Ամեն օր սիրուն, ընտրված բառերով պատմվածքներ կարելի է կարդալ՝ էդպես էլ չիմանալով էդ պատմվածքների սևագրերը, ու թե ինչ կա պատմվածքների ետնաբեմում, ընթերցողից ու մաքրագրից էլ էն կողմ։ Արի իրար հետ սևագիր անենք էս պատմվածքը, սխալ տողերը չջնջենք, ու գրենք նույնիսկ էն, ինչ մենակ մտածելու համար է, արի ծանոթանանք պատմվածքների ետնաբեմերին։
Ամեն ինչ էսօր էսպես սկսվեց։
Իբր ուզում եմ մի բան գրել, բայց էս անտեր մտքիս երեք ժամ կլինի՝ մի կարգին բան չի գալիս: Աշխարհի երեսին ամեն ուշադրության արժանի ու չարժանի բան մտքովս անցած կլինի: Սկզբում մտածեցի, որ եթե մանկությունիցս մի դեպք գրեմ, մի բան դուրս կգա, հետո հիշեցի, որ մի կարգին չեմ էլ հիշում արդեն, նույնիսկ էդքան սիրելի պապիս ու տատիս դեմքերն եմ սկսել խառնել իրար։ Մոտավորապես հիշում եմ, որ մեծանում էի, տնեցիք մեկ-մեկ երես էին տալիս, պապս էլ շուտ-շուտ «Անահիտ»-ն էր պատմում, բայց դե ի՞նչ կա էդտեղ գրելու, է: Հա, բոլորն էլ մեծանում են։
Հետո հիշեցի, որ հաստատ պիտի պատմեմ իմ երթուղայինի արկածներից: Դե, իմ ուղեղում դրանք կարգին արկածներ էին, բայց թղթի վրա պարզվեց՝ ոչ մի բանի էլ պետք չեն, ոչ ծիծաղելի են, ու որ ամենավատն է, ոչ էլ հետաքրքիր։
Է, ի՞նչ կա որ, պատահում է, հետո ասացի՝ սրամտեմ, մի նոր բան մոգոնեմ, թե ասենք` պետությունը նոր հարկ պիտի ստեղծի, եթե դու «վերևի հարևան» ես կամ շենքում ապրող թմբկահար։ Դե, հա, միտքը էդքան էլ վատը չէր, մի խեղկատակություն գրել կլիներ, բայց հետո վախեցա՝ մի օր էս գրածս մի անհումոր պաշտոնավորի աչքի տակով անցնի ու սկսի լուրջ մտածել էս ուղղությամբ։
Էս էլ թողեցի։
Չէ, բայց մի բան գրել պետք ա, էսքան չեմ քնել։ Թե բացեմ կապոցով կիսատ թողած պատմություններս, ու շարունակենք իրար հետ, հնարավոր ա՝ մի պիտանի բան գտնվի։ Էս մեկի սկիզբը ոնց որ մի բանի նման է.
1. «Տեսնես` պատահականությամբ քանի՞ Հիտլեր են ժամանակից շուտ մեռել (չնայած՝ ժամանակից շուտը ո՞րն է, ճիշտ ժամանակին), կամ քանի ապագա Մոցարտ է մահացել տիֆից։
Օրինակ՝ հնարավոր է, որ Ստալինը 1,5 կգ է ծնվել ու մի կերպ է փրկվել: Դե, ի՞նչ կա որ, հնարավոր է, իսկ այ եթե… Այդ դեպքում չէին լինի Գրանդ Քենդիի cccr պաղպաղակները 21-րդ դարում, իսկ այ, 20-րդ դարում էլ ինչ ասես, որ չէր լինի»։
Չէ, է, չարժի, ի՞նչ օգուտ, թե ինչ կլիներ Ստալինի չլինելուց, Ստալինը ծնվել, ապրել ու կարգին մեռել է արդեն, cccr պաղպաղակներն էլ վատը չեն: Հետո Ստալինի մասին կատակելը կատակ բան չի, գլխիս մի բան չբերեմ: Էն Գորբաչովը դեռ ողջ է, (թե՞ ողջ չի), բայց հետաքրքիր է՝ տիֆից մեռած պոտենցիալ մոցարտներին որտեղից եմ մոգոնել, մեկ-մեկ գրածներս կարդում ու կարգին ծիծաղում եմ, հա՜։ Էս մեկը անցանք հաստատ, իսկ սա՞:
2․ «Այն օրերին, երբ դեռ խնձորը չէր հասնում ծառերին (խակ ուտում էինք), իսկ հայրս չգիտեր Մոսկվայի ասֆալտի գույնը, պապիկը հավաքում էր մեզ ու պատմում Անահիտի ու Վաչագանի պատմությունը։ Մենք, որ այդքան էլ քիչ չէինք, պապին հարցեր էինք տալիս այս ու այն կողմից Վաչագանի աչքերի գույնի ու կոշիկի ձևի մասին: Պատասխանները փոխվում էին ամեն պատմելու հետ, թե մի անգամ Վաչագանը սևահեր տղա էր, մի ուրիշ անգամ կարմրահեր էր ու կապուտաչյա, մի ուրիշ անգամ էլ պապս նույնիսկ ասաց, թե չի հիշում։
Իսկ մի ոչ այդքան գեղեցիկ օր դպրոցում տխրեցի, երբ իմացա, որ Անահիտի ու Վաչագանի պատմությունը ամենևին էլ պապս չէր գրել»։
Դե, սա շարունակել կարելի է, բայց ի՞նչ գրես: Էս պատմությունը էսպես էլ ավարտվեց, ու հետո բաներ կա՝ տրամադրություն է պետք գրելու համար: Էս գրելու համար պիտի մի կես ժամ նայեմ պապիս մեքենային, որ տարիներով բակում կանգնած՝ անձրևի հետ կյանքի ու մահվան կռիվ է տալիս, բայց էդպես էլ ոչ մեկը չի քշում, թե չէ` էսպես գյուղիցս 120 կմ հեռու՝ մահճակալիս պառկած՝ դժվար ստացվի։ Բայց եթե մտածում ես՝ արժի շարունակել, անպայման ասա, ինձ թվում է, մի օր (հաստատ ոչ էսօր) կարելի է գրել։
Օ՜, աչքովս մի հին բան ընկավ, մոռացա ասեմ, որ մեկ-մեկ էլ ինձ պոետի տեղ եմ դնում, ու փորձում եմ տողերը հանգավորել, թե չի ստացվում, էդպես էլ թողնում եմ, անունն էլ դնում արձակ բանաստեղծություն: Դե, հիմա էդպես կարելի է, եթե Դյուշանի պիսուարը («Շատրվան» աշխարհահռչակ գործն է) արվեստ է, իմ տողերին ի՞նչ է եղել, որ։
Լավ է՜, շատ եմ շեղվում: Դե, գիտեք, գիշերը ամեն տեսակ հիմարության մասին մտածելը հեշտ է: Ամեն դեպքում ուզում էի ասել, որ ես մեկ-մեկ էլ չափածո եմ գրում, ու էս մեկի սկիզբը մի քիչ հարազատ է նույնիսկ էս պահին՝ գիշերով, ու թե ուզում ես հետս գրել, արի հենց էս մեկն էլ շարունակենք։
Ու հնձած խոտի հոտն արևատապ
Նորից հանդերից իջել է տներ,
Գերանդիները ուսերին առած՝
Պապն ու տղերքը գնում են հանդեր։
-Սուրի՛կ պապ, ծանր ա ոնց որ գերանդիդ,
Գնում եմ սարը, նստի մեքենան։
-Վայ, ախպե՛ր Սերոբ, մեռնիմ արևիդ,
Մենք շատ ենք, ոչինչ, դու հանգիստ գնա։
-Սուրի՛կ պապ նստի, քո տեղը միշտ կա
Թե մեքենայում, թե գլխիս վրա,
Դու նստի ավտոն, ջահելնին կգան,
Կնեղանամ, հա՜, տղերքը վկա։
Բայց ես սա երեք տարի առաջ եմ գրել, նույն ոճով շարունակելու համար ժամանակի մեքենա պետք կգա: Արի` դու ինձ սպասիր կես ժամ, ես տեսնեմ՝ ինչ եմ անում էս տողերիս հետ: Տեսնեմ՝ Սուրիկ պապը նստում է, թե չէ։
04։05։ Ես եկա, հո շատ չսպասեցի՞ք, քնել է պետք: Էս ավարտն էլ դնեմ ու գնամ։
Մինչը օրը ճաշ էր դառնում հանդերում,
Գյուղում հարսները բամբասում էին,
Թե կաղ Ռաֆիկի տղա Բաբկենը
Սիրում է բոյով, գոռոզ Ասյային։
Թե Արան երկար նայեց Մանուշին,
Լուսիկը թարս էր լվացքը փռել,
Ու էն Լենայի փախցրած աղջիկը
Էդքանից հետո տուն է հետ դարձել։
Գյուղը ապրում է միշտ դժվար այսքան,
Բայց պարզ մտքերով էս կյանքի մասին,
Որ «հաց» ունենա սոված երեխան,
Ինքն էլ ունենա հարգանք ու պատիվ։
Չոբանը նոր էր տանում կովերին,
Արևն էլ դեռ նոր ուզում էր ելնել,
Բայց արթնացել էր վաղուց գյուղացին,
Ու հասցրել էր նա նույնիսկ հոգնել։