Երբ ես առաջին անգամ տեսա այդ վարդագույն կիսակառույց խանութը, հասկացա, որ դրա անունը պետք է «Լյոլեկ» լինի: Մենք հարցրինք խանութի տիրոջը, թե նա ինչ է դնելու խանութի անունը:
-Եսի՞մ,- պատասխանեց նա,- երևի դեռ չծնված թոռանս անունով:
-Իսկ մենք արդեն անուն դրել ենք Ձեր խանութին,- ասաց մայրիկս,- «Լյոլեկ»:
-«Լյոլե՞կ»,- սկզբում զարմացավ, իսկ հետո հասկացավ խանութի տերը,- հա՜, «Լյոլեկն ու Բոլեկը»:
Մենք և՛ բացեիբաց ասացինք, և՛ ակնարկներ արեցինք խանութի անվան վերաբերյալ, բայց խանութը վերջիվերջո կոչվեց նրա տիրոջ դեռ չծնված թոռան անունով` «Մթերք»: Բայց մենք շարունակում ենք այն «Լյոլեկ» անվանել:
-Լուսինե՜, Լուսինե՜,- մեր դիմացի շենքի երրորդ հարկից ոչ թե ինձ, այլ ուրիշ Լուսինեի է կանչում մի աղջիկ: Ես կասկածում եմ, որ նա եղբորս նախկին դասարանցի Նարինեն է, որը երկրորդ դասարանում անընդհատ զանգահարում էր Ստեփանին ու ինչ-որ բան հարցնում: Ես ու քույրս մի ամբողջ վեպ էինք հորինել նրանց սիրո մասին: Բայց երբ տեսանք Նարինեին (եթե, իհարկե, դա Նարինեն է), հասկացանք, որ այդ ամենը հիմարություն է: Երևի բավական կլինի նշել նրա մականուններից երկուսը` «Ռոնալդինիոյի քույր» և «Թուփաքի թոռ»: Ես ավելի համամիտ եմ առաջին տարբերակին: Միգուցե եթե նա ճաղատանա, կնմանվի Թուփաքին, բայց հիմա, երբ մազերը երկար են, ավելի շատ Ռոնալդինիոյին է նման:
-Լուսինե՜, Լուսինե՜,- սա արդեն ինձ են կանչում, քույրս է` պատշգամբից:
Ես մտնում եմ մեր բացօթյա փոքրիկ կանաչ պատշգամբը:
-Ի՞նչ է եղել:
-Արի՛, ձեր «օղորմածիկ» դասարանի Ղևոնդի նոր վերնաշապիկը տես:
Ղևոնդը, ավելի ճիշտ` Ղևոնդյան Նարեկը, մեր «օղորմածիկ» դասարանի (այդպես ենք ասում, որովհետև ցրվել է) և միգուցե նաև ամբողջ դպրոցի ամենագեղեցիկ տղան է և այդ պատճառով քրոջս ու նրա ընկերուհիների, և ոչ միայն նրանց, ուշադրության կենտրոնում է: Նրանք անգիր գիտեն, թե նա ինչ հագուստներ ունի և երբ է հագնում դրանք:
Քույրս նայում է շուրջը: Նա գիտի, որ այս շենքերից մեկում է ապրում Ջորջիո Արմանոն` մեր «օղորմածիկ» դասարանի Արմանը, որը յոթերորդ դասարանում դուրս եկավ դպրոցից: Նա արդեն մի քանի ամիս է, ինչ հեռախոսային կապի մեջ է քրոջս ընկերուհիներից մեկի հետ: Նա այն հազվագյուտ տղաներից է, որոնք չեն վարակվել «ռաբիսացմամբ»:
Ինձ թվում է, թե այստեղից կարելի է տեսնել ամբողջ Երևանը, չնայած երևում են միայն հարևան շենքերը և դրանց բակերը: Բայց ինձ համար Երևանը հենց դա է` շենքերը, բակերը, այնտեղ խաղացող երեխաներն ու նրանց աղմուկը: Ես էլի կպատմեի մեր պատշգամբից երևացող Երևանի մասին, բայց ժամանակ չունեմ, պիտի գնամ «Լյոլեկից» հաց գնելու:
Լուսինե Հակոբյան
15տ., 2005թ.