Նանե Դավթյանի բոլոր հրապարակումները

nane davtyan

Երազել կարող են բոլորը

Ես չեմ պատկերացնում մի մարդու, ով երբեք չի երազել ինչ–որ բանի մասին: Երազելու համար միայն պետք է փակվես սենյակում, և ամեն ինչ պատրաստ է: Երազել կարող են բոլորը, բայց պետք է երազանքներդ դարձնես իրականություն, եթե քո երազի մեջ հեքիաթի հերոսուհի կամ այլմոլորակային չես:

Մայրս ասում է, որ ես փոքր տարիքում երազել եմ ունենալ սեփական ինքնաթիռ: Դե, դա մի քիչ անհավանական է, բայց անհնարին ոչինչ չկա: Հիմա էլ աստղադիտակ եմ ուզում ու մի մեծ տանիք (աստղերը դիտելու համար): Շատ եմ սիրում երկինքը՝ հատկապես մայրամուտին:

Գուցե մի օր իմ սեփական ինքնաթիռով կթռչեմ հեռուներ, կամ էլ կդառնամ աստղագետ: Դե սա էլ երազանքներիս հերթական պոռթկումն էր, որ ուզեցի հանձնել թղթին:

Բայց անկախ ամեն ինչից, մի դադարեք երազել…

nane davtyan

Իմ մանկության ուղեկիցները

Մի տեսակ հիշողության շունչ եմ զգում, չգիտեմ՝ ինչո՞ւ, ումի՞ց, բայց զգում եմ: Հիմա էլ խաղալիքներս եմ հիշել, որ մայրս գաղտնի տանում ու նետում էր թաղամասին մոտիկ ձորը, ու երբ խաղալիքներս չէի գտնում, վազում էի ձորը՝ խաղալիքներիս տոպրակը փնտրելու: Գնում էի` ինքս իմ մեջ նրանց խնդրելով, որ մի քիչ էլ դիմանան, մինչև հասնեմ: 

Անվախ մարտիկի նման իջնում էի, փնտրում ու հետ բերում, մորս պատկերացումներով, տան երեսին շաղ տված «զիբիլներին»՝ իմ բարեկամներին: Տոպրակից հանում էի շնչհեղձ եղած ընկերներիս, լողացնում, տուն տանում: Հետո նստեցնում էի իրենց տեղերում: Տիկնիկներով չէի խաղում, պարզապես պիտի նրանց իրենց տեղերում նստած տեսնեի: Սիրում էի ամեն բան իր տեղում լինի…

Հիշում եմ նաև մեր բակի ավազե թումբը, որը ինձ հնարավորություն էր տալիս զարկ տալ երևակայությանս և սարքել ամենաանհավանական մեծ ու սիրուն տնակը՝ մեծ պատշգամբով, աստիճաններով ու քարե մարդկանցով: Հիշում եմ մայրիկիս դժգոհ դեմքը, երբ տեսնում էր իր ավազացեխոտ, մազերը աչքերին ընկած, թափթփված շրջազգեստով ու ճարտարապետի հպարտ հայացքով աղջկան:

Հիմա արդեն չեմ խաղում ո՛չ տիկնիկներով, ո՛չ էլ տնակներ պատրաստում, բայց ամեն անգամ, երբ աչքս ընկնում է պատուհանագոգին նստած տիկնիկներին, մանկությունս կինոժապավենի նման անցնում է աչքերիս առաջով, ես լուռ ժպտում եմ…