mariam papoyan

Feedback դպրոցին

Հայաստանում հանրակրթական դպրոցների ու ընդհանրապես կրթական համակարգի խնդիրներին շատերն են բախվել, քննարկել դրանք, խոսել, բարձրաձայնել։ Ես 11 տարի սովորել եմ ու դեռ մեկ տարի էլ պիտի սովորեմ ավագ դպրոցում։ Խնդիրների մասին խոսելու եմ մաքսիմալ կոնկրետ ու ոչ օբյեկտիվորեն, որովհետև ես աշակերտ եմ, որ հիմա պիտի անցնի իր 11 տարիների վրայով։ Նման դեպքում օբյետիվություն պահելը, հավատացեք, դժվար է։ Նյութի միակ օբյեկտիվ ու ոչ կողմնապահ կողմը դրա՝ հասակակիցներիս շրջանում նույնպես տարածված լինելու համոզվածությունս է։

Մինչ տարբեր հարթակներից երկար տեքստեր էին հնչում, ես ամեն տարի ավելի էի հեռանում դպրոցից։ Այնքան, մինչև իմ ու դպրոցի կապը հասավ նվազագույնի։ Ես հասկացա, որ ինչ անում ենք դպրոցում (և ավելին) ես 99%-ով կարող եմ անել դպրոցից դուրս ինքնակրթության միջոցով։ Չէի կարող վերահսկել գործընթացը, որովհետև ես աշակերտ եմ, որ տոննաներով անգիր սովորելուն զուգահեռ ֆիզիկապես պատրաստ չէ մտածելու իր ու դպրոցի հոգեբանական կապի պահպանման մասին։

Սկսենք տարրական դասարանից։ 1-ինից 7-րդ դասարանում անցնում ենք կերպարվեստ, երաժշտություն, տեխնոլոգիա առարկաները։ Գնահատվում ենք։ Ուրեմն՝ տիեզերքում խնդիրը լուծելու հնարավորություն ունեցող որևէ մեկին չի հետաքրքրում, որ դու, օրինակ, ձայնային տվյալներ չունես, նկարելու ձիրք էլ, ասեղ բռնել չգիտես, նյարդայնանում ես թղթով աշխատելիս և այլն։ Դու ու Բախը դրա համար գնահատվում եք նույն չափորոշիչներով։ Դու ու Կլիմտը՝ նույնպես։ 20-25 հոգու առաջ դու երբեմն ստիպված ես լինելու կատարել Կոմիտաս, ու որևէ մեկին հոգեբանական ապրումներդ չեն հետաքրքրելու, որովհետև դու աշակերտ ես՝ օբյեկտ, որի գլխուղեղ ընդամենը անհրաժեշտ է 12 տարի ինչ-որ բան «խցկել»։ Ուրեմն՝ դպրոցական վեց տարիների սթրեսը երաշխավորված է։ Եթե այդ ամենին ավելանա նաև մայրենիի, հայրենագիտության կամ բնագիտության նկատմամբ ոչ համակրելի վերաբերմունքդ, ուրեմն՝ ի՞նչ ասեմ, կարող ես ընդհանրապես դպրոց չգնալ, դու ծույլ ես, ծայրահեղ վիճակում, անհույս։ Ութերորդ տարում հավանաբար կկորցնես հետաքրքրությունդ դպրոցի նկատմամբ, կրթություն ստանալու գործընթացը կդառնա բեռ, որ դրանից հետո ամեն տարի ավելի ծանր է թվալու։ Իններորդ դասարանում սեպտեմբերից մայիս քեզ հոգեբանորեն կպատրաստեն քննություններին։ Ամեն օր, ամեն ժամ ինչ-որ մեկը կվախենա, որ դու անգիրը կարող ես չհիշել։ Եթե հնարավորություն ունենան, ուղեղիդ մեջ 90 րոպեի համար օգտագործվող գիտելիք կդնեն, որովհետև կարևոր չէ ո՛չ քննությունից առաջ, ո՛չ դրանից հետո իմացածդ։ Մայիս ամսին դու գուրգուրանքի, սիրո, քնքշության, նրբության, կարոտի ելույթների մի ամբողջ տեղատարափ կլցնես քո և մնացածի ուղեղը ու կգնաս։ Ի դեպ՝ ըստ վիճակագրական տվյալների՝ մի ամիս հետո կարոտից ընկճախտը կայցելի քեզ։ Ամենակարևորը՝ դու դա կանես համարյա ստրուկի (կներես) նրբանկատությամբ ու բրնձի խանդավառությամբ։ Դու երբևէ չես շրջվի ու դասղեկիդ ասես՝ տիկին/պարոն, ես զոմբի՞ եմ, ինչո՞ւ չեմ կարող ասել այն, ինչ մտածում եմ, Դուք վախենո՞ւմ եք։ Ինը տարվա մեջ դու սովորում ես՝ ինչպես յուրաքանչյուր վերնագրով, թեմայով շարադրություն դարձնել բանակի ու հայրենիքի մասին, ինչպես հնարավորինս համոզիչ լացել, հպարտանալ դրանց մեջ։ Ի դեպ՝ քո փոխարեն կարող է լացել ու հպարտանալ հարևանի աղջիկը, բարեկամը, քույրդ, եղբայրդ, գրականության ծանոթ ուսուցիչ։ Ի՞նչ լայն հնարավորություններ են ընձեռված, չէ՞։ Դու, իհարկե, կարող ես այս անհավանական պայմաններից չօգտվել ու գրել ինչ մտածում ես։ Դասարանի ներկայությամբ կկարդաս, ուսուցիչդ մատյանը կլրացնի, հետո կկանչի դասարանի լավագույն պաթոսախեղդվածին, ու դու կհասկանաս, որ «անտաղանդ ես»։ Եթե ինը տարիների կուրսը տեղը տեղին յուրացրել ես, ուրեմն շնորհավորում եմ, դու կորցրել ես ինքզ քեզ հասկանալու, քեզ հետ անկեղծ լինելու, մտքերդ ձևակերպելու, ստեղծագործելու, պատկերացնել կարողանալու ու էլի լիքը պուպուշ բաների շանսեր, որովհետև ինը տարի քեզ փորձում էին դարձնել «արժանի հայ մարդ», «առաքինի քրիստոնյա», «գերազանցիկ», որի համար հերոսը պետք է լինի Արցախյան կամ Վարդանանց, հաղթանակը՝ պատերազմից հետո, գրած նամակը՝ զինվորին։ Չփորձես մտածել, որ քո հերոսը մուլտից է կամ ընդհանրապես չկա, հաղթանակդ անձնական է, նամակդ ուրիշ հասցեատեր ունի։

Ավագ դպրոցը քո փրկության միակ տարբերակն է։ Նույնն ու հնարավոր է ավելի վատը կկատարվի էնտեղ։ Դու էստեղ ավելի քան երբևէ անազատ ես, որովհետև տիեզերքից մեկը գցել-բռնել ու հասկացել է, որ եթե որևէ լեզու ես սովորում, ուրեմն բնագիտական որևէ առարկայի նկատմամբ հետաքրքրություն չպետք է ունենաս, ո՞նց է հնարավոր անգլերենով ֆիզիկա սովորել։ Ցնդե՞լ ես։ Նորից գլուխդ խցկվելու է անգիրների խուրձը։ Գրողը տանի քո գրական ճաշակը, դա բացարձակ անկարևոր է։ Բայց դու կունենաս երեք տարի ՝ մտածելու ու կոմայից նոր դուրս եկածի պես վերլուծել փորձելու նախորդ ինը։ Դու ունես բոլոր հուշումները, որ հասկանաս՝ ինքնուրույն լինելը կարևոր է, շարադրությունները միայն բանակի ու հայրենիքի մասին չեն, դու ունես ներաշխարհ, դու ունես անձնական դաշտ, կարծիք, կարող ես ստեղծագործել, երևակայել, ձայնային տվյալներ չունենալը, ասեղ չսիրելը, ձմերուկ սիրելը, տանձով հիանալը նորմալ են, մնացած կրոններն ուսումնասիրելը կարևոր է, չհավատալը՝ հնարավոր, Նոյի տապանը Արարատի վրա չի երևում, ազգությունը որևէ բան չի պայմանավորում, մարդիկ կարող են լինել քեզնից տարբեր ու չլինել հայ։

Մենք ունենք էս ամենը, որովհետև չունենք.

Աշակերտից սովորելու պատրաստակամություն ունեցող ուսուցիչների մեծամասնություն։

Բազմակողմանիորեն զարգացած, իրավագրագետ, մեդիագրագետ, անընդհատ ինքնազարգացող, նորությունների նկատմամբ բաց ուսուցիչների մեծամասնություն։

Աշակերտին ոչ միայն Հայաստանի կյանքին, այլև աշխարհին պատրաստող հանրակրթական դպրոց։

Անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտին։

Համակարգի բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ուշադրության կենտրոնացում դեպի աշակերտը։

Հասարակագիտական առարկաների նկատմամբ համակարգային կարևորության գիտակցում։

Ընտրության իրավունքը հարգելու պատրաստակամություն։

Ազատ մտածող մեծամասնություն կազմող ավագ սերնդի ներկայացուցիչներ։ Այո, տարիքային տարբերությունը մեծ նշանակություն ունի։ Երբեմն անտանելի դժվար է քեզնից 50 տարի մեծերի հետ շփումը, որոնք ունեն կարծրատիպային մտածողություն, հին պատկերացումներ, կյանքի մեծագույն մասն անցկացրել են սովետական միջավայրի սահմանափակ պայմաններում, որոնց համար դասավանդման նոր մեթոդը միայն սլայդն է։

Գիտակցում, որ ուսուցչի գիտելիք տալու գործառույթը այլևս կարևոր չէ, գնահատման համակարգը միայն ինքնաստուգման միտում պետք է ունենա, ստուգող, պատժող գործառույթ ուսուցիչը չունի։ Հիմա ուսուցիչն ունի գործառույթ՝ ուղղորդելու, օգնելու հասկանալ ստացած գիտելիքի կարևորությունն ու պիտանելիությունը. ոչ թե ի՞նչ խցկել, այլ ինչո՞ւ (ընդհանրապես չխցկել)։

Ազատություն հանրակրթական դպրոցում։

Հուսով եմ՝ նյութն ուսուցիչներ էլ կկարդան, չեն համաձայնի, կբանավիճենք։ Մենք հավասար հարթության վրա բանավեճերի կարիք էլ ունենք։ Մտածեք…

Feedback դպրոցին