Գրականության այսօրը

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Վերջերս կարդում էի մեր ժամանակների երիտասարդ գրողների ստեղծագործությունները, ու ասեմ, մեծամասամբ հիասթափություն ապրեցի արդի գրականությունից: Ներկայիս գերագույն խնդիրներից մեկը, որ ինձ հուզում է, դա լճացող գրականությունն է: Նկատել եմ, որ մեր սերունդը բաժանվել է երկու մասի. կարդացողներ և չկարդացողներ: Բայց այստեղ էլ հարցն այն է, թե ընթերցողներն ի՞նչ են կարդում: Ասում են` ազատության դար է, ազատ մտքեր պիտի լինեն, ազատ խոսք, բայց այդ ազատությունն արդեն վերածվում է այլասերության, իսկ վերջինս էլ մշակույթ ու գրականություն չի կարող կերտել: Կարելի է ասել, որ գնալով զարգանում է մի «փողոցային» գրականություն: Երիտասարդները սկսում են հետ մղել հանրահայտ ու անգնահատելի գրողներին ու իրենց ձեռքը վերցնել ինչ-որ պարզունակ, պրիմիտիվ ու հեշտ հասանելի գրքիկներ: Իսկ դրանց հեղինակներն էլ,մի երկու բառ իրար կպցնելուց կարծում են, թե վերջ, մեր անունը մնաց Գրող:
Օրերս տեսա, որ ֆեյսբուքյան մի դեռահաս օգտատեր իր էջում փնովել էր Հեմինգուեյի ստեղծագործություններից մեկը, այն համեմատելով բրազիլական սերիալի հետ: Շոկի մեջ էի… Դու գոնե նորմալ կարդացե՞լ ես, հասկացե՞լ ես, որ մի հատ էլ նման բան ես գրում, առանց մտածելու այդպես կոպիտ ես արտահայտվում, համաշխարհային արժեք ես ոտնահարում: 
Նմանօրինակ երևույթների պատճառները շատ են. անգրագետ ծնողներ, վատ շրջապատ, անգամ ուսուցիչներ: Պիտի մարդկանց ճիշտ գրականություն հրամցնես, պիտի նրանց ամեն բան ճիշտ մեկնաբանես, որ նման փաստի առաջ չկանգնես:
Այս հարցն ինձ վաղուց մտածելու տեղիք էր տվել: Շատ եմ ուզում, որ նորելուկ գրողները, մինչև իրենց խզբզանքը հանրությանը հրամցնելը մի լավ ծանր ու թեթև անեն, ցույց տան փորձառուներին, խորհուրդներ ընդունեն, նոր միայն իրենց համարեն գրող: 
Իհարկե, կան նաև արդեն ամուր քայլեր անող երիտասարդներ: Խոսքս բոլորին չի վերաբերվում: