Նոր տարվա գալուն այս անգամ հակառակի պես անհամբերությամբ չէի սպասում: Մտածում էի` առանձնահատուկ բան չի լինի:
Ամսի 31-ն էր, ամանորյա վազքի մեջ էինք տնեցիներով, ափսեները շարել, նախշավոր անձեռոցիկները ծալել, տոնածառը զարդարել և այլն, ու ես մտածում էի, թե սխալվել եմ, և ամեն ինչ կանցնի շատ ուրախ ու եռանդով: Բայց… Բայց 12-ի զանգերը խփեցին, ու ինձ կրկին պատեց ինչ-որ բան անդառնալի կորցնելու զգացումը: Երևի չհասցրի անցնող տարում լիարժեք վայելել 16 տարեկանս: Ամեն տարի նոր թվականի գալուն հետ ես մի փոքր անգամ փոխում էի կյանքս, առօրյաս, շտկում թերություններս, բայց այս անգամ պատրաստվել էի այնպես, ասես մի նոր ու սովորական երկուշաբթի էր գալիս, այլ ոչ թե նոր կյանքի սկիզբ:
Հայրս արագորեն բացեց շամպայնը ու լցրեց մեր`բարձր զնգալու պատրաստ բաժակները: Մտածում էի, որ ահա այս պահից այն կողմ ամեն ինչ կսկվի նոր և ուրախ ժպիտներով, բայց հակառակի պես մայրիկս ու մնացածը հոգնած հայացքներով գնացին քնելու` հաջորդ օրվա սպասելիքներով:
Արդեն երկու օր անց ընկերներիս հարցնում եմ` ինչպե՞ս դիմավորեցին Ամանորը, ի՞նչ տրամադրությամբ, ի՞նչ նվերներ ստացան, հիմա ի՞նչ են անում, և պատկերացրեք, բոլորից ստացել եմ այս պատասխանը.
-Ահ… Անկապ, Հայ… Ամեն ինչ շատ միապաղաղ, ոչ մի նոր բան էլ չկա, սովորական հյուրեր, ու ոնց որ էն մեր պարապմունքների նման միագույն օրեր գլորվեն:
Բայց ինչո՞ւ ոչ ոք չունի այդ «հավեսը»: Գուցե մենք դադարե՞լ ենք հավատալ Ձմեռ պապիկին, դրա՞ պատճառով, գուցե մենք մեզ արդեն երեխա չե՞նք համարում, գուցե գումա՞րն է խնդիրը, և միգուցե մենք այլևս նվերների՞ չենք սպասում:
Մի պահ աչքերիս առջևով անցան իմ քաղաքի` Հրազդանի խանութներով ման եկող մարդկանց բաց դրամապանակներն ու նրանց` բառիս բուն իմաստով փակ տրամադրությունները: Երևի նրանք էլ չէին սպասում Ձմեռ պապիկին
Հ.Գ. Ուզում եմ շնորհավորել բոլոր մարդկանց ու նրանց մաղթել գլխավորապես առողջություն ու գեղեցիկը միշտ գնահատելու կարողություն: