Երրորդ մրցանակ
Գրեթե ամեն օր առնչվում էի այս արտահայտություններին. «Մի՞թե իրավունք չունեմ», «Իմ իրավունքն է», «Դրա իրավունքը ես ունեմ»: Լսում և օգտագործում էի «իրավունք» բառը, բայց դրա բուն իմաստը չէի հասկանում, մինչև 8-րդ դասարանը, երբ սկսեցի ուսումնասիրել «Հասարակագիտություն» առարկան: Ինձ հետաքրքրեց հատկապես երեխայի իրավունքների մասին դասը, որտեղ կային երեխայի թե՛ կրթության, թե՛ կյանքի, թե՛ սոցիալապես ապահով ապրելու, թե՛ հանգստի մասին իրավունքներ: Շատ իդեալական էր ներկայացված ամեն ինչ: Կարծես հեքիաթային մի երկրում լինեի:
Սովորություն ունեմ ընկեր-ընկերուհիներիս հետ երեկոյան ժամերին դրսում զբոսնելու: Եվ շատ հաճախ աղբարկղերի մոտով անցնելիս հանդիպել եմ անապահով ընտանիքների երեխաների, որոնք աղբամաններում ինչ-որ բան են փնտրում (երևի՝ ուտելիք): Եվ ակամա հարց է ծագել մտքումս. ո՞ւր են այն դրույթները՝ գեղեցիկ ու ճոխ լեզվով շարադրված, որոնք վերաբերում են երեխաների՝ սոցիալապես ապահով ապրելուն: Ո՞ւր են այդ օրենքներն իրականացնողները, երբ մանկահասակ երեխան մուրացկանություն է անում՝ իր համար մի կտոր հաց հայթայթելու, կամ ծնողների սպառնալիքներից վախեցած՝ ծխախոտ ու խմիչք գնելու համար:
Ամառային արձակուրդը մոտենում էր: Տանը նստած զրուցում էի մայրիկիս հետ ու մի քիչ տրտնջում, որ հանգիստս չեմ կարողանում անցկացնել ճամբարում, առողջարանային մի վայրում: Եվ հանկարծ դռան մի անվստահ թակոց լսեցի: Մոտեցա, բացեցի… Մինչև հիմա էլ աչքերիցս չի հեռանում այդ տեսարանը, հիշելիս էլ՝ արցունքներս հազիվ եմ զսպում:
Մի երեխա էր կանգնած դռան հետևում՝ ամառային փոշուց, կամ գուցե ամիսների կեղտոտությունից գզգզված մազերով, հնամաշ ու պատառոտված շորերով, թուխ, արևից խանձված դեմքով: Ես քարացած կանգնել էի. չգիտեի անելիքս: Նա էլ ապշած ինձ էր նայում՝ երևի զարմացած իմ ռեակցիայից: Հետո մայրս մոտեցավ, ու էլ չեմ հիշում, թե ինչ արեց:
Ես մտովի գնացել էի իմ հասարակագիտության դասագրքի «Երեխաների իրավունքները» բաժինը: Հիշում էի, թե ինչպես էի ոգևորվել այդ իրավունքներին լիարժեքորեն ծանոթանալուց, թե ինչպես էի ուրախացել, երբ կարդում էի հետևյալ տողերը. «Պետությունը հոգ է տանում անապահով ընտանիքների երեխաների սննդի, հագուստի, անվճար բուժօգնության և կրթության, հանգստի համար»: Ու էլի ինչ-որ նման բաներ: Ինչքա՜ն անարժեք բառեր, երբ դառն իրականությունն ուղղակի կանգնել է դռանդ առջև: Արդյո՞ք այս երեխայի կյանքում իրավունքների մի ողջ բույլ չէր ոտնահարված:
Հետո իմացա (մայրս էր հարցուփորձ արել), որ երեխային իր մայրն էր ստիպել մուրացկանությամբ զբաղվել: Այստեղ էլ էր խախտվել նրա մեկ այլ՝ պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը:
Երբ սթափվեցի, զգացի մի քնքուշ ջերմություն. մայրս գրկել էր ինձ ու ամուր սեղմել կրծքին: Ի՜նչ լավ է, որ իմ հանգստի իրավունքն է խախտված միայն…
Անահիտ Մկրտչյան, 14տ., Կոտայքի մարզ, Հրազդանի թիվ 8 հիմն. դպրոց