Ասպրամ Փարսադանյանի բոլոր հրապարակումները

Aspram Parsadanyan

Ցոլակ պապն ու Նախշուն տատը

Առավոտյան ժամը վեցն էր,  արևը իր շողերից մի քանիսն ի ցույց էր դրել հանրությանը:  Գյուղում ամենից վաղ արթնանում էր Ցոլակ պապը: Տարեց այս մարդն այնքան ուժ ու եռանդ ուներ, որ գուցե գյուղի երիտասարդ տղաներից շատերը չունենային: Ցոլակ պապն ապրում էր կնոջ՝ Նախշունի հետ, և, իսկապես, այդ կինը մի նախշն էր Ցոլակի ապրած դաժան կյանքի:  Արթնանալուն պես Ցոլակը լվանում էր ձեռքերը, երեսը և երբեմն ջրով շփում էր արևից մգացած վիզն ու արմունկները: Հետո նստում էր տան առջևի մեծ թթենու տակ դրված նստարանին, հանում չիբուխը, վառում և սկսում ծխել, սակայն ծեր թոքերն արդեն չէին դիմանում. սկսվում էր հազը: Շատ հաճախ, երբ Նախշունը դիտողություն էր անում նրան, Ցոլակը պատասխանում էր, որ երբեք չի սիրել էդ անտերը, բայց վշտերը խորտակելու համար ծխում էր (իբր ծխախոտը թեթևացնում է սրտի ցավերը):

Նախշունն արթնանում էր ամուսնու հազից և շատ հաճախ բացում էր պատուհանն ու նախատում նրան.

-Զահրումար: Քանի ասեմ` թարգի էդ անտերը: Համ տենում ես վնաս ա, համ սաղ օրը փըստ, հա փըստ, -մատները բերանին մոտեցնելով ու կեղծ հազալով՝ կրկնօրինակում էր ամուսնուն:  Փոքրիկ վեճից հետո Նախշունն իջնում էր բակ, ձեռքին՝ սուրճով լի բաժակները և մի կտոր էլ իր պատրաստած մրգային լավաշից (դե փորձելու համար):

Այս ընտանիքը կարելի էր առանձնացնել գյուղի այլ ընտանիքներց: Այս տարեց ամուսինների երջանիկ սիրո, բայց դժբախտ ամուսնության մասին գիտեին բոլորը: Ցոլակը յոթանասունն անց ծերուկ էր, իսկ Նախշունը վաթսունհինգ տարեկան էր: Եթե փորձեմ նկարագրել Ցոլակին, պետք է ասեմ, որ նրա դեմքին նայելիս դիմացինին գրավում էին մանրիկ կանաչ աչքերը, որոնք հոգատար հայացքով նայում էին քեզ, իսկ երբ ժպտում էր, աչքերը կորչում էին ակնափոսերում: Ուներ հաստ ու խառը հոնքեր, որոնք սանրում էր միայն այն ժամանակ, երբ որևէ տեղ պետք է գնար, կամ էլ պետք է դուրս գար գյուղամեջ: Ուներ սպիտակ բեղեր, որոնք ամենից շատն էր խնամում:

Նախշունն ավելի երիտասարդ էր երևում: Ուներ վարդագույն, հաստ շուրթեր, սպիտակ մազերի արանքից երևում էին դեռ չսպիտակած մի քանի մազահատիկ: Եթե նայեիր նրա՝ երիտասարդ տարիների լուսանկարները, վստահ կասեիր, որ ճակատագիրը լիովին փոխել էր նրա արտաքինը: Նախշունը, իրեն հայելու մեջ նայելիս, հաճախ հոգոց էր հանում ու քթի տակ փնթփնթում.

-Ա՜խ տարիներ, տարաք գեղեցկությունս, երիտասարդությունս:

Ցոլակն ու Նախշունը իրար ճանաչում էին մանկուց. նրանց ծնողները հարևաններ էին եղել: Մի անգամ Նախշունը կորել էր դիմացի անտառում, նրան գտել էր Ցոլակը: Օգտվելով հարմար առիթից՝ Ցոլակը ասել էր նրան իր սիրո մասին, սակայն լավության դիմաց մատղաշ աղջկանից մի կոշտ ապտակ էր ստացել: Հիմա, երբ վիճում են, Ցոլակը երեսով է տալիս.

-Պետք ա թողնեի հանդ ու չոլում գելերի բաժին դառնայիր,- ու ձեռքը քսելով այտին՝ ավելացնում է,- ա՜խ, էս ոնց է մրմռում:

Դրանից հետո սկսում են ծիծաղել, հիշել անցյալն ու մոռանում են վեճն էլ, վեճի պատճառն էլ, բայց երբ հիշողությունների անիվը գլորվելով հասնում է ամուսնական կյանքին, նրանց դեմքի ժպիտը սառչում է, կորչում վշտերի ծովում: Նախշունը քսան տարեկան էր, երբ հագավ հարսի ճերմակ զգեստը, սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց: Նախշունը չկարողացավ զավակ պարգևել իր սիրելիին: Դա պատճառ դարձավ սկեսուրի և տանը մնացած տալի անվերջ վիրավորանքների: Առավոտից մինչ երեկո խոսում ու քննարկում էին այդ թեման՝ հաշվի չառնելով անգամ նրա ներկայությունը: Նրան տանը բանի տեղ չէին դնում, միայն Ցոլակն էր անկեղծ սիրում ու հարգում կնոջը: Նախշունը ամուսնու և իր սիրո համար կուլ էր տալիս այդ ամենը: Սկեսուրը նրան դիմում էր այն ժամանակ, երբ նկատողություն էր անելու կամ պետք է հրամայեր հավաքել իր կամ աղջկա կեղտոտածը: Ոչ մի ականջ չէր լսել, որ տիկին Հեղնարը նրան անունով դիմեր: «Չբեր» կամ «աղջի»՝ այս բառերով էր նա դիմում իր հարսին: Չար լեզուներն ասում էին, որ Ցոլակի հայրը հենց կնոջ դարդից էլ մահացավ: Ասում են՝ նա շատ էր հայհոյում իրենց տատերին, որ տարիներ առաջ, դեռ բարուրում երեխաներին ամուսիններ էին կնքել (այդ սովորույթը կոչում էին «բաշիքյարթմա»):

Կեսօր էր: Հուլիսյան արևը սպառնում էր խանձել ու չորացնել ամեն ինչ: Նախշունը վաղուց էր արթնացել ու քանի որ առավոտյան խոսք էր տվել ամուսնուն հարիսա եփել, նստած մաքրում էր ձավարը, երբեմն էլ փեշով մաքրում էր ճակատի քրտինքը: Հանկարծ դրմփոցով բացվեց տան դուռը. կարելի էր եզրակացնել, որ եկողը ոտքով բացեց այն: Ներս մտավ մի տղա, ով իր մկանոտ ձեռքերով գրկել էր Ցոլակի որովայնը:

-Վա՜յ քոռանամ ես, բեր, բեր, Աշոտ ջան, թախտին պառկացրու: Էս ի՞նչ ա էլել, Աշոտ ջան:

-Գիդեմ ոչ, Նախշուն մոքիր, ասի` գամ քեռի Ցոլակին ձեն տամ, որ մի քիչ դինջանանք, տենամ վեր ընգած ա:

-Ապրես, մատաղ, ապրես: Ցոլակ ջան ո՞նց ես, հլա խոսի, մատաղ,- նրա հարցերի պատասխանն էր դառնում` «վա՜յ , վա՜յ»:

Անցան օրեր, նույն թախտին պառկած էր Ցոլակը, կողքին՝ Նախշունը, ով քրտնքի փոխարեն սրբում էր արցունքները: Գյուղի բժիշկը ասել էր, որ Ցոլակին քիչ ժամանակ է մնում ապրելու:

-Նախշու՜ն:

-Հա ջան, ասա, Ցոլակ ջան ,- ամուսնու վրա թեքվելով՝ պատասխանեց Նախշունը:

-Դու գիդես, որ ես ձևական բաներ չեմ սիրըմ, գիդեմ, որ մեռնում եմ: Դարդս դու ես, Նախշուն ջան, քեզ ո՞ւմ եմ թողելու: Պետք ա թողել էի` գելերը քեզ կերել էին, որ հըմի սրտիս դարդ չլեիր: Դու իմ համար շատ բան ես կուլ տվել. որ մեռնեմ, շատ չլացես, էն վախտ էլ էի ասում, հըմի էլ եմ ասում: Երբ որ մի տեղդ ցավում ա, մի լացի, մատաղ ըլնեմ, սեղմի ատամներդ ու պայքարի, դու չպտի հանձնվես:

Վերջին բառերը մի կերպ դուրս թռան նրա բերանից: Ոչ ոք դեռ այդ մարդու աչքերին արցունքի կաթիլ չէր տեսել: Ցոլակը հաճախ էր ասում. «Այ կնիկ, դու լացում ես՝ հանգստանում, իսկ իմ արցունքները ներս են գնում, ու կամ դեմքիս նոր կնճիռ ա ավելանում, կամ էլ գլխիս՝ սպիտակ մազ»: Այս օրը այն միակ օրն էր, որ ճակատագիրն իր վշտի անդունդն էր նետել այդ ալեհեր ծերուկին, այն օրն էր, որ մեկը պետք է տեսներ նրա արցունքները, որը չէր դառնալու ոչ կնճիռ, ոչ էլ նոր մազահատիկ էր սպիտակեցնելու:

Նա անթարթ հայացքով նայում էր մրոտ առաստաղին, երբ այդքան տարի սրտում կուտակած արցունքները սկսեցին թափվել աչքերից: Վերջին հատիկը սառավ դեմքին, սառավ նաև մարմինը:

Անցավ մեկ տարի: Նախշունը ամուսնու մահից հետո ծերացել, մի բուռ էր դարձել: Անգույն,  մենակ ու մռայլ էին դարձել նրա օրերը: Նրանց կրակին էլ երբեք չեփվեց ավանդական հարիսան:  Խավար գիշերը այդ խրճիթում ոչ մի ճրագ չէր վառում, լույսի շող չկար: Գյուղի գերեզմանատանը հավերժական դրկիցները գրկել էին իրար և կատակում էին անցած-գնացած օրերի մասին, բայց երբ հերթը հասնում էր ամուսնական կյանքին, լռում էին, և Ցոլակը սփոփում էր կնոջը. »Սեղմիր ատամներդ ու պայքարիր»:

Լռությունն ու խավարը կուլ էին տալիս Նախշունի թափած արցունքներն ու Ցոլակի վշտերը:

Aspram Parsadanyan

Երբ է գյուղը լքվում

Գարնանային լուսավոր օրերից մեկն էր: Ցուրտ ձմեռը սկսել էր զիջել իր տեղը արևաբույր գարնանը: Գարնան կախարդական վրձինն իր երփնավառ ներկապնակով սկսել էր գունավորել Բերդավան գյուղի բնությունը:

Օրն այնքան տաք ու հաճելի էր, որ որոշեցի  դուրս գալ տանից, նստել բակի նստարանին ու կարդալ: Չգիտեմ՝ շատ էի կարդացել, թե քիչ, երբ ինձ գրքից ու իմ մտքերից  կտրեց մի ծանոթ ձայն:  Դա ամենամոտ ընկերներիցս մեկի՝ Նարեկի ձայնն էր: Նա ժպիտը դեմքին մոտեցավ ինձ ու ասաց.
-Գալիս ե՞ս մանուշակ քաղելու:
Ես մերժել չկարողացա: Տան  դարպասների մոտ մեզ սպասում էին մեր ընկերներից մի քանիսը ևս: Մեր խումբը առաջ էր գնում երգելով, աղմուկ-աղաղակով, բարձր ծիծաղելով: Մենք որոշեցինք  թիմի ավագ դնել Նարեկին:  Նա բոլորիցս մեծ էր և ավելի խելացի էր, քան մենք: Ճանապարհին մենք հիշում էինք  հին պատմություններ, ուրախ դեպքեր: Ճանապարհը մեզ կարճ թվաց:  Մենք հասանք մանուշակի  թմբերին, ի զարմանս մեզ՝ դրանց մեջ դեռ կային ձնծաղիկների հատիկներ: Երբ ծաղիկներից գեղեցիկ փնջերը պատրաստ էին, ընկերներիցս մեկը գոռաց.
-Հեյ՜, բերդի գլխի դրոշն ընկել է:
Մյուս ընկերս ցատկեց նստած տեղից ու խոժոռելով դեմքն ասաց.
-Վե’ր կացեք, գնում ենք դրոշը տեղը դնելու: Մեր դրոշը չպետք է գետնին մնա:
Մենք շատ էինք հոգնել, մի կերպ ալարելով ոտքի կանգնեցինք ու սկսեցինք առաջ շարժվել:
Մի քանի  մետր հազիվ էին քայլել (մեր և բերդի միջև եղած հեռավորությունը հարյուր մետր չկար), երբ մեր խմբի ավագն ասաց.
-Կուզե՞ք պատմեմ ձեզ մեր բերդի պատմությունը:
-Այո, իհարկե,- միաձայն ասացինք մենք:
-Մեր բերդը կոչվում է Ղալինջաքար,- սկսեց պատմել Նարեկը,- Այն կառուցվել է տասներեքերորդ դարում: Այդ ժամանակ մեր գյուղը եղել է հենց բերդի  մոտ և կոչվել է  Թխաձոր: Գյուղացիները կառուցել են բերդը, որպեսզի պաշտպանվեն թշնամուց: Բերդի կառուցման մասին կա այսպիսի մի ավանդազրույց: Ասում են՝ մարդիկ  երկար ժամանակ փորձում էին կառուցել Ղալինջաքարը, սակայն, երբ քարերի հարկերն ավելանում էին, պատն առանց որևէ պատճառի փլվում էր: Եվ մի անգամ, երբ շինարարները հոգնել էին այդ կախարդանքից, գյուղի իմաստուններից մեկն ասում է.
-Պատի մեջ, շաղախի հետ մի նորածնի բարուր դրեք, դրանից հետո պատն ամուր կմնա:
Ասում են, որ շինարարները հենց այդպես էլ անում են, իսկ նորածնի մայրը խելագարվում է:
-Օ՜յ , ի՜նչ դաժան է,- ասաց ընկերուհիս, երբ մեր ավագը վերջացրեց իր պատմությունը:
-Վերջ տուր, դա ընդամենը  պատմություն է, ով գիտի՝ ճիշտ է, թե սխալ,- ծիծաղելով ասաց մեր խմբի ամենափոքր անդամը:
-Բա հետո՞, ինչո՞ւ մեր գյուղը հիմա այստեղ չէ:
-Որովհետև  այստեղ ջուր չկար, և մարդիկ իջան ավելի ցածր վայր, որտեղ գետ կար (գետը կոչվում է Կողբ) : Բացի այդ, այս տարածքն ավելի մոտ է սահմանին:
-Նարեկ, իսկ ի՞նչ է նշանակում Ղալինջաքար,- հարցրեց ընկերուհիս:
-Դե՜,  եթե անկեղծ լինեմ, իրական բացատրությունը չգիտեմ, բայց, եթե բառը բաժանենք մասերի, կստացվի՝ ղալին, որը մեր բարբառով նշանակում է շատ, առատ, հորդ, և քար: Այսինքն՝ շատ ու ամուր քարեր ունեցող: Հա՜, մոռացա նշել, որ մեր գյուղը կոչվում է նաև Ղալաչա, որը թուրքերենից թարգմանած նշանակում է` պղտոր ջուր:
Շուտով հասանք բերդին: Տղաները բարձրացան  բերդի գլուխը՝ դրոշը դնելու: Տղաներն իջնում էին, երբ սկսեցին կրակել. երևի  թշնամիները նկատել էին նրանց: Մենք մի քանի  րոպե մնացինք պառկած մինչև կրակոցները  դադարեցին: Մենք շատ էինք  վախեցել: Ջուր խմելուց և վախներս թոթափելուց հետո նստեցինք կանաչ խոտին ու սկսեցինք զրուցել: Ընկերուհիս ասաց.
-Երանի՜ աշխարհում խաղաղություն լինի ու կրակոցներ չլսվեն:
-Մարդիկ սովոր չեն խաղաղ կյանքին: Մարդկության ծննդից ի վեր կռվում են: Ավելի լավ է` հնարավոր բաներ ուզիր, – քմծիծաղով ասաց Նարեկը:
-Օրինակ` ի՞նչ:
-Օրինակ՝ ես կուզենայի, որ մի բարեգործ գար ու փոխեր գյուղի կյանքը:
-Այսի՞նքն:
-Այսինքն երեխաների համար այգի սարքեր, մեծերի համար՝ խաղասրահ, դպրոցը վերանորոգեր, ու, վերջապես, գյուղում ապաստարան կառուցվեր:
-Բայց քո ասածներն էլ իրական չեն, – քթիս տակ ասացի ես:
-Իրոք որ, գյուղում շատ խնդիրներ կան:

Հետ էինք վերադառնում, երբ մեր «ղեկավարը» մեզ պատմեց ավերված ժամի ու մի քանի խաղաքարերի մասին:
-Նայեցե՛ք օրինակ՝ այս խաչքարից միայն մեզ մոտ կա. հազվադեպ հանդիպող հարստություն է: Լսել եմ, որ նման խաչքարեր եղել են միայն Արևմտյան Հայաստանում, որոնք բարբարոսները ավերել են:

Խաչքարերի մեջ կան նաև տապանաքարեր: Մենք գտանք մեր նախնիներից մի քանիսի գերեզմանները: Երբ վերջացրինք փնտրտուքը, նկատեցի, որ մեր ավագը տխուր նայում է մի խաչքարի:
-Տե՛ս, տապանաքարի վրա պապիս հոր անունն է: Տապանաքարերը վնասում են անասունները, իսկ մամուռը պատել է խաչքարերը: Մեր հարստությունները վերացման եզրին են:

Երկար ժամանակ է անցել այդ օրից, բայց ընկերոջս խոսքերը չեմ կարողանում մոռանալ: Մեր՝ Բերդավանցի երեխաներիս ներկան միապաղաղ է, որովհետև չկան ժամանցի կենտրոններ, մեր ապագան հարցականի տակ է, դեպի գյուղ բերող ճամփաներ չկան…

Բոլորս ուզում ենք մնալ քաղաքում, և դրա պատճառը ամենևին էլ հայրենասիրության պակասը չէ, այլ՝ բարեկեցիկ կյանք ունենալու ձգտումը: Այս խնդիրների լուծումը թվում է անիրականանալի: Այս հարցը հուզում է ոչ միայն ինձ, այլ ողջ գյուղին:

Ինչպես ժամանակին մեր պապերը Ղալինջա բերդի շրջակայքից իջան հովիտ, քանի որ ջուր չկար, այժմ էլ գյուղի երիտասարդությունն է լքում գյուղը, քանի որ դարձյալ ապրելու պայմաններ չկան…

aspram parsadanyan

Բարև, ես Ասպրամն եմ

Ես Ասպրամն եմ, 16 տարեկան: Ծննդավայրս Բերդավանն է՝ քարոտ Հայաստանի մի գողտրիկ անկյուն: Այն շրջապատված է բլուրներով ու սարերով: Դրանցից մեկի՝ Գոնչուտ սարի փեշերին է ծվարած մեր բերդը: Գյուղս իմ ամենաթանկ հարստություններից մեկն է: Այն այդքան էլ փոքր չէ: Այստեղ կան հարյուրավոր տներ: Այդ տներից մեկում էլ ապրում եմ ես: 

Մեր ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց: Տան իմաստունը տատիկս է, ով վաղուց արդեն թոշակառու է: Հազվադեպ հանդիպող անունս հենց ինքը՝ տատս է կնքել: Շատերը զարմանում են, երբ իմանում են այն, շատերը՝ հավանում, շատերը՝ աղավաղում: Անվանս բացատրությունը իրոք զվարճալի է: Ասպրամ նշանակում է ռեհան, իսկ բառացի՝ ասպ-ձի և րահմ-սիրել: Հա՜, մոռացա նշել, որ այն պարսկական անուն է: Ինձ միայն հուսադրում է այն փաստը, որ Ասպրամը իշխանուհի էր, որի մասին կարող ենք կարդալ «Գևորգ Մարզպետունի» վեպում: Պապիկս մահացել է ինը տարի առաջ, բայց նրա հետ կապված շատ հիշողություններ ունեմ:

Մեր տան ղեկավարը հայրս է, ով աշխատում է զորամասում՝ որպես զինվորական խոհարար (հայրս, իրոք, շնորհալի ձեռքեր ունի): Տան թագուհին մայրս է: Նա մասնագիտությամբ դաշնակահարուհի է, սակայն աշխատում է որպես հացթուխ: Իրար հակասող մասագիտություններ են, բայց մայրս կարողանում է գլուխ հանել:

Մեր տունը նման է զորամասի, որտեղ զինվորները ես ու եղբայրս ենք, իսկ գնդապետը հայրս է: Մենք լսում ենք մեր հրամանատարների հրամանները: Ես ու եղբայրս աշակերտներ ենք: Երբ մենք սկսում ենք վիճել, մայրս սպառնում է, որ կզեկուցի գնդապետին:

Այս տարի ես կավարտեմ դպրոցը: Վաղուց արդեն որոշել եմ լրագրող դառնալ: Շատերն ասում են, որ դժվար ընտրություն եմ արել, իսկ ես կարծում եմ, որ այս կյանքում ոչինչ հեշտ չի տրվում: Մեր գյուղում կա մշակույթի տուն (այդպես ենք անվանում), որտեղ «աշխատում եմ» արդեն չորս տարի: Երևի բեմում հաճախ հայտնվելը դարձավ լրագրությունը սիրելուս պատճառը: Ունեմ երաժշտական յոթնամյա կրթություն: Ավարտել եմ դաշնամուրի բաժինը: Վարում եմ ակտիվ հասարակական կյանք: Մի շարք կազմակերպությունների անդամ եմ, կամավոր՝ Կարմիր խաչի անդամ: Հետաքրքրասեր եմ, սիրում եմ սովորել անհրաժեշտը: Ինձ հետաքրքրում է նաև պոեզիան: Սիրում եմ ասմունքել: Մասնակցել եմ ասմունքի փառատոնների և այս տարի մարզային փուլում, առաջին հորիզոնականը զբաղեցնելով, հասել եմ մինչև հանրապետական փուլ: Չեմ ընկճվում, երբ չեմ հաղթում, այլ ձգտում եմ ուղղել սխալներս: Արդեն երեք տարի է ղեկավարում եմ մեր դպրոցի աշակերտական խորհուրդը (անկեղծ ասած, սիրում եմ առաջնորդել):

Հուսով եմ, որ նպատակասլացությունս կօգնի հասնել երազանքներիս: