամասնությունն է պարապ, իսկ այս 8 տարեկան երեխան հազար հատ գործ ունի… Ժամանակ չունի խաղալու… Ու ինքը դա որպես ծանր բեռ չի ընդունում, գիտի, որ այդ գործերը իր համար է անում:

Այդ օրվանից այնպես եմ այս գյուղը սիրում, որ նույնիսկ գնալ չեմ ուզում: Երեխաներն այնքան ազնիվ ու լավն են, որ տխրում եմ՝ Աբովյանում էսպիսինները շա՜տ քիչ են:

Սիրեցի Խոզնավարն իր բնակիչներով, բարբառով ու մաքուր օդով, հա, մեկ էլ, աշխատասեր մարդկանցով: Բոլորն են էստեղ աշխատում… Բոլորը: Մեջների «թամբալը» ես եմ: