Էլիտա Ստեփանյանի բոլոր հրապարակումները

Անհայտ հասցե

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Մի քանի օր առաջ Կալավանում էին «Անհայտ հասցե» հեռուստախաղի մասնակիցները: Նրանք ժամանել էին այստեղ նկարահանումներ անցկացնելու: Հետաքրքիր մարդիկ էին: Նրանց թվում կային նաև հայտնի դերասաններ: Նկարահանումները տևում էին մինչև երեկոյան 6.30, դրանից հետո գյուղացիները կարող էին այցելել նրանց և տեսնել, թե ինչով են զբաղվում ազատ ժամանակ: Հա, մոռացա նշել, որ նրանք ամբողջ օրը գտնվում էին անտառում և անգամ գիշերում էին այնտեղ:

Մենք որոշեցինք այցելել «Անհայտ հասցեի» մասնակիցներին ու տեսնել, թե ինչով էին զբաղվում: Մենք լուսանկարվեցինք հայտնի դերասաններից մեկի հետ, չեմ ուզում բացահայտել, քանի որ ամեն ինչ անհայտ է՝ թող սա էլ մնա անհայտ: Մի փոքր մնացինք այնտեղ ու վերադարձանք տուն:

-Երեխեք, գիտե՞ք, որ Վիկ Դարչինյանը գալիս է էսօր,-հաջորդ օրն ասաց երեխաներից մեկը:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

-Ո՞նց թե՝ գալիս է: Չեմ հավատում, հաստատ գալի՞ս է, չե՞ք խաբում, չէ՞:

Եվ իրոք, Վիկ Դարչինյանը եկավ: Նրան Դպրաբակ գյուղից դիմավորեց Ռոբերտ Ղուկասյանը: Ցավոք սրտի, ինձ բախտ չվիճակվեց տեսնել նրան: Շատ էր շտապում, բայց խոստացավ, որ էլի կայցելի Կալավան ու մյուս անգամ ավելի երկար կմնա:

Դե ինչ , վերադառնանք մեր «Անհայտ հասցեին»:

Տատիկիս տանն էի, երբ լսեցի անծանոթ ձայներ ու միանգամից դուրս թռա:

-Բարև Ձեզ:

-Վայ, բարև Ձեզ:

«Անհայտ հասցեից » էին: Երբ դուրս եկա, տատիկս արդեն նրանց հետ ջերմ զրույցի էր բռնվել, ու նրանց զրույցից հասկացա, որ ինչ-որ բաներ էին ուզում գնել:

Տատիկս, հարսիկս և ես նրանց հյուրասիրեցինք նոր թխած հաց, պանիր, որը պատրաստել էր տատիկս, և այգուց նոր քաղած լոլիկ ու վարունգ:

Նրանք տատիկիս ասացին, որ կվճարեն ամեն ինչի համար: Տատիկս ասաց, որ գումարի կարիք չկա: Նրանք վճարեցին միայն ալյուրի համար: Տատիկս դա էլ չէր վերցնում, ուղղակի ստիպեցին ու ասացին, որ դրանով իրենց միշտ հիշենք: Գրկախառնվեցին տատիկիս հետ, շնորհակալություն հայտնեցին ու գնացին իրենց «Անհայտ հասցեն»:

Նկարահանումներն ավարտվեցին, նրանք հեռացան այն մեքենայով, որով եկել էին. մեր գյուղի Սամվել քեռու 66-ով: Նրանք նախընտրել էին այդ մեքենան:

Գնալիս կանգնել էին տատիկիս տան բակում, վճարել ամեն ինչի համար: Դերասաններից մեկը, թող սա էլ մնա գաղտնի, պապիկիս հետ պապիկիս քաշած տանձի օղին էր խմել ու հրաժեշտ տվել: Ափսոս, այդ պահին այնտեղ չեմ եղել, որ անմահացնեմ այդ կադրը:

Նրանք եկան, հիացան մեր բնությամբ, հավանեցին մեր գյուղը և մի քանիսն էլ ասացին, որ անպայման էլի կայցելեն Կալավան:

Կալավանս, թեև հեռու, աշխարհից կտրված, բայց կամաց-կամաց հայտնի է դառնում:

Ճամփորդության առաքելությունը

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Երեք օրով Կալավան էին ժամանել Լեհաստանից յոթ աղջիկ: Նրանք ներկայացնում էին Travel with mission կազմակերպությունը: Կազմակերպության շրջանակներում տարբեր երկրներում վերանորոգում են դպրոցի դասասենյակներ, ճաշարաններ և այլն: Նրանք որոշեցին այս անգամ գալ Հայաստան և վերանորոգել Կալավան գյուղի միջնակարգ դպրոցի երկու դասասենյակ: Ապակիները ձեռք էին բերվել EtnoArmenia Tours-ի միջոցներով, իսկ շինարարական նյութերն ու մնացած պարագաները բերել էին իրենց հետ:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Ամեն առավոտ ժամը ուղիղ 9-ին գնում էին դպրոց և սկսում վերանորոգումը:

Գյուղի երիտասարդներից մի քանիսն օգնում էին նրանց: Դպրոցի երեխաները ամեն օր նրանց հետ հավասար աշխատում էին, անգամ վեց տարեկան փոքրիկ Ոսկանն էր նրանց օգնում, դարձել էր իրենց փոքրիկ ընկերը:

Քանի որ ժամանակը շատ քիչ էր, նրանք չհասցրեցին ամբողջությամբ ավարտել աշխատանքը, և գյուղի երիտասարդները խոստացան ավարտին հասցնել կիսատ աշխատանքը:

Նրանք դատարկաձեռն չէին եկել: Դպրոցի երեխաներին բերել էին գրենական անհրաժեշտ պիտույքներ:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Գրկախառնությամբ բաժանվեցինք՝ միմյանց կրկին հանդիպելու ակնկալիքով:

Մենք բոլորս անչափ շնորհակալ ենք նրանց նման հիանալի գործ կատարելու համար:

Ութ օր Կալավանում

Մոտ տասն օր առաջ Վահե Դարբինյանի և Աննա Մելիքսեթյանի հրավերով Կալավան էր ժամանել քառասուն հոգանոց խումբ: Խմբի անդամները տարբեր երկրներից էին՝ Հայաստանից, Ուկրաինայից, Սլովակիայից և Նիդեռլանդներից: Դեռ մեկ տարի առաջ էին որոշել գալ Կալավան և անցկացնել բնապահպանական սեմինարներ:

Ութ օր շարունակ մնացին փոքրիկ ու հյուրընկալ Կալավանում: Ամեն երեկո յուրաքանչյուր երկիր ներկայացնում էր իր մշակույթն ու ավանդույթները, հյուրասիրում իրենց երկրի ուտելիքներից: Նրանք այդ ամենը ներկայացնում էին իրենց ազգային հագուստներով, նաև կազմակերպում էին հետաքրքիր խաղեր, խաղի մասնակիցներից հաղթողը ստանում էր փոքրիկ նվեր:

Հայ մասնակիցները ներկայացրին հայկական ավանդական հարսանիք: Երգով, պարով «տաշի» գոռալով ցույց տվեցին հյուրերին, թե ինչպիսին է լինում հայկական ավանդական հարսանիքը:

Նրանց վերջին օրն էր Կալավանում: Գյուղի բոլոր երեխաներին առավոտյան ժամը 10:00-ին հրավիրել էին դպրոց` թռչունների բույն պատրաստելու: Մեզ բաժանեցին խմբերի, մենք պատրաստեցինք տնակները, գունավորեցինք դրանք մեր ուզած ձևով:

Հետո հավաքվեցինք դպրոցի բակում, ներկա էին հյուրերը, գյուղի երեխաները, տնօրենը և համայնքապետը:

Բոլորն անչափ հուզված էին, արցունքները չէին կարողանում թաքցնել: Շատ էին ուրախացել, որ կատարվել էր իրենց մեկ տարվա երազանքը: Խոսեց դպրոցի տնօրենը, համայնքապետը շնորհակալություն հայտնեց: Խոսեցին նաև հյուրերը:

Նրանք դատարկաձեռն չէին եկել, նվերներ էին բերել թե դպրոցի համար, թե երեխաների:

Հետո բոլորս վերցրինք մեր տնակները ու բարձրացանք հյուրատան բակ: Հենց այնտեղի ծառերից էլ կախեցինք տնակները և հրաժեշտ տվեցինք բոլորին:

Անգլերենի դասընթացներ Կալավանում

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Գարնանը իմացանք, որ ամռանը՝ հուլիսի 1-ին, մեր փոքրիկ Կալավանում անգլերենի դասընթացներ են լինելու: Հուլիսի մեկն անցավ, բոլորս կորցրել էինք մեր հույսը: Սակայն հուլիսի 16-ի երեկոյան իմացանք, որ հաջորդ օրը՝ ժամը 11:00-ին, անգլերենի դասընթացները սկսվում են: Բոլորս ժամը 10:30-ին գյուղապետարանի բակում էինք, դասընթացները տեղի էին ունենալու գյուղապետարանում: Վերջապես եկան մեր ուսուցչուհիները՝ Նինան և Լաուրան: Ծանոթացանք միմյանց հետ, մեզ ասացին, որ դասերը լինելու են խտացված գրաֆիկով և տևելու են ընդամենը մեկ շաբաթ, ու ամենակարևորը՝ դասերի ընթացքում խոսելու էինք միայն անգլերեն: Նրանք մեզ բաժանեցին տետրեր, մատիտներ, պատկերազարդ գրքեր և բառարաններ: Դասերը տևում էին օրվա մեջ չորս ժամ` 11:00-ից 13:00-ն և 15:00-ից 17:00-ն: Դասերին զուգահեռ սովորում էինք անգլերեն երգեր, խաղում հետաքրքիր խաղեր, որոնք օգնում էին ավելի ամրապնդել սովորածը:

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Այնքան հետաքրքիր էին անցնում դասերը, որ մենք չհասցրինք նկատել՝ ինչպես անցավ այդ մեկ շաբաթը:

Մենք երեխաներով որոշեցինք մի փոքր անակնկալ պատրաստել: Նվիրեցինք ձեռագործ կախազարդեր, շնորհակալական պաստառներ և մի փոքրիկ խմորեղեն, որը մեր խնդրանքով պատրաստել էին մեծերը: Անչափ ուրախացան և շնորհակալություն հայտնեցին:

Նրանք էլ մեզ համար էին անակնկալ պատրաստել: Ասացին, որ երեկոյան ժամը 19։00-ին բոլորս հավաքվենք իրենց տան բակում:

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Նրանք Հայաստանի տարբեր բնակավայրերում տեղադրում էին անվճար փոքրիկ գրադարաններ: Մեր փոքրիկ Կալավանում նույնպես տեղադրեցին, որտեղից կարող ես գիրք վերցնել և դրա փոխարեն դնել մեկ ուրիշը:

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Մենք բոլորս շատ շնորհակալ ենք Նինայից և Լաուրայից՝ մեզ անգլերեն սովորեցնելու և փոքրիկ անվճար գրադարան տեղադրելու համար:

Անակնկալ հանդիպում Լեյլա տատիկի հետ

Օրեր առաջ Կալավանում էր հյուրընկալվում մեր շատ սիրելի հեղափոխական տատին՝ Լեյլա տատին: Նրան մեզ մոտ՝ Կալավան էր հրավիրել Վահե Դարբինյանն իր հյուրատանը ՝ «Huga Hous»- ում հանգստանալու: Նրանց Դպրաբակ գյուղից դիմավորել էր «Time land» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը:

Գյուղում նրանց դիմավորեցինք մեծ սիրով, փուչիկներով, քաղցրավենիքով: Ուրախ, ժպտերես, էներգիայով լի մի տատիկ, որի աչքերը, կարծես հեքիաթի հերոսուհու աչքեր լինեն, իսկ ձեռքերը նուրբ ու փափուկ:

Տատիկն անչափ ուրախացել էր, ճաշելուց հետո գնաց հանգստանալու: Ի դեպ, մոռացա նշել, որ նա միայնակ չէր, եկել էր իր ազգականի հետ:

Երեկոյան մենք՝ ես, քույրիկս և հարսիկս որոշեցինք այցելել տատիկին:

-Բարև Ձեզ:

-Վա՜յ, բարև Ձեզ, համեցեք նստեք:

-Ինչպե՞ս եք, տատի ջան:

-Լավ եմ, ապրեք, երեխեք ջան: Եկել եք նկարվե՞ք, եկեք, եկեք՝ նկարվենք:

-Ճիշտն ասած, տատի ջան, եկել ենք Ձեզ հետ ծանոթանալու և մի փոքր զրուցելու, բայց անպայման կնկարվենք:

Նստեցինք, երկա՜ր-երկա՜ր զրուցեցինք: Տատիկը մեզ պատմեց դրվագներ իր կյանքից, նաև պատմեց, թե ինչպես է մասնակցել Թավշյա հեղափոխությանը, ժամեր շարունակ կանգնել Հանրապետության հրապարակում:

Տատիկը լսողության հետ մի փոքր խնդիր ուներ, քանի որ փոքր ժամանակ պատվաստում էին արել, և նա զրկվել էր լսողությունից: Երկարատև բուժումների հետևանքով լսողությունը փոքրիշատե վերականգնվել էր:

Մենք երեխաներով տատիկի համար «Դուխովը» երգեցինք, ուրախ ծափ էր տալիս, ոգևորում, նաև հպարտանում, որ նման փոքրիկ գյուղում այսքան հայրենասեր երեխաներ կան:

Մենք էլ մեր հերթին ենք շնորհակալ, թե Լեյլա տատիկին, թե նրա պես հարյուրավոր մարդկանց, ովքեր ոտքի կանգնեցին՝ մտածելով մեր վաղվա օրվա մասին:

Մեկ շաբաթ Թումոյում

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Time land հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի աջակցությամբ ուղիղ մեկ շաբաթ առաջ Կալավան էր այցելել Արմանը՝ Հայրենիքի դարպասներ ՀԿ- ի նախագահ: Նա մեզ ասաց, որ կիրակի օրը Երևանի Թումո կենտրոնում մեկ շաբաթով ճամբար պետք է լինի, և եթե մենք մեզ լավ դրսևորենք, մեզնից երկու հոգի կարող են մասնակցել ճամբարին: Շատ էինք ուրախացել, խաղացինք մի քանի հետաքրքիր խաղ, Արմանը շատ գոհ էր մնացել, ասաց, որ կընտրի երկու երեխայի և մեզ կտեղեկացնի: Այդ ամենը տեղի ունեցավ շաբաթ օրը, եթե մեզնից որևէ մեկը ընտրվեր, պետք է հաջորդ օրը գնար Երևան՝ մասնակցելու ճամբարին:

Ուրախ-ուրախ վազեցի տուն ու ամենը հայտնեցի մայրիկիս:

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

-Մա՜մ, չես պատկերացնի՝ ոնց եմ ուզում գնալ էնտեղ, վստահ եմ, որ հավես կանցնի: Մամ, բա որ գնամ, ի՞նչ եմ տանելու, չէ, հաստատ չեմ հասցնի պատրաստվել:

-Կհասցնես, հանգստացի, համ էլ քեզ էդքան մի տրամադրի, բա որ դու չընտրվես:

Համենայնդեպս, ես չլսեցի մայրիկիս: Մի ներքին ձայն ասում էր ինձ, որ ես պետք է գնամ, ու ես սկսեցի պատրաստվել:

Արդեն երեկո էր, ես հույսս կորցրել էի, որ կարող եմ ընտրված լինել։ Ահա և հեռախոսը զանգեց, սիրտս թրթռաց․ արդեն վստահ էի, որ ես եմ ընտրվել։

-Հը, մամ, ասա, որ ինձ են ընտրել, դե ասա:

-Հա՜-հա՜, քեզ են ընտրել, պատրաստվի, որ վաղը ժամը 4-ին գնաս:

Հաջորդ օրը գնացինք, ծանոթացա երեխաների հետ։ Բոլորը միմյանց ճանաչում էին, քանի որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից էին: Վերջապես հասանք Երևան, տեղավորվեցինք հյուրանոցում:

Օր առաջին

Առաջին օրը սկսվեց այսպես: Ժամը ուղիղ 6-ին բոլորս մի մարդու պես վեր կացանք, որպեսզի ժամը 9-ին գնանք Թումո` դասերին մասնակցելու: Ճիշտն ասած՝ ինքներս էլ չգիտեինք՝ ինչու էինք այդքան շուտ արթնացել, ու գիշերն էլ քնել էինք ժամը 4-ին: Մի խումբ կիսաքնածներ նստեցին մեքենան ու գնացին Թումո։ Դասերը տարբեր էին, դրանք ընտրում էինք մենք։ Ես ընտրել էի «կայքերի ստեղծում» և «լուսանկարչություն»։ Մինչև ժամը 3-ը մնացինք այնտեղ, ապա գնացինք բուսաբանական այգի։ Հետո՝ ընթրելու, ապա հյուրանոց՝ մեր հանգիստը վայելելու:

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Օր երկրորդ

Երկրորդ օրը դասերի ավարտից հետո գնացինք Գառնի, շուրջպար բռնեցինք, լուսանկարվեցինք, ընթրեցինք:

Գառնիից վերադարձանք հյուրանոց, գնացինք հանգստի սենյակ, պառկեցինք՝ ով որտեղ հասցրեց ու հեռուստացույց դիտեցինք: Հետո գնացինք սենյակ ու չեմ էլ հիշում ոնց՝ քնեցինք:

Օր երրորդ

Դասերի ավարտից հետո պետք է գնայինք Թումոյի այգի՝ ֆուտբոլ կամ բասկետբոլ խաղալու, բայց քանի որ անձրև սկսվեց, չգնացինք: Մնացինք Թումոյում՝ մուլտֆիլմ դիտելու, սակայն դա էլ չստացվեց․ տեխնիկական խնդիրների պատճառով ձայնը չէր լսվում: Երեկոյան ընկեր Սոնային խնդրեցինք, որ մեզ տանի հրապարակ զբոսնելու, պաղպաղակ ուտելու և շատրվանները տեսնելու։ Նա մեզ չմերժեց, զբոսանքից հետո եկանք հյուրանոց, պառկեցինք ու քնեցինք:

Օր չորրորդ

Չորրորդ օրը դասերը վերջացան, և մենք ուղևորվեցինք գրականության և արվեստի թանգարան։ Մեզ ծանոթացրին երաժշտության, գրականության սենյակների հետ, ապա բաժանեցին խմբերի և խաղացինք շատ հետաքրքիր խաղ՝ մենք պետք է գուշակեինք, թե ինչով են նկարել, ինչ հագուստ են կրել «Նամուս» ֆիլմը նկարահանելիս: Երեկոյան հյուրանոցում «Դե, խաղա» էինք խաղում․ պետք է վերցնեիր մի քարտ և անեիր այն, ինչ այնտեղ գրված էր։

Վահագնին ընկավ, որ պետք է լացակումած զանգի տուն ու ասի՝ ճի՞շտ է, որ ես որդեգրված եմ։ Վերջապես զանգեցինք Վահագնի քրոջը, Վահագնը հարցրեց․

-Էդ ճի՞շտ ա, որ ես որդեգրված եմ։

Քույրը ասաց.

-Հա,- ու անջատեց:

Բոլորս այնքան ծիծաղեցինք, մինչև մեզ վրա բարկացան։

Օր հինգերորդ

Հինգերորդ օրը մեր վերջին օրն էր Թումոյում։ Տեղի էր ունենալու մեր պրեզենտացիան․ պետք է ներկայացնեինք մեր ստեղծած կայքերը, ֆիլմերը, լուսանկարած պորտրետները և մնացած այն ամենը, ինչ ստեղծել էինք: Կայքերը ներկայացրեց ընկեր Արամայիսը։ Արցունքներս հազիվ էի զսպում, որ չարտասվեմ: Էլ չէի տեսնելու երեխաներին, ընկեր Արամայիսին, շատ էի կարոտելու այն օրերը, որ անցկացրել էի նրանց հետ:

Ընթրեցինք և գնացինք հյուրանոց: Հանգստի սենյակում մեզ բաժանեցին հավաստագրեր, հետո գնացինք սենյակ, հանգստացանք, հավաքեցինք իրերը, որ հաջորդ օրը ժամը 10-ին գնանք Գյումրի, Ծակքար, այնտեղից՝ Դիլիջանի Թումո, որտեղից էլ մեր ծնողները մեզ պետք է տուն տանեին:

Օր վեցերորդ

-Երեխեք, վեր կացեք, արագ, շուտ արեք, թե չէ կուշանանք:

-Լավ էլի, ընկեր Օֆելյա, մի քիչ էլ քնենք:

Չեմ էլ հիշում՝ ոնց եմ վեր կացել, պատրաստվել, նախաճաշել ու գնացել հրապարակ: Նստել ենք մեքենա, գնացել Գյումրի, շրջել այնտեղ, հետո գնացել Ծակքար: Վերադարձանք Գյումրու հին կոլորիտով ռեստորան․ աղջիկները գնացին խոհանոց, իսկ տղաները՝ իրենց ձեռքով խորոված պատրաստելու:

Ընթրելուց հետո ջերմ զրույցով, երաժշտություն լսելով վերադարձանք Դիլիջանի Թումո:

Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր մեկ շաբաթ շարունակ մեզ ընդունեցին գրկաբաց, սիրեցին իրենց երեխաների պես, գիտելիք տվեցին: Երբեք չեմ մոռանա նրանց, կպահեմ սրտիս մի փոքրիկ անկյունում, որ ամեն անգամ թերթեմ հուշերս ու հիշեմ մեր խենթությունները:

Կալավանի բասկետբոլի թիմը

21430159_2157955577563988_1581045664559944850_nԷդգար Գևորգյանը բասկետբոլիստ է: Խաղում է Վրաստանի թիմում: Վերջերս եկել էր մեր գյուղ՝ Կալավան: Հարցրեց, թե արդյոք ուզո՞ւմ ենք բասկետբոլ խաղալ և ունենալ մեր՝ Կալավանի թիմը: Մենք բոլորս մեր համաձայնությունը տվեցինք: Էդգարը գրանցեց մեր անուն-ազգանունները, տարիքներն ու համազգեստի համարները: Ասաց, որ եթե լավ խաղանք ու մեզ լավ դրսևորենք, մեզ կտանի տարբեր երկրներ, որպեսզի մրցենք այնտեղի բասկետբոլիստների հետ: Բոլորս էլ շատ ուրախ էինք, որ մենք էլ կարող ենք թիմ ունենալ, խաղալ ու հաղթել: Նա մեզ խոստացավ համազգեստներ, համապատասխան գնդակներ և բասկետբոլի ցանցեր բերել: Շուտով նաև կասֆալտապատեին տարածքը, և մենք օգոստոս ամսից կսկսեինք բասկետբոլի պարապմունքները:

Օգոստոս ամիսն ավարտվեց, բայց Էդգարն ուշանում էր: Բոլորի հույսը մարել էր, բայց նա եկավ և բերեց այդքան շատ սպասված համազգեստները, գնդակները և ցանցերը: Ասաց, որ դասերից հետո մնանք, մաքրենք դպրոցի տարածքը խոտերից և ցանցերը տեղադրենք: Մենք բոլորս մի մարդու նման մնացինք և օգնեցինք Էդգարին:

21552911_706600672874792_1615000983_nՀաջորդ օրը՝ ժամը 13-ին, մեր բասկետբոլի առաջին պարապմունքն էր, մեզ համար շատ հիշարժան օր:

Էդգարը մեզ բացատրեց խաղի կանոնները, և խաղացինք: Մի քանի օր պարապմունքներից հետո Էդգարը մեզ հրաժեշտ տվեց և պարտադրեց, որ իր բացակայության ընթացքում էլ անպայման խաղանք:

Այժմ մենք բասկետբոլի թիմ ենք:

elita balyan

Հարսիկիս պատրաստած խորովածը

Մի օր քեռիս խոստացավ, որ խորոված կպատրաստի: Հացի ժամին նկատեցինք, որ մեքենայի անվադողն է վերանորոգում: Նրա կինը հարցրեց.

-Վարդան, խորովածի կրակը չե՞ս վառում:

-Ուզում ես խորոված ուտես՝ արա ու կեր, ես ժամանակ չունեմ:

Հարսիկս ասաց.

-Չի անում, թող չանի, ես կանեմ: Ասաց ու անցավ գործի: Միսն ու կարտոֆիլը կտրատեց, համեմեց ու դրեց մի կողմ, սալորից թթու կոմպոտ պատրաստեց, նաև՝ ամառային աղցաններ:

Հետո իջավ բակ, մանղալը դրեց հարմար տեղում, ցախը բերեց, կրակը վառեց ու ասաց.

-Վարդան, կրակին կնայես, ես գնում եմ միսը շամփրեմ:

Քիչ հետո շամփուրները ձեռքին իջավ ցած ու միսը դրեց կրակի վրա:

-Դե տես, հեսա ինչ խորոված եմ անելու,- ասաց հարսիկս:

-Արա, արա, տեսնեմ՝ էդ ինչ տես անի:

Խորովածն արդեն պատրաստ էր, ու հարսիկս բոլորին կանչեց սեղանի մոտ:

Ամեն ինչ շատ համեղ էր ստացվել, բոլորին շատ դուր եկավ, մանավանդ՝ քեռուս: Ու քեռիս ասաց.

-Սրանից հետո խորովածը դու ես անելու,- ասաց ու ծիծաղեց:

elita balyan

Էկոտուրիզմը Կալավանում

Մեր գյուղը զբաղվում է էկոտուրիզմի զարգացմամբ, դրան զուգահեռ՝ հիմա զբաղվում է օրգանական մրգի և բանջարեղենի աճեցմամբ: Դրա վերաբերյալ ժողովներից մեկի ընթացքում էլ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ծանոթացել է Կալավանում գործող «Time land» հիմնադրամի հիմնադիր-ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի հետ և տեղեկանալով նրա կողմից կատարվող ծրագրերի մասին՝ որոշել է այցելել Կալավան: Նույն օրը եկել է Կալավան և ծանոթացել կատարվող աշխատանքներին: Այցելել է այն բնակիչների տները, որոնք ցանկանում են իրենց տները դարձնել հյուրատուն: Այց է կատարել նաև դպրոց, գյուղապետարան, տեղեկացել է խնդիրների մասին, այնուհետև համտեսել է անտառային խոհանոցի բարիքները:

Կարեն Բոթոյանը մեր գյուղը շատ է հավանել, այն անվանել է փոքրիկ Շվեյցարիա և խոստացել, որ հաջորդ անգամ կգա ընտանիքի հետ՝ հանգստանալու:

elita balyan

Ավերիչ կարկուտ

Հունիսի երեսունն էր. առավոտյան շատ լավ եղանակ էր: Կալավանի գյուղացիները զբաղված էին առօրյա աշխատանքներով:

Երեկոյան ժամը 17:00-ին եղանակը փոխվեց, երկինքը պատվեց սև ամպերով, սկսեց անձրև տեղալ: Նկատեցինք, որ անձրևին զուգահեռ նաև կարկուտ է տեղում: Մոտ կես ժամ կարկուտ տեղաց: Գյուղացիների ամբողջ աշխատանքը հողին հավասարվեց: Այգիներում ոչ մի բերք չէր մնացել, ամբողջը փչացել էր: Կան ընտանիքներ, որոնք ստացված բերքը պետք է վաճառեին, որպեսզի տան կարիքները հոգային, բայց հիմա ի՞նչ պետք է անեն, ինչպե՞ս պետք է ապրեն. չէ՞ որ այդ ամենը մի ամբողջ տարվա համար էր:

Գյուղի բնակիչները երազում են, որ մեր գյուղում էլ կարկտակայան լինի: Հուսով ենք, որ կգտնվեն բարի մարդիկ, որոնք կաջակցեն համայնքին: