Սաթենիկ Արթենյանի բոլոր հրապարակումները

Ավետարան ըստ մեղավորի

Վերջին օրերին ինֆորմացիայի հոսքը կապված Հայաստանի Հանրապետության ներկայիս դրության և նրա առջև ծառացած խնդիրների հետ հասարակության շրջանում հակասական տրամադրություններ է առաջացնում։

Իշխանության կողմից առաջ քաշված «տանք խաղաղ ապրենք» թեզը չի արդարացրել և չի արդարացնում իրեն։ Դա են փաստում արցախյան վերջին դեպքերը, հայրենազրկում, բռնագաղթը և դրանից հետո Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքից 29 գյուղ ադրբեջանական վերահսկողության տակ լինելը։ Իշխանությունների պնդմամբ փոխզիջումների քաղաքականությամբ կկարողանանք հասնել «մեծ ձեռքբերման», այն է` «Խաղաղության խաչմերուկը»: Սակայն հատկանշական է, որ փոխզիջում նշանակում է երկու կողմերի փոխադարձությունը, մինչդեռ ներկայումս այս քաղաքականությունը զիջումների քաղաքականություն է։

Տավուշը միայն սկիզբն է։ Ադրբեջանը իրեն անհրաժեշտ տարածքների համար ամեն անգամ առաջ է բերում տարբեր քարտեզներ, իսկ ադրբեջանական մամուլը ակտիվորեն շրջանառում է «արևմտյան ադրբեջան» հասկացությունը այն պարագայում, երբ Հայաստանում` «հայրենիքը պետությունն է»։ Եվ այստեղից հարց է ծագում. արդյո՞ք «տալու» դեպքում խաղաղ ապրելու ենք։ Ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները հանձնելով իշխանությունը չի տալիս մեզ ոչ մի երաշխիք, որ վաղը պատերազմ չի սկսվի, ընդհակառակը` «չտալու» դեպքում, ազդելով պատերազմի միջով անցած հասարակության էմոցիոնալ դաշտի վրա, վախեցնում նոր պատերազմով։

Իսկ սահմանազատումը ըստ իշխանության տալու է, եվրոպական օրինակով, «ապահով սահմաններ», որտեղ թշնամի երկրից պաշտպանվելու համար ծառեր կտնկվեն։ Իշխանության տեսլականը մեծ է։ Նրանք վստահ են, որ կգա մի օր, երբ Հայաստանը տարածաշրջանում թշնամիներ չի ունենա, իսկ մենք «սատարելով» այդ տեսլականը հույս ունենք, որ կփոխվի Ադրբեջանի ռազմական դոկտրինը, որում Ադրբեջանը իրավունք ունի օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, ներառյալ ռազմական ուժը, ազատելու համար «զավթված տարածքները ու վերականգնելու երկրի տարածքային ամբողջականությունը»։

Այս ամենից հետո մնում է հասկանանք, թե ինչքան ենք շարունակելու մնալ «հիմար կկու», որովհետև Ադրբեջանը չի պատրաստվում դադարեցնել «էս սարն իմն է, էս ծառն իմն է» քաղաքականությունը։

Դու գնում ես, հոգի՜ս…

Դու գնում ես, հոգի՜ս,

Ու հրաժեշտդ բնավ անհրաժեշտություն չի դառնում։

Բառերդ մինչ նոր տեսություն մաղթող կուլ են գնում կոկորդումդ`

Ուրիշ մեկի տեսության համար։

Դու գնում ես, հոգի՜ս,

Ու ես` շարքային բառասպանս, սովորականի պես «մենք»-ը բաժանում եմ երկուսի,

Որովհետև արդար չէ,

Որովհետև հրաժեշտից առաջ ու հրաժեշտից հետո բառը կիսատվում է,

Իսկ մարդն ավելի շատ…

Դու գնում ես, հոգի՛ս, ու այս անտանելի դատարկությունը մոմի պես հալվում է մտքերիս,

Ու ծավալուն վերջաբանները նախաբաններից շուտ են գրվում։

Շուտ է անցնում հրաժեշտն ու կիրակի է դառնում։

Ես քայլում եմ խցկված քաղաքում

Անթաղելի Չհրաժեշտի համար գերեզման փնտրելով։

Հրմշտոց է։

Ինչ-որ մեկն ամբոխից դուրս է գալիս առանց հրաժեշտի։

Ու ես` շարքային բառասպանս, գրում եմ.

«Դու գնում ես, հոգի՜ս,

Ու հրաժեշտդ բնավ անհրաժեշտություն չի դառնում,

Բառերդ մինչ նոր տեսություն մաղթող կուլ են գնում կոկորդումդ

Ուրիշ մեկի տեսության համար»

#բառսափիդմեջ

Satenik Artenyan

Աստված ասաց

Աստված ասաց.

-Հորինեք նրանց, ում պիտի սիրեք…

 

Հորինեցի քեզ,

Աչքերիդ հայացքը սևեռուն,

Մտքերիս խավար խորանում

Անփորձ, անմյուռոն մատներով

Մկրտեցի քեզ։

 

Ես անփորձ նկարիչ էի, այս չափազանց փորձված աշխարհում,

Որտեղ օդում կախված հայացքներ են լողում,

Կեռակախ ափերով բարեհամբույրները որսում են դրանք։

Աստված ասաց. քո բաժինը ջուրը գցիր, մի օր ետ կգա։

Ես եսասեր չէի բնավ,

Դու լողալ չգիտեիր։

 

Ու հորինեցի քեզ,

Դիմագծերիդ կարմիրը կարոտե,

Ձեռքերիս անբույր թանաքից,

Կերտեցի մունջ հոգիդ լուսե։

 

Ես հորինեցի քեզ իմ նմանությամբ, բայց ինձանից այնքան տարբեր,

Ու ասացի քեզ «հոգեմոտս», չիմանալով, որ հոգիդ հեռու է գուցե։

Ես հորինեցի քեզ ու սպասեցի, որ կչորանաս թաց մտքերիցս։

 

Եվ Աստված ասաց.

-Եղիցի լույս կավե ժամանակներին։

Մարդահորինման ավետարանում անփորձ մատներս կեսկավ, կեսթանաք գրեցին.

Հորինեք նրանց, ում կորցնելուց հետո կկորցնեք նաև ձեզ,

 

Եղիցի լույս, այն ամենը, որ կհորինեք կկործանի նաև ձեզ։

Satenik Artenyan

Ես քո ցավը, ախր, ո՞նց տանեմ, հայրենի’ք…

Ես քո ցավը, ախր, ո՞նց տանեմ, հայրենի’ք,

Թե ցավդ մենք ենք,

Թե քո վայ-ը հայն է,

Քարե վերքերդ ո՞նց բուժեմ,

Քարերի երկիր հայրենիք։

Ես քեզ ո՞նց լքեմ,

Ո՞նց թողնեմ, որ դառնաս ուրիշինը,

Դառնաս ուրիշինը ու հայրենիք չդառնաս…

Հիմա տունը այլևս չորս պատը չէ,

Քարե խարխուլ փլատակներից հենարան է, որ ճաք է տվել անկատար երազանքների շատությունից,

Երբ տունս արկերից լուսավորված մութ երկինքդ է,

Ու հենման կետ չունեցող վաղվա հույսն է,

Ես շնչահեղձ լինողիդ ո՞նց ասեմ, որ լքում եմ ու օտարացել եմ երևի։

Ո՞նց չսրբեմ կարոտիս սուրբ նշույլները, երբ չհեռացած կարոտում եմ…

Հոգուս ծանրությունը ափերիդ առ, հայրենի’ք, ես հեռանում եմ անառակ որդու պես,

Ու պատմությունն ասում է, որ մի օր բոլորը վերադառնում են,

Անդավաճան կմնա՞ս ինձ, երբ ես քեզ դավաճան լինեմ, մեղավոր լինեմ քո առաջ,

Օտար քաղաքներում` անլույս փողոցներդ հիշեմ,

Ասում են, մայրերը զավակներից չեն նեղանում,

Ինձ մոր պես կսպասե՞ս…

Թե՞ ցավդ մենք ենք,

Ես քո ցավը, ախր, ո՞նց տանեմ, հայրենի’ք…

 

Ամենաթող ու թանաք,

Ամենահող ու հավատք,

Կորցնողի հոգին անճար մատուռ է,

Անտուն հայացքը քարե ապտակն է մեռած աշխարհին…

Ամենաթող ու թանաք…

Satenik Artenyan

Աղոթք

Լեռներից, այրերից, հայրերից ծնունդ առած հայրենիքս։

ՀԱՅՐ ՄԵՐ։

Մեր կապույտ երկինքներում չվաստակած կարմիր խաղաղությամբ փնտրում եմ քեզ։

Ո՞Ր ՅԵՐԿԻՆՍ ԵՍ։

Ավետարանաց սրբերի մատուռում եռագույնիդ կողքին թշնամին հանգչող կրակ է որոնում։

ՍՈՒՐԲ ԵՂԻՑԻ ԱՆՈՒՆ ՔՈ։

Դարեդար իր իսկ ոստանում ոտնակոխ, ոտնատակ։

Էլ եղեռն, էլ գաղթ ու մահ։

ԵԿԵՍՑԷ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ ՔՈ։

Ու քո կամքով պատերազմի դաշտից գոյաքարշ դեպի մանկան օրորոց

ԵՂԻՑԻՆ ԿԱՄՔ ՔՈ։

ՈՐՊԵՍ ՅԵՐԿԻՆՍ ԵՎ ՅԵՐԿՐԻՍ։

Ու նորից բախտից, ի դարեր քարից քամեցինք ԶՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՈՐԴ,

Ու նշխարդ ապաշխարանք ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ։

Հանց մեր խաչը պայքարի ու սուրը Վանաօծ

Եվ ԹՈՂ ՄԵԶ ԶՊԱՐՏԻՍ ՄԵՐ

Հայրերի, հայրերի, որդյաց սուրբ արյունը խղճներիս։

Ինչպե՞ս ԵՎ ՄԵՆՔ ԹՈՂՈՒՄՔ ՄԵՐՈՆՑ ՊԱՐՏԱՊԱՆԱՑ։

Սուր յաթաղանի դեմ՝ սուրբ Ավետարան,

Կույր հրանոթի դեմ՝ հավատի գմբեթ։

ԵՎ ՄԻ ՏԱՆԻՐ ԶՄԵԶ Ի ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ։

Աղոթքս առ քեզ,

Առ մեզ,

Առ մեզ։

ՓՐԿԵԱ ԶՄԵԶ Ի ՉԱՐԷ ։

Պապերից, հայրերից, մայրերից ժառանգեցինք հայրատունը մեր։

Քար ու դավերից, վար ու վերքերից սրտերում մեր նրան պահեցինք անեղծ ու անշեջ։

ԶԻ ՔՈ Է ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՓԱՌՔ։

Խավարից զատվելով, զարկվածդ վերքերով և սուրբ ղողանջով։

Ծնվի’ր,

Վերածնվի՛ր,

Հավիտյանս հավիտենից, Հայաստա՛նս,

Հանուն հավերժացած ամեն քաջի,

Հանուն օրորոցի մեջ անմեղ քեզ կանչի,

Լեռներիդ մեջ դրոշմված ինքնությունդ պատմողի,

Հաղթանակներիդ մասին երգեր հյուսողների,

Ու քեզ հավատացողների,

Հանուն ընդ մեզ և ընդ քեզ

Սուրբ թող լինի ծնունդը քո…

Satenik Artenyan

Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը

Ե՞րբ է անհատի մոտ ձևավորվում հայրենիքի գիտակցումը։ Ե՞րբ է մարդը հասկանում, որ այն տեղը, որտեղ ծնվել է, լոկ աշխարհագրական միավոր, կամ սովորական քար ու թուփ չէ այս երկրագնդի համար։

Գիտնականներն ու գիտական նյութերը կփորձեն ինձ ապացուցել, որ անհատը սկսում է գիտակցել իր հայրենիքն ու նրա արժեքը գիտակից տարիքում, իսկ ես կնայեմ երկնքին, կգնամ Եռաբլուր, կպատռեմ գիտական նյութերն ու կապացուցեմ, որ հայրենիքը հայերիս մեջ գալիս է օրորոցից, առաջին թոթովանքից ու «մամ» կանչելուց։

Հայրենիքը բարձրագույն արժեք է։ Հայրենիք ունենալու համար մենք շատ թանկ ենք վճարել ու շարունակում ենք վճարել, բայց մեզնից մեր հայրենիքն այնքան էժան են գնում, փորփրել եմ, ուսումնասիրել, ոչ մի մարկետինգային թեորեմ չկա։ Կա մարդ, կներեք մարդ չէ, մարդանման տեսքով, անմարդկային խղճով, բայց մեծ-մեծ կենացներ ասելու գերազանց ունակությամբ, փողը արժանապատվությունից գերադասող… Իրոք, չգիտեմ իրենց ինչ կոչել, երևի այս հարցով դիմեմ վերոնշյալ գիտնականներին։

Սարսափելի է… Սարսափելի է գիտակցել, որ մարդիկ պատրաստ են մնալ անհայրենիք, ապրել, ծերանալ ու մեռնել ուրիշի հողում։

Բայց ցավոք սրտի, նրանք չեն գիտակցում, որ բացի իրենց հայրենիքից, իրենք տեղ չունեն և ոչ մի հողում։

Թերթենք պատմության էջերը, ուսումնասիրենք փաստարկները, կարդանք գիտական բոլոր աշխատությունները, և գիտեք ինչ, կրկին անգամ կհանգենք այն եզրակացությանը, որ հայի գենետիկայում դավաճան տեսակը միշտ կա։

Զարմանալու ազգ ենք, կամ կյանքի գնով ենք պահում հայրենիքը, կամ էլ մեծ զեղչով վաճառում։

Չէ, չեմ մեղադրում գիտնականներին, հաստատ անհայրենիք մարդկանց են հանդիպել ու գրել գիտական աշխատություններ։

Այս ամենը հասկանալուց հետո ինձ մոտ մի հարց է մնացել առանց պատասխանի: Մեկդ բացատրեք ինձ թանկ գնով ազատագրելու ու էժանով նվիրելու մարտավարությունը։

Է՜հ, է՜հ, գիտնականներն էլ են զարմացած…