Հասմիկ Միքայելյանի բոլոր հրապարակումները

Hasmik Miqayelyan

Մի քիչ էլ մեր բարբառից

Երեկ տեսա, որ 17.am-ում խորագրերի մեջ կա «Մեր գյուղի բառն ու բանը» կոչվող խորագիր: Մտա կարդացի որոշ նյութեր և որոշեցի ես էլ գրել այդ մասին: Նախ ասեմ, որ մեր գյուղն էլ խոսակցական լեզվով այլ անուն ունի` Մուխան, որը Ծովազարդ գյուղն է:

Եվ այսպես.

Էթալ – գնալ

Կոնախ – հյուր

Լուրիկ – օրորոց

Իմալ – ոնց

Կնդխել – բարուրել

Ճիժ – երեխա

Թասիբ կայնել – աջակից լինել

Կայնել – կանգնել

Նամուս – պատիվ

Ջոջ – մեծ

Խնդալ – ծիծաղել

Խա – հա

Խաց – հաց

Տարին բիթուն – ամբողջ տարին

Պուլիկ – բանկա

Փարա – փող

Հիշկալ – նայել

Օչխով, կոչաղ – աշխատասեր

Ջալապ – նման

Չեյշիթ – տեսակ

Հաստատ վստահ եմ, էլի կան բարբառային բառեր, բայց այսօր այսքանը հազիվ կարողացա «թարգմանել»:

Hasmik Miqayelyan

Արդեն որոշել եմ

Սերը դեպի երաժշտությունն իմ մեջ արթնացել է մանկապարտեզի տարիներից: Հիշում եմ, երբ մանկապարտեզի երգի ուսուցչուհին նստում էր իր դաշնամուր առջև և սկսում նվագել, ես ուշադրությամբ նայում էի նրա ձեռքերին և նույն շարժումները կատարում էի տանը սեղանի վրա:

Այդ տարի երջանկությանս չափ չկար: Վերջապես կատարվելու էր իմ վաղեմի երազանքը. այդ տարի ես պետք է ընդունվեի Համլետ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին իմ շատ սիրելի ուսուցչուհի ընկեր Չքոլյանի մոտ: Նա մինչ այժմ էլ ուսուցանում է ինձ:

Մեր երաժշտական դպրոցում գործում են ժողովրդական և դասական երաժշտության բաժիններ: Սովորեցնում են նաև երգ և կիթառ: Ամեն տարվա վերջում հաշվետու համերգ է տեղի ունենում, իսկ տարվա ընթացքում՝ դասարանական համերգներ:

Երաժշտական դպրոցում սովորեցի յոթը տարի: Անցած տարի ավարտեցի: Ամեն ինչ սովորականի պես էր: Կարծես չէինք գիտակցում, որ սա ավարտական միջոցառում է, այլ ոչ թե սովորական տարեվերջյան համերգ: Ամեն ինչ շատ լավ էր միչև այն պահը, երբ միացրին «Վերջին զանգ» կոչվող երգը: Բոլորիս աչքերից միանգամից հոսեցին արցունքներ: Ես երբեք չէի արտասվել այս տարիքում: Չէի հասկանում, թե ինչ էր կատարվում ինձ հետ: Ու հենց այդ պահին որոշեցի, որ ես երաժշտական դպրոց գնալու եմ նաև մյուս տարի, քանի դեռ ունեմ այդ հնարավորությունը: Ես զգացել եմ, որ երաժշտությունը իմ կյանքի մի մասն է դարձել: Հենց այդ պատճառով էլ շարունակելու եմ ուսումս այս ուղղությամբ: Չգիտեմ՝ ինչ են որոշել մյուսները, բայց ես ընդունվելու եմ երաժշտական ուսումնարան, հետո կտեսնենք՝ գուցեև կոնսերվատորիա:

Hasmik Miqayelyan

Նախաքննական տրտունջ

Այս տարին դպրոցական տարիներից ամենավատ տարին է իմ և ընդհանրապես մեր ամբողջ դասարանի համար: Քննություններ ունենք համարյա բոլոր առարկաներից: Մենք հույս ունեինք, որ գոնե բնագիտական առարկաները ընտրովի կլինեին, բայց ոնց որ ասում ենք, ու բոլորն էլ ասում են` փոփոխությունները ջարդվեցին մեր գլխին:

Բանավոր քննություններ: Ես արդեն մի անգամ տվել եմ բանավոր քննություն և դա շատ բարդ է: Միայն հանձնաժողովի անդամների ուշադիր նայելն արդեն շփոթեցնում է: Եթե երաժշտական քննությունը այդքան բարդ էր, ինչպե՞ս ենք հանձնելու դպրոցական քնությունները: Միայն այդ մասին մտածելն արդեն վախ է առաջացնում: Մտածում եմ` ինչպես ենք հասցնելու այդքան դաս կրկնել. 7-րդ դասարանից սկսած պետք է կրկնենք և ոչ միայն կրկնենք, այլ նաև նորից սովորենք, որ կարողանանք հանձնել բանավոր քննություններ:

Լավ է, գոնե բնագիտական առարկաները և մաթեմատիկան գրավոր են, բայց բնագիտական 4 առարկաներից քննություն կա: Ֆիզկուլտուրան էլ մի կողմից մտցրեցին քննությունների մեջ: Անգամ օտար լեզուները բանավոր են:

Չգիտեմ, ինչպես ենք հասցնելու այդքանը պարապել, կամ ինչպես ենք բոլոր դասերը հիշելու:

Hasmik Miqayelyan

Առանց հանգստանալու իրավունքի

Վերջապես եկավ այն հաճելի պահը, երբ այս շաբաթը վերջանում է և դիմացը շաբաթ և կիրակի օրերն են:

Այնպիսի հաճույք է, երբ զգում ես, որ վերջապես հանգստանալու ես ամենօրյա ծանր դասերից:

Բայց իհարկե, ոչինչ անվերջ չէ, և այս օրերն էլ ունեն վերջ: Եվ ինչպե՞ս են վերջանում այս օրերը:

Երբ գալիս է կիրակի օրվա երեկոն, սկսում ես սովորել այնքան դաս, որ չէիր կարողանա վերջացնել անգամ մեկ շաբաթում: Իսկ ուսուցիչներին հազիվ ենք կարողանում կանգնեցնել:

Ախր, մտածում են, թե մենք ռոբոտ ենք կամ պիտի չհանգստանանք: Չէ-որ մենք էլ ունենք հանգստանալու իրավունք: Լավ, վերջ բողոքներին: Մեկ է, ինչքան էլ բողոքենք, ոչինչ չի փոխվի, նրանք միշտ էլ տնային առաջադրանքների մի մեծ կույտ են հանձնարարելու: Ի դեպ, ինչ նախանձով եմ կարդում, որ շատ երկրներում տնային առաջադրանքներ չեն տալիս…

Երանի՜ մի օր մեր երկրում էլ այդպես լինի. Շաբաթ, կիրակի` միայն հանգստանալ: Ու քանի որ վաղը դասի ենք, ես կիրակին սկսում եմ տնայիններով…

Hasmik Miqayelyan

Աշնանային արձակուրդներ

Այսօր մեզ հայտարարեցին, որ մեկ շաբաթ տանն ենք: Մեր դպրոցում տոն է, աշակերտները ուրախ են, քանի որ մեկ շաբաթ չեն գնալու դասի: Ես նույնպես շատ ուրախ եմ:

Բայց ոչ մի արձակուրդ առանց հանձնարարությունների չի անցնում: Ինչպես ընդունված է, արձակուրդներին տալիս են ավելի շատ դաս, քան երբ գնում ենք դասի:

Բարեբախտաբար, մեր դպրոցում այդ կանոնը չի գործում, մեր ուսուցիչներն ամենալավն են:

Երեկ խոսում էի հորեղբորս աղջկա հետ, նա ասաց, որ իրենց այնքան դաս են տվել, որ ամբողջ օրը գրքերի մեջ է: Եվ դա ինձ ասում էր չորրորդ դասարանի աշակերտուհին:

Երբ իմ հանրահաշվի ուսուցչուհուն հարցնում ենք, թե ինչ է տալիս արձակուրդներին տանը անելու, նա ասում է, որ արձակուրդները տրված են հանգստանալու համար, իսկ եթե ուզում ենք առաջադրանքներ անել, դա մեր կամքն է:

Անցած տարի աշնանային արձակուրտներին ես և քույրս դուրս էիք գալիս այգի զբոսնելու: Բայց այս տարի չենք կարող զբոսնել այգում, քանի-որ այստեղ ձյուն է եկել, և դրսում շատ ցուրտ է:

Անցած տարիներին մեր գյուղում աշնանային արձակուրդները ընկալվում էին որպես կարտոֆիլի բերքը հավաքելու համար նախատեսված մեկ շաբաթ: Այս տարի այն ուղղակի աշնանային արձակուրդ է: Ամբողջ բերքը հավաքվել է, և անելու ոչինչ չկա:

Չգիտեմ ինչպես են մտածում մյուսները, բայց ինձ համար աշնանային արձակուրդները ուղղակի հանգստյան օրեր են: Եվ ես իմ հանգստյան օրերի մեծ մասը կանցկացնեմ իմ դաշնամուր նվագելով:

Այսօրվանից արձակուրդներ են` այս խոսքերից բոլորի սիրտը լցվում է ուրախությամբ:

Hasmik Miqayelyan

Թոշակի օրը

Ինչպես ասել են մեր մեծերը՝ չկա չարիք, առանց բարիք, բայց այս օրը այն գործում է հակառակ ուղղությամբ՝ չկա բարիք, առանց չարիք: Եվ ես իմ ասածը կապացուցեմ` օրինակ բերելով հենց իմ ընտանիքի վրա:

Հենց գալիս է թոշակ ստանալու օրը, մեր տանը սկսում է արդեն ավանդական դարձած բանավեճը, որը մերոնք անվանում են ուղղակի բարձրաձայն խոսակցություն:

Բանավեճը վարում են տան մեծերը: Քանի որ պապիկս աշխատում է Երևանում, նա չի մասնակցում, այսպես ասված, ուղղակի բարձր խոսակցությանը: Դրան մասնակցում են տատիկս և մայրիկիս հորաքույրը: Հորաքույրը, որպես կանոն, գյուղում առաջինն է իմանում թոշակի օրվա մասին: Տատիկս և գյուղի բնակիչները այս մասին իմանում են հորաքրոջիցս` հեռախոսազանգերի միջոցով:

Տատիկս ու մայրիկիս հորաքույրը ցերեկը ժամանակ չեն ունենում իրար հետ կռվելու, հենց այդ պատճառով կռիվը սկսվում է երեկոյան: Նստում են սեղանի շուրջ և սկսում են զրուցել:

Խոսակցությունը սկսում են միաժամանակ, բայց, ցավոք, չեմ հիշում, թե ինչից է սկսվում: Հետո անցնում են, իրենց ասած, բարձր խոսակցությունը, որն սկսում է տատիկս:

-Տենաս` դու ի՞նչ ես անում էդքան փող: Ո՞ւմն ես տալում:

-Ու՜ֆ, ընենց ես ասում, իբր չգիդես` ումն եմ տալում: Լուսն եմ փագում, ջուրն եմ փագում, գազն եմ փագում ու 42000-ը պրծնում ա: Խանութների պարքն էլ հլը չեմ տվե:

-Ու՜ֆ, ամեն ամիս էս նույն խոսակցությունն ա,- սրտնեղում է տատս:

Հորաքույրս ձեռքը խփում է սեղանին և տոնը բարձրացնում.

-Բա ի՞նչ ես ուզում ասեմ: Էդ եմ անում` էդ եմ ասում:

-Ու՜ֆ, լավ է՜…

Ու տատիկս փորձելով փախչել խոսակցությունից, վեր է կենում տեղից և ուզում է հեռանալ: Բայց հորաքույրս բարձր ձայնով և գլուխը շարժելով ասում է:

-Էտ տենում ես` ինձի չես կարա հաղթես, փախնում ես:

Տատիկս փորձելով իրավիճակից դուրս գալ, ասում է:

-Չէ, ուղղակի գործերս մնացին: Ոնց որ ժամանակ ուտող ապարատ հլնես: Հավեսդ չունեմ:

Ու այս խոսակցությունը շարունակվում է այնքան, մինչև ընտանիքից ինչ-որ մեկը ընդհատում է նրանց: Ընդհատումը կատարում է հարսիկս` տատիկիս խոհանոց կանչելով:

Դե, թոշակի օրը տատս ու մայրիկիս հորաքույրը պարզապես ուզում են պարտքերը փակել, բայց դրանք ավելի շատ են,, քան խղճուկ 42 000-ը: Առաջին հայացքից թվում է, թե կռվում են փողի և պարտքերի համար։ Կարծես ամբողջ մի ամիս սպասում են թոշակի օրվան, որ հիշեն ամբողջ կյանքի նեղսրտությունները: Մի ամիս լուռ, իսկ թոշակի օրը` մի ամսվա պարզաբանումներ ու բանակցություններ: