anahit mkrtchyan

Ֆուտբոլ, նույնն է, թե՝ կյանք

Ֆուտբոլն իմ տարերքն է: Դրա հետ կապված ամեն բան ինձ հետաքրքրում է: Ունեմ նախընտրած թիմ՝ Ռեալ Մադրիդը, որի բոլոր խաղերին հետևում եմ:

Ամռանը ընկերներս շատ հաճախ էին վիճում ինձ հետ, քանի որ գրեթե դուրս չէի իջնում և ժամանակ չէի տրամադրում իրենց, այլ տանը նստած՝ Եվրոպայի առաջնությանն էի հետևում: Նրանք հաճախ էին ինձ ասում.

-Անահի՜տ, լավ, վերջացրու՜: Ի՞նչ ես ժամանակդ զուր վատնում: Ֆուտբոլը հիմարություն է, ուղղակի 22 հոգի վազում են մի գնդակի հետևից:

Իսկ իմ ընկերուհին՝ Լիլիթը, հոգուս հետ խաղալու համար ասում էր.

-Ռեալ Մադրիդը ուղղակի խաղալ չգիտի, իսկ այդ տգեղ ֆուտբոլիստները…

Տանն էլ ինձ հանգիստ չեն տալիս: Հաճախ երեկոները, երբ բազմոցին նստած՝ վայելում եմ սիրածս թիմի հաղթանակները կամ հազվադեպ պարտությունից արտասվում, մայրս բարկացած ասում է.

-Վե՛ր կաց, գնա քնի՛ր, Անահի՛տ: Առավոտյան դասի ես:

Նա նաև բարկանում է, որովհետև իմ սենյակի պատերը զարդարում են Ռեալ Մադրիդի պաստառները:

Բոլորի այն հարցին, թե ինչու եմ սիրում Ռեալ Մադրիդը, չեմ զլանա և մեկ անգամ էլ կպատասխանեմ.

-Ռեալ Մադրիդն իսկական խաղ է ցուցադրում, որից հոգեկան մեծ բավարարվածություն եմ ստանում: Այնտեղ կա պայքար, ինչպես և կյանքում, կան արցունքներ, հիասթափություն, անակնկալներ, հաղթանակ և ուրախություն: