Զարինե Կիրակոսյանի բոլոր հրապարակումները

zarine kirakosyan

Թարս էր

Պապս ասում էր` առավոտ բաց ոտքերով խոտերի մեջ քայլելը օգտակար ա, հիշեցի ես ու գուլպաներս հանեցի:

Բայց մինչ դա, պապս, որ իմ «արևելյան փիլիսոփայության» հիմքն է, նաև ասում էր. «Մենք ապրում ենք էնքան, ինչքան արթուն ենք» (նկատի ունեցեք, որ հնարավոր է` պապս չի ասել սա): Էս ինչի՞ եմ պատմում, իրիկունը 1-ն էր` պառկեցի քնելու, ամենասովորական մարդու պես մտքերով ընկա, մեկ էլ տեսնեմ` պատուհանից արևը բացվում է: Դե, գիտեք` հիմա տարվա ամենաերկար օրերն են, 5-ին արդեն լույս է լինում, այ հենց էդ ժամանակ էլ հիշեցի պապիս վերջին ասածը ու որոշեցի էսօր մի քանի ժամ ավել ապրել: Գնացի` տեսնեմ, թե ոնց է շրջապատող աշխարհը ծավալ ու գույն ստանում լույսի հաշվին:

Վերջին անգամ արևածագը էսպես դիմավորել էի մի 6 տարի առաջ, շորերս հագա, վերցրի տեսախցիկս ու տնից դուրս եկա: Ոնց հասկացա` միակ արթուն արարածները ես ու հարևանի շունն էինք, ուրիշ կենդանի շունչ դեռ չէր երևում: Կես ժամ արևին սպասեցի, իսկ էդ ընթացքում թաղի մի ծերից ոչխարների ու կովերի ձայները սկսեցին մրցել էն շան հաչոցի հետ: Ես դեռ մի կես ժամ էլ էսպես խոտերի մեջ պապիս ուսմունքն էի կիրառում, մեկ էլ հարևանի հարսը.

-Մարինին ասա` Սուրիկանց կովը վեր ա ընգել, վետը կոտրել, փայ են տնում:

«Խաթա ա,- մտածում էի ես,- էհ, ժամը 6-ն ա, էս ժամին դեռ շատ մարդ երազ ա տեսնում, իսկ էս կովը լույսը չբացված հասցրել ա մահկանացուն կնքի»: Դե, դուք մտածում եք` ինչ մահկանացու, ոտքն ա կոտրել, բայց հիմա եկեք բացատրեմ հայերեն, թե «փայ դնելը» որն է:
Ուրեմն էսպիսի մշակույթ կա, եթե մարդու անասուններից մեկի հետ դժբախտություն է պատահում, վերոհիշյալ անհաջողակի դեպքում` ոտքն է ջարդվել, բժիշկ կանչելը իզուր է, պրակտիկայում նման դեպքեր չեն լինում, մինչև սատկելը մորթում են, բաժանում մասերի` ընտանիքների թվով, կարճ ասած` չեն թողնում, որ էս մեր անհաջողակի միսը մնա տիրոջ վրա, դե, բոլորն էլ իրենց հոժար կամքով միսը առնում են, ինչ գիտեն` կարող է վաղվա անհաջողակն էլ իրենց Մարալը լինի: Իդեպ, Մարալը կովի շատ հարգի անուն է մեր կողմերում:

Մամային ձեն տվեցի, էս կողմ, էն կողմ, կշեռքը տար, դրամապանակը բեր, սառանարանի դուռը մի հատ բացի, թավան բեր: Ու էսպես բաց թողեցի արևի` հորիզոնից պոկվելու սպասված պահը:

Դե, ինչ ասեմ, ես ավելի ռոմանտիկ լուսաբաց էի պլանավորել, բայց դե կովը չգիտեր դրա մասին: Որպես մխիթարություն երկու ժամից խաշլամա կարելի է ուտել:

zarine kirakosyan

Դե, ի՞նչ կա որ

Եթե ծանոթ մեկին ես հանդիպել, ու բարևից հետո չգիտես ինչ ասել, անպայման կարելի է մի հիմարություն դուրս տալ եղանակի մասին.

Օրինակ կարելի է ասել.
-էս ձյունը ինչի° եկավ:
Չնայած էս մեկը ավելի վատն է.
-Ե՞րբ են ավարտվելու շոգերը, մի կարգին շունչ քաշենք:
Ես էդպես էլ անում եմ, դե ի՞նչ կա որ, հո իրար ճակատի չե՞նք նայի: Դե բոլորս էլ հիմարի մեկն ենք, մի քիչ ավել, մի քիչ պակաս:  Որոշներս ավելի շատ, քան մյուսները,  բայց ընդհանուր առմամբ կարելի է  ասել, որ մենք` մարդիկս,  չգիտենք, թե շատ բաներ ինչի համար ենք ասում:
Օրինակ, այ, այն օրը քեռի Սարգիսը կես ժամ վիճում էր ընկերոջ հետ, թե Ճամբարակի բլրի հետևի պատը 65-ին են կառուցել.
-Չէ, 64-ին:
-65-ին:
-64-ին:
-Բայց ինչի՞ 65-ին:
Կարելի է ասել, ես համոզված եմ, որ նրանք երկուսն էլ չգիտեին պատասխանը, ու ժամանակ էին ձգում, մինչև մեկը եկավ ասաց, որ  Թորոսի տատն է մեռել, ու  ասել է, թե մսացու է պետք ճարել: Դե ինչ, կարող եմ ասել` ապրի Թորոսի տատը, մեզ փրկեց 64 ու 65 թվերը երկու ժամ լսելու սպառնալիքից:

Բայց դա իրականում  կարևոր չի:  Ես ուրիշ բանից եմ ուզում խոսել, ես իհարկե, նկատի չունեմ, թե Թորոսի տատի մեռնելը  ոչ մի բան է, բայց ինչքա՞ն կարելի է մարդկանց շեղել կատարվող իրական դեպքերից մահերով:  Ընդհանրապես մեզ  հեշտ է տարատեսակ  բաներով շեղել ինչ-որ բան  նկատելուց, ինչպես հաճախ լրատվական դաշտում է արվում, ու ինչպես հիմա ես եմ անում, մինչև որոշեմ ինչ գրել հետո: Բայց հանգիստ, Թորոսի տատի անունը էլ չեմ տա: Ես մի նոր հիմարություն հիշեցի, որ մենք օրը մի քանի անգամ փչում ենք:
-Կբարևես Աննային, իմ փոխարեն:
-Ինքն էլ է բարևում:
Չէ,  ինձ իրոք հետաքրքիր է, հեչ եղե՞լ է, որ «ինքը» բարևի:
Էս ամեն տեսակ հիմար պայմանակնությունները իրականում ծիծաղելի չեն:  Ամեն անգամ ես կարգին նյարդայնանում եմ, երբ  մեր տուն հյուր եկած մեկը երկու ժամ մնալուց հետո  որոշում է ասել, որ իրոք ուշ է, «Եկանք մնացինք ստեղ», ու ծնողներս պետք է անպայման վրա բերեն, որ «Նոր ենք նստել, ի՞նչն է ուշ»,  հետաքրքիր է,(իրականում հետաքրքիր չէ),  որ նույնը լինում է, երբ մենք ենք գնում իրենց տուն, այդ նույն մարդիկ միանգամից սկսում են կարծել, թե`  «Դե ի՞նչ կա որ,  նստեք էլի, խոսում ենք»:
Ես իրոք ամեն անգամ չեմ հասկանում ինձ և մնացածին, որ տուն եկած հյուրերին ասում ենք. «Վա~յ, առանց դրա չէի՞ք կարա գալ, ամոթ չի՞» ու լսում` «Լավ դե, մեծ բան չի», ու նույնը պատահում է մեզ հետ, երբ ինքներս ենք որոշում մի բան տանել հետներս,  հյուր գնալիս:

Ձեզնից ո°վ էր այդքան պարապը, որ մեր ուղեղից մի երկու գդալ վերցրել է ու տեղը հիմարություն լցրել,  մտածելով. «Մարդ  են, թող խոսեն, էլի»:

Քեռին

Նյութը նվիրվում է անվանի նկարիչ Ավետիք Հակոբյանի հիշատակին

Անցած տարի էս օրերն էին:

Մինչ երրորդ հարկում ինչ-որ ուսանող իր ամենօրյա էտյուդն էր նվագում դաշնամուրի վրա, որ վաղն էլ պետք է նվագեր երևի, ես քայլում էի մութ արվեստանոցների արանքով վերջին անգամ: Նայեցի 4 տարի չփոխված արվեստանոցի պատերին, որտեղ նույն հերթականությամբ կախված էին հունական գիպսե դիմակները` 4 տարի առաջ առաջին անգամ արվեստանոց մտնելուցս մինչև հիմա: Ամազոնկան, աջ կողմում` Ստրուկը, Լյուցիֆերը, Աֆրոդիտեն, Դյուրերի նկարը` ձախ պատին, ու խնամքով շարված մոլբերտները. կապույտը` պատի անկյունում, իրար խնամքով հենած: Դատարկ արվեստանոցը ու ես:

Իսկ ես չգիտեի էլ, որ հասցրել էի սիրել այդ արվեստանոցը, ես գիտեի, թե օրվա որ ժամին լույսի քանի ֆոտոն կար այդ սենյակում, գիտեի, թե դուռը բացելիս քանի վայրկյան է ճռռալու, չգիտեի, որ նկարչական տախտակս վերջին անգամ արվեստանոցից տուն տանելը ծանր է, որ տախտակից ավելի ծանրը ինքը պահն էր:

Այգեստանի տների մեջ կորած համալսարանի էդ փոքր կարմիր շենքը իրենն արել էր: Մտքերիս հետ դուրս եկա շենքից, իսկ ընկեր Հակոբյանի (Քեռի մականունով) կապույտ ջորին, որն ինքն այդքան սիրում էր, նույն տեղում կանգնած էր վերջին 30 տարվա պես:

Որոշեցի բարձրանալ, հրաժեշտ տալ: Ամեն անգամվա պես ասաց.

-Բա ե՞րբ ես մի շիշ բան բերում, խմենք:

-Կբերեմ, ընկեր Հակոբյան, կբերեմ, չեմ հասցնում,- ասացի` էլի ամեն անգամվա պես կատակի տալով, ու դուրս եկա:

Չհասցրի, էս անգամ մի ամբողջ հավերժություն չհասցրի, ու առնվազն քառորդ դար կարմիր շենքի բակում միշտ նույն տեղում կանգնած ջորին էլ ոչ ոք չի տեսնի:

Գիտե՞ք` ես միշտ կարծել եմ, որ ինքը` Սարոյանի բեղերով այդ մարդը, իր մեքենան գնել է դեռ այն ժամանակ, երբ ինքը ջորին համարվել է վերջին սերնդի ավտոմեքենա, և ուզում եմ հավատացած լինել` ինքը նոր մեքենա չգնեց, քանի որ ջորին իր աչքերում այդպես էլ մնաց վերջին մոդելի լադա:

Քեռին մահացավ, ու մութ միջանցքի ձախ արվեստանոցներից մեկից մեկընդմիշտ անջատվեց նախորդ դարը հիշեցնող մագնիտոֆոնի ձայնը, ու էժան նյութերով նկարած թանկ կտավները իջան պատերից, ու ամեն տարի նույն ձևով դրվող նատյուրմորտը` կովի գանգով ու մուգ «դրապիռովկայով», անհետացավ առաջին կուրսեցիների առաջադրանքներից:

Ու էլ ոչ մի սերունդ չլսեց էսքան ընտանեկան հնչող, բայց միջարվեստանոցային խոսակցությունը.

-Գնա Քեռու մոտ, տես, թե էնտեղ ա, գա կոֆե խմի:

Քեռին մահացավ, բոլորիս քեռին:

Գեղարքունիք. հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք

zarine kirakosyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Զարինե Կիրակոսյան

2012 թվականի ամառն էր, 14 տարեկան էի, դպրոցից զանգեցին, մի քիչ կցկտուր բացատրեցին, որ Ճամբարակում դասընթացներ են լինելու լրագրության, լուսանկարչության, ես էլ կարող եմ մասնակցել, ու եթե համաձայն եմ, կզանգեն, կասեն` երբ, որտեղ: Ուրախացա շատ։ Հաջորդ օրը զանգեցին ու ասացին, որ առաջնորդության դպրոցին, որին դիմել էի, ընտրվել եմ որպես մասնակից ու երեք օրից պիտի գնամ ճամբար:

Գնացի ճամբար, հետ եկա, հետո իմացա, որ դասընթացները ավարտվել են, ու ես չեմ հասցրել մասնակցել: Մասնակից ընկերներս  ոգևորված պատմում էին, թե  ինչեր են արել, ես էլ մի քիչ բարի նախանձով լսում էի:

Անցավ 2 տարի: 2014 թվական ձմեռն էր, ցուրտ ձնառատ, դպրոցը լավ չէր ջեռուցվում,  իմացա, որ 17-ի ընկերներս դասերից հետո մնալու  էին,  որովհետև հաջորդ օրը ֆիլմ էին նկարելու: Մտածեցի` լավ առիթ է միանալու իրենց ու ծանոթանալու տիկին Ռուզանի ու պարոն Արայի հետ: Մոտեցա, իրենք էլ համաձայնեցին միանամ իրենց վաղը: Ուրախ գնացի տուն, վերցրի տատիկիս օրագիրը, լիքը ոգեշնչող բաներ կային մեջը,  մտածում էի հետաքրքիր նյութեր կդառնան: Ուրախ քնեցի, հետո արթնացա բարձր ջերմությամբ, դպրոց չգնացի  ու երկրորդ անգամ բաց թողեցի հնարավորությունը:

Տարիներն անցնում էին: Ես տեսնում էի ընկերներիս կյանքը  ոնց է զարդարում «Մանանան», ինչ հնարավորություններ է տալիս, իսկ ես գրում էի  ինչ-որ պատմվածքներ ու կարդում  քրոջս համար:

Անցավ մի  ամբողջ 7 տարի: Քրոջիցս բացի պատմություններս արդեն մեկ-մեկ գրքերում սկսեցին տպվել, ու մի օր տեսա նոր դասընթացների հայտը: Սկզբում ուրախացա, հետո ինձ սաստեցի, թե արդեն շատ մեծ ես, որ ամեն ինչ իր ժամանակն ունի:  Իմը անցել էր 17-ի համար:  Հետո հիշեցի, որ մի օր մեկն ինձ ասում էր, թե․ «եթե փոքր տարիքում հեծանիվ չես քշել, մեծ տարիքում ուզում ես պորշե քշիր, դրանից բան չի փոխվում: Մեկ է, դու հեծանիվ չես քշել»:

Ուշ լինի` նուշ լինի, մասնակցեցի դասընթացին, ծանոթացա բոլորի հետ, «հեծանիվս քշեցի», չիրականացած ցանկություններս կատարեցի,  հիմա էլ ձեզ գրում եմ Սլովակիայից, որտեղ իբրև տասնյոթցի եմ մասնակցում, ու որոշել եմ միշտ հեծանիվ վարել:

Շնորհավորում եմ 17-ի գաղափարը բոլոր իրենց մեջ կրողներին, ուրախ եմ, որ այն դեռ շատ դեռահասների է ցույց տալու աշխարհի մեծ ու սիրուն լինելը:

Media Behind the Scenes, Սլովակիա, օր 3

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

08։00

-Դավ, Մարիամը ուշացավ, աչքիս քնած ա մնացել, սոված ա մնալու:

-Հա, հա, արագ  գրի, տես չի պատասխանում` գնամ կանչեմ:

Ինչ եմ ուզում ասել. միջմշակութային միջոցառումներին նվիրված օրը սկսեցինք մեր մշակույթին բնորոշ երկու դրսևորմամբ՝ հոգատարություն, ջերմություն և ուշանալ։ Բայց լավ, սկսեմ սկզբից:

09։10

Օրը սկսվեց լեռնագնացությամբ, գնացքով ուղևորվեցինք Տատրայի լեռներ, ի դեպ ասեմ, որ Սլովակիայում այս լեռները ունեն այն նույն նշանակությունը, ինչ Արարատ լեռը մեզ համար։ Չգիտեմ, հիշո՞ւմ եք, թե՞ չէ, բայց էս ամեն ինչը տեղի է ունենում Սլովակիայի փոքր ու հեռավոր գյուղերից մեկում, դե, իհարկե, հեռավոր գյուղ ասելով նկատի չունեմ քաղաքակրթությունից կտրված, բայց  աշխարհագրական առումով բավականին անհասանելի  տեղում։ Հա, ինչու եմ սա ասում: Տատրայի ստորոտ հասնելու համար, մինչև գնացք նստելը  մենք պիտի մեքենայով գնայինք հասնեինք գնացքի կայարան։ Մեքենա ասելով էլ նկատի ունեմ մեր երթուղային տրանսպորտին շատ նման գազել:

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Ամեն ինչ շատ նման էր մեր իրականությանը. վարորդը վատ տրամադրություն ուներ ու արագ էր քշում: Միակ տարբերությունն այն էր, որ պատրաստ էր 50 հոգանոց խմբին տաս-տաս խմբերով տանել, բայց մի հոգի ավել չէր վերցնի: Դե իհարկե այդ ընթացքում մեր հայերի խումբը հասցրեց մտովի այդ հիսուն հոգուն կոմպակտ տեղավորել  մեքենայի մեջ, բայց ի՞նչ կարիք կար հայկական վատ փորձի փոխանակում անել։

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

10։00-14։00

Վերջապես բոլորիս տեղափոխեցին կայարան, նստեցինք գնացք ու ուղևորվեցինք Տատրայի ստորոտ: Իրականում եթե բոլորիդ անձամբ չեմ կարող տանել ու ցույց տալ Սլովակիայի անտառներն ու բնությունը, ավելի լավ է չպատմեմ դրա գեղեցկությունից, ուղղակի կասեմ, որ եթե մի օր գնաք Սլովակիա, անպայման գնացեք  Տատրա։ Մոտ երեք ժամ անտառը, լճերը, մաքուր օդն ու ձմեռվանից մնացած վերջին ձյունը վայելելուց հետո իջանք ու նորից ուղևորվեցինք Ստարա Լեսնա։

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

15։00

Էլ ի՞նչ միջազգային ծրագիր առանց մշակութային միջոցառման։ Ավանդույթ դարձած ձևով ամեն երկիր իրեն հատկացված սեղանն ու ժամանակը օգտագործեց ներկայացնելու իրենց մշակույթը:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Դե, որտեղ հայկական սեղան, էնտեղ կոնյակ, գինի, բաստուրմա, սուջուխ, լավաշ։ Ամեն երկրի մասնակից մի առանձին ոգևորությամբ իրեն զգում էր իր երկրի  «փիառ մենեջերը». բելգիական շոկոլադ, գերմանական հարիբո, Մոնտենեգրոյի մսամթերք: Սլովակիայի պանրի տեսականու շուրջ երեկոն շարունակվեց երկար, մեզ հետաքրքրեց Մոնտենեգրոյի մսամթերքը ու Սլովակիայի տատրի թեյը, որը ի դեպ, թեյ չէր, ավելին, մեր կոնյակից էլ թունդ խմիչք էր:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

58543282_359800914644867_3852383040839876608_n

Հյուրասիրելուց հյուրասիրվելուց  հետո թվում էր ամեն ինչ մոտենում է տրամաբանական վերջին, մեկ էլ Մարիամը սկսեց պարել մեր ժողովրդական պարերից մեկը:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Գրեթե բոլոր մասնակիցները ոգևորությամբ ընդունեցին ու ցանկություն հայտնեցին սովորելու, իսկ էստեղ սկսվեց հայկական ավանդական «Վերվերին»։ Երկու ժամվա ընթացքում Վերվերին դարձավ Յարխուշտա, հետո Արամ Խաչատրյան՝ Էլեգիա, վալս, հետո կամաց տեղափոխվեցինք մեր ժամանակներ, ու քեֆը դարձավ փարթի։

Հագեցած օրվանից հետո, բոլորս գնացինք քնելու, մինչ վաղը, իսկ վաղը ձեզ հետ կլինի Սուրենը։

zarine kirakosyan

Գարուն էր

Ամեն օր իրար հետ էինք գնում, իր համար  մի տեղ նստում էր  ու պատուհանից նայում ինչ-որ շատ հեռուն, ինձ մեկ-մեկ թվում էր, որ ոչ մի տեղ էլ չի նայում, կամ  նայում էր  մի ուրիշ անցած իրականության, մեկ-մեկ քթի տակ ժպտում էր էն ծանոթ դեմքով, որով մարդիկ ինչ-որ մի բան են հիշում  հաճելի, անցած ու ափսոսանքով:

Էսօր Պապիկը կայտառ էր,  կլիներ մոտ 70 տարեկան: Բարձրացավ ավտոբուս ու չնստեց վերջին ազատ մնացած տեղը, զարմանալի էր:
-Դուք նստեք- ինքն առաջարկեց
-Վայ չէ, պապի ջան, դու նստի:
-Նստի, աղջիկս:
Ինձ էր ասում: Ախր, ո՞նց նստեի  ու կամ ոնց չնստեի ու հիշեցնեի, որ  ինքը երիտասարդ չի:
-Նստեցեք, նստեցեք նստեցեք,- 3… 6… 8… Մարդիկ բարձրանում հավաքվում էին դատարկ  նստարանի մոտ ու չէին նստում, հայացքներով հիշեցնում էին, որ «Դուք ծեր եք, դուք պիտի նստեք»:
Ինքը դեռ  համառորեն  պայքարում էր: Դրեց ականջակալները ու բարձր լսում էր Մարտին Վարդազարյանի «Խոսում է Երևանը» դեմքի անհոգ արտահայտությամբ,  աչքերի մեջ մի էնպիսի ապրելու ցանկություն կար: Աչքերը  երիտասարդ էին:  Էս անգամ պատուհանից դուրս ամեն անգամվա պես անորոշ չէին նայում, հափշտակվում էին ամեն քարով ու ծառով, իբր առաջին անգամ էին տեսնում,  ու ամբողջ կյանքը հայացքը էդ նույն տեսարանին նայելով չէր մաշել:
Գարուն էր, ծիրանենիներն ավետել էին: Գարունները անցածը հիշեցնելու սովորություն ունեին:

- Այ, Դուք, եկեք նստեցեք,- նոր տրանսպորտ բարձրացած մի 60 տարեկան մարդու առաջարկեց մեր հերոսը:
- Ես նստեմ` դուք կանգնե՞ք: Մեծ մարդ եք,- մի քիչ զարմանքով, մի քիչ ջղայնացած, հարցական տոնով դուրս թռան էդ բառերը ու շրջեցին ամբողջ ավտոբուսով:
Էս մեկին չդիմացավ: Վերջապես հանեց ականջակալները, խորը շունչ քաշեց  պարտված ու հանձնվածի դեմքով ու մի քիչ էլ նեղացած բոլորիցս,  էլի նստեց իր տեղը` պատուհանի կողքին: Աչքերը դարձան առաջվա պես տխուր ու 70 տարվա փորձով հագեցած:  Սկսեց  նորից նայել պատուհանից դուրս, հայացքն էլի մաշում էին նույն շենքերը ու իր աչքի առաջ մեծացած ծառերը,  որոնց ինքը ուշադրություն չէր էլ դարձնում, իրականությունից վերացած մի տեղ էր, որտեղ  երևի մեր ծնվելուն դեռ 30 տարի կար:
Գարուն էր, ինչ որ մեկը ուզում հիշել, թե ինչպես են երիտասարդ լինում:

Իսկ  մենք ակնարկում էինք, թե «երիտասարդը մենք ենք»:

zarine kirakosyan

Օրերը

Օրերը մեզանից կհեռանան դժգոհ, չգնահատված  մի քիչ, մի քիչ հիասթափված,

Բայց մեկ է, ամենից շատ մենք կսիրենք էլի բազմոցը,
Եվ ամենահարմար դիրքը չմտածելու համար:

Օրերը նորից կգան  նոր սպասումներով,
Մենք չնկատելու կտանք հին ծանոթի նման,
Ալարկոտ կշնչենք, կհորանջենք
Ու կփորձենք չբռնացնել մեզ մտածելու վրա:

Օրերը մեզանից շատ փորձ ունեն կրկնվելու,
Էլի կգան հանգիստ, խստապահանջ,
Մեզ հետ կխոսեն սպառնալիքներով,
հետո  չեն էլ սպասի, որ գիշերով գնան,
Կասեն ու կգնան:

Հետո մենակ կհաղթենք այդ բոլոր օրերին,
Ու բազմոցի հետ սերը  անբաժան կդառնա,
Օրերը կսկսեն մեզ հետ էլ չվիճել,
Ձեռքերը կլվանան մեզնից
Ու ուսուցչի նման կնստեցնեն վերջում, կմոռանան
Կգան ու կգնան,
Կգան ու կգնան:

zarine kirakosyan

Պատերազմներից վերջինը

Այրուձի,

Գնդացիր,

Հետևակ,

Ճակատամարտ,

Տանկեր,

Ինքնաթիռներ,

Կալաշնիկով,

Ճակատամարտ,

Միջուկային զենք,

Սառը պատերազմ,

Արժեքների պատերազմ,

Սա արժեքների պատերազմ ա,

Ես ամեն օր նոր աշխարհում եմ աթնանում,

Մենք ամեն օր հերքում ենք նախորդ օրվա  ճշմարտությունը:

 

Սա  արժեքների պատերազմ ա,

Մենք  իբր  կարծրատիպեր ենք քանդում

Աճեցնելով նորերը` մերը,

Սա արժեքների պատերազմ ա,

Բոլորը ազատություն են փնտրում  քառակուսիներից դուրս,

Մենք կոտրում ենք դրանք, հայտնվում նորերի, ավելի մեծերի մեջ,

Սրանք անվերջ իրար ներգծված քառակուսիներ են,

Մի  ստանդարտից մյուսի մեջ անընդհատ հայտնվելով

Սա պատերազմ ա,

Ուր ամեն օր  արժանապատվություններ են զոհվում

Ու հաղթում են էգոներ:

 

Սա արժեքների պատերազմ ա,

ես կուզեի հիմա չծնվել,

Ինձ ծնեք պատերազմից հետո.

Երբ բոլորդ հայտարարի կգաք,

Ես արդեն հոգնում եմ մտածել,

Էստեղ մեզ միայն շեղում են ապրելուց.

Ինձ ծնեք պատերազմից հետո

Ու թաղեք մինչև դրա դասական հերքումը:

 

Սա արժեքների հավերժ պատերազմ ա,

Մենք էլեկտրոնների պես անկանոն շարժվում ենք,

Իսկ նեյտրոնները  Տիբեթի լեռներում նիրվանա են փնտրում,

Մենք վազում ենք բարձր խոտերի միջով,

Ուզում եմ վերևից տեսնել

Էս ուր ենք գնում,

Սա անվերջանալի ճառագայթ ա, թե կրկնվող շրջան, գրողը տանի:

 

Սա արժեքների պատերազմն ա

Նույնքան հերքելի, ինչպես բոլոր նախորդները,

Բոլոր իզմերի պես ժամանակավոր

Սա արժեքների պատերազմ ա,

Ես ուզում եմ դուրս գալ էս մրցադաշտից,

Ուր աստվածները խաղադրույք են արել մեզ վրա,

Էյ, լսու՞մ եք, բոլորդ, ովքեր կաք, ու ում հորինել ենք վերևներում,

Հանե՛ք ինձ էս անկանոն ռիթմերից

Ուր չկան զուգահեռ ճշմարտություններ:

 

Սա արժեքների պատերազմ ա,

Ու ես վախենում եմ, որ հենց էսպես էլ սկսվում են դրանք,

Ես վախենում եմ չնկատելով սկսեմ սեփական պատերազմը:

Խաղաղություն եմ ուզում,

Նիրվանա ~,

Ինչպե՞ս հավատամ քո գոյությանը,

Եթե նույնիսկ Կուրտն ինքը չհավատաց,

Աստվածներ, ուրիշ ելքեր հորինեք էս խաղին:

zarine kirakosyan

Քաղաքում, որտեղ գարուն չէր

Այս լուսացույցների ու գովազդների քաղաքում
Մենք սովորել էնք մեզ ազատ կոչել,
Բայց ընդամենը վարժվել ենք մեզ թելադրող փողոցներին,
Ուր մեզ թվում է, թե ընտրություն կա:
Մեկ-մեկ լուսացույցի տակ չեմ ուզում սպասել,
Ուզում եմ երկուշաբթի օրը փակել բանկերը,
Անջատել քաղաքում կապի միջոցները
Ու սպասել մարդկանց՝ իրենց վանդակները հետ պահանջելուն:

Քաղաքում, ուր գարունը սարերից է իջնում,
(Շիրազն ասաց)
Մեկ-մեկ հետը սարերից անհնազանդություն է բերում,
Բայց դե քամու պես չես կարող վազել,
Մենք այստեղ արդեն բարձր շենքեր ենք կառուցել ու երկաթե կարծիքներ,
Գլուխդ կխփես բետոններին կամ
Ավելի կարծր մարդկանց:

Քաղաքում, որտեղ օդ չկար շնչելու,
Մենք շնչում էինք մարդկանց արտաշնչած զգացմունքները,
Ու Գարունը չկարողացավ խցկվել մեր արանքները:

Քաղաքում որտեղ գարունը եկվոր է,
Ես ինձ իրեն ընկեր եմ զգում:
Մենք երկուսս էլ չկանք այս քաղաքի անկանոն ռիթմերի մեջ,
Ուր չես նկատում արևը ոնց ընկավ հորիզոնից,
Ուզում եմ գարնան հետ կորչել սարերի կողմը:

Քաղաքում, որտեղ ես գրում էի էս տողերը
«Տուն» փախչելու մասին,
Մեկը ասաց՝ էդ ի՞նչ ես թփթփացնում մատներդ ստեղնաշարին։
-Գրում եմ, երևի։
-Ծնունդի պիտի՞ գնաս։
Քաղաքում, ուր մենք ազատությունը էինք ման գալիս
Հարցերն էլ էին «պիտի»-ով տալիս: