Սահմանապահ մեղվապահը

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ես Վահանն եմ, Տավուշի մարզի սահմանապահ Կոթի գյուղից: Հաճախ եմ գրում տարբեր բաների  մասին, սակայն ուզում եմ այս նյութը տարբերակել մյուսներից, քանի որ սահմանապահ գյուղի մեղվապահի մասին է: Հորեղբայրս՝ Ավետիքը, մեղվապահ է: Արդեն մոտ 15 տարի հորեղբայրս զբաղվում է մեղվաբուծությամբ, և այսքան տարիների ընթացքում եղել է, որ մեղրի քանակությունը այնքան շատ է եղել, որ չենք կարողացել ամբողջությամբ վաճառել, և հակառակը, երբեմն մեզ անգամ չի բավականացրել:

Հորեբայրս մեծ սիրով է աշխատում մեղուների հետ: Երբ գնում է մեղուներին հետևելու՝ փեթակները բացելու, նայելու, թե ինչ վիճակում են գտնվում մեղրամոմերը, ես հաճախ եմ ներկա գտնվում և իմ չնչին գիտելիքներով, որ ունեմ մեղուների մասին, սկսում եմ իրեն օգնել:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Շատ է լինում, որ մեղուներին այցելության ժամանակ չենք հագնում մեղվապահի համար նախատեսված անհրաժեշտ հանդերձանքը, քանի որ մեղուները կարծես իրենց տիրոջը ճանաչում են և չեն խայթում: Հետներս վերցնում ենք միայն ծուխ անելու գործիքը: Շատերն այդ գործիքի մեջ փայտ են վառում և այդ ծուխն են փչում, իսկ մենք չորացրած աթարն ենք վառում և այդ աթարի ծուխն ենք փչում: Մոտ 40 մեղվաընտանիք ունենք, սակայն միշտ աշանան կողմերը այդ 40 մեղվաընտանիքներից մոտավորապես 30 մեղվաընտանիք ոչնչանում է: Հորեղբայրս չի հուսահատվում և, ամեն տարի նորից մեղուներ գնելով, փորձում է բազմացնել մեղվաընտանիքները: Մեղվաընտանիքների ոչնչանալու հիմնական պատճառը բնակլիմայական պայմաններն են, երբ մեղուների բնական սննդի աղբյուր հանդիսացող նեկտար ձևավորող ծաղիկները քիչ են նեկտար արտադրում: Եղել են դեպքեր, որ ամեն փեթակից մոտ 15 կգ մեղր ենք ստացել, որը համարվում է շատ բարձր ցուցանիշ: Իսկ անցյալ տարի մեղր գրեթե չի եղել, որովհետև ամռան առաջին կեսը խոնավ էր, երկրորդ կեսը՝ խիստ շոգ:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Սեպտեմբերի կողմերն էր, որ մեղուների մեծ մասը կոտորվեցին. ուժեղ մեղուները հարձակվեցին թույլերի վրա, և նրանց քանակը մեծապես կրճատվեց: Ողջ հանրապետությունում դա համատարած է լինում:
Մեղուները շատ հետաքրքիր արարածներ են: Ամեն փեթակ ունենում է իր զինվորները: Այսինքն՝ զինվորները փեթակի ներսի կողմում հսկում են ողջ մեղվաընտանիքի անվտանգությունը, և եթե ուրիշ փեթակից մեղու է ուզում մտնի այդ մեղվաընտանիք, «անվտանգության աշխատակից» հանդիսացող մեղուները դուրս են շպրտում օտար մեղվին:

Շատ է եղել, որ ջրի մեջ, այսպես ասած, խեղդվող մեղու եմ տեսել, բայց երբ էլ տեսել եմ, առանց վախենալու, որ ինձ այդ մեղուն կխայթի, դուրս եմ բերել ջրից: Յուրաքանչյուր մեղու էլ թանկ է, որովհետև բացի այն, որ ամեն մեղվի սատկելուց մեղվաընտանիքը մեկով նվազում է, նաև ամեն մեղվի համար գյուղացին գումար է ծախսում:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Իմ ամենասիրած գործը փեթակների վրա վերնահարկեր դնելը և ստացված մեղրը քամելն է: Ինչքանով որ արդեն հորեղբորիցս սովորել եմ մեղվապահի գործը, ուզում եմ վերնահարկ դնելու գործնթացը բացատրել, հետո նոր պատմել մեղր քամելու պրոցեսի մասին:

Ամբողջ աշխարհում ամենալավ արդյունք ստանալը համարվում է բազմահարկ փեթակը՝ երեք վերնահարկով: Մեր պայմաններում բավական է երկու վերնահարկը, հազվադեպ՝ երեքը: Որպեսզի մեղուներն արագ բարձրանան վերև, անհրաժեշտ է բնից երկու սերնդով մեղվահացեր բարձրացնել վերնահարկ, իսկ դրա փոխարեն դնել նոր երկու մեղրամոմ: 1-ին հարկի դասավորությունը պետք է լինի այսպիսին՝ կողքային մասում մեղրով և ծաղկափոշով մեղրահացեր, դրանցից հետո նոր փակ սերնդով  մեղրահացեր: Վերևի հարկում սերնդով մեղրահացեր նույնպես տեղադրվում է մեջտեղում, որոնց երկու կողմերում դրվում է մեղրահաց` ձվադրման համար, իսկ դրանց կողքին երկուական մեղրով մեղրահացեր: Այդպես դրանք և՛ քիչ են ցեցակալում, և՛ որ ամենակարևորն է, գարնանը մեղուներն ավելի լավ են յուրացնում: Իսկ երրորդ վերնահարկը տեղադրում ենք այն ժամանակ, երբ արդեն երկրորդ հարկի մեղվահացերն ամբողջությամբ օգտագործված են մեղուների կողմից, այսինքն՝ մոտավորապես 7 -8 մեղրահաց պատված է սերնդով:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Իսկ հիմա պատմեմ մեղր քամելու գործընթացի մասին: Ճիշտ է, արդեն նշել եմ, որ մեղուներին մոտենալուց ես և հորեղբայր մեղվապահի համար նախատեսված հանդերձանքը չենք հագնում, բայց արդեն այս պարագայում ստիպված հագնում ենք, քանի որ մեղրը քամելու համար փեթակներից մեղվահացերը վերցնելիս և նախատեսված վայր տեղափոխելիս, մեղուները կատաղում են և հարձակվում հորեղբորս և ինձ վրա: Քողը դրած մոտենում ենք փեթակներին: Նա բացում է փեթակը և սկսում է «ծուխ տալ» մեղուներին: Ծխի ազդեցության տակ մեղուները մի քանի րոպե չեն խայթում: Այդ ընթացքում մեղրի շրջանակները դնում ենք նախատեսված տուփի մեջ, և ես արագ տանում եմ մեր նկուղային հարկ, որտեղ որ պետք է մեղրը քամենք: Եղել են դեպքեր, որ մեղուները մեզ այդ ընթացքում խայթել են, բայց  դա բնական բան է: Եթե գործ ես ունենում մեղուների  հետ, պետք է նաև մի քանի անգամ խայթվես:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Մեղուն միակ կենդանին է, որը տիրոջը այդքան էլ լավ չի ճանաչում, և ծուխը միակ միջոցն է նրանց մի քանի րոպեով հանդարտեցնելու համար մինչև քաղցրահամ մեղրը քաշվի:

Մեղվաընտանիքի հիմքը  հանդիսանում է մայր մեղուն, որովհետև միայն նա է ընդունակ սերունդ տալու: Մենք մեղվի սերունդ տալու գործընթացն անվանում ենք «ձագ տալ»: Համարյա մի ամբողջ փեթակի մեղուներ դուրս են գալիս փեթակից և հեռանում են` մի ծառի ճյուղի վրա հավաքվելով: Այդ ժամանակ ինչքան էլ առանց հանդերձանքի մոտենաս իրենց, թեկուզ ձեռքդ մոտեցնես այդ ծառի ճյուղին, մեղուները չեն խայթում:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Մեկ օրվա ընթացքում, ինչպես հորեղբայրս է պատմել, մայր մեղուն կարող է մոտավորապես 2000 ձու տեղադրել: Մայր մեղուների պահանջը մեղվանոցում շատ մեծ է, որովհետև մեղվաընտանիքի ուժը և որակը կախված է միայն մայր մեղվից:

Սահմանային գյուղերում անասնապահությունը գնալով դժվարանում է, որովհետև սահմանի հատման խնդիրներ և անվտանգության հարց է առաջանում: Իսկ մեղվապահությամբ զբաղվելը ոչ մի վտանգ չի սպառնում ի տարբերություն այգեգործության ու անասնապահության, երբ ստիպված են ադրբեջանցու դիրքերի կրակոցի տակ աշխատել, մեղուն սահման չի ճանաչում: Սահմանապահ գյուղում մեղուները կասեցնում են արտագաղթը, ասեմ թե ինչու եմ այդպես ասում, որովհետև աշխատասեր մեղուներ + աշխատասեր գյուղացի = արտագաղթի կասեցում:

Ես այսպես երկար ու կարոտով պատմեցի մեղվաբուծության մասին, քանի որ շուտով մեղուները սկսելու են իրենց անխոնջ աշխատանքը: